ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2009 թվականի N 631-Ն
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռադիոակտիվ թափոնների կառավարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. հունիսի 12 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի N 631-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների կառավարմանը ներկայացվող պահանջները, ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացում ներգրավված մարմինների գործառույթներն ու ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն կարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`
1) երկրաբանական ֆորմացիաներում կառուցված գերեզմանոց՝ ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված օբյեկտ, որը կառուցված է երկրի մակերևույթից մի քանի հարյուր մետր խորության վրա գտնվող կայուն երկրաբանական բնութագրեր ունեցող ֆորմացիաներում և ապահովում է ռադիոիզոտոպների մեկուսացումը կենսոլորտից.
2) մերձմակերեսային գերեզմանոց՝ ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված օբյեկտ, որը կառուցված է երկրի մակերևույթին կամ երկրի մակերևույթից մինչև մի քանի տասնյակ մետր խորության վրա.
3) ռադիոակտիվ թափոնի վերամշակում՝ ռադիոակտիվ թափոնների ֆիզիկական և քիմիական բնութագրերի փոփոխմանն ուղղված գործողություն, որի նպատակը թափոնը փոխադրման, պահման կամ թաղման համար ընդունելի վիճակի հասցնելն է.
4) կարճ ապրող ռադիոակտիվ թափոն՝ մինչև 30 տարի կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպներ պարունակող ռադիոակտիվ թափոն.
5) երկար ապրող ռադիոակտիվ թափոն՝ 30 տարվանից ավելի կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպներ պարունակող ռադիոակտիվ թափոն:
II. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
3. Ռադիոակտիվ թափոնների աղբյուրներն են՝
1) միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր օգտագործող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտները.
2) ռադիոակտիվ հանքանյութեր արդյունահանող և հարստացնող օբյեկտները.
3) ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրներ արտադրող օբյեկտները.
4) այն օբյեկտները, որտեղ առկա ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրի օգտագործման ժամկետը լրացել է, կամ դադարեցվել է դրանց օգտագործմամբ գործունեությունը.
5) այն օբյեկտները, որտեղ առաջացել են հետազոտական նպատակներով ռադիոակտիվ նյութեր ներարկված կենսաբանական օբյեկտների մնացորդներ (կենդանիների դիակներ, բույսերի փորձանմուշներ և այլն).
6) այն օբյեկտները, որտեղ ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների օգտագործման ժամանակ առաջացել են ռադիոակտիվ աղտոտման ենթարկված սարքավորումներ, արտահագուստ և նյութեր.
7) շահագործումից հանվող ատոմային էներգիայի օգտագործման այն օբյեկտները, որտեղ աշխատանքներ են կատարվել միջուկային և (կամ) ռադիոակտիվ նյութերի հետ.
8) ռադիոակտիվ աղտոտման ենթարկված շրջակա բնական միջավայրի օբյեկտները (հող, ջուր, բուսականություն):
III. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացը բաղկացած է ռադիոակտիվ թափոնների հավաքման, վերամշակման, ռադիոակտիվ թափոնների պահեստարաններում կարճաժամկետ ու երկարաժամկետ պահման և գերեզմանոցներում թաղման փուլերից:
5. Ռադիոակտիվ թափոնների հավաքումը ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացի սկզբնական փուլն է, որի նպատակը ռադիոակտիվ թափոնների նախապատրաստումն է` ռադիոակտիվ թափոնների վերամշակման օբյեկտ, պահեստարան կամ գերեզմանոց հանձնելու համար:
6. Ռադիոակտիվ թափոնների հավաքումը ներառում է՝
1) ռադիոակտիվ թափոնների բնութագրումը և տարանջատումն ըստ ֆիզիկական, քիմիական և ճառագայթային հատկությունների.
2) ռադիոակտիվ թափոնների ապաակտիվացումը.
3) ռադիոակտիվ թափոնների փաթեթավորումը:
7. Ռադիոակտիվ թափոնների հավաքումն իրականացվում է ռադիոակտիվ թափոնների աղբյուր հանդիսացող օբյեկտի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 1489-Ն որոշումներին համապատասխան:
8. Հավաքված ռադիոակտիվ թափոնները ենթարկվում են վերամշակման՝ թափոնների փոխադրման, պահեստարանում պահման կամ գերեզմանոցում թաղման համար ընդունելի վիճակի բերելու նպատակով:
9. Ռադիոակտիվ թափոնները վերամշակվում են ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` վերամշակման, լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից:
10. Ռադիոակտիվ թափոնների վերամշակման փուլը ներառում է՝
1) ռադիոակտիվ թափոնների ծավալի փոքրացումը՝ ապաակտիվացման, գոլորշիացման, մասնատման, մանրացման, մամլման, այրման, հալման և այլ մեթոդներով.
2) ռադիոակտիվ թափոններից ռադիոիզոտոպների հեռացումը՝ գոլորշիացման, հեղուկ ռադիոակտիվ թափոնների իոնային փոխանակման, գազային ռադիոակտիվ թափոնների ֆիլտրման և այլ մեթոդներով.
3) ռադիոակտիվ թափոնների բաղադրության փոփոխությունը` քիմիական մշակման մեթոդներով.
4) ռադիոակտիվ թափոնների կոնդիցիայի բերումը կայուն վիճակի հասցնելու համար՝ ցեմենտավորման, բիտումավորման, ապակիացման կամ այլ մեթոդներով.
5) ռադիոակտիվ թափոնների փաթեթավորումը՝ փոխադրման, պահման և թաղման համար ընդունելի վիճակի հասցնելու համար:
11. Ռադիոակտիվ թափոնները պահեստարաններում պահման նպատակն է ապահովել թափոնների ժամանակավոր մեկուսացումը շրջակա միջավայրից՝ մինչև դրանց թաղումը:
12. Ռադիոակտիվ թափոնները պահեստարաններում պահվում են ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` պահման լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից:
13. Կարճ և երկար ապրող ռադիոակտիվ թափոնները պահվում են առանձնացված` համապատասխանաբար ռադիոակտիվ թափոնների կարճաժամկետ և երկարաժամկետ պահման համար նախատեսված պահեստարաններում:
14. Ռադիոակտիվ թափոնների թաղումը ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացի վերջնական փուլն է, որի նպատակն է ապահովել ռադիոակտիվ թափոնների վերջնական մեկուսացումը մարդկանցից և շրջակա միջավայրից:
15. Ցածր ակտիվության, ինչպես նաև կարճ ապրող միջին և բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնները թաղվում են մերձմակերեսային գերեզմանոցներում, իսկ երկար ապրող միջին և բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնները` միայն երկրաբանական ֆորմացիաներում կառուցված գերեզմանոցներում:
IV. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
16. Ռադիոակտիվ թափոնների հավաքման, վերամշակման, ռադիոակտիվ թափոնների` պահեստարաններում պահման և գերեզմանոցներում թաղման աշխատանքները պետք է իրականացվեն տարածքային առումով կենտրոնացված:
17. Ռադիոակտիվ թափոնների առաջացումը` ըստ ակտիվության և ծավալի, պետք է պահվի գործնականորեն հասանելի նվազագույն մակարդակի վրա:
18. Ռադիոակտիվ թափոնների առաջացման և դրանց կառավարման բոլոր փուլերը պետք է լինեն փոխկապակցված:
19. Ռադիոակտիվ թափոնների կառավարման բոլոր փուլերում պետք է ներդրվեն որակի ապահովման ծրագրեր, որոնք մշակում և ներդնում են ռադիոակտիվ թափոնների կառավարման համակարգի կազմակերպությունները:
20. Ռադիոակտիվ թափոնների կառավարման ցանկացած փուլում կարող են օգտագործվել միայն փորձարկված այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջները:
21. Գերակայություն պետք է տրվի այն տեխնոլոգիաներին, որոնք ապահովում են անձնակազմի, բնակչության և արտաքին միջավայրի վրա ռադիոակտիվ թափոնների վնասակար ազդեցության առավել ցածր ռիսկը:
V. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
22. Ռադիոակտիվ թափոնների կառավարման հարցերով լիազոր պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, որը՝
1) մշակում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների կառավարման իրավական ակտերի նախագծեր, ռազմավարությունը, ռադիոակտիվ թափոնների կառավարման պետական նպատակային ծրագիրը, համակարգում է ծրագրի իրականացման աշխատանքները.
2) իրականացնում է ռադիոակտիվ թափոնների կառավարման բնագավառում գիտատեխնիկական, ներդրումային և կառուցվածքային պետական քաղաքականություն.
3) մշակում և իրականացնում է ռադիոակտիվ թափոնների կառավարմանը, ռադիոակտիվ թափոնների պահեստարանների ու գերեզմանոցների անվտանգության մակարդակի բարձրացմանն ու ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված միջոցառումներ:
23. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինն իրականացնում է ռադիոակտիվ թափոնների կառավարման անվտանգության պետական կարգավորումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
24. Ռադիոակտիվ թափոնների աղբյուր հանդիսացող օբյեկտը՝
1) ապահովում է օբյեկտում առաջացող ռադիոակտիվ թափոնների հավաքումը և թափոնների վերամշակման օբյեկտ, պահեստարան, գերեզմանոց դրանց հանձնումը.
2) ապահովում է օբյեկտում առաջացող 15 օրվանից կարճ կիսատրոհման պարբերություն ունեցող` ռադիոիզոտոպներ պարունակող ռադիոակտիվ թափոնների պահումը` մինչև դրանց` ակտիվության կամ տեսակարար ակտիվության ազատման մակարդակներին համապատասխանելը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.11.2017, N 1424-Ն | 02.12.2017, N 631-Ն | |
01.12.2016, N 1234-Ն | 15.12.2016, N 631-Ն | |
19.11.2014, N 1291-Ն | 06.12.2014, N 631-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|