Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-812
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.15/36(702) Հոդ.838
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
08.07.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան 

8 հուլիսի 2009 թ.

                    

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 202.400 ՄԼՆ ՀԱՏՈՒԿ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 29-ին և 2009 թվականի հունիսի 30-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 202.400 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է՝ մուտքագրված 2009 թվականի հուլիսի 2-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրը կազմվել է ՀՀ ֆինանսների նախարարի կողմից 2009 թվականի հունիսի 29-ին ստորագրված նամակի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչի կողմից 2009 թվականի հունիսի 30-ին ստորագրված պատասխան նամակի փոխանակման ձևով:

2. Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության 2009-2010թթ. բյուջեների ֆինանսավորումը, որով նախատեսվում է տրամադրել 202.400 մլն փոխառության հատուկ իրավունքին համարժեք գումարի չափով վարկ: Վարկի միջոցները ՀՀ-ին տրամադրվում են երկու հատկացումներով` 2009թ. հատկացումը կկազմի 102.668 մլն ՀՓԻ-ին համարժեք գումար և կկատարվի մեկ փոխանցումով, իսկ 2010թ.` 99.732 մլն ՀՓԻ-ին համարժեք գումար և կկատարվի եռամսյակային կտրվածքով` չորս հավասար փոխանցումներով:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է վարկի մարումը կատարել 8 եռամսյակային հատկացումների միջոցով` սկսած յուրաքանչյուր ստացմանը հաջորդող 31/4 տարվանից` ավարտելով այն 5 տարի անց, իսկ տոկոսավճարները վճարել եռամսյակային կտրվածքով` յուրաքանչյուր եռամսյակի առաջին օրը:

4. Համաձայնագրի համաձայն վարկի տոկոսավճարը կազմում է բազիսային տոկոսադրույքի, հավելավճարի, ծառայության վճարի և տարեկան պարտավճարի գումարը: Բազիսային տոկոսադրույքը ներկայումս կազմում է 1,38%: Հավելավճարը ՀՀ քվոտայի 300%-ը գերազանցող վարկի դեպքում կազմում է 2%, 3 տարի անց` տարեկան լրացուցիչ 1%: Ծառայության վճարը կազմում է վարկային միջոցներից յուրաքանչյուր մասհանման համար 0,5%: Տարեկան պարտավճարը կազմում է` 0,15%` քվոտայի 200%-ը գերազանցող գումարի դեպքում, 0,3%` քվոտայի 200-1000%-ի գումարի դեպքում և 0,6%` քվոտայի 1000%-ը գերազանցող գումարի դեպքում:

5. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ՀՀ-ի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարման մասին Արժույթի միջազգային հիմնադրամին ծանուցելու օրվանից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի հունիսի 29-ին և 2009 թվականի հունիսի 30-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 202.400 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

 Գ. Հարությունյան

 

8 հուլիսի 2009 թ.

 ՍԴՈ-812