ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0197/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0197/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Խունդկարյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի մարտի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Հրազդանի ջերմատնային տնտեսություն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Կազմակերպության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Կազմակերպությունից 1.116.000 ՀՀ դրամ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.11.2008 թվականի որոշմամբ Դատարանի 01.07.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի, 51-րդ հոդվածի 1-ին կետի, 53-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, որի հետևանքով չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին կետը, 399-րդ հոդվածը, 335-րդ հոդվածի 2-րդ կետը, 338-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Ընկերության կողմից վկայակոչված փաստերի ապացուցման բեռը դրված է միմիայն նրա վրա։ Այդ փաստերն են՝ 1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության նկատմամբ 1.216.000 ՀՀ դրամի չափով Կազմակերպության պարտքը փոխանցվել է «Հայգազարդ» ՓԲ ընկերությանը, 2) պարտավորության սկիզբը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության մասնավորեցման օրվան (31.10.2002թ-ին) հաջորդող օրն է։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Ընկերությունը սույն փաստերի ապացուցման հիմքում դրել է միայն 28.06.2005 թվականի պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագիրը, 24.02.2006 թվականի համաձայնագիրը, պարտապանների ցանկը, ՀՀ կառավարության որոշումները, որոնցով չի ապացուցվում վերը նշված փաստը:
Դատարանը, հաստատված համարելով, որ Ընկերության և Կազմակերպության միջև պահանջի իրավունքի զիջման հիմքով առկա է պարտավորություն, առաջին հերթին պարտավոր էր պարզել, թե այդ պարտավորությունն ի սկզբանե երբ և ինչ ծավալով է ծագել, այնուհետև փոխանցվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից «Հայգազարդ» ՓԲԸ-ին, իսկ դրանից հետո՝ Ընկերությանը:
06.05.2008 թվականին Կազմակերպությունը դիմում է ներկայացրել և խնդրել է կիրառել հայցային վաղեմություն։
Եթե Կազմակերպության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության նկատմամբ ունեցած պարտքի գումարը պահանջի զիջման իրավունքի պայմանագրի հիման վրա անցել է «Հայգազարդ» ՓԲ ընկերությանը, այնուհետև՝ Ընկերությանը, ապա գործարք կնքելը Կառավարության որոշմամբ սահմանված պահանջ է, իսկ այդ որոշումը պարտքերի փոխանցման (ակնհայտ է, որ գոյություն ունեցող պարտքի) մասին է։ Հետևաբար, պահանջի զիջման պայմանագրի առարկա կարող էր լինել գոնե Կառավարության որոշման ընդունման պահին (22.08.2002թ-ին) առկա պարտքը։ Դատարանը պարտավոր էր արձանագրել, որ Ընկերությունը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը:
Վերաքննիչ դատարանը հայցային վաղեմություն կիրառելու մասին Կազմակերպության դիմումի մերժման և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի կիրառման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Տվյալ դեպքում պարտքի վճարման պարտավորությունը ծագել է 17.10.2002 թվականին, «Հրազդանի ջերմատնային տնտեսություն» ՓԲԸ-ի կողմից 11.10.2005 թվականին 100.000 ՀՀ դրամի չափով պարտքը վճարվել է, այսինքն՝ վերջինս ընդունել է իր պարտավորությունը և մասամբ կատարել է այն, իսկ ընդհատված վաղեմության ժամկետի ընթացքը նորից սկսվել է 11.10.2005 թվականին»։ Մինչդեռ, Կազմակերպության կողմից 11.10.2005 թվականին կատարված վճարումը չի կարող դիտվել որպես հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատում, քանի որ այդ գումարի վճարման ժամկետը լրացել էր 22.08.2005 թվականին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.11.2008 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով քննարկել է ներկայացված ապացույցները և գործող օրենսդրությանը համապատասխան կայացրել է որոշում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցելու մասին» ՀՀ կառավարության 22.08.2002 թվականի թիվ 1318-Ա որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության մասնավորեցման օրվա դրությամբ բոլոր տեսակի դեբիտորական պարտքերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածին համապատասխան, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության և «Հայգազարդ» ՓԲ ընկերության միջև կնքվող պահանջի իրավունքի զիջման պայմանագրով փոխանցվում են «Հայգազարդ» ՓԲ ընկերությանը։
2) «Հայգազարդ» ՓԲԸ-ի կողմից հաստատված ակտի համաձայն՝ Կազմակերպության 1.216.000 ՀՀ դրամ պարտքն առաջացել է էլեկտրաէներգիայի սպառումից, որը կատարվել է մինչև 2002 թվականի փետրվար ամիսը:
3) «Հայգազարդ» ՓԲԸ-ի՝ որպես ցեդենտի, և «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի՝ որպես ցեսիոնարի միջև կնքված «Պահանջի իրավունքի զիջման մասին» 28.01.2005 թվականի պայմանագրով (պայմանագրի անբաժանելի մաս համարվող թիվ 1 հավելվածով) և «Պահանջի իրավունքի զիջման պայմանագրի փոփոխման մասին» 24.02.2006 թվականի համաձայնագրով ամրագրվել է, որ Կազմակերպության նկատմամբ 1.216.000 ՀՀ դրամ պահանջի իրավունքը փոխանցվել է Ընկերությանը: Նշված պայմանագրում որևէ նշում չկա այն մասին, թե Կազմակերպության պարտքը երբ է առաջացել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության նկատմամբ։
4) Սույն գործում որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց առկա չէ ի հիմնավորումն այն հանգամանքի, որ Կազմակերպության պարտքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության նկատմամբ ծագել է ոչ թե 22.08.2002թ-ից առաջ, այլ՝ 31.10.2002թ-ին հաջորդող օրը, այն է՝ 01.11.2002թ-ին։
5) Էլեկտրոնային վճարման 11.10.2005 թվականի թիվ 004-64-64 հանձնարարագրի համաձայն՝ էլեկտրաէներգիայի պարտքի դիմաց Կազմակերպությունը 11.10.2005 թվականին Ընկերությանն է փոխանցել 100.000 ՀՀ դրամ գումար:
6) Դատարանում Կազմակերպությունը 07.05.2008 թվականին ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմում։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի՝ օրենքի հիման վրա: Նույն օրենսգրքի 399-րդ հոդվածի համաձայն՝ սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ պարտավորական հարաբերություններում պարտատիրոջ փոփոխվելու դեպքում զիջվող իրավունքները նոր պարտատիրոջն են անցնում (փոխանցվում) որոշակի՝ անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով։
Սույն գործի փաստերից հետևում է, որ «Հայգազարդ» ՓԲ ընկերությունը 28.01.2005 թվականին կնքված «Պահանջի իրավունքի զիջման մասին» պայմանագրով (պայմանագրի անբաժանելի մաս համարվող թիվ 1 հավելվածով) «Դվին Կոնցեռն» ՓԲ ընկերությանն է զիջել «Հրազդանի ջերմատնային տնտեսություն» ՓԲ ընկերության նկատմամբ ունեցած 1.216.000 ՀՀ դրամի չափով պահանջի իրավունքը: Նշված գումարի պահանջի իրավունքն իր հերթին «Հայգազարդ» ՓԲ ընկերությանն էր փոխանցվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից՝ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցելու մասին» ՀՀ կառավարության 22.08.2002 թվականի թիվ 1318-Ա որոշման հիմքով կնքված պայմանագրի ուժով, իսկ Կազմակերպության 1.216.000 ՀՀ դրամ պարտքն առաջացել էր մինչև 2002 թվականի փետրվար ամիսը կատարված էլեկտրաէներգիայի սպառումից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-333-րդ հոդվածների համաձայն՝ իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, այն է՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանվել են հատուկ ժամկետներ: Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն օրենսգրքի 338-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի հանգեցնում հայցային վաղեմության ժամկետի և դրա հաշվարկման կարգի փոփոխման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը սահմանում է, որ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա, և հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Կազմակերպությունը 07.05.2008 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմում: Նշված դիմումն ստորադաս դատարանի կողմից մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Կազմակերպության վճարման պարտավորությունը ծագել է 17.10.2002 թվականին, սակայն 11.10.2005 թվականին վերջինս 100.000 ՀՀ դրամի չափով պարտքը վճարել է, որով և հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվել է։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ տվյալ դեպքում պարտքի վճարման պարտավորությունը ծագել է 17.10.2002 թվականին, պատշաճ գնահատականի չի արժանացրել այն հանգամանքները, որ Կազմակերպության պարտքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության նկատմամբ առաջացել է մինչև 2002 թվականի փետրվար ամիսը կատարված էլեկտրաէներգիայի սպառումից ու այդ պարտքի վճարման պարտավորությունը ծագել է մինչև ՀՀ կառավարության 22.08.2002 թվականի թիվ 1318-Ա որոշման կայացումը, քանի որ պարտավորության կատարման ժամկետի մասին Ընկերության կողմից այլ բան ապացուցված չլինելու պարագայում պահանջի զիջման պայմանագրի առարկա կարող էր լինել գոնե ՀՀ կառավարության նշված որոշման ընդունման պահին (22.08.2002թ-ին) առկա, եթե ոչ ավելի շուտ ծագած պարտքը։ Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը կատարելու համար ստորադաս դատարանը պարտավոր էր հաշվի առնել Կազմակերպության պարտավորության խախտման պահը՝ պարտավորության ծագման փաստի հիման վրա, այլ ոչ թե դրանից հետո տեղի ունեցած պահանջի իրավունքի փոխանցման գործարքի օրը։
Նշված փաստերի հաշվառմամբ ստորադաս դատարանը պարտավոր էր արձանագրել, որ Ընկերությունը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետն այն լրանալու պատճառով, քանի որ այդ ժամկետը սկսել է հոսել 22.08.2002 թվականից ոչ ուշ և լրացել է 22.08.2005 թվականից ոչ ուշ, այնինչ Ընկերության կողմից հայցադիմում ներկայացվել է 14.04.2008 թվականին:
Վերաքննիչ դատարանի այն հիմնավորումը, թե Կազմակերպության կողմից 11.10.2005 թվականին էլեկտրոնային վճարային թիվ 004-64-64 հանձնարարագրով Ընկերությանը 100.000 ՀՀ դրամ փոխանցելու ուժով կատարվել է պարտքը ճանաչող գործողություն, որն էլ հիմք է հայցային վաղեմության ժամկետի ընդհատման համար, անհիմն է, քանի որ վերոնշյալ փաստական հանգամանքներից բխում է, որ Կազմակերպության կողմից վճարումը կատարվել է հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո, ուստի նման վճարումը չի կարող դիտվել որպես հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման հիմք, քանի որ արդեն իսկ ավարտված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող ընդհատվել: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի բովանդակությունից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2008 թվականի որոշումը, և այն փոփոխել. «Դվին Կոնցեռն» ՓԲ ընկերության հայցը մերժել:
2. «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ից հօգուտ «Հրազդանի ջերմատնային տնտեսություն» ՓԲԸ-ի բռնագանձել 66.960 ՀՀ դրամ՝ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարված պետական տուրքի գումարները:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Խունդկարյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Ա. Մաթևոսյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|