ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0062/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0062/02/09 |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան | |
Դատավորներ` Ս. Միքայելյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ա. Մաթևոսյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վարդան Վարդանյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Գայանե Վարդանյանի հայցի ընդդեմ Վարդան և Միշա Վարդանյանների, Արմավիրի նոտարական տարածքի նոտար Նարինե Մկրտչյանի, երրորդ անձինք Ջեմմա և Սիմա Վարդանյանների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման՝ ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գայանե Վարդանյանը պահանջել է 1/3 մասով անվավեր ճանաչել Վարդան Վարդանյանին տրված ժառանգության իրավունքի վկայագիրը, այդ մասով անվավեր ճանաչել Արմավիրի Հանրապետության փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23 տան և տնամերձ հողամասի նկատմամբ Վարդան և Միշա Վարդանյանների սեփականության իրավունքի պետական գրանցումը և ժառանգական գույքի նկատմամբ 1/3 մասով ճանաչել ժառանգությունն ընդունած:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.01.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2008 թվականի որոշմամբ Դատարանի 17.01.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Վարդանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վճռաբեկ դատարանը 01.06.2007 թվականի որոշմամբ բեկանել է Վերաքննիչ դատարանի 14.02.2007 թվականի վճիռը և փոփոխել այն՝ վեճի առարկա ժառանգական գույքի 1/2 մասով անվավեր է ճանաչել Վարդան Վարդանյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և Միշա Վարդանյանին ճանաչել ժառանգական գույքի 1/2 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ: Նման որոշման կայացման համար Վճռաբեկ դատարանի համար նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ ժառանգական գույքը փաստացի տիրապետվել է Վարդան Վարդանյանի և Միշա Վարդանյանի կողմից: Գայանե Վարդանյանի հայցի բավարարմամբ անտեսվել է Վճռաբեկ դատարանի հիշատակված դատական ակտը: Արդյունքում, Վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշմամբ հստակեցված Վարդան Վարդանյանի սեփականության բաժինը 1/2-ից նվազեցվել է 1/3-ի: Նման պայմաններում ակնհայտ է, որ բողոքարկվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշմանը: Խախտվել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի գլխավոր չափանիշներից մեկը, որն իրավական որոշակիության հիմնարար սկզբունքի կոնտեքստում դատական ակտի վերջնականությունն է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2008 թվականի որոշումը, փոփոխել այն՝ Գայանե Վարդանյանի հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
Վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշմամբ արձանագրվել է, որ « …վեճի առարկա ժառանգական գույքի նկատմամբ փաստացի տիրապետման իրավունքով ժառանգությունը ընդունել են Վարդան և Միշա Վարդանյանները:»:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, և կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի:
Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը: Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res jսdicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որպեսզի կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն, հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:
Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները.
- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,
- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,
- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած, դատական ակտերի վերանայում` միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,
- վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով,
- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար:
Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում (տես՝ Ռաշն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով 2005 թվականի հունվարի 13-ի, Բուրցևն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության գործով 2005 թվականի սեպտեմբերի 22-ի վճիռները):
Վճռաբեկ դատարանը 01.06.2007 թվականի որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իր դիրքորոշումը սույն գործով վեճի առարկա ժառանգական գույքի կապակցությամբ, արձանագրելով, որ այդ գույքի նկատմամբ փաստացի տիրապետման իրավունքով ժառանգությունն ընդունել են Վարդան և Միշա Վարդանյանները:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գայանե Վարդանյանի հայցի բավարարմամբ լիովին անտեսվել է նախկինում նույն ժառանգական գույքի վերաբերյալ կայացված Վճռաբեկ դատարանի որոշումը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Այսինքն, խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը, որը հանգեցնում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտմանը:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն իրենից ներկայացնում է նույն կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իր գույքից անարգել օգտվելու անձի իրավունքի խախտում: Մասնավորապես, Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից` բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով, Վճռաբեկ դատարանն այն դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Գայանե Վարդանյանի հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
|
Ս. Սարգսյան |
|
Վ. Աբելյան | |
|
Ս. Անտոնյան | |
|
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ա. Մաթ ևոսյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |