Գլխավոր տեղեկություն
Համար
N 537-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.595
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2009 թվականի N 537-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) 5-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընտրված էլեկտրոնային թվային ստորագրությունների» բառերը փոխարինել «միայն լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով.

2) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) հարկային մարմնի տեղեկատվական համակարգում «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային գաղտնիքի շարքը դասվող տեղեկություն պարունակող կամ կազմող էլեկտրոնային փաստաթղթերի նկատմամբ կիրառվում է սույն կետի «ա» ենթակետով սահմանված կարգով հավատարմագրված հավաստագրման կենտրոնների կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը և դրանց համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցները, եթե էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցները հնարավորություն են տալիս էլեկտրոնային փաստաթուղթն ստորագրող անձին նույնացնելու ըստ անձնագրային տվյալների և սոցիալական քարտի համարի, իսկ դրանց բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի համարի։»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հարկային և պարտադիր այլ վճարների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարզեցված ընթացակարգը հաստատելու մասին» N 471-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման վերնագիրը «ընթացակարգը» բառից հետո լրացնել «և դրանք հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգն ու պայմանները» բառերով.

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Հարկային հավաքագրումներում ինքնագնահատման համակարգի ներդրման ռազմավարական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 731-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարզեցված ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը, այլ փաստաթղթերը և տեղեկությունները էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգն ու պայմանները` համաձայն N 2 հավելվածի։».

4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի.

5) որոշման հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. մայիսի 20

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 14-ի N 537-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

փետրվարի 16-ի N 471-Ն որոշման

Կ Ա Ր Գ  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով և պայմաններով (այսուհետ` կարգ) կանոնակարգվում է հարկ վճարողների և ապահովադիրների կողմից (այսուհետ` սույն կարգի իմաստով` հարկ վճարողներ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու գործընթացը:

2. Հարկ վճարողները կարող են հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել էլեկտրոնային թվային ստորագրության ու ծածկագրի և գաղտնաբառի (Login & Password) միջոցով:

3. Էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացված հաշվետվությունները հարկման առումով ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ հարկային մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխան թղթային կրիչի վրա անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված (իսկ կնիք դնելը պարտադիր լինելու դեպքում` կնիքով ամրագրված) փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության` բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

4. Հարկային մարմինը հարկերից տարբերվող` իր կողմից հավաքագրվող այլ տեսակի պարտադիր վճարների հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու համար հաստատում է ժամանակացույց` հաշվի առնելով դրանց գծով համապատասխան ընթացակարգերի մշակման անհրաժեշտությունը և տեխնիկական հնարավորությունները: Ժամանակացույցում ներառված բոլոր միջոցառումներն ավարտվում են մինչև 2010 թվականի հունիսի 30-ը:

5. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են`

1) էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնելը` առանց թղթային կրիչի վրա տեղադրելու` հաշվետվությունները ֆիզիկապես հարկային մարմին ուղարկելու կամ առձեռն կամ այլ կերպ հասցնելու, դրանք ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ ներկայացնելը: Վերջինիս իրականացման թույլատրելի եղանակն էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ իրականացնելն է` ներառելով նաև էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի օգտագործումը.

2) էլեկտրոնային թվային ստորագրություն` սահմանումը համապատասխանում է և կիրառումը կարգավորվում է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-40-Ն օրենքով.

3) էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ` էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան (login), ինչպես նաև գաղտնաբառի (password) համակցությունն է, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու հարկային մարմնի տեղեկատվական համակարգ և թույլ է տալիս տվյալ տեղեկատվական համակարգում նույնականացնել էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:

6. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացվում են հետևյալ չորս գործողությունների միջոցով`

1) հավատարմագրված հավաստագրման կենտրոնից էլեկտրոնային ստորագրության հավաստագրի ստացում.

2) հարկային մարմնի հետ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի կնքում (այսուհետ` ԷՆՊ): ԷՆՊ-ում նշվում են պայմանագրի առարկան և ծառայությունների մատուցման պայմանները, հարկ վճարողի կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնող լիազորված անձի անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը, հարկ վճարողի և հարկային մարմնի իրավունքներն ու պարտականությունները, համակարգի տեխնիկական խափանումների դեպքում` հարկ վճարողի կողմից հաշվետվությունները պատշած ձևով և ժամկետներում ներկայացրած լինելու հավաստման ընթացակարգը, վեճերի քննարկման կարգը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի գործողության ժամկետը և այլ պայմաններ: Պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը.

3) ԷՆՊ-ի հիման վրա հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի ստացում.

4) համապատասխան համակարգչային ծրագրերի և սարքերի միջոցով հաշվետվությունները ներկայացնելը և տեղեկատվություն փոխանակելը:

Սույն կետի առաջին երեք գործողություններն իրականացվում են միայն առաջին անգամ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների ժամանակ:

7. Էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստանալու համար ներկայացվող փաստաթղթերն են`

1) հարկ վճարողի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը կամ հրամանը` հարկ վճարողի կողմից էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի օգտագործման և դրանք հարկային մարմնից ստանալու (ներառյալ` ԷՆՊ կնքելու) իրավասու անձ լինելու մասին.

2) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

3) ԷՆՊ-ն` ըստ հարկային մարմնի կողմից հաստատված օրինակելի ձևի (լրացվում է հարկային մարմնում` վերջինիս կողմից հաստատված ձևով, և կնքվում մեկ աշխատանքային օրվա ընթացքում):

8. Հարկ վճարողները հարկային մարմնի հետ ԷՆՊ կնքելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փակ ծրարի միջոցով առձեռն ստանում են համապատասխան էլեկտրոնային գաղտնաբառը և ծածկագիրը: Հարկ վճարողներն իրենք են պատասխանատու էլեկտրոնային գաղտնաբառի և ծածկագրի գաղտնիության պաշտպանության, այն չտարածելու և պահպանելու համար: Գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքում հարկ վճարողը պետք է դիմի հարկային մարմին` գաղտնաբառը վերականգնելու կամ նոր գաղտնաբառ ստանալու համար` ներկայացնելով համապատասխան դիմում և պահանջը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր` համաձայն ԷՆՊ-ի: Գաղտնաբառը վերականգնվում է, կամ նոր գաղտնաբառը տրամադրվում է պարզեցված ընթացակարգով:

9. Հարկ վճարողը էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համար`

1) մուտք է գործում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (www.taxservice.am) «էլեկտրոնային հաշվետվություններ» բաժին, ընտրում է համապատասխան հաշվետվության ձևը, լրացնում, ստորագրում և հաստատում է, որից հետո հաշվետվությունն ավտոմատ ուղարկվում է հարկային մարմին.

2) համապատասխան հաշվապահական ծրագրից գեներացված կամ ցանկացած այլ էլեկտրոնային եղանակով կազմված և հարկային մարմնի հաստատած ձևաչափին (ֆորմատին) համապատասխանող հաշվետվությունն ստորագրվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ և ուղարկում համապատասխան հասցեով կամ էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով գրանցվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի «էլեկտրոնային հաշվետվություններ» բաժնի հարկ վճարողի դարանում, և յուրաքանչյուր հերթական անգամ մուտք գործելով այնտեղ, կցում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հաշվետվությունը և հաստատում, որից հետո հաշվետվությունն ավտոմատ ուղարկվում է հարկային մարմին: Էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները պետք է համապատասխանեն գործող իրավական ակտերով սահմանված ձևերին և դրանց լրացման պահանջներին (բացառությամբ ձեռագիր ստորագրման ձևի և կնքման պահանջների):

10. Հաշվետվությունները պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգը հարկ վճարողին (համակարգից օգտվողին) կներկայացնի հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցում: Ծանուցումը հավաստում է այն փաստը, որ հաշվետվությունը տվյալ օրը և ժամին, հարկային մարմնի տեղեկատվական համակարգում գործող համապատասխան համակարգչային ծրագրով ձևավորված գրանցման համարով, ներկայացվել ու գրանցվել է հարկային մարմնի տվյալների բազայում: Դա կհանդիսանա հարկային մարմին հաշվետվությունը ներկայացնելու օր: Հարկ վճարողը հնարավորություն կունենա տպելու իր կողմից ուղարկված հաշվետվությունը, ինչպես նաև նշված ծանուցումը: Հարկ վճարողի կատարած գործողությունների լիարժեք պատմությունը պահպանվում է հարկային մարմնի կայք էջի նրա դարանում, որտեղից նա կարող է բեռնել տեղեկատվությունը, տպել և տեղափոխել: Հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվետվությունները ենթակա չեն փոփոխման:

11. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետը մի քանի հաշվետվություններ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվելու դեպքում, այդ թվում` թղթային տարբերակով, նախորդ հաշվետվությունները կտեղափոխվեն և կպահպանվեն տվյալների բազայում, իսկ ներկայացված վերջին հաշվետվությունը կպահպանվի` որպես ճշգրտված հաշվետվություն: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հաշվետվությունները ներկայացնելու վերջնաժամկետից հետո առաջին անգամ ներկայացված հաշվետվությունները կգրանցվեն որպես ուշ ներկայացված հաշվետվություններ, իսկ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար մեկ անգամից ավելի ներկայացված հաշվետվությունները կհամարվեն ճշգրտված հաշվետվություններ: Երկրորդ և ավելի անգամ ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու համար օրենքով տուգանք նախատեսված լինելու դեպքում` համակարգն ավտոմատ կուղարկի ծանուցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տուգանք նշանակելու մասին, և տուգանքը կգրանցվի հարկ վճարողի անձնական հաշվի համապատասխան քարտերում:

12. Թղթային և էլեկտրոնային կրիչներով տրամադրվող հաշվետվությունները մշակվում են հարկային մարմնի կողմից: Մշակված տվյալները տրամադրվում են հարկ վճարողին` էլեկտրոնային փոստով կամ կցելով հարկային մարմնի կայք էջի հարկ վճարողի բաժնին: Հարկ վճարողը, տեսնելով անհամապատասխանություն իր ուղարկած և մշակված տեղեկատվության միջև, դրա մասին տեղեկացնում է հարկային մարմնին:

13. Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ստացված հաշվետվությունների տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը:»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան