Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-795
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.18/15(681) Հոդ.253
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 մարտի 2009 թ.

 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է՝ մուտքագրված սահմանադրական դատարանում 2009 թվականի մարտի 2-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի փետրվարի 26-ին` Երևանում: Ըստ համաձայնագրի՝ Միջազգային զարգացման ընկերակցությունը (այսուհետ` Ընկերակցություն) կենսական նշանակության ավտոճանապարհների ընտրված հատվածներն արդիականացնելու և շինարարության ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելու ծրագրի (այսուհետ` Ծրագիր) իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է տասնվեց միլիոն հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին (SDR 16,1 միլիոն) համարժեք վարկ։

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում երեք առդիր և մեկ հավելված, որոնցում ամրագրված են Ծրագրի այն միջոցառումները, որոնց իրականացմանն ուղղվում է վարկավորումը:

3. Համաձայնագրով սահմանված են տրամադրվելիք վարկի չափը, վարկի մարման և փակման ժամանակացույցը, վճարման արժույթի տեսակը: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պարբերաբար Ընկերակցությանը վճարել պարտավճար՝ վարկի չօգտագործված գումարների դիմաց՝ ոչ ավելի, քան տարեկան 0,5 տոկոսի չափով, և սպասարկման վճար՝ վարկի առհանումների դիմաց՝ տարեկան 0,75 տոկոսի չափով: Վարկի հիմնագումարը պետք է մարել կիսամյակային մուծումներով՝ 2019 թվականի հուլիսի 15-ից մինչև 2029 թվականի հունվարի 15-ը:

4. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պատշաճ և արդյունավետ իրագործել համաձայնագրի 1-ին առդիրում ամփոփված Ծրագրի նպատակները, 2-րդ առդիրում ամփոփված Ծրագրի իրականացման միջոցառումները, պահպանել 3-րդ առդիրում ամփոփված վարկի հիմնագումարի մարման ժամանակացույցը, ապահովել Ծրագրի համար պահանջվող աշխատակազմով, ռեսուրսներով և տեխնիկական առաջադրանքներով, ֆինանսավորել Ծրագրի ծախսերի համամասնորեն 18 տոկոսը:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է նաև հետևյալ պարտավորությունները.

ա) ապահովել ՀՀ տարեկան բյուջեից բավարար միջոցների տրամադրումը ճանապարհաշինական ոլորտին` միջպետական և հանրապետական ավտոճանապարհների պահպանման աշխատանքների համար,

բ) թույլատրել ավտոճանապարհների և մայրուղիների նախագծման և կառուցման վերաբերյալ Ստանդարտացման եվրոպական հանձնաժողովի առաջարկած նորմերի կիրառումը Ծրագրի շրջանակներում` ավտոճանապարհների նախագծման և կառուցման աշխատանքներում,

գ) ապահովել, որպեսզի Ծրագրի գործողությունները չնպաստեն կամ չհանգեցնեն հողի ոչ կամավոր զավթման, և չնպաստեն կամ չհանգեցնեն պարկերի և պահպանվող տարածքների մուտքի ոչ կամավոր սահմանափակման,

դ) ՏԿՆ-ի միջոցով ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցների և ՇՄԿՇ դրույթների համաձայն, և չփոխանցել, չփոփոխել, ուժը կորցրած չճանաչել ՇՄԿՇ-ի որևէ դրույթ կամ հրաժարվել դրա կատարումից` առանց Ընկերակցության կողմից նախապես կատարված ուսումնասիրության և համաձայնության,

ե) ՏԿՆ-ի միջոցով իրականացնել Ծրագրի առաջընթացի մոնիտորինգն ու գնահատումը և պատրաստել Ծրագրի մասին հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների դրույթների և Ընկերակցության հետ համաձայնեցված ցուցանիշների հիման վրա,

զ) ՏԿՆ-ի միջոցով պատրաստել և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան 45 օր հետո Ընկերակցությանը ներկայացնել Ծրագրի` տվյալ եռամսյակի վերաբերյալ աուդիտ չանցած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները,

է) ՀՀ ֆինանսական հաշվետվությունները ՏԿՆ-ի միջոցով ենթարկել աուդիտի` Ընդհանուր պայմանների դրույթների համաձայն, որը պետք է ընդգրկի ՀՀ մեկ ֆինանսական տարի, և յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից ոչ ուշ, քան 6 ամիս հետո Ընկերակցությանը ներկայացնել աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունները,

ը) ապահովել, որ ապրանքների, աշխատանքների և խորհրդատվությունների գնումները կատարվեն բացառապես Ծրագրի առդիր 1-ի բաժին 3-ին համապատասխան:

6. Համաձայնագրում ամրագրված են նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կարգն ու ժամկետները: Ծրագրի ավարտի վերջնաժամկետը 2010 թվականի դեկտեմբերի 31-ն է:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի փետրվարի 26-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահող

Գ. Հարությունյան

 

10 մարտի 2009 թ.

ՍԴՈ-795