Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.08/18(684) Հոդ.359
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0235/06/08

ԵԿԴ/0235/06/08

 

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով հավատարմագրված փաստաբան Արա Զոհրաբյանի միջոցով մեղադրյալ Կարինե Վահանի Մնացականյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2007 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով «Պիցցա Դի Ռոմա» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սաֆարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

2. Նշված քրեական գործի շրջանակներում 2008 թվականի մարտի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Կարինե Վահանի Մնացականյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին` նրան հայտնաբերելու պահից երկու ամիս ժամանակով:

3. 2008 թվականի օգոստոսի 25-ին Կարինե Մնացականյանի պաշտպաններ Ա.Խաչատրյանի և Դ.Գիրգորյանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 28-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

4. 2008 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Կ.Մնացականյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնված լինելու պատճառաբանությամբ:

5. 2008 թվականի սեպտեմբերի 9-ին Կ.Մնացականյանի պաշտպան Ա.Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու համար:

6. 2008 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պաշտպանի միջնորդությունը մերժել է: Նշված որոշման դեմ պաշտպանը 2008 թվականի սեպտեմբերի 29-ին վերաքննիչ բողոք է բերել` խնդրելով վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը և որոշում կայացնել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ:

7. 2008 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պաշտպան Ա.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության:

8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման դեմ 2008 թվականի հոկտեմբերի 27-ին հավատարմագրված փաստաբանի միջոցով բերվել է վճռաբեկ բողոք:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2008 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Բ.Ղալեչյանի 2008 թվականի հոկտեմբերի 9-ի գրության համաձայն` քրեական գործը ըստ մեղադրանքի Կարինե Մնացականյանի ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված մեղադրական եզրակացությամբ 2008 թվականի սեպտեմբերի 30-ին ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

10. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Կ.Մնացականյանի պաշտպան Ա.Խաչատրյանի` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին 2008 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման մեջ անդրադարձել է նաև Կ.Մնացականյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի օրինականության և հիմնավորվածության ստուգման հարցին` նշելով, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտը սահմանափակվում է նախաքննության ավարտով, ուստի Կ.Մնացականյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու և այն բավարարելու դեպքում Կ.Մնացականյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի օրինականությունը և հիմնավորվածությունը չի կարող ստուգման ենթարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոք բերող անձը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին վերապահված է ընտրված խափանման միջոցի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում իրականացնելու գործառույթը: Այն ենթադրում է, որ վերաքննիչ քրեական դատարանը ոչ թե ընտրում է խափանման միջոց, դրանով իսկ նախաքննության նկատմամբ անմիջականորեն իրականացնելով դատական վերահսկողության գործառույթ, այլ դատական ստուգման է ենթարկում ստորադաս դատարանի կողմից կայացված որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Այլ կերպ ասած, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի լուծման խնդիրն է հանդիսանում այն հարցը, թե Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Կ.Մնացականյանին կալանքի տակ պահելու մասին որոշումը հիմնավոր և օրինական է, թե` ոչ: Ըստ էության, այս հարցի քննարկումը որևիցե կերպ չէր կարող պայմանավորվել նախաքննության ավարտման պատճառաբանությամբ և չէր կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման կայացման համար: Բողոքաբերը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավասու չէր դատական ակտի վերանայման իր իրավասությունը վերապահել Երևանի քրեական դատարանին, քանի որ դատական ակտերի` վերադասության կարգով դատական ստուգման ենթարկելու իրավասությունը ՀՀ օրենսդրությամբ վերապահված է բացառապես վերաքննիչ քրեական դատարանին, որն իրավասու է դատական ստուգման ենթարկել առաջին ատյանի դատարանների երկու օղակների` ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների ակտերը:

12. Բողոք բերած անձը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն` այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 375.4-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:

Ի հիմնավորումն պնդման` բողոքաբերը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից և կայացրել է որոշում, որը տվյալ դեպքում իրավասու չէր կայացնել: Կայացնելով բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փաստորեն հրաժարվել է արդարադատության իրականացումից` դրանով իսկ խախտելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6.1-րդ հոդվածով նախատեսված դատարանի մատչելիության իրավունքը:

13. Բողոքաբերը նշում է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ ոչ միայն սահմանափակել է Կ.Մնացականյանի` դատարանի մատչելիությունը, որի ասպեկտներից մեկն է վերադասության կարգով բողոքների դատական քննության իրավունքը, այլև խախտել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները, քանի որ նախ` ըստ էության չքննելով կալանավորման օրինականության և հիմնավորվածության հարցը՝ չի ապահովել կալանավորման օրինականությունը վիճարկելու անձի իրավունքի իրականացումը, և երկրորդ՝ այդ հարցը չի քննել ողջամիտ ժամկետում և չի կատարել անհապաղ որոշում կայացնելու իր պարտականությունը:

14. Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջում է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են`

1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը.

2) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը.

3) առաջին ատյանի դատարանների` գործով վարույթը կասեցնելու որոշումները.

4) առաջին ատյանի դատարանների` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները.

5) ընդհանուր իրավասության դատարանի` հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները.

6) հանձնման մասին դատարանի որոշումները.

7) սույն օրենսգրքի 49-րդ գլխով նախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները.

8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` այլ դատական ակտեր:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նշված հոդվածը սպառիչ չի թվարկում վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումները` անձին հնարավորություն տալով ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բողոքարկել նաև առաջին ատյանի դատարանի` օրենքով նախատեսված կարգով կայացված այլ որոշումները:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոք բերվում են առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:

Նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտ կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար: Հոդվածի 2-րդ մասի համաձայն` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով սույն օրենսգրքի 382-րդ հոդվածում և 383-րդ հոդվածի երկրորդ մասում շարադրված պահանջները:

Այսինքն՝ դատական ակտի բողոքարկման համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու միջնորդության քննարկման արդյունքում դատական ակտը կայացրած դատարանը կայացնում է որոշում, որի բողոքարկման հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասում, անուղղակիորեն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 8-րդ կետում:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` բաց թողնված ժամկետը վերականգնելուց քրեական հետապնդման մարմնի հրաժարումը կարող է բողոքարկվել դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը վերադաս դատարան բողոքարկման ենթակա չէ, սակայն վերադաս դատարանն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը` իր վարույթում գտնվող գործով:

Ակնհայտ է, որ առկա է հակասություն միևնույն հարցի կարգավորմանն ուղղված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերի դրույթների միջև:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը նույն իրավական ակտի ընդհանուր և հատուկ մասերի միջև հակասության առկայության դեպքում առաջնությունը տալիս է ընդհանուր մասի դրույթներին, ուստի ենթադրվում է, որ ներպետական օրենսդրությամբ ամրագրված կարգավորման մեխանիզմին համապատասխան` սույն գործով կիրառման ենթակա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ մասը:

18. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5.4-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:

19. Սույն գործով բողոքարկվող ակտն ուղղակիորեն կապված է անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման հետագա բողոքարկման հնարավորության հետ, և առաջինի բողոքարկման իրավունքի սահմանափակումը անխուսափելիորեն հանգեցնում է երկրորդի բողոքարկման իրավունքի սահմանափակմանը, ինչը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության ընձեռումը բխում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայից:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում uահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ և 380-րդ հոդվածի 2-րդ մասերի միջև առկա կոլիզիան անհրաժեշտ է լուծել` նախապատվություն տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասին:

20. Սույն գործով բողոքարկվել է վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել` գործով մինչդատական վարույթն ավարտված լինելու պատճառաբանությամբ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտեցումը հակասում է ՀՀ քրեադատավարական օրենսդրությանը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասը, սպառիչ թվարկելով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմքերը, դրանցում չի նշում գործի քննության դատական փուլի ավարտմանը վերաբերող որևէ հիմք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոքարկվել է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պարտավոր էր վարույթ ընդունել և որոշման կայացմամբ իր դիրքորոշումն արտահայտել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետի վերականգնման թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ:

21. Վճռաբեկ դատարանը համաձայն չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ տեղ գտած այն ձևակերպմանը, որ «(…) մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը սահմանափակվում է նախաքննության ավարտով: Այն պահին, երբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան, տվյալ դատարանն է իրավասու քննարկել ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը (…)»:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված որոշումների, մասնավորապես` անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու և վերացնելու մասին որոշումների բողոքարկման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը հանգում է նրան, որ անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու իրավունքի սահմանափակումը դատավարության փուլի ավարտման պատճառաբանությամբ հակասում է ՀՀ քրեադատավարական օրենսդրությանը (նշված հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն իր դիրքորոշումն արտահայտել է Ա. Ղավալյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի ԵՔՐԴ/0299/01/08 որոշման մեջ):

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումն անհիմն է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Կարինե Վահանի Մնացականյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

 

Դ. Ավետիսյան

 

 

Հ. Ղուկասյան

    

Ս. Օհանյան

    Ս. Սարգսյան
   

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան