ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/2008/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/2008/05/08 |
2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի մարտի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.10.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Հայկ Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Լյուդմիլա Յաշինայի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության (այսուհետ՝ Գործակալություն)՝ Հայկ Հայրապետյանին փախստական ճանաչելու և «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում հաշվառելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հայկ Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Լյուդմիլա Յաշինան պահանջել է պարտավորեցնել Գործակալությանը Հայկ Հայրապետյանին ճանաչել փախստական և որպես փախստական հաշվառել «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 06.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկ Հայրապետյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով:
Դատարանը սխալ է մեկնաբանել «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
«Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի իմաստով փախստական են համարվում 1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած և փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված անձինք, մինչդեռ, Հայկ Հայրապետյանը ոչ թե բռնագաղթել է Հայաստանի Հանրապետություն, այլ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում և նրան տրվել է ծննդյան վկայական:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.10.2008 թվականի վճիռը, փոփոխել այն և հայցը մերժել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.
Լիազոր մարմնի կողմից Հայկ Հայրապետյանի ծնողներին տրվել է փախստականի ընտանեկան վկայական, որում Հայկ Հայրապետյանը հաշվառվել է որպես փախստականի ընտանիքի անդամ: Նշվածի հիման վրա Հայկ Հայրապետյանի ծննդյան վկայականում նշվել է ընտանիքին տրված փախստականի վկայականի կարգահամարը: Սա նշանակում է, որ լիազոր մարմինն ընդունել է Հայկ Հայրապետյանի փախստական լինելը, հետևաբար Դատարանի վճիռը հիմնավորված է և օրինական:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 31.07.1990 թվականի թիվ VII-СЛ 288695 ծննդյան վկայականի համաձայն` Հայկ Հայրապետյանը ծնվել է Հայաստանի Հանրապետությունում (գ.թ. 26):
2. Ռուդոլֆ Հայրապետովի (Հայկ Հայրապետյանի հոր) ընտանիքին տրված փախստականի ընտանեկան վկայականի համաձայն՝ Հայկ Հայրապետյանը հաշվառվել է որպես փախստականի ընտանիքի անդամ (գ.թ. 20):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն իրավահարաբերության ծագման պահին գործող «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ փախստական է Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձը, որն ըստ ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով գտնվում է իր քաղաքացիական պատկանելության պետությունից դուրս և չի կարող կամ չի կամենում oգտվել այդ պետության պաշտպանությունից, կամ, չունենալով որևէ պետության քաղաքացիություն և գտնվելով իր նախկին հիմնական բնակության վայրի պետությունից դուրս, չի կարող կամ չի կամենում վերադառնալ այդ պետություն, կամ եթե անձը միաժամանակ մի քանի պետության քաղաքացի է, սակայն երկյուղ ունի, որ չի կարող oգտվել այդ պետություններից որևէ մեկի պաշտպանությունից:
Նույն օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված և փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված անձինք հանդիսանում են փախստական` նույն oրենքի իմաստով:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 1-ին և 25-րդ հոդվածներում ամրագրելով փախստականի հասկացությունը, ըստ էության սահմանել է նաև անձի մոտ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու հիմքերը:
Մասնավորապես, «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի ուժով փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար հիմք են հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
1) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված լինելը և
2) փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված լինելը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ 1990 թվականին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն են բռնագաղթել Հայկ Հայրապետյանի ծնողները, Հայկ Հայրապետյանը ծնվել է 18.07.1990 թվականին Հայաստանի Հանրապետությունում և որպես փախստականի ընտանիքի անդամ հաշվառվել Ռուդոլֆ Հայրապետովի (Հայկ Հայրապետյանի հոր) ընտանիքին տրված փախստականի ընտանեկան վկայականում:
Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայկ Հայրապետյանը 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած անձ չէ, իսկ նրա ծնողների բռնագաղթված լինելու հանագամանքը հիմք չէ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի ուժով Հայկ Հայրապետյանին փախստական ճանաչելու համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Դատարանի այն հետևությունը, որ ծնողների բռնագաղթված լինելու հետևանքով և Ռուդոլֆ Հայրապետովի (Հայկ Հայրապետյանի հոր) ընտանիքին տրված փախստականի ընտանեկան վկայականում հաշվառված լինելու ուժով Հայկ Հայրապետյանը փախստական է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածների ուժով, Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 06.10.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Հայկ Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Լյուդմիլա Յաշինայի հայցը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
Վ. Աբելյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Ե. Խունդկարյան | |
Է. Հայրիյան | |
Ա. Մաթևոսյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |