Գլխավոր տեղեկություն
Համար
N 789-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.04.2009-05.11.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.03/60(359) Հոդ.556
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.06.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2002 թվականի N 789-Ն

 

ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 25.12.08 N 1565-Ն)

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 12
Երևան

 
 


Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 789-Ն որոշման


Կ Ա Ր Գ

նոտարների թեկնածուների որակավորման ստուգման

 

1. Նոտարի որակավորման ստուգման (այսուհետ՝ որակավորման ստուգում) համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, չունի դատվածություն, անցել է նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա ստաժավորում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի թույլտվությամբ որակավորման ստուգման կարող են մասնակցել նոտարական գործունեության ստաժավորում չանցած այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում կամ նոտարական պալատում իրականացրել են նոտարիատի բնագավառում մասնագիտական առնվազն 3 տարվա աշխատանքային գործունեություն, ինչպես նաև «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոտարի պաշտոն զբաղեցնելու ցանկություն հայտնած նոտարի ստաժորները:

2. Որակավորման ստուգումները կազմակերպվում են տարեկան մեկ անգամ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով կարող են կազմակերպվել արտահերթ որակավորման ստուգման աշխատանքներ: Որակավորման ստուգում անցկացնելու մասին զանգվածային լրատվության միջոցներով հայտնվում է որակավորման ստուգման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ: Որակավորման ստուգման մասին տեղեկատվության մեջ նշվում է ստուգման համար համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու վերջին ժամկետը և վայրը:

(2-րդ կետը փոփ. 10.02.05 N 151-Ն, 25.12.08 N 1565-Ն)

3. Դիմողը որակավորման ստուգման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում՝

ա) դիմում, որտեղ պետք է նշվեն՝

դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

բ) 2 գունավոր լուսանկար՝ 4 x 6 չափսի,

գ) անձնագիր,

դ) բարձրագույն իրավաբանական կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը,

ե) ստաժավորումը ղեկավարող նոտարի եզրակացությունը, որում պետք է նշված լինի` ստաժավորման ժամկետի սկիզբը և վերջը, ստաժորի կողմից ստաժավորման ընթացքում կատարած` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործողությունները, վերապատրաստման դասընթացներ անցած լինելու հանգամանքը և վերապատրաստման դասընթացների ժամերի քանակը, դրույթ այն մասին, որ նոտարը երաշխավորում է, որ ստաժորը լիարժեք անցել է ոչ պակաս, քան մեկ տարվա ստաժավորում, որի արդյունքում լիովին տիրապետում է նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներին և պատրաստ է հանձնել որակավորման քննությունները.

զ) որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի անդորրագիրը:

(Պարբերությունն ուժը կորցրել է 25.12.08 N 1565-Ն)

Սույն կետի «ա», «բ», «դ», «ե» և «զ» ենթակետերում նշված փաստաթղթերից կազմված՝ դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

(3-րդ կետը խմբ., փոփ. 25.12.08 N 1565-Ն)

4. Որակավորման ստուգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը, որում կարող են ընդգրկվել նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ (այսուհետ՝ հանձնաժողով):

(4-րդ կետը լրաց. 25.12.08 N 1565-Ն)

5. Հանձնաժողովը՝

ա) կազմակերպում է դիմողների որակավորման ստուգման աշխատանքները.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.08 N 1565-Ն)

գ) որոշում է որակավորման ստուգման վայրը, ժամանակը և դրանց մասին օրենքով նախատեսված ժամկետներում հայտնում դիմողներին.

դ) կարգավորում է որակավորումն ստուգող և բողոքարկման հանձնաժողովների գործունեությանն առնչվող հարցերը.

ե) քննում է դիմողների բողոքները՝ կապված որակավորման ստուգման կազմակերպման հետ.

զ) ընդունում է որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված այլ որոշումներ.

է) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ լիազորություններ:

(5-րդ կետը փոփ. 25.12.08 N 1565-Ն)

6. Հանձնաժողովի նախագահը՝

ա) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

բ) իրականացնում է հսկողություն որակավորման ստուգման ընթացքի նկատմամբ.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 25.12.08 N 1565-Ն)

դ) իրականացնում է սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:

(6-րդ կետը փոփ. 25.12.08 N 1565-Ն)

7. Որակավորման ստուգման անցկացման օրվա, ժամի և տեղի, ինչպես նաև խնդիրների քանակի ու դրանց լուծման համար նախատեսված ժամկետի մասին որակավորման ստուգման համար դիմում ներկայացրած անձին հանձնաժողովի կողմից պատշաճ ձևով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ:

8. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով, գրավոր և դռնբաց: Որակավորման ստուգման ընթացակարգի աշխատանքներին հետևելու համար հրավիրվում են մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցների ներկայացուցիչներ:

(8-րդ կետը խմբ. 25.12.08 N 1565-Ն)

9. Որակավորման ստուգման նպատակն է ստուգել դիմողների՝ նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքները:

10. Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան տրվում են նոտարական գործողություններին առնչվող խնդիրներ: Խնդիրները լուծելիս դիմողն իրավունք ունի օգտվելու գրքերից, տեղեկագրերից, այլ փաստաթղթերից և համակարգչային տեխնիկայից: Որակավորման ստուգման ժամանակ արգելվում է օգտվել հեռահաղորդակցության միջոցներից:

11. Խնդիրների լուծման ճշտությունն ստուգում է հանձնաժողովը:

12. Որակավորման ստուգման արդյունքները գնահատում է հանձնաժողովը: Որակավորման ստուգման արդյունքները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 10 և բարձր միավորները:

Որակավորման ստուգման համար տրվում է առնվազն 10 խնդիր: Խնդիրների լուծման համար տրվում է առնվազն 8 ժամ ժամանակ:

Դիմողները պետք է լուծեն բոլոր խնդիրները: Յուրաքանչյուր չլուծված խնդրի համար դիմողի գնահատականն իջեցվում է 5 միավորով:

Եթե դիմողը խնդրի սխալ լուծման արդյունքում չի հայտնաբերել խնդրում առկա օրենքով նախատեսված առ ոչինչ դրույթ կամ այնպիսի դրույթ, որի հետևանքով գործարքը համարվում է չկնքված, ապա տվյալ դիմողը համարվում է ստուգումը չանցած:

Եթե դիմողը խնդրի սխալ լուծման արդյունքում չի հայտնաբերել խնդրում առկա օրենքով նախատեսված անվավեր դրույթ կամ սխալ է բաժանել ժառանգական զանգվածը, ապա տվյալ դիմողի գնահատականն իջեցվում է 3 միավորով` սույն պարբերությամբ նախատեսված յուրաքանչյուր սխալի համար:

Եթե դիմողը խնդրի սխալ լուծման արդյունքում չի հայտնաբերել խնդրում առկա օրենքի պահանջներին հակասող դրույթ կամ հակասող է ճանաչել օրենքին համապատասխանող դրույթ, ապա տվյալ դիմողի գնահատականն իջեցվում է 1 միավորով` սույն պարբերությամբ նախատեսված յուրաքանչյուր սխալի համար:

(12-րդ կետը խմբ. 25.12.08 N 1565-Ն)

13. Որակավորման ստուգման ընթացակարգը չի կարող տևել 45 օրվանից ավելի, որը չի ներառում բողոքարկման գործընթացը:

(13-րդ կետը փոփ. 25.12.08 N 1565-Ն)

14. Ստուգումների արդյունքների մասին որակավորվող անձը պատշաճ ձևով տեղեկացվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում:

(14-րդ կետը փոփ. 25.12.08 N 1565-Ն)

15. Որակավորման ստուգմանը չներկայացած դիմողները զրկվում են տվյալ ստուգմանը մասնակցելու իրավունքից: Նրանք իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:

Որակավորման ստուգմանը մասնակցելուց հրաժարված դիմողներին վերադարձվում են նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը՝ բացի դիմումից:

16. Դիմողները որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկել բողոքարկման հանձնաժողով՝ ստուգման արդյունքներն ստանալուց հետո եռօրյա ժամկետում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է երկօրյա ժամկետում:

 Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով՝ դրանք ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:

17. Բողոքարկման հանձնաժողովն իրավունք չունի իջեցնելու դիմողի գնահատականը:

Եթե բողոքարկման հանձնաժողովը բավարարում է դիմողի բողոքը, ապա այդ որոշման հիման վրա դիմողի ստացած միավորները համապատասխանաբար ավելացվում են:

18. Դրական միավորներ ստացած անձանց որակավորման ստուգման օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում տրվում են որակավորման վկայականներ:

19. Որակավորման վկայականում նշվում են՝

ա) որակավորման վկայական տվող մարմնի անվանումը,

բ) որակավորման վկայականի համարը,

գ) որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը,

դ) որակավորման ստուգում անցած անձի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում).

ե) որակավորման վկայականն ուժի մեջ լինելու ժամկետը:

Որակավորման վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի լուսանկարը: Որակավորման վկայականը վավերացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ստորագրությամբ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով  կնիքով:

Նոտարի պաշտոնում չնշանակված անձանց համար որակավորման ստուգման դրական արդյունքներն իրենց ուժը պահպանում են 5 տարի ժամկետով:

20. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից վարվում է որակավորման վկայական ստացած անձանց գրանցամատյան, որտեղ պետք է նշվեն՝

ա) որակավորման վկայականի համարը,

բ) որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը,

գ) որակավորման ստուգում անցած անձի անունը,  ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

դ) որակավորման վկայականն ուժի մեջ լինելու ժամկետը,

ե) որակավորման վկայական ստացած անձի բնակության վայրը,

զ) տեղեկություններ որակավորման վկայականի վերաձևակերպման մասին:

Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, իսկ գրանցամատյանը կնքվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կնիքով:

21. Որակավորման վկայականը տրվում է 1 օրինակից: Որակավորման վկայականի կորստի (կորցնելու, ոչնչացնելու և այլն) դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և տալիս հայտարարություն զանգվածային լրատվության միջոցներով:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կորած վկայականի կրկնօրինակը դիմողին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 օրվա ընթացքում:

22. Որակավորման վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում դիմում՝ վկայականի կրկնօրինակն ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն անձին տալիս է նրա կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող երրորդ օրը:

23. Որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

24. Որակավորման վկայական ստացած անձի անվան, ազգանվան փոփոխման դեպքում տվյալ անձը պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից 15-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ որակավորման վկայականում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր որակավորման վկայական ստանալու համար:

25. Վկայական չստացած անձը նոր ստուգում անցնելու համար կարող է դիմել սույն կարգին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2023, N 2051-Ն 25.11.2023, N 789-Ն
29.09.2011, N 1463-Ն 05.11.2011, N 789-Ն
25.12.2008, N 1565-Ն 14.04.2009, N 789-Ն
10.02.2005, N 151-Ն 19.03.2005, N 789-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան