Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.20
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
26.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0571/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0571/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ՝ Ս. Միքայելյան

               Դ. Խաչատրյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Խունդկարյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հունիսի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Էջմիածնի Ջրշին» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Էջմիածնի Ջրշին» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) ընդդեմ «Բետարտշին» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 36.650.366 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի և անհիմն հարստացման գումար:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 18.09.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.03.2009 թվականի որոշմամբ բավարարվել է գործին մասնակից չդարձված անձ Վարդան Մարգարյանի վերաքննիչ բողոքը, և գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ինչի արդյունքում կիրառել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ և 95-րդ հոդվածները, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-5-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, քանի որ սույն գործով Կազմակերպության մասնակցի որևէ իրավունք չի խախտվել: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, չկիրառելով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-5-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ և 95-րդ հոդվածները, անհիմն կերպով Կազմակերպության մասնակից Վարդան Մարգարյանին դարձրել է դատավարության կողմ, օժտել է նրան չունեցած իրավունքներով ու պարտականություններով ու նշել է, թե Դատարանի կողմից անտեսվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ և 35-րդ հոդվածների պահանջները, որը հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ և 6-րդ հոդվածների խախտմանը։

Վերը նշված փաստերը հիմք են տալիս եզրակացնելու, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, որն է՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչը չի արվել Վերաքննիչ դատարանի կողմից։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 18.09.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կազմակերպության և Ընկերության միջև 05.05.2008 թվականին կազմված փոխադարձ ակտի համաձայն՝ Ընկերությունն ընդունել է 01.05.2008 թվականի դրությամբ Կազմակերպության հանդեպ ունեցած 36.670.000 ՀՀ դրամ պարտք ունենալու հանգամանքը՝ միաժամանակ պարտավորվելով սեղմ ժամկետում վճարել այն:

2) «Բետարտշին» ՍՊԸ-ի կանոնադրության համաձայն՝ Վարդան Մարգարյանը Ընկերության մասնակիցն է՝ 20 տոկոս բաժնեմասով (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

Նույն օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի ոչ միայն գործին մասնակցող անձը, այլ նաև գործին մասնակից չդարձված անձը, պայմանով, եթե գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է տվյալ անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության հետ կապված վնասների ռիսկը:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, իսկ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ ընկերությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար, իսկ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

Սույն գործով վեճի հիմքը վերաբերում է երկու իրավաբանական անձանց միջև վնաս պատճառելու և անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորություններին:

Դատարանը Կազմակերպության հայցը բավարարելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Կազմակերպության և Ընկերության միջև 05.05.2008 թվականին կազմված փոխադարձ ակտով Ընկերությունն ընդունել է 01.05.2008 թվականի դրությամբ Կազմակերպության հանդեպ ունեցած 36.670.000 ՀՀ դրամ պարտավորության առկայությունը, որն էլ պարտավորվել է կատարել սեղմ ժամկետում:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս պատճառաբանել է, որ ստորադաս դատարանը դատական ակտ է կայացրել Ընկերության մասնակից (20 տոկոս բաժնեմասով) Վարդան Մարգարյանի իրավունքների վերաբերյալ՝ առանց նրան մասնակից դարձնելու գործի քննությանը:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է ընկերության մասնակիցների իրավունքները, համաձայն որի` նրանք իրավունք ունեն՝ ա) նույն oրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը, բ) ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով տեղեկություններ ստանալ ընկերության գործունեության վերաբերյալ, գ) ստանալ ընկերության գործունեությունից ստացվող՝ oրենքով սահմանված շահույթի մասը, դ) oրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով իր բաժնեմասը (դրա մասը) oտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ երրորդ անձանց, ե) անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից, ցանկացած պահի դուրս գալ ընկերությունից, զ) ընկերության լուծարման դեպքում oրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով բաժին ստանալ ընկերության մնացած գույքից: Ընկերության մասնակիցներն ունեն նաև oրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է ընկերության մասնակիցների պարտականությունները, համաձայն որի` նրանք պարտավոր են՝ ա) ներդրումներ կատարել ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով, բ) չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք պարունակող տեղեկություններ, բացի օրենքով սահմանված դեպքերից: Ընկերության մասնակիցները կրում են նաև օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Վերը նշված նորմերն ամրագրվել են նաև Ընկերության կանոնադրության 4-րդ գլխում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով երկու իրավաբանական անձանց միջև վնաս պատճառելու և անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորությունների կատարման վերաբերյալ կայացված վճիռը որևէ կերպ չի վերաբերում ընկերության մասնակցի՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 12-13-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին և պարտականություններին, հետևաբար Ընկերության մասնակից (20 տոկոս բաժնեմասով) Վարդան Մարգարյանին գործին մասնակից դարձնելու դատավարական պարտականություն Դատարանը չուներ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի եզրահանգմանն առ այն, որ Ընկերության մասնակից Վարդան Մարգարյանը Ընկերության ակտիվների նվազեցման արդյունքում կրում է գույքային վնաս, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ իրավաբանական անձանց մասնակցությամբ վեճին Ընկերության մասնակցին մասնակից դարձնելու համար, քանի որ նշված հարցի քննարկումը դուրս է սույն գործով քննարկվող հարցի շրջանակներից: Ավելին, գործադիր մարմնի կողմից ընկերությանը պատճառած վնասների հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով:

Վերը նշված պատճառաբանություններից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկվել սույն գործում առկա ապացույցները, որի հետևանքով էլ Վերաքննիչ դատարանը Ընկերության մասնակից Վարդան Մարգարյանին սույն գործի քննությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ հանգել է անհիմն եզրահանգման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Երևանի քաղաքացիական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, սույն գործով կայացված վճռի դեմ գործին մասնակցող անձանց կողմից վերաքննիչ բողոք չներկայացնելու հանգամանքը, ինչպես նաև տվյալ իրավիճակում գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 18.09.2008 թվականի վճռին:

2. Վարդան Մարգարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 2.079.511 ՀՀ դրամ, որից 1.000.000 ՀՀ դրամ՝ վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի 06.05.2009 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը, 1.079.511 ՀՀ դրամ՝ վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2008 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումարը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան