Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴԱՈ-24
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.08/18(684) Հոդ.320
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
24.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

24 մարտի 2009 թ.

 

«ՔԱՂԱՔԱՑԻ ԹԱԳՈՒՀԻ ԿՈՒՐԴԻՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 13 ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ դիմող կողմի ներկայացուցիչ Թ. Մալխասյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Թագուհի Կուրդիյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղ. Թագուհի Կուրդիյանի՝ 08.12.2008 թ. սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի զեկուցագիրը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով վեճի առարկա հարցը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից՝ 1993 թվականի հունիսի 29-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 1993 թվականի հունիսի 29-ին, ուժի մեջ է մտել 1993 թ. սեպտեմբերի 1-ին և ուժը կորցրել՝ 2007 թ. հունվարի 4-ին: Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման գործընթացն այդ օրենքի 29 հոդվածի համաձայն (մի շարք փոփոխություններով և լրացումներով հանդերձ) իրականացվել է մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը՝ բացառությամբ մինչ այդ ժամկետի ավարտը քաղաքացիների կողմից տրված դիմումների:

«ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ուժը կորցրած ՀՀ օրենքի 13 հոդվածը սահմանում էր.

«Հոդված 13. Բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով՝ որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:

Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն, վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում են բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող բոլոր իրավունքներից»:

2. Դիմող կողմի փաստարկների համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ նախկին օրենքի 13 հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 8 հոդվածին և 31 հոդվածի 1-ին և 2-րդ մասերին այն առումով, որ այդ օրենքի գործողությամբ խախտվել են այն բոլոր քաղաքացիների սեփականության և դրանից բխող այլ (տիրապետման, օգտագործման, տնօրինման) իրավունքները, որոնք գնման միջոցով բնակարանի սեփականատեր են դարձել 13.06.1989թ-ից մինչև 01.09.1993 թ. ընկած ժամանակահատվածում, և փաստորեն գոյություն ունի էական տարբերություն Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» 13.06.1989 թ. թիվ 272 որոշման և 01.09.1993 թ. ուժի մեջ մտած օրենքի միջև, որը, ըստ դիմողի, խախտում է իր սահմանադրական իրավունքները: Դիմողի կարծիքով՝ «հիմնական տարբերությունը, որն առաջացրել է հակասություն սահմանադրության համապատասխան հոդվածների հետ, դա «որպես անձնական սեփականություն վաճառվում է վարձակալին …» և «սեփականաշնորհումը ձևակերպվում է վարձակալի անունով» արտահայտություններն են»: Դիմողն անընդունելի է համարում նաև դատարանի կողմից «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ նախկին օրենքի 13 հոդվածն անձնական սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի նկատմամբ հետադարձ ուժով կիրառելը:

3. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի իրավական վերլուծությունը հանգեցնում է այն եզրահանգմանը, որ դիմողի կողմից վիճարկվում է ոչ թե «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի սահմանադրականության հարցը, այլ այն, թե արդյո՞ք իր նկատմամբ կարող էին կիրառվել նշված օրենքի դրույթները, երբ ինքը փաստացի վիճարկվող բնակարանը գնել է մինչև այդ օրենքի ընդունումը: Պատասխանող կողմը կարծում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե վիճարկվող նորմերի հակասահմանադրականությանը, այլ իրավակիրառական պրակտիկային, որի պարագայում, որպես մոտեցում, պետք է ընդունվեր այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է միայն այն անձանց նկատմամբ, որոնց զբաղեցրած բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքը ծագել է այդ օրենքի հիման վրա, որը հետադարձ ուժ նախատեսող դրույթ չի պարունակում և չէր էլ կարող ունենալ, քանի որ կվատթարացներ այն անձանց իրավական վիճակը, որոնց՝ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ծագել է նախկինում գործող կարգի համաձայն:

Ըստ պատասխանողի՝ քանի որ դիմողը բարձրացնում է դատարանի կողմից իր գործով օրենքի կիրառելիության հարց, ապա հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32, 60 և 69 հոդվածները, սույն գործի վարույթը պետք է կարճել:

4. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նախ պարզել.

- վերջնական դատական ակտով վիճարկվող և իրավաբանական ուժը կորցրած նորմը դիմողի նկատմամբ կիրառված լինելը և արդյունքում՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված նրա սեփականության իրավունքի իրացնելիության ապահովումը,

- դիմումում բարձրացված հարցերի համատեղելիությունը ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի պահանջներին և դրանց լուծման իրավաչափ շրջանակները՝ հաշվի առնելով նաև ՀՀ սահմանադրական դատարանում համանման գործերի քննության պրակտիկան,

- սույն գործով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 2-րդ կետի դրույթների կիրառելիության հնարավոր շրջանակները:

5. Ըստ գործում առկա նյութերի՝ Հայկական ՍՍՀ Մասիսի շրջսովետի գործկոմի 12.03.1979 թվականի թիվ 5 որոշման հիման վրա սույն գործով դիմող քաղ. Թ.Կուրդիյանին հատկացվել է բնակարան` 19,74 քմ մակերեսով, որը Երևանի քաղսովետի գործկոմի 19.03.1982 թ. թույլտվությամբ փոխանակվել է Երևանի Ավանի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 բնակարանի հետ, և Թ. Կուրդիյանին տրվել է թիվ 5813 փոխանակման օրդերը: Այդ ժամանակահատվածում Թ.Կուրդիյանի եղբայրը` Գարիկ Կուրդիյանը և նրանց ծնողները` Ալեքսանդր և Մանյա Կուրդիյանները, Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքից տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն, գրանցվել են Թ.Կուրդիյանի վերոհիշյալ բնակարանում` մինչև Կիրովաբադում վաճառված իրենց բնակարանի փոխարեն նոր բնակարանի ձեռքբերումը:

Թ. Կուրդիյանը Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թ. «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի համաձայն տվյալ բնակարանը պետությունից գնելու համար 13.05.1993 թ. դիմել է Երևանի Խորհրդային շրջխորհրդի գործկոմին և 27.05.1993 թ. կնքված առուվաճառքի պայմանագրով գնել այն որպես անձնական սեփականություն` դրա դիմաց վճարելով 8625 ռուբլի: Կատարվել է պետական գրանցում և քաղ. Թ. Կուրդիյանին տրվել է թիվ 8439 սեփականության վկայագիրը, որը 22.05.2003 թ. փոխարինվել է նոր` սեփականության իրավունքի գրանցման թիվ 1480895 վկայականով:

Վերոհիշյալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ առաջացած վեճի վերաբերյալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2005 թ. հունիսի 8-ի վճիռը վերանայելիս՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն իր 2006 թ. նոյեմբերի 17-ի վճռով իրավաբանորեն հաստատված է ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թ. «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» թիվ 272 որոշման և «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտումը և այդ հանգամանքից ելնելով՝ անիրավաչափ է համարել վիճելի բնակարանի նկատմամբ Գ. Կուրդիյանին և Մ. Կուրդիյանին համասեփականատերեր ճանաչելը, և նշել, որ Գ. Կուրդիյանը ՀՀ պաշտպանության նախարարության միջնորդությամբ Աբովյան քաղաքի Քանաքեռ փողոցի 6-րդ շենքի 4-րդ մուտքի թիվ 31 բնակարանն ստացել, սեփականաշնորհմամբ ձեռք բերել և վաճառել է՝ թաքցնելով վիճելի բնակարանում իր գրանցված լինելու փաստը:

Վերանայելով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վերոհիշյալ վճիռը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2007 թ. մարտի 30-ի որոշմամբ բեկանել է այն, նշելով, որ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թ. «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի և Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 54 հոդվածի նորմերի կիրառմամբ իրավակարգավորումը «...պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո», և որ «…տվյալ դեպքում պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման համար ընտրվել էր վաճառքի ձևը», և որ «վերը նշված տրամաբանությունից է ելնում նաև հետագայում՝ 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը» (նշելով վերջինիս 13 հոդվածի բովանդակությունը):

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը նոր կազմով քննության առնելով «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» վերոնշյալ թիվ 272 որոշմամբ հաստատված Կանոնադրության 20-րդ կետի հիման վրա՝ Երևան քաղաքի Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 13.05.1993 թ. կայացրած թիվ 10/235 որոշման օրինականության հարցը, ճանաչել է այդ որոշումը մասնակի անվավեր՝ չանդրադառնալով համասեփականատերերի կազմին, որի վերաբերյալ 2007 թվականի դեկտեմբերի 10-ին կայացրել է վճիռ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.02.2008 թ. վճռով մասնակի բավարարվել է Գարիկ Կուրդիյանի հայցը, ճանաչվել է նրա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը վիճելի բնակարանի 3/10 մասի նկատմամբ և մերժվել է Թագուհի Կուրդիյանի, Հովհաննես և Տիգրան Այվազյանների հայցն ընդդեմ Գարիկ Կուրդիյանի, Ավան համայնքի թաղապետարանի` Երևանի Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 13.05.1993 թ. թիվ 10/235 որոշումն ընտանիքի անդամ համարելու մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին: Վճիռ կայացնելիս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հետադարձ ուժով, ըստ էության, կիրառել է «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածը՝ տարածելով այն «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանները որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» ՀՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թ. թիվ 272 որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Խորհրդային շրջխորհրդի գործկոմի 13.05.1993 թ. կայացրած թիվ 10/235 որոշմամբ արդեն իսկ անձնական սեփականության իրավունքով ամբողջությամբ գնված, այլ ոչ թե սեփականաշնորհված բնակարանի նկատմամբ: Եվ, ինչպես փաստել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր վերոհիշյալ վճռում, առաջնորդվելով նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.03.2007 թվականի թիվ 3-506 (ՎԴ) որոշմամբ արտահայտված վերը հիշատակված իրավական դիրքորոշմամբ, առուվաճառքի հիմքով որպես սեփականություն ձեռք բերված բնակարանը ճանաչել է սեփականաշնորհված՝ հիմք ընդունելով վճռի կայացման պահին իրավաբանական ուժը կորցրած՝ «ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքը, դրա 13 հոդվածը և ՀՀ բնակարանային օրենսգիրքը՝ այն մասերով, որոնք նախատեսում էին բնակարանների սեփականաշնորհման գործընթացում և դրանից բխող ընտանիքի չափահաս անդամների ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքի իրացման ընդհանուր պայմաններ: Արդյունքում, սույն գործով դիմողը զրկվել է վիճելի բնակարանի 3/10 մասի նկատմամբ սեփականության իրավունքից: Ընդ որում, ինչպես երևում է գործի նյութերից, վերոհիշյալ քաղաքացիական վեճի քննության և լուծման շրջանակներում գործնականում կիրառվել են ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, 10 հոդվածի 3-րդ մասի պահանջները, այլ իրավաբանական ուժ չունեցող ակտեր («ՀՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ նախկին օրենքը, դրա 13 հոդվածը և նախկին ՀՀ բնակարանային օրենսգիրքը):

Սույն գործի քննության նախապատրաստման շրջանակներում իր լրացուցիչ բացատրությանը կից դիմողը սահմանադրական դատարան է ներկայացրել նաև 2006 թվականի հոկտեմբերի 9-ին կազմված և թվագրված կտակի պատճենը, համաձայն որի՝ Գարիկ Կուրդիյանն իր ամբողջ շարժական և անշարժ գույքը, ըստ դիմողի, կտակել է վեճի լուծման պահին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության դատախազ Արմեն Աբգարյանի որդուն՝ քաղ. Վազգեն Արմենի Աբգարյանին, որպիսի փաստն իր պնդմամբ հաստատում է սույն գործով քաղաքացիական վեճի ոչ իրավաչափ լուծման մասին:

6. Առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի դրույթներով՝ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև սույն գործով դիմումում բարձրացված հարցերը ձևականորեն համապատասխանում են վերոհիշյալ օրենքի պահանջներին, այսինքն՝ առկա է գործը լուծող վերջնական դատական ակտը և՝ դրանով դիմողի նկատմամբ վիճարկվող ակտի ըստ էության կիրառումը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և սահմանադրական դատարանը կասկածահարույց չի համարում ուժը կորցրած օրենքի վիճարկվող նորմի սահմանադրականությունը, այնուհանդերձ, ՀՀ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով բավարար չեն իրավակարգավորման այն շրջանակները, որոնք թույլ կտային որոշելու անձի նկատմամբ ընդհանուր կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառված այն ակտի սահմանադրականությունը, որն իրավաբանական ուժը կորցրել է մինչև սահմանադրական դատարան անձի կողմից դիմում ներկայացնելը: Ու թեև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն ՀՀ սահմանադրական դատարանն է ապահովում ՀՀ իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը, այնուհանդերձ, օրենքով նախատեսված չլինելու պայմաններում սույն գործով առկա չէ իրավական այն միջոցը, որը համանման դեպքերում հնարավորություն կտար սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիմքով քաղաքացու խախտված իրավունքները (այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքը) ընդհանուր (կամ մասնագիտացված) արդարադատական կարգով վերականգնելու համար: Այլ կերպ, ի տարբերություն միջազգային սահմանադրական-արդարադատական պրակտիկայի, ՀՀ-ում սահմանադրական դատարանն իրավասու չէ որոշել դատական ակտերի սահմանադրականությունը:

7. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 2-րդ կետի համաձայն սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը, եթե իրավական ակտը կամ դրա դրույթը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, վերացվել է կամ ուժը կորցրել է գործի դատաքննությունից առաջ կամ դրա ընթացքում և չի կիրառվել: Անդրադառնալով այդ նորմի դրույթների կիրառման իրավաչափության խնդրին, սահմանադրական դատարանն իր՝ 08.05.2007 թ. ՍԴԱՈ-63 որոշմամբ դիրքորոշում է արտահայտել, որ դրանք «…կիրառելի են այն իրավական ակտերի կամ դրանց դրույթների նկատմամբ, որոնք իրենց իրավաբանական ուժը կորցրել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելուց հետո՝ մինչև տվյալ գործի դատաքննությունն սկսելը կամ՝ դրա ընթացքում»: Սակայն սույն գործի առանձնահատկությունը պայմանավորված է իրավաբանական ուժ չունեցող և վերջնական դատական ակտով կիրառված ակտի սահմանադրականության վիճարկմամբ, որն անհամատեղելի է սահմանադրական արդարադատության ընդհանուր սկզբունքների հետ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 101 հոդվածի 6-րդ կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64, 68 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը և դրա 13 հոդվածն օրենսդրի կողմից ընդունվելու, ուժի մեջ մտնելու և գործողության ընթացքում սահմանադրականության խնդիր չեն հարուցել և իրավաբանական ուժը կորցնելուց հետո չէին կարող կիրառվել դատարանների կողմից:

2. «Քաղաքացի Թագուհի Կուրդիյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով վարույթը կարճել:

3. Սահմանադրական դատարանի սույն գործով որոշումը, կտակի պատճենը, կողմի բացատրությունները տրամադրել ՀՀ դատախազությանը՝ սահմանադրական դատարանի որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում քննության առնելու հնարավոր իրավախախտումների փաստերը և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


24 մարտի 2009 թ.
ՍԴԱՈ-24

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան