ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
24 մարտի 2009 թ. |
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան՝ մուտքագրված 06.02.2009 թ.:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի նոյեմբերի 21-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում՝ միջազգային օդային տրանսպորտի հնարավորությունների ընդարձակմանը նպաստելու, շուկայում ավիաընկերությունների միջև մրցակցության հիման վրա հիմնվելով՝ միջազգային ավիացիայի համակարգը խթանելու նպատակով:
Համաձայնագիրն ունի երկու հավելված` Հավելված 1 («Կանոնավոր օդային փոխադրումներ»), Հավելված 2 («Չարտերային օդային փոխադրումներ»):
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է մասնավորապես հետևյալ պարտավորությունները.
● ավիաընկերությունների կողմից միջազգային օդային փոխադրումների իրականացման համար Ամերիկյան կողմին տրամադրել առանց վայրէջք կատարելու իրավունքի Հայաստանի Հանրապետության օդային տարածքով թռչելու, Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ կոմերցիոն նպատակներով կանգառներ կատարելու իրավունք, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված այլ իրավունքներ,
● ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության ավիաընկերություններն ԱՄՆ տարածք մուտք գործելուց, դրա սահմանների ներսում գտնվելուց կամ դրանից մեկնելուց` մուտքի կամ ելքի, ուղևորներին, ուղեբեռին, անձնակազմին վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը համաձայնեցվեն կամ բխեցվեն Ամերիկյան կողմի ավիաընկերության նման ուղևորներին, ուղեբեռին, անձնակազմին ներկայացվող պահանջներից,
● միջազգային իրավունքով սահմանված իրավունքներին և պարտավորություններին համապատասխան` վերահաստատել, որ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապօրինի միջամտման գործողություններից պաշտպանելու Ամերիկյան կողմի առջև Հայաստանի Հանրապետության պարտավորությունը կազմում է համաձայնագրի անբաժանելի մասը, ինչպես նաև առանց սահմանափակելու միջազգային իրավունքով սահմանված ՀՀ իրավունքների և պարտավորությունների համընդհանուր բնույթը` գործել 1963 թ. Օդանավերում կատարվող հանցագործությունների և մի շարք այլ գործողությունների մասին, 1970 թ. Օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին, 1971 թ. Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին կոնվենցիաների և Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական գործողությունների դեմ պայքարելու մասին 1988 թ. արձանագրության դրույթների համաձայն:
3. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի պահանջներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2008 թվականի նոյեմբերի 21-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|