Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.1993
Ստորագրման ամսաթիվ
02.03.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.1993

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԵՎ ԳԱԶԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարության մինիստրների խորհուրդը, այսուհետ` Կողմեր,

ընդունելով, որ վառելիքաէներգետիկ համալիրները փոխկապակցված են և հանդիսանում են Կողմերի տնտեսության զարգացման հիմքը,

ղեկավարվելով նավթային և գազային արդյունաբերության հետագա զարգացման անհրաժեշտությամբ,

հաշվի առնելով Կողմերի փոխադարձ շահագրգռվածությունը հումքային բազայի արդյունավետ օգտագործման հարցում, ինչպես նաև այդ բնագավառներում ներդրումային, գիտատեխնիկական և համագործակցության այլ ձևերի հարցում,

ելնելով Եվրոպական էներգետիկ Խարտիայի սկզբունքներից,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. Կողմերը, փոխշահավետության, փոխօգնության և միմյանց տնտեսական վնաս հասցնող գործողություններ չթույլատրելու հիմունքներով, համակողմանիորեն կզարգացնեն համագործակցությունը նավթային և գազային արդյունաբերության մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 2. Կողմերը միջոցներ կձեռնարկեն նավթային և գազային արդյունաբերության համար սարքավորումների, նյութերի, կոմպլեկտավորման իրերի և այլ արտադրանքի` ճյուղային և միջճյուղային ձևավորված կապերի պահպանման, դրանց հետագա զարգացման և կատարելագործման ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3. Կողմերն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն նավթային և գազային արդյունաբերության համար միավորումների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից սարքավորումներ, նյութեր, կոմպլեկտավորման իրեր և այլ արտադրանք մատակարարվելու պայմանագրերի կնքմանը և կատարմանը: Ընդ որում առանձնացված քվոտաների սահմաններում արտադրանքի կարևորագույն տեսակների մատակարարումների ծավալները սահմանվում են ամեն տարի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված նախարարության (գերատեսչության) և Ռուսաստանի Դաշնության վառելիքի և էներգետիկայի նախարարության միջև` առանձին արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4. Կողմերը միջոցներ կձեռնարկեն երկկողմ ծրագրերի կատարումը և միջպետական բազմակողմ ծրագրերի համակարգումը նավթային և գազային արդյունաբերության մեջ գիտատեխնիկական և փորձարարակոնստրուկտորական մշակումները ապահովելու, նոր տեխնոլոգիաների և տեխնիկայի ներդրումը կազմակերպելու ուղղությամբ` արդյունավետորեն օգտագործելով Կողմերի գիտահետազոտական և նախագծակոնստրուկտորային կազմակերպությունների ձևավորված կառուցվածքը և մասնագիտացումը:

 

ՀՈԴՎԱԾ 5. Կողմերը կնպաստեն նավթային և գազային արդյունաբերության մեջ միասնական համաձայնեցված նորմատիվ և տեխնիկական քաղաքականություն վարելուն, գործող ստանդարտների և տեխնիկական պայմանների միասնականացմանը` ապահովելով այդ բնագավառներում օբյեկտների շինարարության, դրանց շահագործման, տեխնոլոգիական կառավարման և անվտանգության նորմերի ու կանոնների միասնականությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6. Կողմերը միջոցներ կձեռնարկեն նավթային և գազային արդյունաբերության մեջ պետական բնապահպանական ծրագրերի մշակման և իրագործման ուղղությամբ` միասնական մեթոդոլոգիական մոտեցման հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 7. Կողմերի տնտեսավարող սուբյեկտների համատեղ գործունեության շրջանները և նավթի ու գազի հանքավայրերի հետախուզման, սարքավորման և մշակման, ճանապարհների, բնակարանների և սոցիալ-մշակութային նշանակության օբյեկտների շինարարության աշխատանքների ծավալները կորոշվեն ամեն տարի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված նախարարության (գերատեսչության) և Ռուսաստանի Դաշնության վառելիքի և էներգետիկայի նախարարության միջև` առանձին արձանագրությամբ` տեղական մարմինների հետ սահմանված կարգով համաձայնեցնելով և Ռուսաստանի Դաշնության կառավարության հավանությանն արժանանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 8. Կողմերը կնպաստեն նոր նավթային և գազային հանքավայրերի հետախուզման, սարքավորման և շահագործման, չօգտագործվող հանքահորերի վերանորոգման և շահագործման մեջ դնելու գծով համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, նավթի արդյունահանման երկրորդական մեթոդների կիրառման ընդլայնմանը, նավթ և գազ արդյունահանող շրջաններում արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 9. Կողմերը կապահովեն սույն Համաձայնագրի կատարմանը մասնակցող տնտեսավարող սուբյեկտներին պատկանող և նրա նպատակների համար օգտագործվող տեխնոլոգիական և տեխնիկական միջոցների, նյութերի և մեխանիզմների անարգել ու անմաքս ներկրումը և արտահանումը:

 

ՀՈԴՎԱԾ 10. Սույն Համաձայնագրին համապատասխան կատարված աշխատանքների համար փոխհաշվարկները կիրականացվեն Կողմերի կողմից` տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերով (կոնտրակտներով) նախատեսված պայմաններով:

 

ՀՈԴՎԱԾ 11. Կողմերը կապահովեն Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և երաշխիքների պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 12. Կողմերը փոխադարձ օգնություն կցուցաբերեն նավթային և գազային արդյունաբերության օբյեկտներում տարերային աղետների և վթարների հետևանքները վերացնելիս, այդպիսի օբյեկտների գործունեության հուսալիությունը և կայունությունը բարձրացնելու ուղղությամբ առանձին համատեղ աշխատանքները ֆինանսավորելիս:

 

ՀՈԴՎԱԾ 13. Կողմերը պատշաճ միջոցներ կձեռնարկեն իրենց տարածքներով անցնող նավթի և գազի գլխավոր խողովակաշարերի կայուն աշխատանքի ապահովման ուղղությամբ և կիրականացնեն իրենց տարածքներով նավթի, գազի և նավթամթերքների անարգել տարանցումը:

 

ՀՈԴՎԱԾ 14. Կողմերը մտադիր են սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ ծագող բոլոր հարցերը լուծել բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15. Կողմերը պայմանավորվեցին, որ սույն Համաձայնագրի պայմանների միակողմանի փոփոխություն չի թույլատրվում: Սույն Համաձայնագրի բոլոր փոփոխություններն ու լրացումները գործում են միայն դրանք գրավոր ձևակերպելու և Կողմերի լիազորված մարմինների կողմից ստորագրվելու պայմանով:

Կողմերը հաստատում են, որ Կողմերի տնտեսավարող սուբյեկտների միջև սույն Համաձայնագրի կատարմանն ուղղված պայմանագրեր կնքելիս և իրագործելիս ծագող վեճերը քննվում են սահմանված կարգով` դատարանների, արբիտրաժային (տնտեսական) կամ միջնորդ դատարանների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 16. Կողմերը պարտավորվում են կազմակերպել սույն Համաձայնագրի կատարման ընթացքի մասին տեղեկության օպերատիվ փոխանակում:

 

ՀՈԴՎԱԾ 17. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և ուժի մեջ է մնում մինչև մեկ տարին լրանալը այն օրվանից, երբ Կողմերից մեկը գրավոր կծանուցի մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Սուրգութ քաղաքում 1993 թվականի մարտի 2-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մարտի 2-ից: