Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.615
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1137/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1137/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան

Դատավորներ՝ Ա. Խառատյան

               Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ա. Մաթևոսյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Կարինե Հարությունյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Կարինե Հարությունյանը պահանջել է նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 06.07.2007 թվականի թիվ 3-141/ՎԴ/ որոշումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2008 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.10.2008 թվականի որոշմամբ բեկանվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2008 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411 հոդվածը և խախտել է ՀՀ Սահմանդրության 21-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Հետաքննություն կատարելու ընթացքում Վասյա Գերաշենկոն զղջացել է իր կողմից կատարված արարքի համար և դիմել է հետաքննության մարմնին իր նկատմամբ համաներման ակտ կիրառելու համար: Հետաքննության մարմինը, կիրառելով «ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 07.07.2006 թվականի ՀՀ ԱԺ որոշման 6-րդ հոդվածը` մերժել է քրեական գործի հարուցումը: Վասյա Գերաշենկոն իրեն մեղավոր է ճանաչել ու խնդրել է իր նկատմամբ կիրառել համաներման ակտը, այսինքն` քրեական գործ չի հարուցվել Վասյա Գերաշենկոյի կողմից մեղքի ընդունման պատճառով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել վերը նշված հանգամանքները և որոշման պատճառաբանական մասում նշելով, որ Վասյա Գերաշենկոյի արարքում հանցակազմի առկայությունը կարող է հաստատվել միայն դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, հանգել է ոչ ճիշտ եզրահանգման:

Վերաքննիչ դատարանը որպես նոր երևան եկած հանագամանք չի դիտել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի անձնագրային բաժանմունքի 24.03.2008 թվականի գրությունը, որով հիմնավորվել է, որ Զարեհ Երիցյանը 1978 թվականից մինչև 2006 թվականն Ազատության նրբ., 2-րդ շենքի թիվ 58 բնակարանում գրանցված չի եղել, իսկ 1984 թվականից այդ հասցեում չի բնակվել և, հետևաբար, ժառանգությունը փաստացի չի ընդունել:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

01.11.2004 թվականի թիվ 04-2916 գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կազմում ընդգրկվել են նաև այն դատավորները, որոնք մասնակցել են 23.10.2008 թվականի գործի քննությանը: Նշվածից հետևում է, որ վերաքննիչ վարույթում գործի քննությանը մասնակցած դատավորները 23.10.2008 թվականի գործի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք են ունեցել և արդար քննություն չեն կատարել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2008 թվականի որոշմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի թիվ 3-141(ՎԴ) որոշմամբ ճանաչվել է Զարեհ Երիցյանի սեփականության իրավունքը Երևանի Ազատության նրբանցքի 2-րդ շենքի թիվ 58 երկու սենյականոց բնակարանի 1/2 մասի նկատմամբ (գ.թ. 17-23):

2) Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի անձնագրային բաժանմունքի 24.03.2008թ. գրության համաձայն՝ Զարեհ Երիցյանը Ազատության նրբ. 2-րդ շենք թիվ 58 բնակարանում գրանցվել է հետևյալ ժամանակահատվածներում՝ 20.06.1978 թվականից մինչև 08.12.1982 թվականը, 08.12.1982 թվականից մինչև 1984 թվականը, 30.01.1985 թվականից մինչև 11.03.1986 թվականը: 02.03.2000 թվականից մինչև 02.03.2003 թվականը Զարեհ Երիցյանը ժամանակավոր գրանցվել է Ազատության նրբ. 2-րդ շենք թիվ 28 բնակարանում և 17.11.2006 թվականից կրկին գրանցվել Ազատության նրբ. 2-րդ շենք թիվ 58 բնակարանում (գ.թ. 7):

3) Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 10.09.2007 թվականի որոշմամբ Վասյա Գերաշենկոյի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է համաներման ակտ ընդունելու հիմքով: Նշված որոշմամբ հաստատվել է, որ Վասյա Գերաշենկոն, 2004 թվականին առաջին ատյանի դատարանում հանդես գալով որպես վկա, հայտնել է սուտ տեղեկություն ժառանգատուի իրերը տանից դուրս բերելու հարցում Զարեհ Երիցյանին օգնելու կապակցությամբ: Հետաքննությամբ պարզվել է, որ Վասյա Գերաշենկոյի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ, սակայն նկատի ունենալով իրավահարաբերության պահին ընդունված համաներման ակտը` քրեական գործի հարուցումը մերժվել է (գ.թ. 9):

4) Վճռաբեկ դատարանի 27.11.2007 թվականի թիվ 3-1896 (ՎԴ) որոշմամբ Վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի թիվ 3-141(ՎԴ) որոշումը նոր երևան եկած նույն հանգամանքներով վերանայելու հիմքով Կարինե Հարությունյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`

1. այդ հանգամանքերը հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյո՞ք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ:

Սույն գործով բողոք բերած անձի կողմից որպես նոր երևան եկած հանգմանք ներկայացվել է վիճելի բնակարանում Զարեհ Երիցյանի հաշվառված չլինելու հանգամանքը, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 10.09.2007 թվականի որոշումը, որով հաստատվել է, որ Վասյա Գերաշենկոն 2004 թվականին առաջին ատյանի դատարանում հանդես գալով որպես վկա, հայտնել է սուտ տեղեկություն:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի թիվ 3-141(ՎԴ) որոշման ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Զարեհ Երիցյանի սեփականության իրավունքը Երևանի Ազատության նրբանցքի 2-րդ շենքի թիվ 58 երկու սենյականոց բնակարանի 1/2 մասի նկատմամբ ճանաչելու հիմքում չեն դրվել ոչ վկա Վասյա Գերաշենկոյի տրված ցուցմունքները և ոչ էլ Զարեհ Երիցյանի վիճելի բնակարանում հաշվառված լինելու հանգամանքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի անձնագրային բաժանմունքի 24.03.2008թ. գրությունը և ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչի «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 10.09.2007 թվականի որոշումը սույն գործի լուծման համար էական նշանակություն չունեն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բողոք բերած անձի կողմից նշված վերոնշյալ նոր երևան եկած հանգամանքները Վճռաբեկ դատարանի 27.11.2007 թվականի թիվ 3-1896 (ՎԴ) որոշմամբ արդեն իսկ քննարկվել են, և Կարինե Հարությունյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ:

ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, իսկ նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանն ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ամրագրելով յուրքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքի լիարժեք իրականացումը, սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:

Մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի ուժով այդ հիմքերն են, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, կամ

2) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր:

Սույն բողոքի հիմքում բարձրացրած իրավական հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է պարզել հետևյալ իրավական հարցադրումը`

Արդյո՞ք նույն դատարանում նույն գործի քննությանը դատավորների մասնակցությունը հիմք է արձանագրելու համար փաստն այն մասին, որ նա ունի անկանխակալ վերաբերմունք որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Սահմանդրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված յուրաքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքը արդար դատաքննության բաղկացուցիչ տարրն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինա-կան կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը՝ սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և երկրորդը՝ օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյո՞ք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար (տես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Պյերսակն ընդդեմ Բելգիայի» գործով 01.10.1982թ., կետ 30):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21 հոդվածի վերլուծությունից հետևում է, որ այդ իրավական նորմերի ընդհանրական մոտեցումը դատարանի կամ դատավորի անաչառության կանխավարկածն է, որը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ նրա աչառությունն ապացուցված չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և համադրելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանում դատարանի կազմի մեջ ընդգրկված դատավորները չեն մասնակցել նույն գործի քննությանն առաջին ատյանի դատարանում, իսկ վերաքննիչ դատարանում նույն գործի քննությանը դատավորների մասնակցությունը հիմք չէ նրանց աչառությունը հաստատված համարելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2049-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը՝ վճռաբեկ դատարանը՝ գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա: Իսկ նույն օրենսգրքի 20418-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 20411-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում դիմումը մերժելու մասին:

Հիմք ընդունելով սույն որոշման պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 06.07.2007 թվականի թիվ 3-141/ՎԴ/ որոշումը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու մասին Կարինե Հարությունյանի բողոքը պետք է մերժել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 06.07.2007 թվականի թիվ 3-141/ՎԴ/ որոշումը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու մասին Կարինե Հարությունյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան