Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.23
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
26.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ /0580/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0580/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ՝ Ս. Միքայելյան

               Դ. Խաչատրյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Տ. Պետրոսյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հունիսի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Լևոն Ոսկանյանի հայցի և լրացուցիչ հայցի ընդդեմ Ռաֆիկ Անտոնյանի, Աշոտ Անտոնյանի, Գրիգոր Անտոնյանի, Գեղամ Անտոնյանի, Գյուլնարա Անտոնյանի, Լենա Եգորյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Դավթաշենի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)՝ երկաթյա դուռը քանդելու, մուտքն ազատելու և սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Լևոն Ոսկանյանը պահանջել է պարտավորեցնել Անտոնյաններին քանդելու իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում տեղադրված երկաթյա դուռը՝ հողամասը բերելով նախկին տեսքին:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Գրիգոր Անտոնյանը պահանջել է մուտքի նկատմամբ սահմանել օգտագործման կարգ և ճանաչել իր ընտանիքի օգտագործման իրավունքը 55 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը՝ մերժվել:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճռի՝ մուտքն ազատելու հայցապահանջի մասը և գործն այդ մասով ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Լրացուցիչ հայցով դիմելով դատարան՝ Լևոն Ոսկանյանը պահանջել է 55 քմ մակերեսով հողամասի և դրա վրա ամրակայված 19,4 քմ մակերեսով շինության մասով անվավեր ճանաչել Ռաֆիկ Անտոնյանի, Աշոտ Անտոնյանի, Գրիգոր Անտոնյանի, Գեղամ Անտոնյանի, Գյուլնարա Անտոնյանի, Լենա Եգորյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 22.08.2008 թվականի վճռով հայցը և լրացուցիչ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.11.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Ոսկանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.      

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 173-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանագամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, 29.02.2008 թվականի որոշմամբ դատական ակտը բեկանելով, գտել էր, որ երկաթյա դուռը քանդելու և մուտքն ազատելու հայցապահանջը բավարարելու կամ մերժելու համար պետք է գնահատման առարկա դարձվեր վեճի առարկա հողամասի պատկանելության հարցը:

Միաժամանակ, անդրադառնալով հողամասի պատկանելությունը հաստատող ապացույցների նշանակությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն ուղղակի շեշտել էր և փաստել, որ գնահատման առարկա չեն դարձվել Կադաստրի կողմից տրված գրություններն ու կազմված հատակագծերը, որոնց համաձայն` Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 հասցեում Գրիգոր և Կոլյա Անտոնյանների կողմից օգտագործվող փաստացի 1470 քմ մակերեսով հողամասից 55 քմ մակերեսով հողամասը` իր վրա ամրակայված 19,4 քմ բնակելի շինությամբ, ընկնում է Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 2 տան հողամասի վրա:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը չի կատարել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը նոր քննությամբ եզրահանգում կատարելիս որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու հիմք չի ընդունում վիճելի 55 քմ մակերեսով հողամասի նկատմամբ բողոք բերած անձի սեփականության իրավունքը հաստատող վերը նշված ապացույցները, կամ ինչ հիմքով է հաստատվում, որ այդ հողամասը պատկանում է պատասխանողներին: Ընդ որում, հաշվի չի առնվել այն էական փաստը, որ մինչև 2007 թվականը պատասխանողների անվամբ որևէ գույքային իրավունք կադաստրում գրանցված չի եղել, հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 162-րդ հոդվածը պետք է մեկնաբանվեր հօգուտ հայցվորի:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Դատարանն իբր ճիշտ հետևության է հանգել տեղում կատարված զննության արդյունքում, իսկ հայցվորը չի ապացուցել վիճելի տարածքը պատասխանողների կողմից ապօրինի զավթած լինելու փաստը: Մինչդեռ տեղազննությունը կատարվել է առանց չափագրող մասնագետի մասնակցության:

Բացի այդ, առանց չափագրում կատարելու արձանագրվել է, որ վիճելի հողամասը գտնվում է երկու տնատիրությունների միջնամասում` հայցվորի տնատիրության պատերի հետևի կողմում, ուստի նա չի կարող այն օգտագործել: Միաժամանակ, ինքն իրեն հակասելով` Դատարանը պատճառաբանել է, որ հետագայում հայցվորի կողմից իր պատի հետնամասում աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում նա զրկված չէ դատական պաշտպանության դիմելու իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.11.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 և թիվ 2 տները գտնվում են հարևանությամբ:

2) Կադաստրի 17.07.2006 թվականի գրության և դրան կից հատակագծի համաձայն՝ վերոհիշյալ երկու տներին կից հողամասերի սահմանները համադրվում են: Համադրվող տարածքում գտնվում է վեճի առարկա անշարժ գույքը (գ.թ. 18-19, հ. 1):

3) Կադաստրի 07.08.2006 թվականի գրության և դրան կից հատակագծի համաձայն` Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 հասցեում Գրիգոր և Կոլյա Անտոնյանների կողմից օգտագործվող փաստացի 1470 քմ մակերեսով հողամասից 55 քմ մակերեսը և դրա վրա ամրակայված 19,4 քմ մակերեսով բնակելի տունն ընկնում են Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 2 հասցեի հողամասի վրա (գ.թ. 22-23, հ. 1):

4) 05.12.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2357982 վկայականի համաձայն` Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող 1470 քմ մակերեսով հողամասի և 411,2քմ մակերեսով շինության, այդ թվում և` վիճելի 55 քմ մակերեսով հողամասի և դրա վրա ամրակայված 19,4 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ 08.08.2003 թվականի թիվ 14423, 14.03.2007 թվականի թիվ 2223 ժառանգության իրավունքի վկայագրերի, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի թիվ 07-437 վճռի, 10.10.2007 թվականի վրիպակն ուղղելու մասին որոշման հիման վրա գրանցվել է Ռաֆիկ, Աշոտ, Գրիգոր, Գեղամ, Գյուլնարա, Աշխեն Անտոնյանների և Լենա Եգորյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը (գ.թ. 13-16, հ. 2):

5) ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշմամբ բեկանվել է սույն գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճռի՝ մուտքն ազատելու հայցապահանջի մասը և գործն այդ մասով ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Նշված որոշման հիմքում դրվել են Վերաքննիչ դատարանի կողմից վեճի առարկա հողամասի պատկանելության հարցը պարզված չլինելու, ինչպես նաև Կադաստրի կողմից տրված գրություններն ու կազմված հատակագծերը ուսումնասիրված և գնահատման առարկա դարձված չլինելու հանգամանքները (գ.թ. 237-240, հ. 1):

6) Դատարանի կողմից տեղում կատարված զննության համաձայն՝ վիճելի տարածքը գտնվում է երկու տնատիրությունների միջև` հայցվորի և նրա ընտանիքի մյուս անդամներին պատկանող բնակելի տան ամբողջական պատի հետնամասի երկարությամբ, որտեղ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս վերջինս մուտք գործելու ճանապարհ չի ունեցել և չունի: Մինչդեռ վիճելի տարածքը մշտապես ծառայել է փողոցից դեպի պատասխանողների տան կողային մուտքի ճանապարհ, որտեղ էլ նրանց կողմից տեղադրվել են մուտքային դուռ և աստիճաններ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.        

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, Դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հանգել է այն հետևության, որ Դատարանը գործում առկա ապացույցներով, ինչպես նաև տեղում կատարված զննությամբ հաստատված համարելով, որ հայցվորը չի ապացուցել վիճելի տարածքը պատասխանողների կողմից ապօրինի զավթված լինելու փաստը, հայցը մերժել է:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Կադաստրի 17.07.2006 թվականի և 07.08.2006 թվականի գրությունները վերաքննիչ բողոքը բավարարելու հիմք չեն, քանի որ այդ գրություններից հետո գրանցվել է պատասխանողների սեփականության իրավունքը Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 հասցեի փաստացի զբաղեցրած հողամասի նկատմամբ:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` վիճելի 55 քմ մակերեսով հողամասի և դրա վրա ամրակայված 19,4 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ Ռաֆիկ, Աշոտ, Գրիգոր, Գեղամ, Գյուլնարա, Աշխեն Անտոնյանների և Լենա Եգորյանի սեփականության իրավունքի գրանցման հիմքում դրվել են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի թիվ 07-437 վճիռը, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2007 թվականի որոշման վրիպակն ուղղելու մասին որոշումը: Նշված որոշմամբ ուղղվել է նույն դատարանի 05.10.2007 թվականի վճռի պարզաբանման մասին որոշման մեջ թույլ տրված վրիպակը, իսկ 05.10.2007 թվականի որոշմամբ պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի թիվ 07-437 վճիռը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշմամբ բեկանվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշման հիմքում դրվել են Վերաքննիչ դատարանի կողմից վեճի առարկա հողամասի պատկանելության հարցը պարզված չլինելու, ինչպես նաև Կադաստրի կողմից տրված գրություններն ու կազմված հատակագծերը ուսումնասիրված և գնահատման առարկա դարձված չլինելու հանգամանքները:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ Ռաֆիկ, Աշոտ, Գրիգոր, Գեղամ, Գյուլնարա, Աշխեն Անտոնյանների և Լենա Եգորյանի սեփականության իրավունքի գրանցման հիմքերն են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի թիվ 07-437 բեկանված վճիռը, ինչպես նաև այդ վճռի պարզաբանման մասին որոշումը, որը վճռի բեկանման պայմաններում դարձել է իրավական հիմք չունեցող դատական ակտ:

Ինչ վերաբերում է Դատարանի կողմից տեղում կատարված զննությանը, ապա դրանով արձանագրվել է միայն այն հանգամանքը, որ վիճելի տարածքը գտնվում է երկու տնատիրությունների միջև` հայցվորի և նրա ընտանիքի մյուս անդամներին պատկանող բնակելի տան ամբողջական պատի հետնամասի երկարությամբ, որտեղ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս վերջինս մուտք գործելու ճանապարհ չի ունեցել և չունի, և վիճելի տարածքը մշտապես ծառայել է փողոցից դեպի պատասխանողների տան կողային մուտքի ճանապարհ, որտեղ էլ նրանց կողմից տեղադրվել են մուտքային դուռ և աստիճաններ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նոր քննությամբ ևս չի պարզվել վիճելի հողամասի պատկանելության հարցը և պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացել Կադաստրի 17.07.2006 թվականի և 07.08.2006 թվականի գրություններն ու կից հատակագծերը:

Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման մասին վճռաբեկ բողոք բերած անձի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում վեճի առարկա հողամասի պատկանելության հարցը որոշված չլինելու պատճառով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.11.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան