Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.618
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

 Վարչական գործ թիվ ՎԴ/0676/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/0676/05/08

 2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

 Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Մ. Դրմեյանի

 

Է. Հայրիյանի

 

Ա. Մաթևոսյանի

 

Տ. Պետրոսյանի

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ծիծեռնակ-8» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.09.2008 թվականի վճռի դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի` ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1321-Ն1, Երևանի քաղաքապետարանի 02.11.2005 թվականի թիվ 2342-Ա որոշումները մասնակի անվավեր ճանաչելու և գնման նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1321-Ն, Երևանի քաղաքապետարանի 02.11.2005 թվականի թիվ 2342-Ա որոշումները և ճանաչել Ընկերության գնման նախապատվության իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.09.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.      

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ և 137-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 19-րդ և 91-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը սույն գործը պետք է քններ 5 դատավորի կազմով, այնինչ, գործը քննել և վճիռը կայացրել է մեկ դատավորի կազմով: Դատարանը մեկ դատավորի կազմով նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործ քննելու իրավասություն չունի և չի կարող որպես վարչական դատարան Հայաստանի Հանրապետության անունից իրականացնել արդարադատություն:

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ և 132-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասը, 318-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը, 49-րդ հոդվածի 2-րդ մասը, 75-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 15.07.2004 թվականի 1043-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը և 3-րդ կետը, ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1231-Ն որոշման 9-րդ կետը և Երևանի քաղաքապետի 02.11.2005 թվականի թիվ 2342-Ա որոշման 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, մերժելով հայցը, պատճառաբանել է, որ ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը վեճի լուծման ընթացքում չի կարող կիրառվել, քանի որ ոչ ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1231-Ն և ոչ էլ Երևանի քաղաքապետի 02.11.2005 թվականի թիվ 2342-Ա որոշումներով Ընկերության և Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը չի լուծվել:

Մինչդեռ ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1231-Ն որոշման 9-րդ կետով Ընկերությանը 50 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրված ու վերջինիս անշարժ գույքով ծանրաբեռնված 6646 քմ հողամասը ներառվել է 19.54 հա հողամասի մեջ և վարձակալության իրավունքով տրվել «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին` այդ հողամասի նկատմամբ ևս ճանաչելով վերջինիս գնման նախապատվության իրավունքը:

Չնայած այն հանգամանքին, որ Ընկերության վարձակալության պայմանագիրը չի լուծվել, ավելին, առկա է 2000 թվականից 6646 քմ հողամասի նկատմամբ 50 տարի վարձակալության իրավունք տվող Երևանի քաղաքապետի վարչական ակտ, այդուհանդերձ վիճարկվող ակտերով նույն այդ հողամասը վարձակալությամբ տրվել է նաև «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին: Ավելին, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Ընկերությունն ունի իր վարձակալած հողամասի գնման նախապատվության իրավունք, այդ նախապատվության իրավունքը տրվել է մեկ այլ առևտրային կազմակերպության:

Դատարանը վճռում չի պատճառաբանել, թե իր կիրառած որ օրենքի դրույթն է, որ Կառավարությանն իրավունք է տալիս անշարժ գույքի սեփականատիրոջն արդեն իսկ վարձակալությամբ տրված հողամասը կրկին անգամ վարձակալությամբ տրամադրել մեկ այլ անձի՝ վերջինիս համար սահմանելով նաև գնման նախապատվության իրավունք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.09.2008 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

Սույն գործը քննվել և լուծվել է Դատարանի մեկ դատավորի կազմով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.        

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն` նույն oրենսգրքի 135-րդ հոդվածով վարչական դատարանի ընդդատությանը վերապահված գործերն ըստ էության քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետևյալ գործերը` Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ բնույթ ունեցող ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումների, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի որոշումների` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերին (բացի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից) համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը:

Սույն գործով բողոք բերած անձը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 25.08.2005 թվականի թիվ 1321-Ն նորմատիվ բնույթի որոշումը, Երևանի քաղաքապետարանի 02.11.2005 թվականի թիվ 2342-Ա որոշումը և ճանաչել գնման նախապատվության իրավունքը: Այսինքն` սույն գործով ներկայացված պահանջը վերաբերում է նաև նորմատիվ իրավական ակտի համապատասխանությանը ՀՀ հողային օրենսգրքին, որը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն` պետք է քննվեր 5 դատավորի կազմով: Մինչդեռ Դատարանը սույն գործը քննել և լուծել է մեկ դատավորի կազմով:

ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով սահմանված գործերի կոլեգիալ քննության սկզբունքն արդարադատության իրականացման բաղկացուցիչ տարրերից է, որի խախտումը հանգեցնում է նաև արդարադատության՝ օրենքներին համապատասխան իրականացնելու սահմանադրական հիմնադրույթի խախտմանը:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ օրինական կազմով գործը քննելով` Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդարացի դատաքննության Ընկերության իրավունքը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի և գործերի վարույթը վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա (mսtatis mսtandis) տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենսգրքով սահմանված նորմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է ոչ oրինական կազմով:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքում բերված փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ գործը Դատարանում քննվել է ոչ օրինական կազմով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.09.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Մ. Դրմեյան

 

Է. Հայրիյան

 

Ա. Մաթևոսյան

 

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան