Գլխավոր տեղեկություն
Համար
N 01-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.03.2009-13.06.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.10.15/23(171)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.08.2006
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարան
Ստորագրման ամսաթիվ
30.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

30 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան
N 01-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` որոշում եմ.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի.

բ) «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կառուցվածքը` համաձայն հավելված 2-ի:

 

  Հ. Մանուկյան

 

 

Հավելված 1
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի
2006 թ. օգոստոսի 30-ի
թիվ 01-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և իրավական այլ ակտերով Հայաստանի Հանրապետության դատարաններին, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովին (այսուհետ` Դատավորների ընդհանուր ժողով), Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին (այսուհետ` Դատարանների նախագահների խորհուրդ), Արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը:

2. Դեպարտամենտը դատարանին և արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների լիարժեք, արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունն ապահովում է առանձնացված ստորաբաժանումների միջոցով:

3. Դեպարտամենտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի (այսուհետ՝ Վճռաբեկ դատարանի նախագահ):

4. Դեպարտամենտն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է դատական համակարգի լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:

5. Դեպարտամենտի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, Վճռաբեկ դատարանի նախագահի որոշումներով (հրամաններով) և իրավական այլ ակտերով:

6. Դեպարտամենտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Դեպարտամենտը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Դեպարտամենտի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

8. Դեպարտամենտի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

9. Դեպարտամենտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք: Դեպարտամենտն ունի Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված միասնական նմուշի ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

10. Դեպարտամենտի լրիվ անվանումն է` «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ:

11. Դեպարտամենտի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 5:

 

II. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. Դեպարտամենտն իր խնդիրների իրականացման համար կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, առանձնացված ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ՝ ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը.

բ) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարանների, Դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի, դրա հանձնաժողովների, Արդարադատության խորհրդի աշխատակազմի գործառույթները.

գ) նախապատրաստում է Դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի և դրա հանձնաժողովների նիստերը.

դ) վերլուծում և ամփոփում է դատական պրակտիկան և դատական վիճակագրությունը.

ե) վարում է դատավորների անձնական գործերը.

զ) ապահովում է դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.

է) ապահովում է դատարաններում հասարակական կարգի պահպանումը և անվտանգությունը.

ը) ապահովում է տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.

թ) պահպանում է դատարանների գույքը, ինչպես նաև վարչական շենքերը և դրանց սպասարկման տարածքները.

ժ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության դատարանների պաշտոնական ինտերնետ կայքի աշխատանքը.

ժա) համակարգում է արտաքին ոլորտին վերաբերող, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված աշխատանքները.

ժբ) ապահովում է օտարերկրյա դատական մարմինների և պաշտոնատար անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության դատական իշխանության համագործակցությունը.

ժգ) պատրաստում է անհրաժեշտ տեղեկատվություն դատական իշխանության ներկայացուցիչների, դատական ծառայողների արտասահմանյան այցերի, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին.

ժդ) ապահովում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցչությունն արտաքին հարաբերություններում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցիչների արտասահմանյան այցերի հետ կապված աշխատանքները, արարողակարգային միջոցառումները.

ժե) իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:

(12-րդ կետը խմբ. 23.02.09 N 01-Ն)

 

III. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

13. Դեպարտամենտի կառուցվածքը ներառում է՝

ա) կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները.

բ) առանձնացված ստորաբաժանումները:

14. Դեպարտամենտի կառուցվածքը հաստատում է hիմնադիրը` հիմք ընդունելով օրենքով և Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով սահմանված առանձնացված ստորաբաժանումները:

15. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներն են վարչությունները, բաժինները, ծառայությունները և այլ ստորաբաժանումները:

16. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներն են դատարանների աշխատակազմերը և արդարադատության խորհրդի աշխատակազմը:

17. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներն իրականացնում են Դեպարտամենտի առանձին գործառույթներ և հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

18. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

19. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է հիմնադիրը:

20. Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և Դեպարտամենտի ու իր հայերեն անվանումներով կլոր կնիք, Դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:

 

IV. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

21. Դեպարտամենտը կառավարում են Դատարանների նախագահների խորհուրդը և Վճռաբեկ դատարանի նախագահը: Դեպարտամենտը ենթակա և հաշվետու է Դատարանների նախագահների խորհրդին և Վճռաբեկ դատարանի նախագահին՝ հիմնադրին:

22. Դատարանների նախագահների խորհուրդը՝

ա) Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում և հետ է կանչում Դեպարտամենտի ղեկավարին.

բ) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.

գ) հաստատում և փոփոխում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը.

դ) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և աշխատակարգը.

ե) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթի կարգը.

զ) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթի թեստերի կազմման և թեստավորման կարգը.

է) սահմանում է բաց մրցույթի հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը.

ը) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը.

թ) սահմանում է դատական ծառայողի բնութագիրը Վճռաբեկ դատարանի նախագահին կամ Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնելու ժամկետը.

ժ) սահմանում է դատական ծառայողների վերապատրաստման եղանակը, կարգն ու պարբերականությունը.

ժա) սահմանում է դատական ծառայողների անձնական գործերի վարման կարգը.

ժբ) դատական ծառայողի` դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում Դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ մինչև 5 տարի ժամկետով կարող է երկարաձգել դատական ծառայողի պաշտոնավարման ժամկետը:

23. Վճռաբեկ դատարանի նախագահը՝

ա) Դեպարտամենտի խնդիրներին համապատասխան սահմանում է Դեպարտամենտի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները.

բ) հաստատում և փոփոխում է Դեպարտամենտի, նրա առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունը, կառուցվածքը.

գ) նշանակում և ազատում է Դեպարտամենտի ղեկավարի տեղակալներին, Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր կողմից նշանակվող դատական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Դեպարտամենտի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները և կարգադրությունները.

զ) որոշում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնին, առանձնացված ստորաբաժանումներին հանձնվող գույքի կազմը և չափը.

է) վերահսկողություն է իրականացնում Դեպարտամենտին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ը) լսում է Դեպարտամենտի գործունեության հաշվետվությունները, քննարկում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.

թ) վերակազմակերպում և դադարեցնում է Դեպարատամենտի գործունեությունը.

ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

24. Դեպարտամենտի անմիջական ղեկավարումն իրականացնում է Դեպարտամենտի ղեկավարը օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Դեպարտամենտի ղեկավարի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով և իրավական այլ ակտերով:

25. Դեպարտամենտի ղեկավարը ենթակա և հաշվետու է Դատարանների նախագահների խորհրդին և Վճռաբեկ դատարանի նախագահին:

26. Դեպարտամենտի ղեկավարը դատական ծառայող է, որն ապահովում է դատական ծառայության իրականացումը:

27. Դեպարտամենտի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում գործարքներ.

բ) օրենքով, իրավական այլ ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված Դեպարտամենտի գործունեության բնագավառին, նպատակներին, խնդիրներին համապատասխան` Դեպարտամենտի գործունեության հիմնական ուղղությունների մասին առաջարկություն է ներկայացնում Դատարանների նախագահների խորհրդին և Վճռաբեկ դատարանի նախագահին.

ե) ապահովում է Դեպարտամենտի բնականոն գործունեությունը.

զ) համակարգում է դատական կարգադրիչների ծառայության գործունեությունը.

է) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.

ը) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է դատական ծառայողներին, Դեպարտամենտի կենտրոնական մարմնի աշխատողներին, կիրառում նրանց նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժեր.

թ) շնորհում է դատական կարգադրիչների կոչումներ, դատական ծառայության դասային աստիճաններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության բարձրագույն խորհրդականի 1-ին և 2-րդ դասի դասային աստիճանների.

ժ) տրամադրում է արձակուրդ Դեպարտամենտի կենտրոնական մարմնի աշխատողներին և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.

ժա) Դատարանների նախագահների խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատական ծառայության պաշտոնների անձնագրերի նկարագրերը, հիշյալ պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը.

ժբ) դատական ծառայողների անվանացանկը հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատում (փոփոխում) է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների հաստիքացուցակները.

ժգ) որոշում է կայացնում դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին, հայտարարում է փակ մրցույթները.

ժդ) օրենքով սահմանված կարգով դատական ծառայողների բնութագրերը ստանալուց հետո, բնութագրի և մասնավոր կարծիքի հիման վրա, կայացնում է համապատասխան որոշում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատական ծառայողների աշխատանքի գնահատման, մասնավորապես` նրանց նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

ժե) Վճռաբեկ դատարանի նախագահին ներկայացնում է հաղորդումներ նրա կողմից նշանակված դատական ծառայողների կողմից թույլ տված կարգապահական, վարքագծի կանոնների խախտումների մասին.

ժզ) իրականացնում է Դեպարտամենտի ընթացիկ գործունեության վերահսկողությունը.

ժէ) ներկայացնում է Դեպարտամենտի գործունեության հաշվետվությունները.

ժը) քննարկում է Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների գործունեության ստուգման արդյունքները.

ժթ) պարբերաբար վերլուծում է Դեպարտամենտի գործունեությունը, բացահայտում հրատապ հարցերը, գնահատում կարիքները և դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ.

ի) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

իա) կազմավորում է աշխատանքային խմբեր.

իբ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

իգ) իրականացնում է Դեպարտամենտի գործունեությանն առնչվող՝ ՀՀ օրենքներով, հիմնադրի և Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ։

28. Դեպարտամենտի ղեկավարն ունի տեղակալներ, որոնք գործում են նրա անմիջական ղեկավարությամբ և իրականացնում են իրենց հանձնարարված ոլորտներում աշխատանքների ղեկավարումը, կազմակերպումը և համակարգումը, կատարում Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությունները:

29. Դեպարտամենտի ղեկավարի տեղակալները դատական ծառայողներ են, որոնք պաշտոնի նշանակվում և ազատվում են «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն անցկացվող մրցույթների արդյունքով Դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:

30. Դեպարտամենտի ղեկավարի տեղակալների լիազորությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:

31. Դեպարտամենտի ղեկավարի բացակայության դեպքում վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ Դեպարտամենտի ղեկավարին փոխարինում է Դեպարտամենտի ղեկավարի տեղակալներից մեկը կամ այլ դատական ծառայող:

 

V. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

32. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը`

ա) իրականացնում է Դեպարտամենտին վերապահված գործառնությունները` բացառությամբ առանձնացված ստորաբաժանումներին վերապահվածների.

բ) իրականացնում է կադրային քաղաքականությունը, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ բնույթի միջոցառումներ՝ ուղղված դատական իշխանության արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծմանը.

գ) նախապատրաստում է Դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի և դրանց հանձնաժողովների նիստերը.

դ) նախապատրաստում է Դատավորների ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի որոշումների, իրավական այլ ակտերի նախագծերը.

ե) վերլուծում և ամփոփում է դատական պրակտիկան և դատական վիճակագրությունը.

զ) վարում է դատավորների անձնական գործերը.

է) համակարգում և վերահսկում է դատական կարգադրիչների ծառայությունը.

ը) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության դատարանների պաշտոնական ինտերնետ կայքի աշխատանքը.

թ) իրականացնում է դատական իշխանության բյուջետային գործընթացն առանձնացված ստորաբաժանումների ներկայացրած բյուջետային հայտերի հիման վրա.

ժ) իրականացնում է Դեպարտամենտի ներքին աուդիտը.

ժա) կազմակերպում է արխիվային գործի վարումը.

ժբ) ապահովում է Դեպարտամենտի մասնակցությունը միջազգային հարաբերություններում.

ժգ) ապահովում է գործավարության միասնականությունը դատարաններում և Դեպարտամենտում.

ժդ) տնօրինում է Դեպարտամենտի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը.

ժե) օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված կարգով ապահովում է տեղեկատվության տրամադրումը հասարակությանը.

ժզ) համակարգում է Դեպարտամենտի կարիքների համար պետական գնումների իրականացումը.

ժէ) իրականացնում է օրենքով, Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով իրեն վերապահված այլ գործառույթներ:

33. Դեպարտամենտի ղեկավարի տեղակալները իրականացնում են հետևյալ գործառույթները`

ա) Դեպարտամենտի կառուցվածքին համապատասխան ղեկավարում, կազմակերպում և համակարգում են իրենց ենթակայության ներքո գործող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը.

բ) տալիս են հանձնարարականներ իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարներին.

գ) Դեպարտամենտի կառուցվածքին համապատասխան` ներկայացնում են իրենց ենթակայությամբ գործող կառուցվածքային ստորաբաժանումները այլ մարմինների հետ հարաբերություններում.

դ) իրենց կողմից համակարգման ենթակա ոլորտին համապատասխան` կատարում են Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարականները.

ե) հսկողություն են իրականացնում իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարների կողմից աշխատանքային կարգապահության և վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ.

զ) իրականացնում են իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ և կրում պարտականություններ:

34. Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝

ա) իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում են ստորաբաժանման անմիջական ղեկավարումը, կատարում են դատական ծառայողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում են աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվություն են կրում ստորաբաժանման գործառույթների իրականացման և աշխատանքների կատարման համար.

բ) կատարում են Դեպարտամենտի ղեկավարի և համապատասխան տեղակալի հանձնարարությունները, մասնակցում են նրանց մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին.

գ) ստորաբաժանման գործառույթներն ապահովելու, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրների իրականացման նպատակով կատարում են ուսումնասիրություններ, հրավիրում խորհրդակցություններ.

դ) զեկուցումներ են ներկայացնում իրենց կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանումներին առնչվող համապատասխան աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքների ընթացքի մասին.

ե) հսկողություն են իրականացնում իրենց ղեկավարած ստորաբաժանումների դատական ծառայողների կողմից աշխատանքային կարգապահության և վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ.

զ) իրականացնում են սույն կանոնադրությամբ, իրավական այլ ակտերով իրենց կողմից ղեկավարվող ստորաբաժանմանը վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ:

35. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնում են օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների պահպանմամբ և միմյանց հետ համագործակցելով:

36. Դատական պրակտիկայի ամփոփման վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) նախնական հետազոտությունների արդյունքում ներկայացնում է դատական պրակտիկայի ամփոփման արդիական թեմաներ.

բ) աշխատանքային գործունեության ծրագրի համաձայն կամ դատական ակտերի հիման վրա` ուսումնասիրում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից նյութական և դատավարական օրենսդրության նորմերի կիրառման պրակտիկան, կազմում է դատական պրակտիկայի ամփոփման վերլուծական տեսություն.

գ) քննարկում է քաղաքացիների և այլ անձանց դիմումները՝ կապված դատական պրակտիկայում առկա հակասությունների հետ, և անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ.

դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական վիճակագրության վարումը և ամփոփումը.

ե) կազմում է Հայաստանի Հանրապետության դատարաններում գործերի քննության վիճակագրական վերլուծական տեսություն.

զ) քննարկում է անձանց դիմումները` կապված դատական վիճակագրության տվյալների հետ.

է) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(36-րդ կետը խմբ. 23.02.09 N 01-Ն)

37. (37-րդ կետն ուժը կորցրել է 23.02.09 N 01-Ն)

38. Կազմակերպական վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) նախապատրաստում և կազմում է Դատարանների նախագահների խորհրդի որոշումների նախագծերն ու վերջնական տարբերակները.

բ) ապահովում է Դատարանների նախագահների խորհրդի, նրա հանձնաժողովների նիստերի նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները.

գ) վարում է Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական և գերատեսչական ակտերի շտեմարանը, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի ժամանակագրական օրինակները.

դ) կազմում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը.

ե) իրականացնում է իր լիազորություններից բխող և Դատարանների նախագահների խորհրդի գործունեության արդյունավետությունն ապահովող այլ գործառույթներ:

39. Անձնակազմի կառավարման վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) վարում է դատավորների անձնական գործերը.

բ) վարում է դատական ծառայողների անձնական գործերը.

գ) («գ» ենթակետը հանվալ է 15.07.08 N 01-Ն)

դ) նախապատրաստում և հաշվառում է Վճռաբեկ դատարանի նախագահի, Դեպարտամենտի ղեկավարի կողմից ընդունվող հրամաններն ու այլ իրավական ակտերը.

ե) տալիս է տեղեկանքներ դատական ծառայության թափուր պաշտոնների մասին, դատական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.

զ) ապահովում է դատական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթների անցկացումը.

է) ընդունում է դատական ծառայության պաշտոնների համար հայտարարված մրցույթների հայտերը, եզրակացություն է տալիս մրցույթի մասնակցի` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին.

ը) վարում է դատավորների և դատական ծառայողների զենքի հաշվառումը.

թ) իրականացնում է դատական ծառայողների կողմից կատարված խախտումների ծառայողական քննություն.

ժ) ամփոփում է դատական ծառայողների գործունեության գնահատման արդյունքները, դրանց հիման վրա կազմում առաջարկություններ անձնակազմի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ.

ժա) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

39.1 Առաջին բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում է գաղտնիության ռեժիմը Դեպարտամենտում.

բ) հսկում է ՀՀ գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, կազմակերպում և վարում է գաղտնի գործավարությունը.

գ) ապահովում է Դեպարտամենտի ներքին վերահսկողությունը:

(39.1 կետը լրաց. 15.07.08 N 01-Ն)

39.2 Բաժինն ունի իր անվամբ կլոր կնիք և դրոշմակնիքներ, վարում է ինքնուրույն գործավարություն:

(39.2 կետը լրաց. 15.07.08 N 01-Ն)

40. (40-րդ կետն ուժը կորցրել է 23.02.09 N 01-Ն)

41. Ֆինանսաբյուջետային վարչությունը իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում է Դեպարտամենտի կապը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ.

բ) գանձապետական հաշիվների միջոցով փոխանցում է առանձնացված ստորաբաժանումներին հատկացված դրամական միջոցները.

գ) միջոցներ է ձեռնարկում Դեպարտամենտին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

դ) մշակում է Հայաստանի Հանրապետության դատական համակարգի միջնաժամկետ ծախսային ծրագիրը և առաջիկա տարվա բյուջետային հայտը.

ե) իրականացնում է բյուջեի կատարողականի վերլուծություն.

զ) ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունների հիման վրա պատրաստում է ֆինանսավորման հայտերը.

է) անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների պահպանման ծախսերի նախահաշվում փոփոխություններ կատարելու մասին.

ը) կազմում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումներին հատկացված բյուջետային միջոցների համամասնական բաշխման նախագիծը.

թ) ապահովում է ֆինանսադրամարկղային և բյուջետային կարգապահությունը.

ժ) տալիս եզրակացություն դատական համակարգի պահուստային ֆոնդի միջոցները տնօրինելու վերաբերյալ.

ի) ապահովում և իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով բյուջետային գործընթացն ու ֆինանսավորումը կանոնակարգող այլ գործառույթներ:

42. Ֆինանսաբյուջետային վարչությունը Ֆինանսաբյուջետային վարչության Հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժնի միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) վարում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնի հաշվապահական հաշվառումը.

բ) իրականացնում է առանձնացված ստորաբաժանումների կողմից ներկայացված հաշվապահական հաշվետվությունների հաշվառում և վերլուծություն, դրա հիման վրա ձևակերպում է ֆինանսական պարտավորությունները.

գ) կազմում է Դեպարտամենտի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները.

դ) սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, գույքագրում դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.

ե) ընդունում է Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ներկայացրած պահպանման ծախսերի նախահաշիվները, կատարում համապատասխան վերլուծություններ.

զ) կազմում է Դեպարտամենտի պահպանման ծախսերի ամփոփ նախահաշիվները.

է) իրականացնում է Ֆինանսաբյուջետային վարչությանը վերապահված հաշվապահական հաշվառումից բխող այլ գործառույթներ:

43. Հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժինը ղեկավարում է բաժնի պետը, որը միաժամանակ Դեպարտամենտի գլխավոր հաշվապահն է:

44. Դեպարտամենտի կենտրոնական մարմնի ֆինանսական փաստաթղթերը գլխավոր հաշվապահին օրենքով և իրավական այլ ակտերով վերապահված մասով ստորագրում է հաշվապահական հաշվառման և վերլուծության բաժնի պետը:

45. Ներքին աուդիտի վարչությունը իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) իրականացնում է դատական դեպարտամենտի ներքին աուդիտը.

բ) իրականացնում է հսկողություն Դեպարտամենտի գույքի տնօրինման, նպատակային օգտագործման նկատմամբ.

գ) հսկողություն է իրականացնում Դեպարտամենտի հաշվապահական հաշվառման նկատմամբ.

դ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

46. Ներքին աուդիտի վարչության պետը Դեպարտամենտի գլխավոր աուդիտորն է:

47. Նյութատեխնիկական ապահովման վարչությունը իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում է Դեպարտամենտի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը.

բ) ապահովում է դատարանների աշխատանքային անհրաժեշտ պայմանները, համակարգչային, հեռախոսակապի, կապի այլ տեսակների անխափան աշխատանքը.

գ) ապահովում է ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումների խնայողական օգտագործումը և ապրանքանյութական արժեքների պահպանվածությունը.

դ) համապատասխան մարմինների, Դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է Դեպարտամենտի ղեկավարի, Դեպարտամենտի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների տեխնիկական օժանդակությունը.

ե) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

48. Նյութատեխնիկական ապահովման վարչությունը գնումների համակարգման բաժնի միջոցով իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում է Դեպարտամենտի գնումների գործի կազմակերպումը.

բ) համակարգում է գնումների պետական լիազոր մարմնի և Դատական դեպարտամենտի միջև գնումներին վերաբերող հարաբերությունները.

գ) պատասխանատվություն է կրում Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և նրա առանձնացված ստորաբաժանումների գնումների գործի կազմակերպման համար.

դ) եզրակացություն է տալիս գնումների կատարման շրջանակներում Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և նրա առանձնացված ստորաբաժանումների կողմից հաստատվող, այդ թվում` լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ.

ե) իրականացնում է օրենքով և իրավական ակտերով գնումների գործընթացի համակարգմանը վերապահված այլ լիազորություններ:

Գնումների համակարգման բաժինը հանդիսանում է Դատական դեպարտմենտի գնումների գործի համակարգման պատասխանատուն:

49. Դատական կարգադրիչների ծառայությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) վերահսկում է Դատական օրենսգրքի, Դատարանների նախագահների խորհրդի և Դեպարտամենտի ղեկավարի՝ դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող իրավական ակտերի պահանջների կատարումը, այդ նպատակով իրականացնում վերահսկողական այցեր.

բ) հսկողություն է իրականացնում դատական կարգադրիչներին հանձնված գույքի նպատակային օգտագործման նկատմամբ.

գ) ամփոփում է դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանումների և հաստիքների կառուցվածքի վերաբերյալ դատարանների աշխատակազմերի ղեկավարների կողմից ներկայացված առաջարկությունները.

դ) ամփոփում է դատական կարգադրիչների ծառայության նյութատեխնիկական ապահովության մասին դատարանների աշխատակազմերի ղեկավարների կողմից ներկայացված առաջարկությունները.

ե) ամփոփում է դատական կարգադրիչների ծառայության գործունեության վերաբերյալ դատարանների աշխատակազմերի ղեկավարների կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունները.

զ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

Դատական կարգադրիչների ծառայությունը առանձնացված ստորաբաժանումների կողմից խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմում է արձանագրություն և ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարի քննարկմանը:

50. Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարը Դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետն է:

51. Համակարգչային ծառայությունը իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում և համակարգում է Դեպարտամենտում կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների, համակարգչային ծրագրերի, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի, հասանելիության միջոցների նախագծումը, դրանց շահագործումը.

բ) Դեպարտամենտում կազմակերպում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, արխիվացնում և պահպանում է էլեկտրոնային գործավարության և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերը.

գ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

52. Հայաստանի Հանրապետության դատարանների արխիվը իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) իրականացնում է արխիվ հանձնված գործերի, կայացված վճիռների, դատավճիռների, որոշումների և այլ փաստաթղթերի հաշվառում.

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է արխիվ մուտքագրվող փաստաթղթերի պլանավորված համալրում և օգտագործում.

գ) ապահովում է դատարանների արխիվներում պահպանվող փաստաթղթերի պահպանությունը.

դ) սահմանված կարգով մշակում է արխիվային նյութերը.

ե) ընդունում է արխիվային գործերը և պատասխանատվություն կրում դրանց պահպանման համար.

զ) տրամադրում է արխիվում առկա տեղեկատվությունը տեղեկատվություն հայցող անձանց.

է) հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատարանների արխիվներում «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված փաստաթղթերի ժամանակավոր պահպանման ժամկետների նկատմամբ.

ը) վարում է պետական տուրքի հաշվառում.

թ) իր խնդիրներն ու գործառույթներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության դատարանների և այլ արխիվների հետ.

ժ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

 

VI. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

53. Դեպարտամենտի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

54. Դեպարտամենտն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):

55. Դեպարտամենտի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Դեպարտամենտը կարող է նաև ֆինանսավորվել օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներից:

56. Դեպարտամենտն իր ֆինանսական գործառնություններն ու իր կարիքների համար գնումները կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

57. Դեպարտամենտի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների կողմից:

 

VII. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

58. Դեպարտամենտի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(Հավելվածը խմբ. 04.12.07 N 05-Ն)

 

 

 

Հավելված 2
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի
2006 թ. օգոստոսի 30-ի
թիվ 01-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վարչություններ

 

ա) Դատական պրակտիկայի ամփոփման վարչություն

բ) Կազմակերպական վարչություն

գ) Անձնակազմի կառավարման վարչություն

դ) (դ) ենթակետն ուժը կորցրել է 23.02.09 N 01-Ն)

ե) Ֆինանսաբյուջետային վարչություն

զ) Ներքին աուդիտի վարչություն

է) Նյութատեխնիկական ապահովման վարչություն

ը) Առաջին բաժին

(«ը» ենթակետը լրաց. 15.07.08 N 01-Ն)

 

2. Ծառայություններ

 

ա) Դատական կարգադրիչների ծառայություն

բ) Համակարգչային ծառայություն

 

3. Հայաստանի Հանրապետության դատարանների արխիվ

 

4. Բաժիններ

 

ա) (ա) ենթակետն ուժը կորցրել է 23.02.09 N 01-Ն)

բ) Հաշվապահական հաշվառման և ֆինանսական բաժին

գ) Գնումների համակարգման բաժին

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմ

2. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմ

3. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմ

4. Հարավային քրեական դատարանի աշխատակազմ

5. Երևանի քաղաքացիական դատարանի աշխատակազմ

6. Երևանի քրեական դատարանի աշխատակազմ

7. Հյուսիսային քաղաքացիական դատարանի աշխատակազմ

8. Հյուսիսային քրեական դատարանի աշխատակազմ

9. Հարավային քաղաքացիական դատարանի աշխատակազմ

10. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի աշխատակազմ

11. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

12. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

13. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

14. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

15. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

16. Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

17. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

18. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

19. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

20. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

21. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

22. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

23. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

24. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

25. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

26. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ

27. Արդարադատության խորհրդի աշխատակազմ

 

(Հավելվածը խմբ. 22.12.06 N 25-Ն, փոփ. 10.07.07 N 02-Ն, խմբ. 04.12.07 N 05-Ն)

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան