Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
24.12.1993
Ստորագրման ամսաթիվ
24.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.1995

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Մոլդովայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ձգտելով Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը` հավասարության և փոխշահավետության հիման վրա,

ելնելով ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքից,

մտադրվելով նպաստել տնտեսական ակտիվության աճին, լրիվ զբաղվածության ապահովմանը, արտադրողականության բարձրացմանը և ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը,

ձգտելով նպաստել համաշխարհային առևտրի ներդաշնակ զարգացմանը և աճին, նրա զարգացման ճանապարհին խոչընդոտների վերացմանը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Պայմանավորվող կողմերը չեն կիրառում մաքսատուրքեր, հարկեր և գանձումներ, որոնք ունեն համարժեք ներգործություն այն ապրանքների ներմուծման և/կամ արտահանման վրա, որոնք ծագում են մի Պայմանավորվող կողմի մաքսային տարածքից և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի մաքսային տարածքի համար:

Համաձայնեցված անվանացանկով ապրանքների մասով երկու երկրների միջև առևտրի պայմանակարգի (ռեժիմի) կիրառման առանձնահատկությունները ձևակերպվում են ամենամյա փաստաթղթերով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անքակտելի մասը:

2. Սույն Համաձայնագրի նպատակների համար և դրա գործողության ժամկետի ընթացքում Պայմանավորվող կողմի տարածքից ծագող ապրանքների տակ հասկացվում են`

ա) ամբողջովին Պայմանավորվող կողմերի տարածքում արտադրված ապրանքները,

բ) Պայմանավորվող կողմի տարածքում վերամշակման ենթարկված ապրանքները` երրորդ երկրների ծագում ունեցող հումքի, նյութերի և լրակազմող արտադրանքների օգտագործմամբ, և որի հետևանքով, ելնելով առաջին չորս նշաններից, փոփոխվել է ապրանքների նկարագրման և կոդավորման Ներդաշնակեցված համակարգի գծով դասակարգման պատկանելությունը,

գ) այն ապրանքները, որոնք արտադրվել են «բ» կետում նշված հումքի, նյութերի և լրակազմող արտադրանքների օգտագործմամբ` պայմանով, որ դրանց ընդհանուր արժեքը չի գերազանցում իրացվող ապրանքների առաքման գնի հաստատագրված մասին: Ապրանքների ծագման մանրամասն կանոնները կհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի կողմից առանձին փաստաթղթով, որը կհանդիսանա սույն Համաձայնագրի անքակտելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը`

սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքները ուղղակի կամ անուղղակի չեն հարկի այնպիսի ներքին հարկերով կամ գանձումներով, որոնք կգերազանցեն ներքին արտադրության կամ երրորդ երկրների ծագում ունեցող համանման ապրանքների համար նախատեսված հարկերը և գանձումները,

սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքների առաքման և ներմուծման նկատմամբ չեն մտցնի որևէ հատուկ սահմանափակում կամ պահանջ, որը համանման իրադրության մեջ չի կիրառվում ներքին արտադրության կամ երրորդ երկրներից ծագած համանման ապրանքների նկատմամբ,

մյուս Պայմանավորվող կողմի ապրանքների պահեստավորման, վերաբեռնման, պահպանման, փոխադրման, ինչպես նաև վճարումների և վճարումների փոխանցման նկատմամբ չեն կիրառի այլ կանոններ, քան նրանք, որոնք համանման դեպքերում կիրառվում են սեփական կամ երրորդ երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Ձևավորված տնտեսական կապերի պահպանման և երկու երկրների համար անհրաժեշտ առևտրատնտեսական հարաբերությունների իրականացման նպատակով Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ կարող են կազմվել ապրանքների և ծառայությունների ինդիկատիվ ցուցակներ, որոնք հանդիսանում են փոխադարձ արտահանման առարկա և ունեն առաջնահերթ նշանակություն: Նշված ինդիկատիվ ցուցակները կհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների կողմից` այն ժամկետներում և գործողության այն ժամանակահատվածի համար, որոնք, որպես կանոն, յուրաքանչյուր տարի սահմանվում են փոխադարձ պայմանավորվածությամբ և ձևակերպվում են առանձին արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը, սույն Համաձայնագրի շրջանակներում, փոխադարձ առևտրի մեջ ձեռնպահ կմնան ապրանքների արտահանման և/կամ ներմուծման նկատմամբ խտրական միջոցների կիրառումից, քանակական սահմանափակումներ կամ դրանց հավասարազոր միջոցներ մտցնելուց:

Պայմանավորվող կողմերը կարող են միակողմանիորեն սահմանել քանակական սահմանափակումներ, սակայն միայն խելամիտ սահմաններում և խիստ որոշակի ժամկետով:

Վերոհիշյալ սահմանափակումները պետք է ունենան բացառիկ բնույթ և կարող են կիրառվել միայն ներքին շուկայում տվյալ ապրանքի խիստ պակասուրդի (դեֆիցիտի) և վճարման հաշվեկշռի խիստ պակասուրդի (դեֆիցիտի) դեպքում:

Սույն հոդվածին համապատասխան քանակական սահմանափակում կիրառող Պայմանավորվող կողմը հնարավորության դեպքում պետք է վաղօրոք մյուս Պայմանավորվող կողմին հատկացնի վերոհիշյալ սահմանափակումների կիրառման հիմնական պատճառների, ձևերի և ենթադրվող ժամկետների մասին ամբողջ տեղեկությունը, որից հետո կնշանակվեն խորհրդակցություններ:

Սույն հոդվածին համապատասխան քանակական սահմանափակումների կիրառումը ձևակերպվում է առանձին արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում բոլոր հաշվարկները և վճարումները կիրագործվեն Պայմանավորվող կողմերի լիազորված բանկերի միջև կնքված համաձայնագրի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը կանոնավոր կփոխանակեն տեղեկություններ օրենքների և այլ նորմատիվ ակտերի մասին, որոնք կապված են տնտեսական գործունեության, այդ թվում` առևտրի, ներդրումների, հարկավորման, բանկային և ապահովագրական գործունեության ու ֆինանսական այլ ծառայությունների, տրանսպորտային և մաքսային հարցերի, ներառյալ` մաքսային վիճակագրության վերաբերյալ:

Պայմանավորվող կողմերը միմյանց անհապաղ տեղեկացնում են ազգային օրենսդրության մեջ այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել սույն Համաձայնագրի կատարման վրա: Պայմանավորվող կողմերի լիազորված մարմինները համաձայնեցնում են այդպիսի տեղեկության փոխանակման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Պայմանավորվող կողմերը կձգտեն միասնական մաքսային սակագների հաստատմանը, որոնք կիրառվում են երրորդ երկրների հետ իրագործվող առևտրում, և այդ նպատակներով համաձայնեցին կանոնավոր խորհրդակցությունների անցկացման մասին:

2. Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն գործող մաքսային սակագների և դրանից դուրս բոլոր բացառությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի նպատակների հետ անհամատեղելի են ճանաչում անբարեխիղճ գործարար պրակտիկան և պարտավորվում են թույլ չտալ այն և վերացնել նրա հետևյալ մեթոդները`

- ձեռնարկությունների միջև պայմանագրերը, ձեռնարկությունների միավորման կողմից ընդունված որոշումները և գործարար պրակտիկայի ընդհանուր մեթոդները, որոնք նպատակ ունեն խանգարել կամ սահմանափակել մրցակցությունը կամ խախտել դրա համար ստեղծված պայմանները Պայմանավորվող կողմերի տարածքներում,

- գործողությունները, որոնց օգնությամբ մեկ կամ մի քանի ձեռնարկություններ օգտագործում են իրենց գերիշխող դրությունը` սահմանափակելով մրցակցությունը Պայմանավորվող կողմերի ողջ տարածքի կամ նրա նշանակալի մասի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերը, երկկողմ տնտեսական հարաբերությունների սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցառումներ իրականացնելիս վիճակագրական տեղեկության փոխանակման, մաքսային ընթացակարգերի անցկացման համար կօգտագործեն արտաքին տնտեսական գործունեության միասնական իննանիշ ապրանքային անվանացանկը (ԱՏԳ ԱԱ), որը հիմնված է Եվրոպական տնտեսական համագործակցության ապրանքների նկարագրման և կոդավորման Ներդաշնակեցված համակարգի և Համակցված սակագնավիճակագրական անվանացանկի վրա: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում, Պայմանավորվող կողմերը իրենց սեփական կարիքների համար իրականացնում են Ապրանքային անվանացանկի ընդլայնում ինը նիշերի սահմաններից դուրս:

Ապրանքային անվանացանկի փորձանմուշի (էտալոնային) ներդրումը իրագործվում է փոխհամաձայնեցվածության հիման վրա` համապատասխան միջազգային կազմակերպություններում եղած ներկայացուցչությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերը համաձայն են այն բանում, որ տարանցման ազատության սկզբունքի պահպանումը հանդիսանում է սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու կարևորագույն պայմանը և աշխատանքի միջազգային բաժանման ու կոոպերացման համակարգին դրանց միանալու գործընթացի էական տարրը:

Այդ կապակցությամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի իր տարածքով մյուս Պայմանավորվող կողմի և/կամ երրորդ երկրի մաքսային տարածքների ծագում ունեցող և մյուս Պայմանավորվող կողմի և/կամ երրորդ երկրի մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքների անարգել տարանցումը և դրա համար արտահանողներին, ներմուծողներին ու փոխադրողներին կտրամադրի բոլոր առկա և անհրաժեշտ միջոցներն ու ծառայությունները` սեփական կամ երրորդ երկրների արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին այդ նույն միջոցներն ու ծառայությունները տրամադրելու պայմաններից ոչ վատ պայմաններով: Պայմանավորվող կողմերը տարանցման հարցերով կկնքեն հատուկ համաձայնագիր:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավունքին` ձեռնարկելու միջազգային պրակտիկայում հանրաճանաչ միջոցառումներ, որոնք նա անհրաժեշտ է համարում իր կենսական շահերի պաշտպանության համար, կամ որոնք անպայմանորեն անհրաժեշտ են միջազգային պայմանագրերի կատարման համար, որոնց մասնակից է նա կամ պատրաստվում է դառնալ, եթե այդ միջոցառումները վերաբերում են`

ազգային պաշտպանության շահերը շոշափող տեղեկատվությանը,

զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի առևտրին,

պաշտպանության կարիքների հետ կապված հետազոտություններին կամ արտադրությանը,

միջուկային արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերի և սարքավորումների առաքմանը,

հասարակական բարոյականության, հասարակական կարգի պաշտպանությանը,

արդյունաբերական կամ մտավոր սեփականության պաշտպանությանը,

ոսկուն, արծաթին կամ այլ թանկարժեք մետաղներին և քարերին,

մարդկանց, կենդանիների և բուսականության առողջության պաշտպանությանը:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Երրորդ երկրների նկատմամբ արտահանման վերահսկողության համաձայնեցված քաղաքականություն իրագործելու նպատակով Պայմանավորվող կողմերը կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն և կընդունեն փոխհամաձայնեցված միջոցառումներ` արտահանման վերահսկողության արդյունավետ համակարգի ստեղծման համար:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի դրույթները փոխարինում են Պայմանավորվող կողմերի միջև մինչև այժմ կնքված համաձայնագրերի դրույթներին այնքանով, որքանով վերջիններս կամ անհամատեղելի են առաջինների հետ, կամ նույնական են:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերին` հաստատելու սույն Համաձայնագրի նպատակներին և պայմաններին չհակասող հարաբերություններ սույն Համաձայնագրի կողմ չհանդիսացող պետությունների, ինչպես նաև նրանց միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև վեճերը կլուծվեն բանակցությունների ճանապարհով:

Փոխադարձ առևտրում Պայմանավորվող կողմերը կձգտեն խուսափել բախումնային իրավիճակներից:

Պայմանավորվող կողմերը որոշում են, որ առևտրական պայմանագրերի կամ գործարքների մեկնաբանման կամ իրագործման հետևանքով երկու երկրների տնտեսական սուբյեկտների միջև բողոքարկումները և վեճերը, եթե դրանք հնարավոր չէ լուծել բարեկամական ճանապարհով` խորհրդակցությունների և բանակցությունների հիման վրա, և եթե այլ բան համաձայնեցված չէ, կհանդիսանա միջնորդ դատարանների (մշտական կամ «ad hok») բացառիկ իրավասությունը, որոնք ստեղծվում են Պայմանավորվող կողմերի կամ երրորդ երկրների տարածքում, որը կորոշեն պայմանագրերը ստորագրած Կողմերը:

Վերջինները կարող են նաև սահմանել կիրառվող նյութական իրավունքը, նորմերը և արարողությունները, ինչպես նաև դատավարության վայրը: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի, որ իր տարածքում լինեն միջնորդ դատարանի վճիռները ճանաչելու և իրագործելու արդյունավետ միջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագրի նպատակների իրականացմանը և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության կատարելագործմանն ուղղված հանձնարարականների մշակման նպատակով Պայմանավորվող կողմերը համաձայնեցին հիմնել համատեղ հայ-մոլդովական հանձնաժողով, որը, Կողմերից մեկի ցանկությամբ, կհավաքվի Հայաստանի Հանրապետությունում և Մոլդովայի Հանրապետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ Մոլդովայի Հանրապետությունը կարող է Հայաստանի Հանրապետությունում հիմնել իր առևտրական ներկայացուցչությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնել իր առևտրական ներկայացուցչությունը Մոլդովայի Հանրապետությունում: Պայմանավորվող կողմերը այդ առևտրական ներկայացուցչությունների իրավական կարգավիճակը, դրանց գործառույթները և տեղակայման վայրը կհամաձայնեցնեն առանձին:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Ցանկացած պետություն կարող է միանալ սույն Համաձայնագրին այնպիսի պայմաններով, որոնք կհամաձայնեցվեն միացող պետության և Պայմանավորվող կողմերի միջև:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի կողմից ծանուցումների փոխանակման օրվանից սկսած:

Համաձայնագիրը կորցնում է իր ուժը դրա գործողության դադարեցման մտադրության մասին Պայմանավորվող կողմերից մեկի գրավոր տեղեկացման օրվանից տասներկու ամիս անց:

Սույն Համաձայնագիրն իր գործողությունը դադարեցնելուց հետո կարող է կիրառվել երկու երկրների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև այն գործարքների նկատմամբ, որոնք կնքվել, բայց չեն կատարվել Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում:

Կատարված է Աշգաբատ քաղաքում 1993 թվականի դեկտեմբերի 24-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի դեկտեմբերի 21-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան