Գլխավոր տեղեկություն
Համար
N 454-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2009-12.05.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.13/63(518) Հոդ.521
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2009 թվականի N 454-Ն

 

«ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` Գյումրու, Վանաձորի, Հրազդանի և Կապանի մասնաճյուղերով:

2. Հաստատել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 8-ի N 1152-Ն որոշման 3-րդ կետի` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված` 236299.2 հազ. դրամ արժեքով շենքերը և շինությունները` Երևան քաղաքի Կոմիտասի 49/3 հասցեում տեղակայված` 13692.2 քառ. մետր մակերեսով տարածքը, Գյումրի քաղաքի Անանիա Շիրակացու 68 հասցեում տեղակայված` 880,21 քառ. մետր մակերեսով տարածքը, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 46 հասցեում տեղակայված` 591.44 քառ. մետր մակերեսով տարածքը, ինչպես նաև 260196.0 հազ. դրամ արժեքով գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած` պետական սեփականություն հանդիսացող` 18362.0 հազ. դրամ արժեքով շարժական գույքը սեփականության իրավունքով հանձնել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Սահմանել, որ`

1) «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) գործունեությունն ուղղված է սույն որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված առարկայի ու նպատակների իրագործմանը, որի ընթացքում կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` սույն որոշման հավելվածի 11-րդ կետով նախատեսված տեսակներով.

2) կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային հաշվի ազատ միջոցներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

6. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կազմակերպության գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` կազմակերպության պետական գրանցումից հետո 5-օրյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում թվարկված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 7

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

ապրիլի 23-ի N 454-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է։

2. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ։

3. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։

4. Կազմակերպության անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` «ՆՁԱԿ» ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ` «Национальный центр инноваций и предпринимательства» государственная некоммерческая организация.

4) ռուսերեն կրճատ` «НЦИП» ГНО.

5) անգլերեն լրիվ` «National Center of Innovation and Enterpreneurship» State Non Commercial Organization.

6) անգլերեն կրճատ` «NCIE» SNCO։

5. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվներ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիքներ, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ։

6. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով։ Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։ Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար։

7. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0051, Կոմիտասի 49/3։

8. Կազմակերպությունն ունի հետևյալ մասնաճյուղերը`

1) «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղ (քաղ. Գյումրի, Անանիա Շիրակացու 68).

2) «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Հրազդանի մասնաճյուղ (քաղ. Հրազդան, Կենտրոն թաղամաս, 46).

3) «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի մասնաճյուղ (քաղ. Կապան, Գարեգին Նժդեհի 22).

4) «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ (քաղ. Վանաձոր, Վայքի հրապարակ)։

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

9. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

1) ձեռներեցությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գործընթացների իրականացմանն աջակցությունը.

2) արդիական բիզնես-մեթոդների ներմուծումը և արմատավորումը.

3) մտավոր սեփականության առևտրայնացմանն աջակցությունը.

4) նորագույն տեխնոլոգիաների հետազոտությունների իրականացումն ու դրանց մասին տեղեկատվության մատչելիության ապահովումը.

5) գիտատեխնիկական տեղեկատվական և գրադարանային ծառայությունների մատուցումը։

10. Կազմակերպության գործունեության առարկան է`

1) վարչական, ինովացիոն, ֆինանսատնտեսական, իրավաբանական աուտսորսինգը.

2) ինովացիոն հետազոտությունների և մշակումների վերլուծությունն ու հրապարակումը.

3) օտարերկրյա և միջազգային ինովացիոն կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը.

4) նորամուծական գաղափարների, նախագծերի և ծրագրերի կազմմանն ու իրականացմանն աջակցությունը.

5) սեմինարների, համաժողովների, գիտաժողովների, շնորհանդեսների և ցուցահանդեսների կազմակերպումը.

6) կազմակերպությունների ինովացիոն ներուժի և բիզնես-նախագծերի գնահատման ծառայությունները.

7) մտավոր սեփականության օբյեկտների պահպանության հարցերով ծառայությունների մատուցումը.

8) ինտեգրումը «ԳՐԻԴ» համակարգում.

9) գիտատեխնիկական և արտոնագրային համաշխարհային ռեսուրսների պարբերական և կանոնակարգված հավաքագրումն ու պահպանումը, ինչպես նաև միջազգային տվյալների բազաներ մուտքի ապահովումը կազմակերպության վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանում։

11. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) դահլիճների, սրահների տարածքների` վարձակալական հիմունքներով տրամադրում և (կամ) սպասարկում.

2) հրատարակչական գործ.

3) տեղեկատվական սպասարկում, խորհրդատվական ծառայություններ.

4) ցուցահանդեսների կազմակերպում։

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

12. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է նրա հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնված, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում ստեղծված և ձեռք բերված գույքից։ Կազմակերպությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում է այդ գույքը։

13. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի։

14. Կազմակերպությունը կարող է ունենալ հիմնադրի կողմից անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույք։

15. Կազմակերպությունն իրավունք չունի օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները։

16. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հիմնադրի անունից հանձնելու վարձակալության:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

17. Կազմակերպության կառավարումն իրականացնում են կազմակերպության հիմնադիրը, հիմնադրի լիազորած պետական մարմինը և գործադիր տնօրենը։

18. Հիմնադիրն ունի կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնականապես լուծելու իրավունք` բացառությամբ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

19. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

1) կազմակերպության հիմնադրումը.

2) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխության կատարումը.

4) կազմակերպության վերակազմակերպումն ու լուծարումը։

20. Լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազորված մարմին) իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։

21. Լիազորված մարմինը`

1) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

2) նշանակում է կազմակերպության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.

3) իրականացնում է կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն.

4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործադիր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

5) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները և համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի օտարման ու ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար.

6) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու հաշվեկշիռը.

7) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

22. Կազմակերպության գործադիր մարմինը գործադիր տնօրենն է, որը ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը։

23. Գործադիր տնօրենի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը։

24. Կազմակերպության գործադիր տնօրենը`

1) առանց լիազորագրի գործում է կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

2) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

3) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

4) տնօրինում է կազմակերպության գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները.

5) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

6) կատարում է աշխատանքի բաշխում տեղակալների միջև.

7) սահմանում է աշխատողների աշխատանքի վարձատրության չափերը.

8) բացում է բանկային հաշիվներ.

9) հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները, նշանակում դրանց ղեկավարներին.

10) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ։

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, պետական լիազորված մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ։

26. Կազմակերպությունը պարտավոր է հիմնադրի կողմից սահմանված կարգով հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

27. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։

28. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի։

29. Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան