Գլխավոր տեղեկություն
Համար
N 512-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.27/58(357) Հոդ.581
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2009 թվականի N 512-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների և Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 4-րդ և 8-րդ կետերում «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարի» բառերով.

2) 8-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավատարմագրման տարածքից դուրս գործուղման ընթացքում փոխհատուցվում են ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձի ծախսերը` համաձայն ծախսերը հիմնավորող փաստաթղթերի և գործող նորմերի, իսկ գործուղման ընթացքում վճարվում է օրապահիկ` գործող նորմերի չափով:».

3) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ներկայացուցիչները մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը նախարարին են ներկայացնում իրենց ֆինանսական գործունեության հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները և ստացված ու ծախսված միջոցների և առկայության դեպքում պարտքերի մասին տեղեկանքները` համաձայն NN 1 և 2 ձևերի:».

4) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով.

«14. Հավատարմագրման վայր մեկնելու ժամանակ ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամների մեկնման ճանապարհածախսը փոխհատուցվում է ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին:

15. Հայաստանի Հանրապետություն հետ վերադարձի ժամանակ ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին փոխհատուցվում է ներկայացուցչի և նրա ընտանիքի անդամների հետ վերադարձի ճանապարհածախսը, ինչպես նաև անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում ներկայացուցչի պահպանման ծախսերի հաշվին`

ներկայացուցչին` 60 կգ լրացուցիչ բեռի համար.

ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կգ լրացուցիչ բեռի համար:

16. Նորանշանակ ներկայացուցչի հավատարմագրման վայր ժամանումից հետո 7 օրվա ընթացքում նախորդ և նորանշանակ ներկայացուցիչների կողմից ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ: Հանձնման-ընդունման ակտի ստորագրմանը հաջորդող օրը համարվում է նախորդ ներկայացուցչի լիազորությունների ավարտման օր:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 18

Երևան