Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.27/58(357) Հոդ.613
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական գործերով

վերաքննիչ դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 03-1184/2003թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0081/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

               Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ա. Մաթևոսյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գվիդոն Մելքոնյանի և Նելսիդա Նիկողոսյանի վճռաբեկ բողոքը ըստ հայցի Արսեն, Կարեն, Արթուր, Հրանուշ և Ֆլորա Մկրտչյանների ընդդեմ Գվիդոն Մելքոնյանի, Կարեն Ասատրյանի, Նելսիդա Նիկողոսյանի՝ հողամասի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.06.2003 թվականի վճիռը նոր հանգամանքների հիմքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Արսեն, Կարեն, Արթուր, Հրանուշ և Ֆլորա Մկրտչյանները պահանջել են անվավեր ճանաչել Գվիդոն Մելքոնյանի և Կարեն Ասատրյանի միջև 23.08.2002 թվականին կնքված 2,4 հա հողատարածքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Նելսիդա Նիկողոսյանին տրված սեփականության իրավունքի թիվ 971455 վկայականը, ինչպես նաև Կարեն Ասատրյանի և Նելսիդա Նիկողոսյանի տիրապետումից վերադարձնել 2,4 հա 3-րդ կարգի վարելահողը, իսկ Գվիդոն Մելքոնյանի տիրապետումից՝ 0,5 հա 5-րդ կարգի վարելահողը և երկու ոչխարները:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2003 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.06.2003 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.09.2003 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 10.06.2003 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման:

Վերաքննիչ դատարանի 10.06.2003 թվականի վճիռը նոր հանգամանքների հիմքով վերանայելու մասին բողոք են բերել Գվիդոն Մելքոնյանը և Նելսիդա Նիկողոսյանը՝ որպես նոր հանգամանք ներկայացնելով Նիկողոսյանը և Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի (գանգատներ թիվ 11724/04 և 13350/04) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) 06.12.2007 թվականին կայացված և 06.03.2008 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10.06.2003 թվականին Վերաքննիչ դատարանը քննել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2003 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ դատարանի նշված դատական նիստը կայացել է առանց բողոք բերած անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցման:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 06.12.2007 թվականի վճռով հիմնավորել է, որ չի հարգվել կողմերի իրավահավասարության սկզբունքը, և թույլ է տրվել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտում, և գտել է, որ ամենաարդարացի ուղղումը կլինի գործի վերանայում և նորոգում իրականացնելը:

Նիկողոսյանը և Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի (գանգատներ թիվ 11724/04 և 13350/04) գործով Եվրոպական դատարանի 06.12.2007 թվականի վճիռն ուժի մեջ է մտել 06.03.2008 թվականին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.06.2003 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Գվիդոն Մելքոնյանին և Նելսիդա Նիկողոսյանին Վերաքննիչ դատարանի 10.06.2003 թվականի նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցման վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

2) Նիկողոսյանը և Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ 06.12.2007 թվականի վճռով հաստատվել է այն փաստը, որ Վերաքննիչ դատարանի 10.06.2003 թվականի նիստը գումարվել է առանց դիմումատուների` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցման, որի հետևանքով խախտվել է կողմերի հավասարության սկզբունքը, տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դիմումատուի արդար դատաքննության իրավունքի խախտում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման համար հիմք է Հայաuտանի Հանրապետության մաuնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հիմնավորվել է անձի՝ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեuված իրավունքի խախտման հանգամանքը:

Սույն վերանայման վարույթում առկա փաստերից հետևում է, որ Գվիդոն Մելքոնյանը և Նելսիդա Նիկողոսյանը գանգատ են ներկայացրել Եվրոպական դատարան (գանգատներ թիվ 11724/04 և 13350/04), որի քննության արդյունքում կայացված 06.12.2007 թվականի վճռով Եվրոպական դատարանն ընդունելի է հայտարարել Դիմումատուների գանգատը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտման մասով` կապված Վերաքննիչ դատարանում 10.06.2003 թվականի դատաքննությանը ներկա չգտնվելու հետ, իսկ գանգատի մնացած մասերը հայտարարել է անընդունելի, ինչպես նաև մերժել է Դիմումատուների` արդարացի փոխհատուցման պահանջը:

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի 10.06.2003 թվականի նիստը գումարվել է առանց դիմումատուների` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցման, որի հետևանքով խախտվել է կողմերի հավասարության սկզբունքը, համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դիմումատուի արդար դատաքննության իրավունքի խախտում: Միաժամանակ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ գանգատի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 241.1 հոդվածը թույլ է տալիս ներպետական վարույթի վերաբացումը, եթե Դատարանն արձանագրել է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է Եվրոպական դատարանի վճիռների կատարմանն ուղղված Պետության պարտավորությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումների հետևանքները միշտ չէ, որ հնարավոր է վերականգնել փոխհատուցման միջոցով, և պատասխանող պետությունից կարող է նաև պահանջվել դիմումատուի նկատմամբ անհատական և ընդհանուր միջոցների կիրառումը: Եվրոպական դատարանը կարող է պահանջել գործի նոր քննության անցկացում, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ Բարբերա, Մեսսեքյու և Ջաբարդոն ընդդեմ Իսպանիայի 06.12.1998 թվականի վճռով: Ընդ որում, նման միջոցների կիրառումը պարտադիր է դառնում միայն այն դեպքերում, երբ դրանց կիրառման անհրաժեշտությունն անմիջականորեն նախատեսվում է Եվրոպական դատարանի վճռով (տես՝ «Մելտեքս» ՍՊԸ-ի դիմումներն ընդդեմ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ անգործությունը վիճարկելու պահանջի մասին քաղաքացիական գործով «Մելտեքս» ՍՊԸ-ի բողոքը՝ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 23.04.2004 թվականի որոշումը վերանայելու մասին Վճռաբեկ դատարանի 19.02.2009 թվականի թիվ 3-10(ՏԴ) որոշումը):

Սույն գործի վերաբերյալ կայացված Եվրոպական դատարանի վճռով որպես արձանագրված խախտման հետևանք նշվել է, որ փոխհատուցման ամենապատշաճ եղանակը այն դեպքերում, երբ արձանագրվել է, որ դատական նիստը անց է կացվել դիմումատուի բացակայությամբ, այն է` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպես կանոն վարույթի պատշաճ վերաբացումն է և արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ գործի վերաքննության անցկացումը:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նիկողոսյանը և Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի (գանգատներ թիվ 11724/04 և 13350/04) Եվրոպական դատարանի 06.12.2007 թվականի վճիռը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.09.2003 թվականի որոշումը վերանայելու և այն փոփոխելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20426-րդ, 20427-րդ և 20428-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.09.2003 թվականի որոշումը վերանայել և այն փոփոխել. բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 10.06.2003 թվականի վճիռը և գործն ուղարկել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան