Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.22/5(529) Հոդ.842.15
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.04.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0595/04/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0595/04/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Էդ. Մուրադյան

Դատավորներ՝ Դ. Խաչատրյան

               Ն. Տավարացյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի ապրիլի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Լանդրաս» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2008 թվականի որոշման դեմ՝ քաղաքացիական գործով ըստ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) դիմումի ընդդեմ «Լանդրաս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.07.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանի կողմից ներկայացվել են առարկություններ Բանկի կողմից ներկայացված գումարային պահանջի չափի դեմ:

Ընկերության պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին Դատարանի 23.09.2008 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանի կողմից ներկայացված առարկությունները մերժվել են, և հաստատվել է Ընկերության պարտատերերի պահանջների վերջնական ցուցակն ըստ հետևյալ առաջնահերթության.

«1. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ՝ 374.132,68 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 34.875.030,80 ՀՀ դրամ՝ ապահովված-«ա» հերթ,

2. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ (դատական ծախսեր)՝ 500.000 ՀՀ դրամ՝ չապահովված -դ/ հերթ,

3. ՀՀ ԿԱ ՀՊԾ Արաբկիրի-1 հարկային տեսչություն՝ 220.465 ՀՀ դրամ՝ չապահովված -է հերթ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.12.2008 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 23.09.2008 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

 

2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը        

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ և 420-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման մասին տեղեկություններ ստանալուց և նրա կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելուց հետո Բանկը կարող էր առանց դատարան դիմելու իրացնել գրավադրված գույքը՝ հիմք ընդունելով վարկային և գրավի պայմանագրերով Բանկին նման իրավունք վերապահված լինելու հանգամանքը։ Վերաքննիչ դատարանը Բանկի կողմից իր իրավունքից չօգտվելը պետք է գնահատեր որպես իրավունքի չարաշահում և պարտապանի կողմից պարտավորության չկատարման հետևանքով պատճառված վնասի չափի ավելացմանն ուղղված դիտավորյալ գործողություններ:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 3-րդ կետը և 417-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Կողմերի միջև կնքված վարկային պայմանագրերով նշված չեն անհաղթահարելի ուժի պայմաններում պատասխանատվության ենթարկվելու մասին դրույթներ, սակայն դրանցով նախատեսվել է, որ վարկը ժամանակին չվերադարձնելու դեպքում վարկառուն պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ և կնքված վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների խախտման համար։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանված է անհաղթահարելի ուժի հասկացությունը։ Հետևաբար, եթե պայմանագրում որևէ դրույթ (անհաղթահարելի ուժ) նշված չէ, ապա վեճ առաջանալու դեպքում կիրառվում է օրենքը։ 2007 թվականին աֆրիկյան ժանտախտ հիվանդության բռնկման պատճառով ՀՀ տարածքում արձանագրվել է խոզերի ոչնչացում, և այդ ժանտախտի պատճառով Ընկերության 3.000 գլուխ խոզերը ոչնչացվել են, որի հետևանքով Ընկերությունը ծանր դրության մեջ է հայտնվել և ի վիճակի չի եղել վճարել վարկի գումարները: Նշված հանգամանքն անհաղթահարելի ուժ է, որի առկայության պայմաններում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2008 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները  

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածում նշված է առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու գրավառուի իրավունքը, այլ ոչ թե պարտականությունը, որն էլ իրականացվել է դատական կարգով, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ։ Ուստի տվյալ դեպքում կիրառելի չեն նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի դրույթները, քանի որ գործում առկա չէ որևէ ապացույց, որը կվկայակոչի Բանկի կողմից Ընկերությանը վնաս պատճառելու նպատակով իրավունքի չարաշահում թույլ տալու մասին։

Ընկերության կողմից բերված փաստարկներն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-3-րդ կետերը, 369-րդ հոդվածի 3-րդ կետը, անհիմն են, քանի որ բոլոր 5 վարկային պայմանագրերի 4-րդ բաժիններով նախատեսված է, որ վարկառուն պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ և վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար, նույնիսկ եթե դրանք տեղի են ունեցել իր կամքից անկախ պատճառներով՝ մեղքի բացակայության պայմաններում։

Վարկային պայմանագրերով նախատեսված բոլոր պարտավորությունները Բանկի կողմից պատշաճ կատարվել են, իսկ Ընկերության կողմից դրանք չեն կատարվել, հետևաբար երկու կողմերի մեղքով պարտավորությունը չկատարելու մասին պատասխանողի պատճառաբանություններն անհիմն են։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 22.12.2004 թվականին, 24.12.2004 թվականին, 29.09.2006 թվականին և 28.03.2007 թվականին Բանկի և Ընկերության միջև կնքվել են համապատասխանաբար թիվ 129, 131, 78-06, 11-07 և 11-07ա գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող վարկային պայմանագրեր, որոնց համաձայն՝ Բանկն Ընկերությանը տրամադրել է վարկ համապատասխանաբար 80.000 ԱՄՆ դոլար՝ 12,5 տոկոս դրույքաչափով, չորս տարի մարման ժամկետով, 20.000 ԱՄՆ դոլար՝ 12,5 տոկոս դրույքաչափով, չորս տարի մարման ժամկետով, 200.000 ԱՄՆ դոլար՝ 18 տոկոս դրույքաչափով, երեք տարի մարման ժամկետով, 75.000 ԱՄՆ դոլար՝ 17 տոկոս դրույքաչափով, երեք տարի մարման ժամկետով, 27.000.000 ՀՀ դրամ՝ 17 տոկոս դրույքաչափով, երեք տարի մարման ժամկետով:

Թիվ 129 և 131 վարկային պայմանագրերի 4-րդ բաժինների (պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն) 14-րդ կետով կողմերը սահմանել են, որ ««Վարկառուն» պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ և սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար, թեկուզև դրանք տեղի են ունեցել իր կամքից անկախ պատճառներով (մեղքի բացակայություն)»: Պայմանագրերի 15-րդ կետի համաձայն՝ տոկոսի վճարման ժամկետները խախտելու դեպքում «Վարկառուն» «Բանկ»-ի պահանջով վերջինիս վճարում է տույժ (հաշվարկը կատարվում է մինչև 271 օր)՝ չվճարված տոկոսի 0,1 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար, իսկ պայմանագրերի 16-րդ կետի համաձայն՝ վարկը վերադարձնելու ժամկետը «Վարկառու»-ի կողմից խախտելու դեպքում տոկոսը դադարում է, իսկ ժամկետին չվճարված վարկին վճարվում են տոկոսներ (որոնք հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը)՝ տարեկան 28,8 տոկոս դրույքաչափով, որը հավասար է վարկի տրամադրման պահին գործող բանկային տոկոսի և 16x1,8 գործակցի արտադրյալին:

Թիվ 78-06 վարկային պայմանագրի 4-րդ բաժնի (պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն) 17-րդ կետով կողմերը սահմանել են, որ «Վարկառուն պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ և սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար, թեկուզև դրանք տեղի են ունեցել իր կամքից անկախ պատճառներով (մեղքի բացակայություն)»: Պայմանագրի 18-րդ կետի համաձայն՝ տոկոսի վճարման ժամկետները խախտելու դեպքում Վարկառուն Բանկի պահանջով վերջինիս վճարում է տույժ (հաշվարկը կատարվում է մինչև 271 օր)՝ չվճարված տոկոսի 0,5 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար, իսկ պայմանագրի 19-րդ կետի համաձայն՝ վարկը վերադարձնելու ժամկետը Վարկառուի կողմից խախտելու դեպքում տոկոսը դադարում է, իսկ ժամկետին չվճարված վարկին վճարվում են տոկոսներ (որոնք հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը)՝ տարեկան 42 տոկոս դրույքաչափով, որը հավասար է վարկի տրամադրման պահին գործող բանկային տոկոսի և 14x3 գործակցի արտադրյալին:

Թիվ 11-07 և 11-07ա վարկային պայմանագրերի 4-րդ բաժնի (պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն) 17-րդ կետով կողմերը սահմանել են, որ «Վարկառուն պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ և սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար, թեկուզև դրանք տեղի են ունեցել իր կամքից անկախ պատճառներով (մեղքի բացակայություն)»: Պայմանագրերի 18-րդ կետի համաձայն՝ տոկոսի վճարման ժամկետները խախտելու դեպքում Վարկառուն Բանկի պահանջով վերջինիս վճարում է տույժ (հաշվարկը կատարվում է մինչև 271 օր)՝ չվճարված տոկոսի 0,5 տոկոսի չափով յուրաքանչյուր ուշացված օրացուցային օրվա համար, իսկ պայմանագրերի 19-րդ կետի համաձայն՝ վարկը վերադարձնելու ժամկետը Վարկառուի կողմից խախտելու դեպքում տոկոսը դադարում է, իսկ ժամկետին չվճարված վարկին վճարվում են տոկոսներ (որոնք հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը)՝ տարեկան 39 տոկոս դրույքաչափով, որը հավասար է վարկի տրամադրման պահին գործող բանկային տոկոսի և 13x3 գործակցի արտադրյալին:

2. Ի ապահովումն վերը նշված վարկային պայմանագրերի՝ կողմերի միջև կնքվել են հետևյալ գրավի պայմանագրերը՝

- 22.12.2004 թվականին Բանկի, Ընկերության և գրավատուներ Աշոտ ու Քնարիկ Հովհաննիսյանների միջև կնքվել է Հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 129 պայմանագիրը: Նույն օրը Բանկի և Ընկերության միջև կնքվել է Հիմնական միջոցների գրավի (հիփոթեքի) թիվ 129Ա պայմանագիրը:

- 24.12.2004 թվականին Բանկի, Ընկերության և գրավատու Արթուր Հովհաննիսյանի միջև կնքվել է Հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 131 պայմանագիրը:

- 29.09.2006 թվականին Բանկի, Ընկերության և գրավատուներ Աշոտ ու Քնարիկ Հովհաննիսյանների միջև կնքվել է Երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 78-06 Ա պայմանագիրը: Նույն օրը Բանկի, Ընկերության և Արթուր Հովհաննիսյանի միջև կնքվել է Երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 78-06 Բ պայմանագիրը, իսկ Բանկի և Ընկերության միջև կնքվել է Անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 78-06 Գ պայմանագիրը:

- 28.03.2007 թվականին Բանկի, Ընկերության և գրավատուներ Աշոտ ու Քնարիկ Հովհաննիսյանների միջև կնքվել է Երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 11-07 Ա պայմանագիրը: Նույն օրը Բանկի, Ընկերության և Արթուր Հովհաննիսյանի միջև կնքվել է Երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 11-07 Բ պայմանագիրը, իսկ Բանկի և Ընկերության միջև կնքվել է Անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 11-07 Գ պայմանագիրը:

Հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 129 պայմանագրի, Հիմնական միջոցների գրավի (հիփոթեքի) թիվ 129 Ա պայմանագրի և Հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 131 պայմանագրի 3-րդ բաժիններով սահմանվել է՝ «Գրավադրված գույքի հաշվին «Գրավառուի» պահանջները բավարարվում են դատարանի վճռով կամ առանց դատարան դիմելու՝ Գրավադրված գույքի իրացման հաշվին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որի դեպքում «Կողմերի» միջև կնքվում և նոտարական կարգով վավերացվում են առանց դատարանի վճռի Գրավադրված գույքի իրացման մասին համաձայնություն, իսկ իրացումն իրականացվում է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններով»:

Երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 78-06 Ա և 78-06 Բ պայմանագրերի, Երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 11-07 Ա և 11-07 Բ պայմանագրերի, Անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 11-07 Գ պայմանագրի 4-րդ բաժինների 19-րդ կետով սահմանվել է, որ «Վարկային պարտավորության ցանկացած խախտման դեպքում Գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով առանց դատարան դիմելու Գրավի առարկայի վրա բռնագանձում է տարածում և իրացնում է այն, այդ թվում՝ Գրավի առարկան Վարկային պարտավորության համապատասխան չափի դիմաց սեփականության իրավունքով ընդունում կամ երրորդ անձին ի սեփականություն է հանձնում»:

3. 08.01.2008 թվականին Բանկին հասցեագրված գրությամբ Ընկերությունը, հայտնելով, որ 2007 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով Ընկերությունում ոչնչացվել են ավելի քան 3.000 գլուխ խոզեր, խնդրել է դադարեցնել տոկոսադրույքների հաշվարկումը՝ մինչև համապատասխան մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը: Ի պատասխան նշված գրության՝ Բանկը 16.01.2008 թվականի թիվ 08/1-0039 գրությամբ Ընկերությանը հայտնել է, որ տոկոսների հաշվարկի դադարեցումը վարկային պայմանագրով նախատեսված չէ, ուստի Բանկը չի կարող տոկոսների հաշվարկը դադարեցնել:

4. Նշված պայմանագրերով Ընկերության պարտքը Բանկի հանդեպ 10.06.2008 թվականի դրությամբ կազմում է 346.148,15 ԱՄՆ դոլար և 32.971.896,32 ՀՀ դրամ:

5. 08.02.2008 թվականին Բանկը ծանուցել է Ընկերությանը՝ առանց դատարան դիմելու գրավի առարկաների բռնագանձման մասին:

6. 12.06.2008 թվականին Բանկը դիմել է Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ Ընկերության՝ սնանկ ճանաչելու պահանջով:

7. Երևանի քաղաքացիական դատարանի 16.06.2008 թվականի որոշմամբ Բանկի դիմումն ընդդեմ Ընկերության՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ: Երևանի քաղաքացիական դատարանի 28.07.2008 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

8. 08.08.2008 թվականին Բանկը Երևանի քաղաքացիական դատարան է ներկայացրել պահանջ, որով խնդրել է գրանցել Բանկի պահանջը՝ 500.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարի չափով, ինչպես նաև 374.132,80 ԱՄՆ դոլար և 34.875.030,80 ՀՀ դրամ չկատարված վարկային պարտավորության գումարի չափով, որից թիվ 129 պայմանագրով՝ 43.177,79 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ 36.800 ԱՄՆ դոլար՝ վարկի մնացորդ, 5.903,26 ԱՄՆ դոլար՝ տույժ, 474,53 ԱՄՆ դոլար՝ տուգանք, թիվ 131 պայմանագրով՝ 10.794,43 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ 9.200 ԱՄՆ դոլար՝ վարկի մնացորդ, 1.475,81 ԱՄՆ դոլար՝ տույժ, 118,62 ԱՄՆ դոլար՝ տուգանք, թիվ 78-06 պայմանագրով՝ 216.673,73 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ 163.636 ԱՄՆ դոլար՝ վարկի մնացորդ, 36.233,63 ԱՄՆ դոլար՝ տույժ, 16.803,14 ԱՄՆ դոլար՝ տուգանք, թիվ 11-07 պայմանագրով՝ 103.487,31 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ 75.000 ԱՄՆ դոլար՝ վարկի մնացորդ, 23.093,32 ԱՄՆ դոլար՝ տույժ, 5.393,99 ԱՄՆ դոլար՝ տուգանք, թիվ 11-07ա պայմանագրով՝ 34.875.030,80 ՀՀ դրամ, այդ թվում՝ 27.000.000 ՀՀ դրամ՝ վարկի մնացորդ, 5.298.000,30 ՀՀ դրամ՝ տույժ, 2.577.030,50 ՀՀ դրամ՝ տուգանք:

9. ՀՀ կառավարության 07.02.2008 թվականի թիվ 84-Ա որոշման համաձայն՝ ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հետևանքով անկած և հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների սեփականատերերին օժանդակություն ցույց տալու անհրաժեշտությունը, որոշել է նշված սեփականատերերին տրամադրվող օժանդակության գումարի չափը:

10. ՀՀ գյուղատնտեսության նախարարության 10.07.2008 թվականի գրության համաձայն՝ Ընկերությանը հայտնվել է, որ Հայաստանի Հանրապետությունում աֆրիկյան ժանտախտ հիվանդությունից անկած և հարկադիր սպանդի ենթարկված խոզերի սեփականատերերին (որոնց կրած վնասի դիմաց դեռևս օժանդակություն չի տրամադրվել) օժանդակություն տրամադրելու հարցը, այդ թվում՝ Ընկերությանն օժանդակություն տրամադրելու հարցը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի 20.06.2008 թվականի թիվ 04-ԱԳ-14-1687 գրություն-առաջարկությամբ ներկայացվել է անասնահամաճարակների հետևանքով անկած և հարկադիր սպանդի ենթարկված գյուղատնտեսական կենդանիների սեփականատերերին ցուցաբերվող օժանդակության կազմակերպման ազգային հանձնաժողովի քննարկմանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոքի սույն հիմքում փաստարկվում է պարտավորության խախտման հետևանքով վնասների չափի մեծացմանը պարտատիրոջ կողմից դիտավորյալ նպաստելը և դրանց նվազեցման համար ողջամիտ միջոցներ չձեռնարկելը՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ և 420-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների կիրառման հիմք։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես նաև իրավունքն այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ 1-ին կետով նախատեսված պահանջները չպահպանելու դեպքում դատարանը կարող է մերժել անձին նրան պատկանող իրավունքի պաշտպանության հարցում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե պարտավորությունը չկատարելը կամ այն անպատշաճ կատարելը տեղի է ունեցել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը համապատասխանաբար նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը: Դատարանն իրավունք ունի նաև նվազեցնել պարտապանի պատասխանատվության չափը, եթե պարտատերը դիտավորյալ կամ անզգույշ նպաստել է պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասների չափի ավելացմանը կամ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել դրանց նվազեցման համար:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերությունը 08.01.2008 թվականին Բանկին է ուղարկել գրություն՝ տոկոսադրույքների հաշվարկումը դադարեցնելու խնդրանքով, և ի պատասխան դրա՝ Բանկը 16.01.2008 թվականի թիվ 08/1-0039 գրությամբ տեղեկացրել է, որ մտադիր է դատական կարգով լուծել վարկի և տոկոսների վերադարձի հետ կապված հարցերը։ Այնուհետև, 08.02.2008 թվականին Բանկն Ընկերությանը ծանուցել է վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների խախտման համար առանց դատարան դիմելու գրավի առարկաների բռնագանձման մասին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ դրանք ստանալու պահից սկսած՝ պարտապանն ունի երկու ամիս ժամանակ՝ վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու համար, կամ գրավատուների կողմից գրավի առարկաներն այդ ժամկետից հետո պետք է ազատվեն և հանձնվեն Բանկին։ Գործում առկա թիվ 2457-2465 փոստային անդորրագրից հետևում է, որ նշված ծանուցագրերը 08.02.2008 թվականին հանձնվել են փոստին, ուստի Բանկի՝ գրավադրված գույքի իրացման՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ պարբերությամբ սահմանված իրավունքը չէր կարող 08.04.2008 թվականից առավել վաղ ծագել։ Բանկն Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում դատարանին ներկայացրել է 16.06.2008 թվականին:

Վերոշարադրյալ փաստերի հիմքով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքը չիրականացնելու հանգամանքը՝ որպես վնասների չափի մեծացման բավարար հիմք որակելու, ինչպես նաև Բանկի դիտավորության առկայությունը հիմնավորելու համար սույն գործում որևէ ապացույց առկա չէ:

Վերոգրյալից հետևում է, որ պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասների չափի ավելացմանը նպաստելու վերաբերյալ բողոք բերած անձի պնդումն անհիմն է, և տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 420-րդ հոդվածը կիրառման ենթակա չէ:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը նախատեսում է գրավառուի՝ առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքը, այլ ոչ թե պարտականությունը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ։ Քննարկվող դեպքում առանց դատարան դիմելու գրավադրված գույքն իրացնելը Բանկի հայեցողական իրավունքն է, այլ ոչ պարտականությունը։ Ուստի տվյալ դեպքում կիրառելի չեն նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի դրույթները, քանի որ բացի բողոք բերողի պնդումից, գործում առկա որևէ ապացույց չի վկայում Բանկի կողմից Ընկերությանը վնաս պատճառելու նպատակով իրավունքի չարաշահում թույլ տալու մասին:

Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ դատական պաշտպանության դիմելն իրավունքները խախտված անձի իրավունքն է և ոչ թե պարտականությունը (տե՜ս Աշոտ Թորգոմյանն ընդդեմ Գագիկ Գրիգորյանի՝ պարտավորության մայր գումարն ու հաշվարկված տոկոսները բռնագանձելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-2334 (ՎԴ) գործով 21.12.2006 թվականի որոշումը): Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտատիրոջ կողմից պարտավորության ծագման պահին կամ անմիջապես հետո դատարան չդիմելը չի կարող որակվել որպես պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելուն կամ անպատշաճ կատարելուն նպաստող հանգամանք, քանի որ պարտապանն ինքն է պարտավոր անհրաժեշտ հոգածություն և շրջահայացություն ցուցաբերել պարտավորության՝ ժամանակին և պատշաճ կատարելու համար: Հայցային վաղեմության ժամկետի ընթացքում դատարան դիմելը պետք է դիտել որպես պարտավորությունների կատարումն ապահովելուն ուղղված ողջամիտ գործողություն, և դա չի կարող ինքնին որևէ բացասական հետևանքներ առաջացնել պարտատիրոջ համար:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պարտատերն իրավունք չունի պահանջել վճարելու տուժանք, եթե պարտապանը պատասխանատվություն չի կրում պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ oրենքով կամ պայմանագրով: Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն՝ տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ oրենքով կամ պայմանագրով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, որպես պարտավորությունը խախտելու համար պատասխանատվության պարտադիր պայման, սահմանել է պարտավորությունը խախտած անձի մեղքի առկայությունը։ Նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսվել է մեղքի բացակայության պարագայում պարտավորությունը խախտած անձի պատասխանատվությունը, եթե պարտավորությունը բխում է ձեռնարկատիրական գործունեության իրականացումից: Ընդ որում, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը ենթակա չէ պատասխանատվության միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն՝ տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով: Այդ կանոնը կիրառելի չէ, եթե օրենքով կամ պայմանագրով նախատեսվել է նույնիսկ անհաղթահարելի ուժի առկայության պայմաններում պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձի պատասխանատվություն կրելու հանգամանքը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և Ընկերության միջև կնքվել են վարկային պայմանագրեր, որոնցով սահմանվել է, որ «վարկառուն պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ և սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար, թեկուզև դրանք տեղի են ունեցել իր կամքից անկախ պատճառներով (մեղքի բացակայություն)», սակայն նշված պայմանագրերով կողմերը չեն սահմանել անհաղթահարելի ուժի պարագայում պատասխանատվություն չկրելու հանգամանքը բացառող դրույթներ:

Նման պարագայում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու իրավիճակում անհաղթահարելի ուժի առկայության դեպքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով ենթակա չէ պատասխանատվության:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության կողմից վարկային պարտավորությունների պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, այն է՝ 2007 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետևանքով Ընկերության 3.000 գլուխ խոզերի ոչնչացման պատճառով: Վերոնշյալ հանգամանքները հաստատվում են ՀՀ կառավարության 07.02.2008 թվականի թիվ 84-Ա որոշմամբ, Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանին հասցեագրված՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության 10.07.2008 թվականի գրությամբ, Բանկին հասցեագրված Ընկերության 08.01.2008 թվականի գրությամբ:

 

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման առարկա չեն դարձվել Բանկի և Ընկերության միջև 22.12.2004 թվականին, 24.12.2004 թվականին, 29.09.2006 թվականին և 28.03.2007 թվականին կնքված համապատասխանաբար թիվ 129, 131, 78-06, 11-07 և 11-07ա գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվող վարկային պայմանագրերը (մասնավորապես, դրանց 4-րդ բաժինները), ՀՀ կառավարության 07.02.2008 թվականի թիվ 84-Ա որոշումը, Ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանին հասցեագրված՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության 10.07.2008 թվականի գրությունը, Բանկին հասցեագրված Ընկերության 08.01.2008 թվականի գրությունը, որոնց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման դեպքում Վերաքննիչ դատարանը կհանգեր հետևության այն մասին, որ Ընկերության կողմից վարկային պարտավորությունների պատշաճ կատարումն անհնարին է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, որպիսի պարագայում Ընկերությունը չի կարող պատասխանատվություն կրել, ուստի և պարտատիրոջը վճարել վարկային պայմանագրի հիմքով հաշվարկված տուժանքները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2008 թվականի որոշման՝ «Լանդրաս» ՍՊ ընկերության նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների մասին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի պահանջը վերջնական ցուցակում հաստատելու մասը, և գործն այդ մասով ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան