Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 84-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.05.04/16(334) Հոդ.178
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.04.2009
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 ապրիլի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009175

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 ապրիլի 2009 թ.

թիվ 84-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, 39.1-րդ, 49-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ և 10-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի օգոստոսի 30-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ը հաստատելու մասին» թիվ 444-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 11-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոն 1-ի 1.3-րդ կետում «բանկային վերահսկողության վարչությունը» բառերը փոխարինել «իրավաբանական վարչությունը» բառերով:

2) Կանոնակարգը լրացնել Կանոն 1.1-ով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Կանոն 1.1. Կանոնակարգում օգտագործվող հասկացություններ:

1.1.1. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

1) Առավելագույն փոխարժեք՝ բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների արդյունքում` տվյալ տեսակի արտարժույթի առավելագույն փոխարժեքը պահանջվող ժամանակահատվածի համար,

2) Առևտրային նստաշրջան՝ առևտրային օրվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում բորսայի կանոններով սահմանված կարգով կազմակերպվում են արտարժույթի առուվաճառքի սակարկություններ բորսայում,

3) Առևտրային օր՝ աշխատանքային օր, որի ընթացքում բորսայում կազմակերպվում են արտարժույթի սակարկություններ,

4) Բացման փոխարժեք՝ փոխարժեք, որով կնքվել է առևտրային նստաշրջանի ընթացքում տվյալ տեսակի արտարժույթի առուվաճառքի առաջին գործարքը,

5) Նվազագույն փոխարժեք՝ բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների արդյունքում տվյալ տեսակի արտարժույթի նվազագույն փոխարժեքը պահանջվող ժամանակահատվածի համար,

6) Շրջանառություն՝ բորսայում կնքված տվյալ տեսակի արտարժույթի առուվաճառքի գործարքների ծավալը (ՀՀ դրամով, ինչպես նաև` գործարքի առարկա արտարժույթով) պահանջվող ժամանակահատվածի համար,

7) Փակման փոխարժեք՝ փոխարժեք, որով կնքվել է առևտրային նստաշրջանի ընթացքում տվյալ տեսակի արտարժույթի առուվաճառքի վերջին գործարքը:»:

3) Կանոն 9-ը շարադրել նոր խմբագրությամբ.

«Կանոն 9. Բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ բորսայի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող ընթացիկ տեղեկությունները և այդ տեղեկությունների հրապարակման կարգը:

9.1. Առևտրային նստաշրջանի բացման պահից մինչև դրա ավարտը բորսայի կողմից շարունակաբար հրապարակվում են բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ ընթացիկ տեղեկություններ (այսուհետ՝ ընթացիկ տեղեկությունների)` ըստ արտարժույթի յուրաքանչյուր տեսակի:

9.2. Ընթացիկ տեղեկությունների կազմում ներառվում են առևտրային նստաշրջանի ընթացքում բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

1) գնված կամ վաճառված արտարժույթի ISO կոդը,

2) փոխարժեքը, որով կնքվել է արտարժույթի առուվաճառքի գործարքը,

3) կնքված նախորդ գործարքի նկատմամբ փոխարժեքի բացարձակ և տոկոսային փոփոխությունները,

4) տվյալ առևտրային նստաշրջանի ընթացքում կնքված գործարքների արդյունքում արձանագրված նվազագույն և առավելագույն, բացման փոխարժեքները,

5) հրապարակման պահի դրությամբ կնքված վերջին գործարքի փոխարժեքը, գործարքի ծավալը,

6) շրջանառությունը` առևտրային նստաշրջանի բացման պահից մինչև հրապարակման պահի դրությամբ կնքված վերջին գործարքի կնքման պահն ընկած ժամանակահատվածի համար,

7) գործարքի կնքման և հրապարակվող տեղեկությունների վերջին թարմացման ամսաթվերը` հաջորդաբար նշելով վերջին թարմացման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, վայրկյանը,

8) ընթացիկ առևտրի վերաբերյալ հրապարակված և կայքում առկա տեղեկությունների ցանկացած լրացում կամ փոփոխություն:

9.3. Բորսայի կողմից կայքում ընթացիկ առևտրի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են իրական ժամանակի ռեժիմից առավելագույնը 30 րոպե ուշացումով` բացառությամբ սույն կարգի 9.4-րդ կետում սահմանված տեղեկությունների:

9.4. Բորսայի կողմից հրապարակվում են որևէ տեսակի արտարժույթի առևտրի կասեցման, կասեցման դադարեցման մասին որոշումները` դրանց ընդունումից առավելագույնը 3 րոպեի ընթացքում:

9.5. Յուրաքանչյուր առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում սույն կանոնով սահմանված և բորսայի կողմից հրապարակված տեղեկությունները պահպանվում են կայքում և ապահովվում է տեղեկությունները պարունակող էջերի հասանելիությունը կայքում հանրության համար՝ մինչև տվյալ առևտրային նստաշրջանի ավարտը:

9.6. Կնքված գործարքների գների արտահայտումը տարբեր արժույթներով իրականացվում է համաձայն տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող միջին փոխարժեքների ցանկի:

9.7. Բորսայի կողմից կարող են հրապարակվել բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ այլ ընթացիկ տեղեկություններ՝ ըստ արտարժույթի յուրաքանչյուր տեսակի:»:

4) Կանոնակարգը լրացնել Կանոն 9.1-ով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Կանոն 9.1. Բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ առևտրային նստաշրջանի ավարտից հետո բորսայի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկություններ և դրանց հրապարակման ժամկետները։

9.1.1. Բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ օրական կտրվածքով` ըստ յուրաքանչյուր տեսակի արտարժույթի պետք է հրապարակվեն հետևյալ տեղեկությունները.

1) արտարժույթի ISO կոդը,

2) առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում կնքված գործարքների արդյունքում արձանագրված բացման, փակման փոխարժեքները,

3) տվյալ առևտրային օրվա ընթացքում կնքված գործարքների նվազագույն, առավելագույն և միջին կշռված փոխարժեքները,

4) տվյալ առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ընթացքում կնքված գործարքների քանակը, շրջանառությունը,

5) բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ հրապարակված և կայքում առկա տեղեկությունների ցանկացած լրացում կամ փոփոխություն:

9.1.2. Բորսայի կողմից կայքում սույն գլխով սահմանված տեղեկությունները հրապարակվում են տվյալ առևտրային օրվա առևտրային նստաշրջանի ավարտից առավելագույնը 30 րոպեի ընթացքում՝ բացառությամբ սույն կանոնակարգի 9.1.3-րդ կետում նշված տեղեկությունների:

9.1.3. Բորսայի կողմից հրապարակվում են որևէ տեսակի արտարժույթի՝ առևտրին թույլտվության կամ թույլտվության դադարեցման մասին որոշումները՝ դրանց ընդունման օրվան հաջորդող առևտրային օրվա ավարտից ոչ ուշ:

9.1.4. Սույն կանոնով սահմանված տեղեկությունների հրապարակման դեպքում նշվում են գործարքների կնքման և հրապարակվող տեղեկությունների վերջին թարմացման ամսաթվերը՝ հաջորդաբար նշելով վերջին թարմացման օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, վայրկյանը:

9.1.5. Բորսան պահպանում է սույն կանոնով սահմանված և հրապարակված տեղեկությունները կայքում և ապահովում է տեղեկությունները պարունակող էջերի հասանելիությունը կայքում հանրության համար տեղեկությունների հրապարակումից հետո առնվազն 1 տարվա ընթացքում:

9.1.6. Բորսայի կայքը պետք է ընձեռի հնարավորություն կայքի այցելուներին ստանալ սույն կանոնով սահմանված և կայքում օրական կտրվածքով հրապարակված տեղեկությունները այդ տեղեկությունների` կայքում պահպանվելու ժամանակահատվածից ոչ ավելի ցանկացած ժամանակահատվածի օրերի համար` xls, csv կամ այլ էլեկտրոնային ֆորմատով:

9.1.7. Կնքված գործարքների գների արտահայտումը տարբեր արժույթներով իրականացվում է համաձայն սույն կանոնակարգի 9.6-րդ կետի:

9.1.8. Բորսայի կողմից կարող են հրապարակվել բորսայում կնքված արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ այլ տեղեկություններ ըստ արտարժույթի յուրաքանչյուր տեսակի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. ապրիլի 10

ք. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան