ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ Ո -152/2008թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-2(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վաչագան Թամազյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Վաչագան Թամազյանի դիմումի՝ վճիռը պարզաբանելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Վաչագան Թամազյանի դիմումի հիման վրա Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 30.04.2004 թվականի որոշմամբ պարզաբանվել է Էջմիածնի ժողդատարանի 12.01.1996 թվականի վճիռը:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.10.2008 թվականի որոշմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 30.04.2004 թվականի որոշումը վերացվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վաչագան Թամազյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հրաչիկ Թամազյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորմամբ.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործը քննել է Վաչագան Թամազյանի բացակայությամբ, առանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու:
Վերաքննիչ դատարանի 02.10.2008 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի մասին ծանուցագիրը Վաչագան Թամազյանին ուղարկվել է 01.10.2008 թվականին, որը ստացվել է 04.10.2008 թվականին: Այսինքն, Վերաքննիչ դատարանը գործը քննել և որոշում է կայացրել Վաչագան Թամազյանի բացակայությամբ՝ զրկելով վերջինիս «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 30.04.2004 թվականի որոշմանը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Անհիմն են բողոք բերած անձի պնդումներն այն մասին, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ստացվել է 04.10.2008 թվականին, քանի որ նշված հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց Վաչագան Թամազյանի կողմից չի ներկայացվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Սույն գործի քննությունն ավարտվել է 02.10.2008 թվականին, իսկ բողոքարկվող որոշումը հրապարակվել է 03.10.2008 թվականին:
2. 02.10.2008 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը Վաչագան Թամազյանին ուղարկվել է 02.10.2008 թվականին: Հանձնման մասին ծանուցման թերթիկի համաձայն` ծանուցագիրը Վաչագան Թամազյանն ստացել է 04.10.2008 թվականին: Այսինքն, 02.10.2008 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Վաչագան Թամազյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Վաչագան Թամազյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու որոշում կայացրել: 02.10.2008 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը Վաչագան Թամազյանին ուղարկվել է դատական նիստի օրը՝ 02.10.2008 թվականին (հիմք՝ փոստային անդորրագիրը), որը Վաչագան Թամազյանն ստացել է 04.10.2008 թվականին (հիմք՝ հանձնման մասին ծանուցման թերթիկը): Վաչագան Թամազյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Վաչագան Թամազյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել:
Վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՜ս Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշմամբ բեկանվել է նույն կողմերի միջև առկա վեճի վերաբերյալ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2008 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է նոր քննության Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված և սույն վեճի համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան | |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ա. Մաթ ևոսյան | ||
Ե. Սողոմոնյան |