Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.08/18(684) Հոդ.345
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.02.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0466/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0466/02/08
2009թ.

Նախագահող դատավոր՝ Վ. Թորոսյան

Դատավորներ՝             Է. Մուրադյան

                       Ն. Հովսեփյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Ա. Մաթևոսյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի փետրվարի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կոնստանտին Տալանյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.09.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Կոնստանտին Տալանյանի հայցի ընդդեմ Եկատերինա, Գաբրիել, Վալենտինա Թալանյանների, Արթուր Միտինյանի, Ալեքսանդր Թալանյանի, Անահիտ Սիտնիկովայի և ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի` անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության վկայագրերը և սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների, Եկատերինա, Գաբրիել, Վալենտինա, Ալեքսանդր Թալանյանների, Անահիտ Սիտնիկովայի և Արթուր Միտինյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կոնստանտին Տալանյանի (երրորդ անձինք Ալբերտ և Աշոտ Կարապետյաններ)` ինքնակամ կառուցված պարիսպը քանդելուն հարկադրելու, ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների, ինչպես նաև վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք Ալբերտ և Աշոտ Կարապետյանների հայցի ընդդեմ Եկատերինա, Գաբրիել, Վալենտինա և Ալեքսանդր Թալանյանների, Անահիտ Սիտնիկովայի, Արթուր Միտինյանի և Կոնստանտին Տալանյանի` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, այդ բաժինը բնեղենով առանձնացնելու և տնով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ կողմերի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Կոնստանտին Տալանյանը պահանջել է փաստացի կառավարման հիմքով, ինչպես նաև ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքն Երևանի Այգեձորի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում գտնվող 245,98 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, ինչպես նաև անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի կողմից Վալենտինա և Ալեքսանդր Թալանյաններին, Անահիտ Սիտնիկովային և Արթուր Միտինյանին տրված ժառանգության իրավունքի վկայագրերը և որպես դրա իրավական հետևանք` անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման կողմից ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա տրված Երևանի Այգեձորի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեի անշարժ գույքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Եկատերինա, Գաբրիել, Վալենտինա, Ալեքսանդր Թալանյանները, Անահիտ Սիտնիկովան և Արթուր Միտինյանը պահանջել են հարկադրել Կոնստանտին Տալանյանին քանդել ինքնակամ կառուցված պարիսպը, ինչպես նաև ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքից առանձնացնել իրենց բաժինը, իսկ դրա անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառել տունը:

Դիմելով դատարան` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք Ալբերտ և Աշոտ Կարապետյանները պահանջել են ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող 717 քմ հողամասից նրանց կողմից փաստացի օգտագործվող 268 քմ հողամասի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը, այն առանձնացնել, իսկ տնով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ճանաչել իրենց և 2-րդ հարկի սեփականատիրոջ կամ սեփականատերերի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 05.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը մերժվել է, իսկ երրորդ անձանց հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.09.2008 թվականի որոշմամբ Եկատերինա, Գաբրիել, Վալենտինա և Ալեքսանդր Թալանյանների, Անահիտ Սիտնիկովայի և Արթուր Միտինյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Եկատերինա և Գաբրիել Թալանյանների բաժինների նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Կոնստանտին Տալանյանի սեփականության իրավունքը ճանաչելու, Եկատերինա և Գաբրիել Թալանյանների հակընդդեմ հայցը մերժելու մասերով բեկանվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2008 թվականի վճիռը և այդ մասերով գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոնստանտին Տալանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելով, գործում առկա հարկային անդորրագրերով հաստատված է համարել այն հանգամանքը, որ Եկատերինա և Գաբրիել Թալանյաններն իրենց գործողություններով չեն հրաժարվել Երևանի Այգեձորի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքից:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը վերոնշյալ անդորրագրերը գնահատելիս հետազոտման առարկա չի դարձրել այն փաստը, որ տվյալ անդորրագրերի վճարումները կատարված են 2002 թվականից սկսած, իսկ ձեռքբերման վաղեմության ուժով Կոնստանտին Տալանյանի սեփականության իրավունքը վեճի առարկա գույքի նկատմամբ ծագել է դեռևս 1977 թվականից 2002 թվականն ընկած ժամանակահատվածում, քանի որ Կոնստանտին Տալանյանն այդ ժամանակահատվածում բացահայտ, անընդմեջ և բարեխիղճ տիրապետել է Երևանի Այգեձորի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում գտնվող վեճի առարկա հողամասը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի և «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի ուժով Կոնստանտին Տալանյանն արդեն իսկ վեճի առարկա հողամասի սեփականատերն էր:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել Եկատերինա և Գաբրիել Թալանյանների կողմից վճարված գույքահարկի անդորրագրերը, քանի որ դրանք վերաբերում են շինություններին, իսկ Կոնստանտին Տալանյանի պահանջը վերաբերում է հողամասի նկատմամբ իրավունքը ճանաչելուն:

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 210-րդ հոդվածի 5-րդ մասը, 212-րդ հոդվածի 1-ին մասը, 219-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով վերաքննիչ բողոքը բերվել էր նյութական իրավունքի խախտման հիմքով այն հիմնավորումներով, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 172-րդ, 280-րդ և 1215-րդ հոդվածները:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում և դրա հիմքերը չեն կարող փոխվել կամ լրացվել բողոքի քննության ընթացքում, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից` լրացրել է վերաքննիչ բողոքի հիմքերը և վերաքննիչ բողոքը քննել է ոչ միայն վերոնշյալ հոդվածների, այլև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 105-րդ հոդվածների խախտման հիմքով, որով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասը, 210-րդ հոդվածի 5-րդ մասը:

Վերոնշյալ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում Վերաքննիչ դատարանը սահմանափակել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու Կոնստանտին Տալանյանի իրավունքը` նրան զրկելով վերաքննիչ բողոքի լրացված մասի վերաբերյալ բողոքի պատասխանում իր դիրքորոշումը և փաստարկները ներկայացնելու հնարավորությունից, ինչի արդյունքում Կոնստանտին Տալանյանը հայտնվել է ոչ բարենպաստ դատավարական իրավիճակում վերաքննիչ բողոք բերած կողմի նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.09.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Կոնստանտին Տալանյանը 1957 թվականից անընդմեջ բնակվում է Երևանի Այգեձորի 1-ին նրբանցք, թիվ 6 հասցեի տանը և ծնողների մահից հետո` 1977 թվականից սկսած, փաստացի և անընդմեջ տիրապետում է նույն հասցեի պարսպով առանձնացված հողամասը` կատարելով նշված հողամասի պահպանման հետ կապված գործողությունները (գ. թ. 23, 24-26):

2. Սեփականության իրավունքի գրանցման 29.10.2007 թվականի թիվ 2200298 վկայականի համաձայն` Երևանի Այգեձոր փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 բնակելի տան 9/40-ական մասերի նկատմամբ գրանցված է Կոնստանտին Տալանյանի, Գաբրիել Թալանյանի, 1/10-ական մասերի նկատմամբ Եկատերինա Թալանյանի և Աշոտ Միտինյանի, 1/30-ական մասերի նկատմամբ Վալենտինա, Ալեքսանդր և Անահիտ Թալանյանների սեփականության իրավունքը (գ. թ. 19-22):

3. Կոնստանտին Տալանյանը փաստացի զբաղեցնում է Երևանի Այգեձոր փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեի 92,1 քմ օրինական շինությունը, 23,6 քմ ավտոտնակը և 91,8 քմ ինքնակամ շինությունները: 718 քմ մակերեսով հողամասն ընդհանուր օգտագործման է, որից 249,4 քմ մակերեսը ծանրաբեռնված հողամաս է, իսկ մնացածն օգտագործվում է նաև Կոնստանտին Տալանյանի կողմից (գ. թ. 28-29):

4. Եկատերինա Թալանյանը 28.05.1972 թվականից հաշվառված բնակվում է Երևանի Գյուլբենկյան փողոցի 31 շենքի 11-րդ բնակարանում:

5. Գաբրիել Թալանյանը 07.03.2007 թվականին տրված ՀՀ քաղաքացու անձնագրի լուսապատճենի համաձայն` 05.10.2007 թվականին կատարված է նշում. «Մշտական բնակության» «Երկիրը ԱՄՆ» (գ. թ. 95):

6. Գաբրիել և Եկատերինա Թալանյաննները վեճի առարկա հողամասի հողի հարկի վճարումները կատարել են սկսած 2005 թվականից:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (Տե՜ս Մարուսյա Աբրահամյանը, Ռուբիկ Սիմոնյանն ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը:

Վերաքննիչ դատարանը Եկատերինա և Գաբրիել Թալանյանների մասով Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ գործում առկա հարկային անդորրագրերով հաստատվում է Եկատերինա և Գաբրիել Թալանյանների կողմից վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքից չհրաժարվելու հանգամանքը:

Սույն գործի փաստերի համաձայն` Կոնստանտին Տալանյանը 1957 թվականից անընդմեջ բնակվում է Երևանի Այգեձորի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեի տանը և նույն հասցեի պարսպով առանձնացված հողամասը, ծնողների մահից հետո` 1977 թվականից սկսած փաստացի և անընդմեջ տիրապետում է` կատարելով նշված հողամասի պահպանման հետ կապված գործողությունները:

1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն: Վերոնշյալ փաստերը և 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված նորմը Կոնստանտին Տալանյանին հիմք են տվել ենթադրելու, որ նա մինչ այդ ունեցած և զբաղեցրած հողամասի սեփականատերն է:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոնստանտին Տալանյանը դեռևս մինչև Եկատերինա և Գաբրիել Թալանյանների կողմից գույքահարկի և հողի հարկի վճարումներ կատարելը 10 տարի բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետել է վեճի առարկա հողամասը որպես սեփականը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ վերոնշյալ անդորրագրերով հիմնավորվում է Եկատերինա և Գաբրիել Թալանյանների` սեփականության իրավունքից չհրաժարվելու փաստը, հիմնավոր չէ, քանի որ Կոնստանտին Տալանյանը մինչ այդ վճարումները կատարելը ձեռք է բերել սեփականության իրավունք վեճի առարկա հողամասի նկատմամբ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը, գնահատելով գործում առկա ապացույցները, սույն գործով կայացրած որոշման պատճառաբանական մասում եզրակացրել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, մինչդեռ վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարել է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի, այդ թվում` Վերաքննիչ դատարանի որոշման կառուցվածքը, պետք է ապահովի որոշակի տրամաբանական կապ, որոնցով դատարանն իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրում է որոշակի փաստեր, պատճառաբանում իր դիրքորոշումը և դրան համապատասխան` գալիս որոշակի եզրահանգման: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերը պետք է միմյանց տրամաբանական հաջորդականությունը լինեն, իսկ դատարանը դատական ակտը պետք է պատճառաբանի իր եզրահանգմանը համապատասխան: Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի ապահովել օրենսդրությամբ դատական ակտին ներկայացվող վերոնշյալ պահանջների կատարումը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի պատճառաբանություններին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.09.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2008 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

 

Ս. Սարգսյան

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ա. Մաթևոսյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան