Գլխավոր տեղեկություն
Համար
N 400-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.06.2009-05.03.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.27/24(396) Հոդ.484
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 400-Ն

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 7
Երևան

 


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 400-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

2. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Միջուկային տեղակայանքների շահագործման իրավունք ունեցող սուբյեկտ են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործող կազմակերպություններ ճանաչված իրավաբանական անձինք:

4. Շահագործման մեջ գտնվող միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

5. Ատոմային էլեկտրակայանի յուրաքանչյուր էներգաբլոկի համար տրվում է շահագործման առանձին լիցենզիա:


II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

6. Հայտատուն միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը։

(6-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)

7. Հայտին կից` կարգավորող մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով.

բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) տեղեկատվություն միջուկային տեղակայանքների շահագործման ընթացքում օգտագործվող և պահպանվող միջուկային նյութերի քանակի մասին.

դ) շահագործող կազմակերպության կազմակերպական կառուցվածքի նկարագրությունը, որը ներառում է`

շահագործող կազմակերպության կառավարման ծրագիրը և կառուցվածքային ստորաբաժանումների միջև անվտանգության ապահովման գործառույթների բաշխումը,

ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց պատրաստման, վերապատրաստման և մասնագիտական գիտելիքների ստուգման համակարգը.

ե) շահագործող կազմակերպության կողմից նորմատիվ ֆինանսական հատկացումները` նպատակաուղղված միջուկային տեղակայանքի շահագործման ընթացքում միջուկային, ճառագայթային, տեխնիկական, հակահրդեհային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության, միջուկային նյութի հաշվառման և հսկողության, անվտանգության բարձրացման միջոցառումների, գիտատեխնիկական աջակցության, օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և շահագործումից հանելու ապահովմանը.

զ) շահագործվող միջուկային տեղակայանքների անվտանգության վերլուծության հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 2013-Ն որոշման.

է) անվտանգության հավանականային վերլուծության մասին հաշվետվությունը.

ը) անվտանգության տեսակետից կարևոր կոնստրուկցիաների, համակարգերի և տարրերի դասակարգիչը.

թ) միջուկային տեղակայանքների շահագործման որակի ապահովման ծրագիրը.

ժ) միջուկային տեղակայանքի շահագործման տեխնոլոգիական ռեգլամենտը.

ժա) վթարային հակազդման ներքին պլանը.

ժբ) հակահրդեհային անվտանգության միջոցառումների պլանը.

ժգ) տեխնիկական հրահանգները, մշակված նախագծողների և մատակարար կազմակերպությունների հետ համատեղ, որոնք սահմանում են անվտանգության տեսակետից կարևոր տեխնոլոգիական գործընթացների սահմաններն ու պայմանները միջուկային տեղակայանքի շահագործման տարբեր ռեժիմներում.

ժդ) անվտանգության համար կարևոր համակարգերի պարբերական ստուգումների ծրագիրը.

ժե) պաշտոնեական հրահանգները.

ժզ) միջուկային տեղակայանքների անվտանգության տեսակետից կարևոր կոնստրուկցիաների, համակարգերի և հանգույցների տեխնիկական սպասարկման, փորձարկումների,  պարբերական ստուգումների ծրագիրը` հաշվի առնելով շահագործման սահմանները և պայմանները.

ժէ) միջուկային նյութերի հաշվառման և հսկման ծրագիրը.

ժը) ռեակտորը միջուկային վառելիքով լիցքավորելու ծրագիրը: Միջուկային վառելիքի բեռնավորման, օգտագործման, բեռնաթափման և ակտիվ գոտում փորձարկման մասին հրահանգները.

ժթ) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին եզրակացությունը և միջուկային տեղակայանքների հարակից տարածքի շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության մոնիթորինգի ծրագիրը.

ի) հետևյալ լիցենզիաների պատճենները`

միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման, պահեստավորման,

ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման, պահեստավորման.

իա) սույն կարգի 7-րդ կետի «զ», «է», «ը», «ժ», «ժա», և «ժը» ենթակետերում նշված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունները:

(7-րդ կետը փոփ., խմբ. 29.05.09 N 602-Ն)

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

8. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկում է դրանք ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տալիս կամ մերժում է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 180 օրվա ընթացքում:

9. Կարգավորող մարմինը ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարող է պահանջել անվտանգության լրացուցիչ հիմնավորումներ, նախագծային փաստաթղթեր, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություններ և անվտանգության գնահատման համար այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

10. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:

11. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի պայմաններով և պահանջներով սահմանված դեպքերում անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների կատարման համար կարգավորող մարմինը տալիս է թույլտվություն: Թույլտվության ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող մարմինը:

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

12. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) միջուկային տեղակայանքների անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

13. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում 3 օրվա ընթացքում:

14. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

15. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

17. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե


Հ Ա Յ Տ _ _ _ _

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատու _____________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրը)

______________________________________________________________


______________________________________________________________

2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

Կազմակերպության տնօրեն _____________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____ _________ 200  թ.

Կ.Տ.

(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 400-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը __________________________________________
Գտնվելու վայրը _____________________________________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
________________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

Կոմիտեի նախագահ

____________
(ստորագրությունը)

_______________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

(Հավելված N2-ը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան