ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/4517/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/4517/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Սոսյան | |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
|
Մ. Դրմեյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հունիսի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Հրաչյա Աճառյան համալսարան» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Համալսարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.01.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Համալսարանի հայցի ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) և ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման և հավատարմագրման ծառայության (այսուհետ` Ծառայություն)` հավատարմագրման գործընթացը չկազմակերպելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության համար հավատարմագիր ստանալու իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Համալսարանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Նախարարության և Ծառայության կողմից հավատարմագրման գործընթացը չկազմակերպելու անգործությունը և ճանաչել «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության համար հավատարմագիր ստանալու իրավունքը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.01.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համալսարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 18-րդ կետը, 42-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, ՀՀ կառավարության 07.07.2000 թվականի թիվ 372 որոշմամբ հաստատված «ՀՀ-ում միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի 5-9-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Համալսարանը 28.04.2004, 08.10.2004, 21.03.2005, 10.10.2005, 14.02.2006, 22.11.2006, 10.09.2007 թվականներին դիմել է Նախարարությանը` խնդրելով սկսել համապատասխան մասնագիտությունների, այդ թվում «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության հավատարմագրման գործընթացը: Նշված դիմումները թողնվել են անհետևանք այդ մասնագիտության պետական կրթական չափորոշիչները դեռևս հաստատված չլինելու, «ՀՀ-ում միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ը ՀՀ օրենսդրության նոր պահանջների համապատասխանեցման նպատակով քննարկման գործընթացում գտնվելու պատճառաբանություններով:
Բացի այդ, սույն գործով Նախարարությունը բացատրություն է տվել, որ նշված մասնագիտության պետական չափորոշիչները հաստատված են եղել և գործել են մինչև 2004 թվականի մայիս ամիսը ներառյալ: Մինչդեռ Համալսարանի 28.04.2004 թվականի թիվ 04/022 գրությանը պատասխան չի տրվել, որի հետևանքով անհնարին է դարձել Համալսարանի «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության հավատարմագրումը:
Անհիմն է նաև Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Համալսարանը «կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ կրթական գործունեությունը չի ենթարկել անկախ փորձաքննության, քանի որ այն իրականացնելու հնարավորությունը բացակայել է հենց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ընդունվող համապատասխան իրավական ակտերի բացակայության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Դատարանի 27.01.2009 թվականի վճիռը և բավարարել հայցն ամբողջությամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Համալսարանը 06.02.1995 թվականին ստացել է պետական գրանցում, անցել է պետական հավատարմագրում և իրականացնում է կրթական գործունեություն (գ.թ. 22):
2) Համալսարանը 28.04.2004 թվականի թիվ 04/022, 08.10.2004 թվականի թիվ 04/051, 21.03.2005 թվականի թիվ 05/005, 10.10.2005 թվականի թիվ 05/043, 14.02.2006 թվականի թիվ 06/012, 22.11.2006 թվականի թիվ 06/107, 10.09.2007 թվականի թիվ 07/102 գրություններով դիմել է Նախարարությանը «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության հավատարմագրման գործընթացը սկսելու խնդրանքով (գ.թ. 23, 24, 26, 28, 30, 33, 35):
3) Ի պատասխան Համալսարանի 08.10.2004 թվականի թիվ 04/051 գրության` Նախարարությունը 05.11.2004 թվականի թիվ 21-03-18/575 գրությամբ հայտնել է, որ «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության պետական հավատարմագրման նպատակով շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպման և իրականացման նպատակով Համալսարանը կիրազեկվի առաջիկայում` այդ մասնագիտության պետական կրթական չափորոշիչների հաստատվելուց հետո (գ.թ. 25):
4) Ի պատասխան Համալսարանի 21.03.2005 թվականի թիվ 05/005, 10.10.2005 թվականի թիվ 05/043, 14.02.2006 թվականի թիվ 06/012 գրությունների` Նախարարությունը 31.03.2005 թվականի թիվ 21-03-18/133, 07.12.2005 թվականի թիվ 21-03-18/922 և 14.02.2006 թվականի թիվ 21-03-18/106 գրություններով հայտնել է, որ «ՀՀ-ում միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ը ՀՀ օրենսդրության նոր պահանջների համապատասխանեցման նպատակով գտնվում է քննարկման գործընթացում և լրամշակված կարգի պայմաններով ու պահանջներով Համալսարանը կարող է մասնակցել պետական հավատարմագրման գործընթացին (գ.թ. 27, 29, 32):
5) Նախարարության կողմից Համալսարանի 28.04.2004 թվականի թիվ 04/022, 22.11.2006 թվականի թիվ 06/107, 10.09.2007 թվականի թիվ 07/102 գրություններին պատասխան չի տրվել:
6) Համալսարանը կատարել է 2004-2005 թվականների ուսումնական տարիների գործունեության վերլուծություն (ինքնավերլուծություն) (գ.թ. 38-47):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն` պետական հավատարմագրումը պետության կողմից պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության ճանաչումն է:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հավատարմագրման կարգը, չափանիշները և ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ:
«ՀՀ-ում միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ի (այսուհետ` Կարգ) 5-րդ կետի համաձայն` պետական հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` անկախ ուսումնական հաստատության կազմակերպական-իրավական ձևից և գերատեսչական ենթակայությունից:
Նույն կարգի 6-րդ կետի համաձայն` պետական հավատարմագրման նպատակով ուսումնական հաստատությունն իրականացնում է իր գործունեության վերլուծություն` ըստ նախարարության հաստատած միասնական ձևի:
Նույն կետի երկրորդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատությունը նշված վերլուծության հիման վրա պայմանագրային հիմունքներով դիմում է համապատասխան որակավորում ունեցող և ծառայության կողմից երաշխավորված իրավաբանական անձին, հիմնարկին կամ անհատ ձեռնարկատիրոջը, որը նախարարության սահմանած կարգով իրականացնում է ուսումնական հաստատության ուսումնական գործունեության փորձաքննություն: Ուսումնական հաստատությունը փորձաքննության ավարտից հետո մեկամսյա ժամկետում ծառայություն է ներկայացնում նախարարության սահմանած ձևի փորձագիտական եզրակացությունը և վերլուծության մեկ օրինակը:
Կարգի 8-րդ կետի համաձայն` փորձագիտական եզրակացության և անընդմեջ 2 տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքների հիման վրա Ծառայությունը մեկամսյա ժամկետում պետական հավատարմագրման մասին եզրակացություն է ներկայացնում նախարարին:
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ ուսումնական հաստատության ուսումնական գործունեության հավատարմագրումն անցնում է Կարգով սահմանված որոշակի պարտադիր փուլեր: Առաջին փուլում վերլուծության մեկ օրինակը Նախարարություն ներկայացնելուց հետո վերջինիս կողմից պետք է տրվի այն կազմակերպությունների, հիմնարկների կամ անհատ ձեռնարկատերերի անվանացանկը, որոնք Ծառայության կողմից երաշխավորվել են ուսումնական հաստատության ուսումնական գործունեության փորձաքննություն իրականացնելու համար:
Սույն գործի փաստերի համաձայն` 2004 թվականի ապրիլից մինչև 2007 թվականի սեպտեմբեր Նախարարությունը տարբեր պատճառաբանություններով հետաձգել է Համալսարանի «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության հավատարմագրման գործընթացն սկսելը. մասնավորապես` Նախարարության կողմից պատասխան չի տրվել Համալսարանի 28.04.2004 թվականի թիվ 04/022, 22.11.2006 թվականի թիվ 06/107, 10.09.2007 թվականի թիվ 07/102 գրություններին, իսկ հաջորդ գրություններին ընթացք չի տրվել մի դեպքում նշված մասնագիտության պետական կրթական չափանիշները հաստատված չլինելու, մեկ այլ դեպքում` Կարգը ՀՀ օրենսդրության նոր պահանջներին համապատասխանեցման նպատակով քննարկման գործընթացում գտնվելու պատճառաբանությամբ, ինչն էլ հանգեցրել է հիշյալ մասնագիտության հավատարմագրման գործընթացի անհարկի ձգձգման:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Համալսարանի կողմից չի պահպանվել մասնագիտության հավատարմագրման գործընթացը, մասնավորապես` «կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ կրթական գործունեությունը չի ենթարկվել անկախ փորձաքննության, ինչպես նաև շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը չի կազմակերպվել Նախարարության սահմանած կարգով, անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` Համալսարանը կատարել է Կարգով սահմանված իր ուսումնական գործունեության վերլուծությունը, որից հետո բազմիցս դիմել է Նախարարությանը հավատարմագրման հաջորդ փուլերին մասնակցելու համար: Մինչդեռ Նախարարության կողմից չի տրվել երաշխավորված այն մարմնի անվանումը, որն իրավասու է իրականացնելու նշված մասնագիտությամբ կրթական գործունեության փորձաքննություն, ինչի հետևանքով էլ անհնարին է դարձել Համալսարանի կողմից այդ և դրան հաջորդող այլ գործողությունների իրականացումը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի առաջին մասը, համաձայն որի՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Այսպես, դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ չի գնահատել Համալսարանի 21.03.2005 թվականի թիվ 05/005, 10.10.2005 թվականի թիվ 05/043, 14.02.2006 թվականի թիվ 06/012 գրությունները, Նախարարության՝ 31.03.2005 թվականի թիվ 21-03-18/133, 07.12.2005 թվականի թիվ 21-03-18/922 և 14.02.2006 թվականի թիվ 21-03-18/106 գրությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Նախարարության կողմից Համալսարանի 28.04.2004 թվականի թիվ 04/022, 22.11.2006 թվականի թիվ 06/107, 10.09.2007 թվականի թիվ 07/102 գրություններին պատասխան չի տրվել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ինչ վերաբերում է «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության համար հավատարմագիր ստանալու իրավունքը ճանաչելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ մասով սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսումնական գործունեության համար հավատարմագիր տալու գործընթացը կարգավորվում է Կարգի 6-8-րդ կետերով նախատեսված կանոններով, հետևաբար «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության համար հավատարմագիր ստանալու իրավունքը ճանաչելու պահանջը ենթակա չէ դատարանում քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 27.01.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. «Հրաչյա Աճառյան համալսարան» արտադրական կոոպերատիվի հայցը բավարարել մասնակիորեն` ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման և հավատարմագրման ծառայության` հավատարմագրման գործընթացը չկազմակերպելու անգործությունը, իսկ «կիրառական մաթեմատիկա» մասնագիտության համար հավատարմագիր ստանալու իրավունքը ճանաչելու պահանջի մասով վարչական գործի վարույթը կարճել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Ս. Անտոնյան |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
|
Մ. Դրմեյան | |
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|