Գլխավոր տեղեկություն
Համար
N 400-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.29/22(688) Հոդ.460
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2009 թվականի N 400-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 3-րդ կետի «ը» ենթակետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերը.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.

«5. Բնության հատուկ պահպանվող տարածքներից հողամասերի կառուցապատման և օգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն ու N 1578-Ն որոշումներով սահմանված դրույթներին համապատասխան:».

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգում`

ա. 2-րդ կետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերը,

բ. 2.1-ին կետում «V և VIII» բառերը փոխարինել «V, VIII և VIII.II» բառերով,

գ. 4-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «Երևան քաղաքում և» բառերը,

դ. 7-րդ կետից հանել «Երևանի քաղաքապետի,» բառերը,

ե. ուժը կորցրած ճանաչել17-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը,

զ. 24-րդ կետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը,

է. 30-րդ կետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերը,

ը. 41-րդ կետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերը,

թ. 47-րդ կետից հանել «Երևանի քաղաքապետի,» բառերը,

ժ. 49-րդ կետից հանել «(Երևանի քաղաքապետի)» բառերը,

ժա. 57-րդ կետից հանել «(Երևան քաղաքում)» և «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերը,

ժբ. VIII.I գլխի վերնագիրը «Երևան քաղաքում» բառերից հետո լրացնել «և քաղաքային այլ համայնքներում» բառերով,

ժգ. 59.1-ին կետում «Երևան քաղաքում պետական» բառերը փոխարինել «Երևան քաղաքում և քաղաքային այլ համայնքներում պետական կամ համայնքային» բառերով,

ժդ. 59.2-րդ կետում «Երևան քաղաքում պետական» բառերը փոխարինել «Երևան քաղաքում և քաղաքային այլ համայնքներում պետական կամ համայնքային» բառերով, իսկ «Երևանի քաղաքապետարանի» բառերը` «համապատասխան քաղաքապետարանի» բառերով,

ժե. 59.3-րդ կետում «Երևան քաղաքում պետական» բառերը փոխարինել «Երևան քաղաքում և քաղաքային այլ համայնքներում պետական կամ համայնքային» բառերով,

ժզ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 59.4-րդ և 59.5-րդ կետերով.

«59.4. Երևան քաղաքում և քաղաքային այլ համայնքներում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի տրամադրման հրապարակային սակարկությունները կարող են անցկացվել նաև ռիելտորական գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջոցով:

59.5. Երևան քաղաքում և քաղաքային այլ համայնքներում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի տրամադրման հրապարակային սակարկությունները կարող են անցկացվել նաև սույն կարգով սահմանված էլեկտրոնային սակարկությունների միջոցով:»,

ժէ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` VIII.II գլխով.

«VIII.II. Երևան քաղաքում և քաղաքային այլ համայնքներում հողամասերի էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման ու անցկացման առանձնահատկությունները

59.6. Էլեկտրոնային սակարկությունների միջոցով հողամասերի աճուրդները կամ մրցույթներն էլեկտրոնային համակարգերի (այսուհետ` համակարգ) կիրառմամբ էլեկտրոնային համապատասխան կայքի (այսուհետ` կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որոնք կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման լիազորություն ունեցող մարմինների կողմից, ինչպես նաև դրանք կարող են անցկացվել ռիելտորական գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջոցով:

Էլեկտրոնային սակարկությունների եղանակով հողամասերի աճուրդային կարգով օտարման և մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հայտարարություններն էլեկտրոնային սակարկություններն սկսելու օրվանից առնվազն մեկ ամիս առաջ պարտադիր հրապարակվում են ինչպես համապատասխան ինտերնետային կայքում, այնպես էլ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում՝ ինտերնետային կայքի մասին տեղեկատվության պարտադիր նշումով:

59.7. Էլեկտրոնային սակարկության լոտ կարող է դառնալ սույն կարգով նախատեսված՝ աճուրդային կարգով հողամասերի օտարման և մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման ենթակա հողամասերը` անկախ դրանց նպատակային կամ գործառնական նշանակությունից:

59.8. Էլեկտրոնային սակարկությունների մասին հրապարակային ծանուցումը համապատասխան կայքում հրապարակվում է աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և սույն կարգով նախատեսված աճուրդի կամ մրցույթի մասին տեղեկությունները և կազմակերպման փաթեթում ներառվող բոլոր փաստաթղթերը:

59.9. Էլեկտրոնային սակարկություններին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք ինտերնետ կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում համապատասխան կամ էլեկտրոնային դեպոզիտ հաշվին և գրանցվում են համակարգում:

59.10. Լոտը սակարկություններից կարող է հանվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

59.11. Էլեկտրոնային սակարկությունների մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

59.12. Յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային սակարկությունների ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակվելու 5-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը:

Սակարկության ավարտին նախորդող 10 րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում սակարկությունը շարունակվում է ևս 10 րոպե` հաշված առաջարկի ստացման պահից:

59.13. Էլեկտրոնային սակարկությունների ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային հայտը` առնվազն նվազագույն հավելման չափով:

59.14. Էլեկտրոնային սակարկությունում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով, որի արդյունքները մեկ օրվա ընթացքում համապատասխան ստորագրությամբ հաստատվում են սույն կարգի 59.6-րդ կետով սահմանված լիազորված մարմինների ղեկավարների կողմից:

59.15. Էլեկտրոնային սակարկությունում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է համապատասխան հաշվին:

59.16. Սակարկություններին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի մուծած նախավճարն ապասառեցվում է, իսկ կանխիկ մուծվածը կամ դեպոզիտ հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք բանկային օրվա ընթացքում:

59.17. Հաղթողի կողմից գնման գինը չվճարվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է համապատասխան հաշվում:

59.18. Հաղթողի կողմից համապատասխան գինը վճարվելուց հետո` սույն կարգով սահմանված ժամկետներում նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

Հաղթողի կողմից` նշված ժամկետում պայմանագիր չկնքվելու դեպքում համապատասխան գինը վերադարձվում է նրան, իսկ նախավճարը մնում է դեպոզիտ հաշվում:

59.19. Եթե հրապարակային սակարկություններն անցկացվել են նախօրոք սակարկությունների արդյունքում ընտրված լիցենզավորված անձանց միջոցով, ապա ստացված գումարը պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամկետում փոխանցվում կամ հանձնվում է Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարան, իսկ մյուս քաղաքային համայնքներում` համապատասխան համայնքին:

59.20. Էլեկտրոնային սակարկությունները համարվում են չկայացած, եթե`

1) սակարկություններին չի մասնակցել ոչ մի մասնակից.

2) սակարկությունների ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.

3) հաղթած անձը հրաժարվել է սահմանված ժամկետում պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը:

59.21. Էլեկտրոնային սակարկություններն անվավեր ճանաչվելու դեպքում կարող է կազմակերպվել նոր էլեկտրոնային սակարկություն:

59.22. Յուրաքանչյուր չկայացած սակարկությունից հետո` երրորդ աշխատանքային օրը կայքում և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում զետեղվում է կրկնակի էլեկտրոնային սակարկության դրված լոտի մասին ծանուցումը:

59.23. Եթե սակարկությունը չի կայացել մասնակից չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ սակարկությունը կազմակերպելիս` սակարկության լոտի մեկնարկային գնի իջեցում չի լինում, և այլ լոտը հանվում է սակարկությունից:

59.24. Եթե սակարկությունը չի կայացել հաղթողի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չվճարվելու կամ համապատասխան պայմանագիրը չստորագրվելու հիմքերով, ապա լոտը կարող է դրվել էլեկտրոնային սակարկության` միևնույն պայմաններով և ծավալով, ինչպես նախորդ սակարկության ժամանակ:»,

ժը. 73-րդ կետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերը.

4) որոշմամբ հաստատված NN 1 և 2 ձևերից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերը:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, 3-րդ ենթակետի` «բ», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ» և «ժէ» պարբերություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ մնացած ենթակետերը` Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. ապրիլի 21
Երևան