Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.610
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0075/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0075/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Վ. Ավանեսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Է. Հայրիյանի

Ա. Մաթևոսյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Բեյց» ՍՊԸ-ի ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի, երրորդ անձինք «Նաիրիտ Տրաստ» ՍՊԸ-ի, «Յուվե Ինվեստ» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման և 31.03.2005 թվականի ակտը չկնքված ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմութունը.

 

Դիմելով դատարան՝ «Յուվե Ինվեստ» ՍՊԸ-ն պահանջել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ից բռնագանձել 445.000.000 ՀՀ դրամ, 301.070.987,72 ՀՀ դրամ հաշվարկված տոկոսները և 29.09.2007 թվականից մինչև հիմնական պարտավորության դադարման օրը հաշվարկված տոկոսները:

31.03.2008 թվականի «Պահանջի իրավունքը զիջելու մասին» պայմանագրով «Յուվե Ինվեստ» ՍՊԸ-ն վերը նշված գումարի բռնագանձման պահանջի իրավունքը զիջել է «Բեյց» ՍՊԸ-ին:

08.04.2008 թվականին դատավարական իրավահաջորդության հիմքով «Բեյց» ՍՊԸ-ն ճանաչվել է հայցվոր:

«Բեյց» ՍՊԸ-ն ավելացրել է հայցային պահանջների չափը և պահանջել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ից բռնագանձել 1.096.780.692,57 ՀՀ դրամ` որպես հիմնական պարտավորության գումար, 332.783.864,44 ՀՀ դրամ` որպես «Յուվե Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից «Բեյց» ՍՊԸ-ին փոխանցված պահանջը` չկատարված հիմնական պարտավորությունների վրա օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ պարտավորություն և 31.03.2005 թվականի փոխադարձ հաշվարկների ակտը համարել չկնքված:

Երևանի քաղաքացիական դատարանի 09.07.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.01.2009 թվականի որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանի 09.07.2008 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն:

Դատական նիստում վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել «Բեյց» ՍՊԸ-ի, «Յուվե Ինվեստ» ՍՊԸ-ի, «Նաիրիտ Տրաստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Վահան Հարությունյանը և Սամվել Մուրադյանի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 221-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ, 336-րդ, 337-րդ և 338-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որոնցով հիմնավորվում է հայցային վաղեմությունը լրացած լինելու հանգամանքը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Բեյց» ՍՊԸ-ի կողմից վկայակոչվող պարտավորությունը ծագել է դեռևս 2003 թվականին և չի կատարվել ողջամիտ ժամկետում, իր իրավունքի խախտման փաստի մասին ընկերությունն իմացել է 2004 թվականին, սակայն դատարան է դիմել 07.08.2008 թվականին:

Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Բեյց» ՍՊԸ-ն պահանջի իրավունքը ստացել է «Յուվե Ինվեստ» ՍՊԸ-ից, որը պահանջի իրավունքը զիջելու պահին նման պահանջի իրավունք չի ունեցել, այսինքն` «Բեյց» ՍՊԸ-ին զիջվել է գոյություն չունեցող պահանջ:

Վերաքննիչ դատարանը անտեսել է նաև, որ առաջին ատյանի դատարանի կողմից հաստատվել է հայցային վաղեմության ժամկետի բաց թողնման փաստը «Բեյց» ՍՊԸ-ի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 09.07.2008 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

 

Վճռաբեկ բողոքում անհիմն են ներկայացված այն պնդումները, թե հայցվորը չի վիճարկել վաղեմության ժամկետի բաց թողնված լինելու հանգամանքն իր վերաքննիչ բողոքով։ Վերաքննիչ բողոքում նշվել է, որ եթե դատարանը թույլ չտար օրենքի խախտումներ, ապա կկայացներ ճիշտ վճիռ, որով հայցվորի հայցային պահանջները կբավարարվեին, քանի որ հայցը հիմնավոր է, իսկ հայցային վաղեմության ժամկետը բաց թողնված չի եղել (եթե առհասարակ ենթակա է եղել կիրառման)։

Եթե անգամ սկզբնական հայցվոր «Յուվե Ինվեստ» ՍՊԸ-ի կողմից դատարան դիմելու ամսաթիվը հիմք չընդունվեր, և դատավարական իրավահաջորդություն կիրառելու մասին միջնորդությունը դիտարկվեր որպես «Բեյց» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ինքնուրույն պահանջ, ապա նույնիսկ այդ պարագայում հայցային վաղեմության ժամկետը լրացած համարվել չէր կարող։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի և «Նաիրիտ Տրաստ» ՓԲԸ-ի միջև 06.05.2003 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն պարտավորվել է պայմանագրով սահմանված ժամկետում «Նաիրիտ Տրաստ» ՓԲԸ-ին մատակարարել իր կողմից արտադրվող արտադրանքը (գ.թ. 83-85, հ. 2):

2. 30.09.2004 թվականի փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի համաձայն` 30.09.2004 թվականի դրությամբ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի պարտքը «Նաիրիտ Տրաստ» ՓԲԸ-ի նկատմամբ կազմել է 1.776.170.348,50 ՀՀ դրամ (գ.թ. 86, հ. 2):

3. «Պահանջի իրավունքը զիջելու մասին» 08.11.2004 թվականի թիվ 1 պայմանագրի համաձայն` «Նաիրիտ Տրաստ» ՓԲԸ-ն «Բեյց» ՍՊԸ-ին զիջել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ 1.109.486.640 ՀՀ դրամի պահանջի իրավունքը (գ.թ. 87-88, հ. 2):

4. 08.11.2004 թվականի պահանջի իրավունքը զիջելու մասին ծանուցման համաձայն` «Նաիրիտ Տրաստ» ՓԲԸ-ն տեղեկացրել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին 1.109.486.640 ՀՀ դրամը «Բեյց» ՍՊԸ-ին զիջելու և պարտավորությունը կատարելու մասին (գ.թ. 60, հ. 1):

5. «Պահանջի իրավունքը զիջելու մասին» 30.03.2005 թվականի թիվ 1 պայմանագրի համաձայն` «Նաիրիտ Տրաստ» ՓԲԸ-ն «Բեյց» ՍՊԸ-ին զիջել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ 853.574.283 ՀՀ դրամի պահանջի իրավունքը (գ.թ. 65 հ. 3): Նշված գումարի վերաբերյալ պարտավորությունը կատարվել է փոխադարձ պարտավորությունների հաշվանցով (գ.թ. 98, հ. 3):

6. 31.03.2005 թվականի փոխհաշվարկների ակտի համաձայն՝ «Բեյց» ՍՊԸ-ն և «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն հաստատել են միմյանց նկատմամբ պարտավորություններ չունենալու հանգամանքը:

Նշված ակտը «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն ստորագրել է 15.02.2007 թվականին (գ.թ. 26, հ. 3):

7. ՀՀ տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 28.12.2007 թվականի վճռով հաստատվել է «Բեյց» ՍՊԸ-ի կողմից 1.109.486.640 ՀՀ դրամի պահանջի իրավունքը «Նաիրիտ Տրաստ» ՓԲԸ-ին հետ զիջելու փաստը ապացուցված չլինելու հանգամանքը, ինչպես նաև 1.109.486.640 դրամ պահանջելու իրավունքը «Բեյց» ՍՊԸ-ին պատկանելու փաստը (գ.թ.49-63, հ. 3):

8. Սույն գործով հայցը ներկայացվել է դատարան 08.04.2008 թվականին: «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն դատարանին միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն (գ.թ. 28, հ. 3):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 338-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի հանգեցնում հայցային վաղեմության ժամկետի և դրա հաշվարկման կարգի փոփոխման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ: Նշված պարտավորությունների համար հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, ապա ՝ այդ ժամկետի ավարտից հետո: Ընդ որում, անձանց փոփոխվելը պարտավորության մեջ չի հանգեցնում հայցային վաղեմության ժամկետի և դրա հաշվարկման կարգի փոփոխման:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 30.09.2004 թվականի դրությամբ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի պարտքը «Նաիրիտ Տրաստ» ՓԲԸ-ի նկատմամբ կազմել է 1.776.170.348,50 ՀՀ դրամ, 08.11.2004 թվականին «Նաիրիտ Տրաստ» ՓԲԸ-ն «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ 1.109.486.640 ՀՀ դրամ գումար պահանջի իրավունքը զիջել է «Բեյց» ՍՊԸ-ին, ՀՀ տնտեսական դատարանի օրինական ուժի մեջ մտած 28.12.2007 թվականի վճռով հաստատվել 1.109.486.640 ՀՀ դրամ գումարի պահանջի իրավունքը «Նաիրիտ Տրաստ» ՓԲԸ-ին հետ զիջելու փաստը ապացուցված չլինելու հանգամանքը, իսկ 30.03.2005 թվականի թիվ 1 պայմանագրով «Բեյց» ՍՊԸ-ին 853.574.283 ՀՀ դրամ գումարի պահանջի իրավունքով զիջված պարտավորությունը կատարվել է փոխադարձ պարտավորությունների հաշվանցով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Բեյց» ՍՊԸ-ի մոտ 853.574.283 ՀՀ դրամ պահանջի իրավունքով զիջված պարտավորությունը արդեն իսկ կատարվել է, իսկ 1.109.486.640 ՀՀ դրամ պահանջի իրավունքը ծագել է 08.11.2004 թվականին: Մինչդեռ, իրավունքի պաշտպանության պահանջը ներկայացվել է դատարան 08.04.2008 թվականին:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանն իրավացիորեն ապացուցված է համարել «Բեյց» ՍՊԸ-ի կողմից իրավունքի պաշտպանության` հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու փաստը:

Ինչ վերաբերում է փոխադարձ հաշվարկների 31.03.2005 թվականի ակտը չկնքված համարելու «Բեյց» ՍՊԸ-ի պահանջին, ապա հայցային վաղեմության ժամկետի կիրառման պայմաններում այն նույնպես ենթակա է մերժման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. «Բեյց» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2. «Բեյց» ՍՊԸ-ից բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա, «Յուվե Ինվեստ» ՍՊԸ-ից՝ 26.999,774 (քսանվեց միլիոն ինը հարյուր իննսունինը յոթ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան