Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
17.03.1994
Ստորագրման ամսաթիվ
17.03.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.1994

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՊԱԿՈՆՍԵՐՎԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ուշադրության առնելով, որ երկու Կողմերը «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության հիմնական սկզբունքների մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև 1992 թվականի հունիսի 26-ին Մինսկ քաղաքում կնքված Համաձայնագրի մասնակիցներ են,

նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը միջուկային զենքի չտարածման մասին 1968 թվականի հուլիսի 1-ին կնքված Պայմանագրի մասնակիցներ են,

ելնելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերություններից, փոխշահավետ տնտեսական սերտ կապերից, ի շահ Կողմերի այդ կապերի հետագա ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտության,

հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնության ատոմային էներգիայի նախարարության կազմի մեջ են մտնում գլխավոր նախագծողի, գիտական ղեկավարի և գլխավոր կոնստրուկտորի կազմակերպությունները,

ուշադրության առնելով Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ճգնաժամը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը համատեղ մասնակցում են հայկական ատոմային էլեկտրակայանում (հայկական ԱԷԿ) իրականացվելիք հետևյալ աշխատանքներին.

հիմնական սարքավորումների հետազոտումների անցկացում,

հայկական ԱԷԿ-ի ապակոնսերվացում, վերականգնում և նրա հզորության հասցնելը մինչև նախագծային մակարդակ` իրականացնելով անվտանգության բարձրացման լրացուցիչ միջոցառումներ,

թիվ 1 և 2 էներգաբլոկների գործարկման-կարգաբերման աշխատանքների կատարում և արդյունաբերական շահագործման հանձնում,

օպերատիվ և նորոգող անձնակազմի պատրաստում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Ռուսական Կողմը`

իրականացնում է հայկական ԱԷԿ-ի գործարկման նախապատրաստման ու արդյունաբերական շահագործման աշխատանքների ինժեներատեխնիկական ապահովումը,

ապահովում է հայկական ԱԷԿ-ի համար միջուկային վառելանյութի մատակարարումը,

աջակցություն է ցույց տալիս հայկական ԱԷԿ-ի շահագործող կազմակերպության և միջուկային ու ռադիացիոն անվտանգության հսկողության մարմինների ստեղծման գործում,

օգնություն է ցույց տալիս Հայաստանի Հանրապետությունում ատոմային էներգետիկայի կառավարման կազմակերպման կառուցվածքների ստեղծման, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման, միջուկային նյութերի հաշվառման ու վերահսկման ռացիոնալ համակարգի ստեղծման գործում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կստեղծեն միջկառավարական հանձնաժողով հայկական ԱԷԿ-ի ապակոնսերվացման և արդյունաբերական շահագործման վերագործարկման աշխատանքները համակարգելու համար:

Կողմերը կքննարկեն, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, հայկական ԱԷԿ-ի ապակոնսերվացման և արդյունաբերական շահագործման համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորությունը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության իրականացման պայմանները, այդ թվում` Հայաստանի Հանրապետությանը թարմ միջուկային վառելանյութ մատակարարելու և օգտագործված միջուկային վառելանյութը վերամշակման համար Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու բնագավառում, որոշվում են Կողմերի ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև կնքվող կոնտրակտներով (պայմանագրերով)` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հայկական Կողմը ֆինանսավորում է հայկական ԱԷԿ-ի ապակոնսերվացման և արդյունաբերական շահագործման վերագործարկման բոլոր աշխատանքները` հաշվի առնելով արժեզրկումը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հայկական Կողմը`

կմտցնի գործող ատոմային էլեկտրակայանների անվտանգության` Ռուսաստանի Դաշնությունում համանման կանոնները և նորմերը,

կապահովի հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության միջոցառումներ` սույն Համաձայնագրի 8-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը մաքսատուրքերի չեն ենթարկում սույն Համաձայնագրին համապատասխան հայկական ԱԷԿ-ի ապակոնսերվացման և արդյունաբերական շահագործման վերագործարկման նպատակների համար համաձայնեցված ցանկով փոխադրվող ապրանքները:

Կողմերն ապահովում են հայկական ԱԷԿ-ում աշխատելու համար մասնագետների և նրանց ընտանիքների անդամների անխափան տեղափոխումը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Ռուսաստանի Դաշնության միջուկային արտահանումը Հայաստանի Հանրապետություն իրագործվում է Միջուկային զենքի չտարածման մասին 1968 թվականի հուլիսի 1-ի պայմանագրից և այլ միջազգային պայմանագրերից ու պայմանավորվածություններից բխող Կողմերի պարտավորություններին համապատասխան:

Հայկական Կողմը երաշխավորում է, որ իր ստացած արտահանման առարկաները, ինչպես նաև դրանց հիման վրա կամ դրանց օգտագործման հետևանքով արտադրված միջուկային և հատուկ ոչ միջուկային նյութերը, կայանքներն ու սարքավորումները`

չեն օգտագործվի միջուկային զենքի և այլ միջուկային պայթուցիկ կառուցվածքների արտադրության համար կամ որևէ ռազմական նպատակի հասնելու համար,

գտնվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության (երաշխիքների) ներքո դրանց փաստացի օգտագործման ամբողջ ժամկետում` Հայաստանի Հանրապետության և ՄԱԳԱՏԷ-ի միջև 1993 թվականի սեպտեմբերի 30-ին Վիեննայում ստորագրված «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կապակցությամբ երաշխիքների կիրառման մասին» Համաձայնագրին համապատասխան, ապահովված են ֆիզիկական պաշտպանության միջոցներով` ՄԱԳԱՏԷ-ի երաշխավորածից ոչ ցածր մակարդակներով.

վերաարտահանվում (արտահանվում) կամ Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո փոխանցվում են միայն սույն հոդվածում նախատեսված պայմաններով. 20 տոկոսից բարձր հարստացում ունեցող ուրանի, պլուտոնիումի կամ ծանր ջրի գծով վերաարտահանումը կամ արտահանման բուն առարկաների փոխանցումը կատարվում է միայն ռուսական Կողմի գրավոր համաձայնության առկայության դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Հայկական Կողմը`

միջուկային նպատակներով կիրառվող սարքավորումներն ու երկակի օգտագործման նյութերը և համապատասխան տեխնոլոգիան կամ դրանց ցանկացած ընդօրինակումները չեն օգտագործի միջուկային պայթուցիկ կառուցվածքների ստեղծման նպատակով որևէ գործունեության կամ ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո չգտնվող միջուկային վառելիքային ցիկլի բնագավառում գործունեության մեջ, ինչպես նաև նշում է դրանց վերջնական օգտագործողներին, օգտագործման տեսակներն ու տեղերը,

նշված ապրանքները, աշխատանքները և ծառայությունները չի վերաարտահանում երրորդ երկրներ առանց դրա համար ռուսական Կողմի գրավոր թույլտվության:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում են այն տեղեկությունների գաղտնիության պահպանումը (ներառյալ առևտրային և արդյունաբերական գաղտնիքները, «նոու-հաու»-ն) ապահովելու համար, որոնք սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանակում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մարմինները, պաշտոնատար անձինք և քաղաքացիները:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Ռուսաստանի Դաշնության մասնագետները հայկական ԱԷԿ-ի աշխատանքների մեջ ներգրավվում են պայմանագրային հիմունքով:

Հայկական Կողմը երաշխավորում է ռուսական Կողմի ուղարկած մասնագետների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը և անվտանգությունը:

Նշված մասնագետների պարտադիր ապահովագրությունը, աշխատանքի վարձատրությունը, աշխատանքի պաշտպանությունը և պայմանները, աշխատաժամանակի և հանգստի ռեժիմի, արտոնյալ կարգով հաշվառվող աշխատանքային ստաժը, այլ արտոնությունների և փոխհատուցումների տրամադրումը, բուժսպասարկումը և մյուս երաշխիքները որոշվում են Կողմերի առանձին Համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրի կատարման նպատակով իրավասու մարմիններ են` հայկական Կողմից` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի պետական հսկողության վարչությունը, ռուսական Կողմից` Ռուսաստանի Դաշնության ատոմային էներգիայի նախարարությունը և միջուկային ու ռադիացիոն անվտանգության Ռուսաստանի Դաշնային հսկողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման ու կիրառման մասին վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով կամ Կողմերի միջև համաձայնեցված այլ ընթացակարգերի օգնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերը ծառայողական փաստաթղթերում և շփման մեջ օգտագործում են ռուսաց լեզուն:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և գործում է մինչև 12 ամսվա լրանալը այն օրվանից, երբ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր ծանուցում է Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագիրը կարող է լրացվել կամ փոփոխվել Կողմերի համաձայնությամբ:

 

Կատարված է 1994 թվականի մարտի 17-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մարտի 17-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան