Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
առաջնորդվելով տրանսպորտի բնագավառում համագործակցելու սկզբունքների ու պայմանների մասին Համաձայնագրով, Քաղաքացիական ավիացիայի և օդային տարածության օգտագործման մասին Համաձայնագրով, որն Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարներն ստորագրել են 1991 թվականի դեկտեմբերի 30-ին Մինսկ քաղաքում, ինչպես նաև Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի սկզբունքներով ու նորմերով, որը Չիկագոյում ստորագրման համար բաց է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից,
կամենալով ամրապնդել և զարգացնել փոխհամագործակցությունը օդային տրանսպորտի բնագավառում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ տերմինները նշանակում են`
ա) «ավիացիոն իշխանություննե» - Ռուսաստանի Դաշնության առնչությամբ` Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունն` ի դեմս օդային տրանսպորտի դեպարտամենտի, կամ ցանկացած անձ կամ ցանկացած կազմակերպություն, որոնք լիազորված են իրականացնելու ներկայումս այդ նախարարության կողմից կատարվող գործառույթները, և Հայաստանի Հանրապետության առնչությամբ` ավիացիայի գլխավոր վարչությունը, և Հայկական ավիաուղիները» կամ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որոնք լիազորված են իրականացնելու ներկայումս այդ վարչության կողմից կատարվող գործառույթները,
բ) «նշանակված ավիաընկերություն» - ավիաընկերություն, որը նշանակվել և լիազորվել է սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածին համապատասխան,
գ) «տարածք» - պետության առնչությամբ` այդ պետության ինքնիշխանության տակ գտնվող հողային մակերեսներ, տարածքային ու ներքին ջրեր և դրանց վերևում գտնվող օդային տարածքներ,
դ) «սակագին» - այն դրույքները, որոնք վճարվում են ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրման համար, և այն պայմանները, որոնց համապատասխան կիրառվում են այդ դրույքները` ներառյալ գործակալային և մյուս օժանդակ սպասարկումների դրույքներն ու պայմանները,
ե) «Կոնվենցիա» - Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիան, որը Չիկագոյում ստորագրման համար բաց է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից, ինչպես նաև` դրա ցանկացած Հավելված և ցանկացած լրացում` այնքանով, որքանով դրանք ընդունված են Պայմանավորվող կողմերի կողմից և կիրառելի են դրանց նկատմամբ,
զ) «օդային հաղորդակցություն» - ցանկացած կանոնավոր օդային հաղորդակցություն, որ օդանավերն իրականացնում են ուղևորների, բեռների և փոստի հասարակական փոխադրման նպատակով,
է) «միջազգային օդային հաղորդակցություն» - մեկից ավելի պետությունների օդային տարածքներով կատարվող օդային հաղորդակցություն,
ը) «ավիաընկերություն» - միջազգային օդային հաղորդակցություն առաջարկող կամ շահագործող ցանկացած տրանսպորտային ավիաընկերություն,
թ) «կանգառ ոչ առևտրային նպատակներով» - ցանկացած նպատակով վայրէջք, բացի ուղևորներ, բեռներ կամ փոստ օդանավ վերցնելուց կամ իջեցնելուց:
2. Սույն Համաձայնագրի Հավելվածը նրա անբաժան մասն է կազմում:
ՀՈԴՎԱԾ 2
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներ է վերապահում` սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածում նշված երթուղիներով միջազգային օդային ուղիներ հաստատելու նպատակով (այսուհետ, համապատասխանաբար, պայմանագրային չվագծեր և հաստատված երթուղիներ):
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը հաստատված երթուղիներով պայմանագրային չվագծերը շահագործելիս կօգտվի հետևյալ իրավունքներից`
ա) անվայրէջք թռիչք կատարել մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով,
բ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարել վայրէջքներ ոչ առևտրային նպատակներով` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող կետերում,
գ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վայրէջքներ կատարել սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում` Պայմանավորվող կողմերի տարածքների միջև ուղևորներ, փոստ և բեռներ վերցնելու և (կամ) իջեցնելու նպատակով,
դ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վայրէջք կատարել սույն Համաձայնագրի Հավելվածում նշված վայրերում` երրորդ երկրների վայրեր (վայրերից) մեկնած ուղևորներին, փոստը և բեռները վերցնելու և (կամ) իջեցնելու նպատակով: Նման իրավունքը կտրվի Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ:
3. Սույն հոդվածում ոչինչ չի դիտվի որպես մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը ուղևորներ, փոստ և բեռներ օդանավ վերցնելու իրավունքի տրամադրում` մյուս Պայմանավորվող կողմի վայրերի միջև վարձատրությամբ կամ վարձակալությամբ փոխադրելու համար:
ՀՈԴՎԱԾ 3
1. Պայմանագրային չվագծերով օդանավերի թռիչքների երթուղիները և պետական սահմանների հատման վայրերը որոշում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմը իր տարածքում:
2. Օդանավերի թռիչքներին և ուղևորների, բեռների և փոստի պայմանագրային չվագծերով փոխադրմանն առնչվող տեխնիկական և առևտրային հարցերը, ինչպես նաև առևտրային համագործակցությանն առնչվող հարցերը, մասնավորապես, չվերթերի հաճախականությունը, օդանավերի տեսակը, վառելանյութով լցավորումը, գետնի վրա օդանավերի տեխնիկական սպասարկումը և ֆինանսական հաշվարկների կարգը կորոշվեն նշված ավիաընկերությունների պայմանավորվածությամբ և կներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հավանությանը: Պայմանավորվածության բացակայության դեպքում այդ հարցերը կորոշեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները:
3. Լրացուցիչ, չարտերային և հատուկ չվերթերն իրականացվելու են նշանակված ավիաընկերության նախնական հայտերով` Պայմանավորվող կողմերի օրենքներին և կանոններին համապատասխան. այդ հայտերը պետք է տրվեն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին ոչ ուշ, քան օդանավի թռիչքից 48 ժամ առաջ` չհաշված հանգստյան և տոնական օրերը:
ՀՈԴՎԱԾ 4
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրավունք կունենա նշանակել ավիաընկերություն (ներ)` սահմանված երթուղիներով պայմանագրային չվագծերը շահագործելու նպատակով` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին:
2. Նման ծանուցում ստանալուն պես մյուս Պայմանավորվող կողմը, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներին համապատասխան, անհապաղ թռիչքների համապատասխան թույլտվություն կտրամադրի յուրաքանչյուր նշանակված ավիաընկերության:
3. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մինչև թռիչքների թույլտվություն տալը կարող են մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունից պահանջել ապացույցներ, որ նա ի վիճակի է կատարելու օրենքներով և կանոններով կարգորոշված այն պայմանները, որոնք սովորաբար այդ իշխանությունների կողմից կիրառվում են միջազգային չվագծերը շահագործելիս և իրենց կատարման մակարդակով չեն գերազանցում Կոնվենցիայի պահանջներին:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա մերժել թռիչքների` սույն հոդվածի 2-րդ կետում նշված թույլտվություն տալը կամ պահանջել կատարել այն պայմանները, որոնք նա անհրաժեշտ կհամարի նշանակված ավիաընկերության կողմից սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքներն օգտագործելիս` ամեն դեպքում, երբ հիշյալ Պայմանավորվող կողմը չի ունենում այն բանի ապացույցները, որ այդ ավիաընկերության նկատմամբ առավելատիրումը և նրա իրական հսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմին, նրա մարմիններին կամ քաղաքացիներին:
5. Նշանակված ավիաընկերությունը, որն ստացել է սույն հոդվածում նշված թույլտվությունը, կարող է սկսել պայմանագրային չվագծերի շահագործումը` այն պայմանով, որ նման չվագծերում գործողության մեջ են դրված սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի համապատասխան սակագները, ինչպես նաև լուծված են տեխնիկական և առևտրային հարցերը` սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 5
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք կունենա չեղյալ հայտարարել թռիչքների թույլտվությունը կամ դադարեցնել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված իրավունքներից օգտվելը, որ մյուս Պայմանավորվող կողմը տրամադրել է նշված ավիաընկերությանը, կամ պահանջել կատարել այն պայմանները, որոնք նա անհրաժեշտ կհամարի այդ իրավունքներից օգտվելիս`
ա) ամեն դեպքում, երբ նա համոզված չէ, որ այդ ավիաընկերության նկատմամբ գերադաս տիրապետությունը կամ իրական հսկողությունը պատկանում է այն Պայմանավորվող կողմին, որը նշանակել է այդ ավիաընկերությանը, նրա մարմիններին կամ քաղաքացիներին, կամ
բ) այն դեպքում, եթե այդ ավիաընկերությունը չի պահպանում այն Պայմանավորվող կողմի օրենքներն ու կանոնները, որը տրամադրում է այդ իրավունքները, կամ
գ) այն դեպքում, եթե այդ ավիաընկերությունը որևէ այլ ձևով չի պահպանում սույն Համաձայնագրով նախատեսված պայմանները:
2. Եթե թույլտվության անհապաղ չեղյալ հայտարարումը, իրավունքների կասեցումը կամ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելու պահանջը անհրաժեշտ չեն օրենքների ու կանոնների հետագա խախտումների կանխման համար, ապա այն իրավունքը, որի մասին ասվում է սույն կետում, կօգտագործվի միայն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև անցկացված խորհրդակցություններից հետո: Ավիացիոն իշխանությունների միջև նման խորհրդակցություններ պետք է տեղի ունենան հարցապնդման օրվանից հնարավորինս կարճ ժամկետում:
ՀՈԴՎԱԾ 6
1. Պայմանավորվող կողմերը բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն պայմանագրային չվերթերի անվտանգ և արդյունավետ շահագործումն ապահովելու համար: Այդ նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերին կտրամադրի պայմանագրային չվերթերի շահագործման համար անհրաժեշտ ռադիոլուսատեխնիկական, օդերևութաբանական և այլ սպասարկման բոլոր միջոցները:
2. Մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները պետք է մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին տրամադրեն պահեստային և հիմնական օդանավակայանների, օդային ուղեգծերի, կապի համակարգերի և օդանավորդական միջոցների, օդային երթևեկության կառավարման և այլ հարցերի մասին անհրաժեշտ տեղեկություններ այն ծավալներով, որ անհրաժեշտ են պայմանագրային չվերթերում օդանավերի արդյունավետ և անվտանգ շահագործման ապահովման համար:
ՀՈԴՎԱԾ 7
1. Մի Պայմանավորվող կողմի այն օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են նրա տարածքից միջազգային թռիչքներ իրականացնող օդանավերի ժամանումն ու մեկնումը կամ այդ օդանավերի շահագործումը կամ նավորդումը նրա տարածքում գտնվելու ժամանակ, կկիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերի նկատմամբ:
2. Մի Պայմանավորվող կողմի` միջազգային փոխադրումներին վերաբերող օրենքներն ու կանոնները, որոնք կարգավորում են նրա տարածքից ուղևորների, անձնակազմերի, բեռների և փոստի ժամանումը, գտնվելն ու ուղարկելը և, մասնավորապես, անձնագրային, մաքսային, տարադրամային և սանիտարական կանոններին վերաբերող ձևականությունները, կկիրառվեն մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության օդանավերի ուղևորների, անձնակազմերի, բեռների և փոստի նկատմամբ` նշված տարածքի սահմաններում նրանց (դրանց) գտնվելու ժամանակ:
Պայմանավորվող կողմերի քաղաքացիների նկատմամբ կկիրառվի ժամանման, գտնվելու և մեկնման պարզեցված կարգ, եթե Պայմանավորվող կողմերից մեկը կամ էլ երկու Պայմանավորվող կողմերը այլ որոշում չեն ընդունի: Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերի կամ Անկախ պետությունների համագործակցության երկրների միջև կկնքվի սույն կետում նշված հարցերը կարգավորող հատուկ համաձայնագիր, որը կլինի պարտադիր երկու Պայմանավորվող կողմերի համար, կկիրառվեն այդ Համաձայնագրի դրույթները:
ՀՈԴՎԱԾ 8
Յուրաքանչյուր օդանավակայանից օգտվելու դիմաց գանձումները և այլ վճարումները, ներառյալ` նրա շինությունների, տեխնիկական և այլ միջոցների ու ծառայությունների դիմաց, ինչպես նաև ցանկացած վճարում օդանավորդական միջոցների, կապի միջոցների և ծառայությունների օգտագործման համար, կգանձվեն յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում սահմանված դրույքներին ու սակագներին համապատասխան` այն պայմանով, որ այդպիսի գանձումները և վճարումները չպետք է գերազանցեն այլ պետությունների օդանավերից կատարվող նմանատիպ գանձումները:
ՀՈԴՎԱԾ 9
1. Նշանակված ավիաընկերությունների օդանավերը մյուս Պայմանավորվող կողմի տարածքի վրայով թռչելիս պետք է ունենան իրենց պետությունների տարբերանշանները, գրանցման վկայականները, թռիչքների պիտանելիության վկայականները և այլ օդանավային փաստաթղթեր` սահմանված Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների կողմից: Օդաչուները և անձնակազմի մյուս անդամները պետք է ունենան սահմանված վկայականներ: Պահանջները, որոնց համապատասխան տրվում են այդպիսի վկայականներ և հավաստագրեր, պետք է համապատասխանեն կամ գերազանցեն Կոնվենցիայի պահանջներին համապատասխան հաստատված նվազագույն ստանդարտներին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև շահագործողի վկայականները և համապատասխան փոխադրումներ իրականացնելու և այլ տրանսպորտային առաքման գործունեության արտոնագրերը` տրված կամ հաստատված Պայմանավորվող կողմերից մեկի կողմից և ժամկետը չանցած, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կճանաչվեն վավերական:
3. Պայմանավորվող կողմերը համաձայնեցին կիրառել սույն Համաձայնագրի ստորագրման պահին գործող կանոնները, հրահանգները, դրույթները, տեխնիկական պայմանները և մյուս նորմատիվ փաստաթղթերը, որոնք կանոնակարգում են քաղաքացիական ավիացիայի գործունեությունը, այդ թվում` օդաչուական, ղեկորդական (շտուրմանական), ճարտարագիտատեխնիկական, օդանավորդական, բժշկական, օդերևութաբանական, թռիչքների օդանավակայանային ապահովման բնագավառներում:
4. Պայմանավորվող կողմերը կձգտեն իրենց պետությունների տարածքներում գործող ավիացիոն օրենսդրության միասնականացման:
ՀՈԴՎԱԾ 10
Պայմանավորվող կողմերից մեկի ավիաընկերության օդանավի հարկադրական վայրէջքի, աղետի կամ այլ պատահարի դեպքում այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում տեղի է ունեցել պատահարը, այդ մասին անմիջապես կծանուցի մյուս Պայմանավորվող կողմին և Միջպետական ավիացիոն կոմիտեին, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի պատահարի պատճառները հետաքննելու համար և, մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով, կապահովի այդ Պայմանավորվող կողմի ներկայացուցիչների անարգել մուտքն իր տարածք` նման պատահարի հետաքննությանը մասնակցելու համար, ինչպես նաև կձեռնարկի անձնակազմին և ուղևորներին օգնություն ցույց տալու անհետաձգելի միջոցներ, եթե նրանք տուժել են պատահարից, և կապահովի այդ օդանավում գտնվող փոստի, ուղևորների և բեռների պահպանումը:
Պատահարի քննությունը վարող Պայմանավորվող կողմը պարտավոր է մյուս Պայմանավորվող կողմին իրազեկ պահել դրա արդյունքների մասին:
ՀՈԴՎԱԾ 11
Մի Պայմանավորվող կողմի տարածքով ուղիղ տարանցմամբ անցնող և օդանավակայանի` այդ նպատակի համար հատկացված տարածքը չլքած ուղևորները, ուղեբեռները և բեռները կենթարկվեն միայն պարզեցված հսկողության, եթե այն պայմանավորված չէ ավիացիոն անվտանգության ապահովման միջոցներով: ՈՒղիղ տարանցմամբ առաքվող ուղեբեռները և բեռները մաքսատուրքերի և այլ համանման հարկերի չեն ենթարկվում:
ՀՈԴՎԱԾ 12
1. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին կտրամադրվեն սահմանված երթուղիներով պայմանագրային չվերթերի շահագործման արդարացի և հավասար պայմաններ` իրենց համապատասխան տարածքների միջև:
2. Պայմանագրային չվերթերը շահագործելիս մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը պետք է նկատի ունենա մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահերը այն նկատառումներով, որ վնաս չհասցնի վերջինիս ավիաընկերության փոխադրումներին, որը ավիագիծ է շահագործում նույն երթուղով կամ նրա մի մասով: Այդ նպատակների համար Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները կարող են միմյանց միջև կնքել համատեղ շահագործման համաձայնագրեր կամ միավորիչ համաձայնագրեր:
3. Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից սպասարկվող պայմանագրային չվերթերը պետք է համապատասխանեն հաստատված երթուղիներով փոխադրումների հասարակական պահանջմունքներին, և յուրաքանչյուր ավիաընկերության առաջնահերթ խնդիրը պետք է լինի տրամադրել այնպիսի ծավալներ, որոնք բեռնման խելամիտ գործակցի դեպքում կհամապատասխանեն իրենց համապատասխան տարածքների միջև ուղևորների, բեռների և փոստի առաքման առկա և բանականորեն ենթադրվող պահանջմունքներին:
ՀՈԴՎԱԾ 13
1. Ցանկացած պայմանագրային չվագծում սակագները պետք է սահմանել խելամիտ չափով` հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները` ներառյալ շահագործման ծախսերը, խելամիտ շահույթը, ավիագծի բնութագիրը (օրինակ` արագությունն ու հարմարավետությունը) և այլ ավիաընկերությունների սակագները սահմանված երթուղու ցանկացած մասի համար: Այդ սակագները պետք է սահմանվեն սույն հոդվածի ներքոհիշյալ պայմաններին համապատասխան:
2. Սույն հոդվածի առաջին կետում նշված սակագները, ինչպես նաև այդ սակագներից գործակալային միջնորդականի (կոմիսիոնի) չափը պետք է հնարավորին չափ համաձայնեցվեն նշանակված շահագրգիռ ավիաընկերությունների միջև յուրաքանչյուր սահմանված երթուղու համար` ամբողջ երթուղին կամ նրա մի մասը շահագործող այլ ավիաընկերությունների հետ խորհրդակցելուց հետո: Այդ ձևով համաձայնեցված սակագները ենթակա են Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը:
3. Եթե նշանակված ավիաընկերությունները չկարողանան համաձայնել այդ սակագներից ցանկացածի հետ, կամ ինչ-որ այլ պատճառով սակագինը չի կարող համաձայնեցվել սույն հոդվածի 2-րդ կետի պայմաններին համապատասխան, ապա Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է փորձեն սակագինը սահմանել` պայմանավորվելով միմյանց հետ:
4. Եթե ավիացիոն իշխանությունները, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, չկարողանան համաձայնության հասնել իրենց ներկայացված որևէ սակագնի հաստատման կամ, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, որևէ սակագնի հաստատման հարցում, ապա այդ տարաձայնությունը պետք է կարգավորվի սույն Համաձայնագրի 21-րդ հոդվածի պայմանների համաձայն:
5. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան հաստատված սակագները պետք է ուժի մեջ մնան այնքան ժամանակ, քանի դեռ նոր սակագներ չեն սահմանվել սույն հոդվածի պայմաններին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 14
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություն թռիչքներն սկսելուց առնվազն վաթսուն (60) օր առաջ մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը կներկայացնի ենթադրյալ չվացուցակը` նշելով թռիչքների հաճախականությունը, օդանավի տեսակը, ամբողջակազմը և վաճառքի համար առաջարկվող տեղերի քանակը:
2. Նշանակված ավիաընկերության հաստատված չվացուցակի հետագա ցանկացած փոփոխություն պետք է ներկայացվի մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը:
ՀՈԴՎԱԾ 15
1. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության` պայմանագրային չվագծերում շահագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց ցուցակագրված կայքը, վառելանյութի պաշարները և քսանյութերը, օդանավի պաշարները (ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները և ծխախոտեղենը), որոնք գտնվում են այդ օդանավերում, մյուս Պայմանավորվող կողմի տարածք ժամանելուց հետո կազատվեն բոլոր մաքսատուրքերից և այլ հարկերից ու գանձումներից` պայմանով, որ այդ կայքը, նյութերը և պաշարները մնան օդանավի մեջ մինչև դրանց վերաարտահանումը:
2. Նման մաքսերից, հարկերից ու գանձումներից, բացառությամբ մատուցվող սպասարկման գանձումների, կազատվեն նաև`
ա) օդանավի այն պաշարները, որոնք վերցվել են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում` հիշյալ Պայմանավորվող կողմի իշխանությունների սահմանած չափաբաժինների (լիմիտների) սահմաններում և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի և նշանակված ավիաընկերության` պայմանագրային չվագծերում շահագործվող օդանավերում օգտագործվելու համար,
բ) այն պահեստամասերը, որոնք բերվել են Պայմանավորվող կողմերից մեկի տարածք մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության պայմանագրային չվագծերում շահագործվող օդանավի տեխնիկական սպասարկման կամ նորոգման համար,
գ) այն վառելանյութն ու քսանյութերը, որոնք նախատեսված են պայմանագրային չվագծերում մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության շահագործվող օդանավի օգտագործման համար, եթե անգամ այդ պաշարները օգտագործվելու են մյուս Պայմանավորվող կողմի տարածքով անցնող երթուղու հատվածում, ուր դրանք վերցվել են օդանավ:
3. Պայմանավորվող կողմերից մեկի նշանակած ավիաընկերության` իր շահագործողական պահանջների համար մյուս Պայմանավորվող կողմի տարածք հասցված կամ հասցվելիք վառելանյութը, քսանյութերը, պահեստամասերը, հաշվեցուցակային գույքը, օդանավի պաշարները, ներառյալ սննդամթերքը, ըմպելիքները և ծխախոտեղենը, ազդանյութերը, ավտոտրանսպորտը, կապի և ամրագրման էլեկտրոնային սարքերն ու դրանց պահեստամասերը, ներկայացուցչությունների կահույքն ու սարքավորման և գործունեության համար իրերը, փոխադրման փաստաթղթերը այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածք բերելու, տանելու և գտնվելու ժամանակ ազատվում են բոլոր մաքսատուրքերից և այլ հարկերից ու գանձումներից:
ՀՈԴՎԱԾ 16
1. Նշված ավիաընկերությունների միջև հաշվարկները կկատարվեն Պայմանավորվող կողմերի միջև գործող հաշվարկների և վճարումների համաձայնագրերին համապատասխան:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը իրավունք է վերապահում ազատորեն փոխանցելու ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցման գումարները, որոնք ստացվել են այդ ավիաընկերության կողմից պայմանագրային չվագծերը շահագործվելիս:
3. Նման փոխանցումը պետք է կատարվի Պայմանավորվող կողմերի միջև ֆինանսական հարաբերությունները կարգավորող համաձայնագրի դրույթներին համապատասխան: Նման համաձայնագրի կամ այդ համաձայնագրում համապատասխան դրույթների բացակայության դեպքում Պայմանավորվող կողմերի իրավասու իշխանությունները պետք է որոշեն այդպիսի փոխանցման կարգը: Եթե դա չորոշվի, փոխանցումը պետք է կատարվի ազատ փոխարկելի արժույթով, ըստ արժույթի պաշտոնական փոխանակման փոխարժեքի, արժույթի փոխանակման այն կանոններին համապատասխան, որոնք կիրառում են Պայմանավորվող կողմերը:
ՀՈԴՎԱԾ 17
1. Պայմանագրային չվագծերի շահագործման ապահովման համար մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանն իրավունք է ընձեռվում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բացել իր ներկայացուցչությունները` անհրաժեշտ վարչական, առևտրային և տեխնիկական անձնակազմով:
2. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը իրավունք կունենա մյուս Պայմանավորվող կողմի տարածքում սեփական փոխադրական փաստաթղթերով ավիափոխադրումների ինքնուրույն վաճառք կատարել և դրանց վաճառքի համար գործակալ նշանակել` նշված մյուս Պայմանավորվող կողմի օրենքներին ու կանոններին համապատասխան: Այն դեպքում, եթե մի Պայմանավորվող կողմի ընկերությունների առևտրային գործունեությունը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ներառյալ ավիափոխադրումների վաճառքը, կարգավորելու է Պայմանավորվող կողմերի միջև հատուկ համաձայնագրով, ապա կիրառվելու է այդ համաձայնագիրը:
ՀՈԴՎԱԾ 18
1. Պայմանավորվող կողմերը, միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորություններին ու իրավունքներին համապատասխան, հաստատում են, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը անօրինական միջամտության ձեռնարկումներից պաշտպանելու` միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունը սույն Համաձայնագրի անքակտելի մասն է կազմում: Չսահմանափակելով իրենց իրավունքների ու պարտավորությունների ընդհանուր կիրարկելիությունն ըստ միջազգային իրավունքի` Պայմանավորվող կողմերը գործում են օդանավերում կատարվող հանցագործությունների ու որոշ այլ ձեռնարկումների վերաբերյալ 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված Կոնվենցիայի, Օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի մասին 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված Կոնվենցիայի, Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված Կոնվենցիայի և Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված Արձանագրության, Պայմանավորվող կողմերի միջև գործող երկկողմ համաձայնագրերի և Պայմանավորվող կողմերի մասնակցությամբ գործող բազմակողմ համաձայնագրերի, ինչպես նաև այն համաձայնագրերի դրույթներին համապատասխան, որոնք նրանց միջև կկնքվեն հետագայում:
2. Պայմանավորվող կողմերը խնդրանքի դեպքում միմյանց լիակատար անհրաժեշտ օգնություն են ցույց տալիս` կանխելու օդանավերի ապօրինի զավթումը և այլ ապօրինի ձեռնարկումները` ուղղված օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմերի, օդանավակայանների և օդանավորդական միջոցների անվտանգության, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության ցանկացած այլ սպառնալիքի դեմ:
3. Պայմանավորվող կողմերը գործում են ավիացիոն անվտանգության և տեխնիկական պահանջների վերաբերյալ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հաստատած և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի Հավելվածներում նախատեսված դրույթներին համապատասխան` այնքանով, որքանով այդ դրույթներն ու պահանջները կիրարկելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ` Քաղաքացիական ավիացիայի և օդային տարածության օգտագործման Համաձայնագրին համապատասխան: Պայմանավորվող կողմերը կպահանջեն, որ իրենց գրանցման օդանավեր շահագործողները, որոնց գործունեության հիմնական տեղը կամ մշտական գտնվելու վայրն իրենց տարածքում է, և իրենց տարածքում գտնվող միջազգային օդանավակայանները շահագործողները գործեն ավիացիոն անվտանգության այդպիսի դրույթներին ու պահանջներին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնում է, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է օդանավերի նման շահագործողներից պահանջել սույն հոդվածի 3-րդ կետում հիշատակված` ավիացիոն անվտանգության այն դրույթների և պահանջների կիրարկումը, որոնք այդ մյուս Պայմանավորվող կողմը նախատեսում է իր տարածք մուտք գործելու, մեկնելու և իր տարածքի սահմաններում գտնվելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքի սահմաններում կապահովի օդանավերի պաշտպանության և ուղևորների, անձնակազմի, ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների և օդանավի պաշարների ստուգման պատշաճ միջոցների կիրառում ինչպես մինչև օդանավի վայրէջք կատարելը կամ բեռնելը, այնպես էլ դրանց ընթացքում:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ բարյացակամորեն քննում է կոնկրետ սպառնալիքի առնչությամբ անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկելու մյուս Պայմանավորվող կողմի ամեն մի խնդրանք:
5. Երբ միջադեպ է տեղի ունենում կամ առկա է միջադեպի սպառնալիք` կապված քաղաքացիական օդանավերի ապօրինի զավթման կամ այլ անօրինական ձեռնարկումների հետ, որոնք ուղղված են օդանավերի, դրանց ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ օդանավորդական միջոցների անվտանգության դեմ, Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցույց տալիս կապը դյուրացնելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջոցով և նման միջադեպի կամ դրա սպառնալիքի արագ ու անվտանգ կասեցման նպատակով:
6. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը բավականաչափ հիմքեր ունի ենթադրելու, որ մյուս Պայմանավորվող կողմը հետ է կանգնում սույն հոդվածի ավիացիոն անվտանգության վերաբերյալ դրույթներից, այդ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են խնդրել` անհապաղ խորհրդակցություններ անցկացնել մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ: Խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքի կամ քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն անմիջական սպառնալիքի առաջացման օրվանից 15 օրվա ընթացքում ընդունելի պայմանավորվածության չհասնելու դեպքում հիմք կառաջանա սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի կիրարկման համար:
ՀՈԴՎԱԾ 19
Պայմանավորվող կողմերը սերտ համագործակցություն և փոխգործողություն կիրականացնեն հետևյալ բնագավառներում.
- գիտատեխնիկական քաղաքականություն օդային տրանսպորտի ոլորտում,
- ավիաընկերությունների նյութատեխնիկական ապահովում,
- ավիացիոն մասնագետների ուսուցում և պատրաստման մակարդակի միասնական պահանջների մշակում,
- ավիացիոն տեխնիկայի տեխնիկական շահագործում, նորոգում և փոխադարձ մատակարարումներ:
Համագործակցության այս բնագավառներին վերաբերող հարցերը Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև հատուկ համաձայնագրերի առարկա կդառնան:
ՀՈԴՎԱԾ 20
Սույն Համաձայնագրի կատարմանն առնչվող բոլոր հարցերով սերտ համագործակցություն ապահովելու համար Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև պարբերաբար խորհրդակցություններ կանցկացվեն:
ՀՈԴՎԱԾ 21
Սույն Համաձայնագրի կամ դրա Հավելվածի մեկնաբանման կամ կիրարկման հետ կապված ցանկացած վեճ կլուծվի երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե հիշատակված իշխանությունները համաձայնության չգան, վեճը կլուծվի անմիջականորեն Պայմանավորվող կողմերի միջև:
Պայմանավորվող կողմերի համաձայնության չհասնելու դեպքում վեճը կլուծվի այն կանոններին համապատասխան, որոնք սահմանված են Քաղաքացիական ավիացիայի և օդային տարածության օգտագործման մասին Համաձայնագրով:
ՀՈԴՎԱԾ 22
Եթե Պայմանավորվող կողմերից մեկն առաջարկի փոփոխել սույն Համաձայնագրի կամ դրա Հավելվածի պայմանները, ապա Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև ենթադրվող փոփոխության վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացվեն: Խորհրդակցությունները պետք է սկսվեն դրանց անցկացման վերաբերյալ հարցապնդման պահից վաթսուն (60) օրվա ընթացքում, եթե միայն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները այդ ժամանակի երկարացման մասին չպայմանավորվեն: Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ կմտնի դիվանագիտական ուղիներով հայտագրեր փոխանակելու միջոցով հաստատվելուց հետո:
Հավելվածներում փոփոխություններ կարող են մտցվել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև կայացած համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 23
Սույն Համաձայնագիրը և դրա ցանկացած ուղղում կգրանցվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում:
ՀՈԴՎԱԾ 24
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է այն ամսաթվից 12 ամիս անց, երբ այդպիսի ծանուցագիր է ստացել մյուս Պայմանավորվող կողմը, եթե Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին նշված ծանուցագիրը մինչև այդ ժամկետի լրանալը հետ չվերցվի Կողմերի երկուստեք համաձայնությամբ:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի հոկտեմբերի 4-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` ռուսերեն և հայերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ
1. Այն երթուղիները, որոնք երկու ուղղություններով կշահագործի Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունը (ները).
Հայաստանի Հանրապետության կետերը` Մոսկվա, Նովոսիբիրսկ և միջազգային թռիչքների համար բաց երկու ուրիշ կետ Ռուսաստանի Դաշնությունում, որոնք կհամաձայնեցվեն լրացուցիչ:
2. Այն երթուղիները, որոնք երկու ուղղություններով կշահագործի Ռուսաստանի Դաշնության նշանակած ավիաընկերությունը (ները).
Ռուսաստանի Դաշնության կետերը` Երևան, Գյումրի (Լենինական) և միջազգային թռիչքների համար բաց երկու ուրիշ կետ Հայաստանի Հանրապետությունում, որոնք կհամաձայնեցվեն լրացուցիչ:
Ծանոթություն
ա) Մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և երրորդ երկրներում գտնվող կետերի միջև ուղևորների, բեռների և փոստի փոխադրումներն իրականացնելու` մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերության իրավունքը Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև առանձին պայմանավորվածության առարկա է,
բ) նշանակված ավիաընկերությունների` Պայմանավորվող կողմերի տարածքներում ուրիշ կետեր կատարվող թռիչքները, որոնք նախատեսված չեն սույն Հավելվածով, կիրականացվեն ավիացիոն իշխանությունների միջև համաձայնությամբ և այդ ավիաընկերությունների պայմանավորվածությամբ,
գ) Պայմանավորվող կողմերի տարածքների սահմաններից դուրս գտնվող կետերը լրացուցիչ կորոշվեն ավիացիոն իշխանությունների համաձայնությամբ:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հոկտեմբերի 4-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|