ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 ապրիլի 2009 թ. |
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Մ. Շահգելդյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ ՀՀ սահմանադրական դատարան 18.03.2009թ. մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2008թ. դեկտեմբերի 8-ին Երևանում` արտակարգ իրավիճակներում Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցության նպատակով:
2. Համաձայնագրով արտակարգ իրավիճակներում Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի ցանկացած տեսակի աջակցություն: Աջակցությունը ներառում է ցանկացած տեսակի տեղակայման գործընթաց աղետի օրը, արտակարգ իրավիճակների ընթացքում և վերականգնողական աշխատանքներ իրականացնելիս:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● ձեռնարկել բոլոր միջոցները` արդյունավետ, արագ և համապատասխան մակարդակի աջակցություն երաշխավորելու համար,
● տեղակայման գործընթացի համակարգում այնքանով, որքանով հնարավոր է, համակարգել տեղակայման և աջակցության գործընթացները, ինչպես նաև համակարգել աջակցող կազմակերպությունների գործողությունները, ինչպիսիք են ոչ կառավարական կազմակերպությունները, պետությունները և կազմակերպությունները,
● իր հաշվին տրամադրել արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին աշխատանքներ ծավալելու համար անհրաժեշտ պայմաններ, եթե տեղակայման գործընթացով առկա է նման պահանջ,
● ազատել ցուցաբերվող աջակցությունը ձևակերպումներից, հատկապես սարքավորումների և օգնության համար նախատեսված պարագաների համար սահմանվող ֆորմալ պահանջներից, ապահովել դրանց պահեստավորումը և վերարտահանումը,
● երաշխավորել Հայաստանի տարածք մարդկանց և սարքավորումների մուտքը և ելքը` պետական սահմանում առանց խոչընդոտների հարուցման,
● ապահովել որոնողափրկարարական շների` երկրի տարածք մուտք գործելն ու դուրս գալը, վերացնել անասնաբուժական բոլոր պահանջները,
● վերականգնողական խմբին, օգտագործվող բոլոր սարքավորումները, օգնության պարագաներն ազատել բոլոր տեսակի ուղղակի և անուղղակի հարկերից և տուրքերից, մաքսազերծումից և այլ վճարներից,
● ազատել արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբին բոլոր մաքսային ընթացակարգերից, ուղղակի և անուղղակի հարկերից և այլ վճարներից, ինչպիսիք են կանխիկ գումարի ներմուծման և արտահանման հետ կապված վճարները,
● չդիտարկել թմրանյութերի ներմուծումը կամ տեղակայումից հետո դրանց չօգտագործված չափաբաժնի վերարտահանումը որպես ներմուծում կամ արտահանում` թմրադեղերի մասին միջազգային համաձայնագրի համաձայն,
● ապահովել գոյություն ունեցող հեռահաղորդակցման միջոցների կամ հատուկ հաճախականության օգտագործումը, ինչպես նաև ապահովել արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի կողմից արտակարգ իրավիճակների հեռահաղորդակցման համակարգի հիմնադրումը,
● ստանձնել տեղակայումն իրականացնելիս արտակարգ իրավիճակների և վերականգնողական խմբի անդամների պատճառած վնասների համար պատասխանատվությունը` բացառությամբ այն դեպքի, երբ այդ վնասը հասցվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութության հետևանքով:
4. Համաձայնագիրը սահմանում է նաև համապատասխան իրավասու մարմինների համագործակցության կարգը և նպատակները, համաձայնագրի դրույթների մեկնաբանման և նշված ծառայությունների կատարման առնչությամբ ծագած տարաձայնությունների լուծման կարգը, համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և գործողությունը դադարելու կարգն ու ժամկետները:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համաձայնագրի հայերեն և անգլերեն բնօրինակների միջև առկա են որոշ տարբերություններ: Սույն փաստին իր գրավոր բացատրությունում անդրադարձել է նաև Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչը: Ելնելով համաձայնագրի այն դրույթից, որ համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին, սահմանադրական դատարանն իր դիրքորոշումն արտահայտում է` հիմնվելով նաև համաձայնագրի անգլերեն բնօրինակի վրա:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2008 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
10 ապրիլի 2009 թ. ՍԴՈ-800 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|