Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.08/61(651) Հոդ.358
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

քրեական վերաքննիչ դատարանի որոշում

գործ 144/08

ՎԲ-73/08

 

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

Դատավորներ՝ Ս. Համբարձումյան

Գ. Մելիք-Սարգսյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

 

քարտուղար

 Ա. Աբրահամյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Արմեն Զախարի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի ապրիլի 14-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

1. Արմեն Բաբալարյանի և Արմեն Աբրահամյանի կողմից փոխադարձ ծեծի փաստի առթիվ 2007 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության մարմնի 2007 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Արմեն Աբրահամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2007 թվականի հոկտեմբերի 10-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հունվարի 25-ի դատավճռով Արմեն Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտվել կալանքի 1 (մեկ) ամիս ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Արմեն Բաբալարյանը, որը վերաքննիչ բողոք չի բերել:

Ամբաստանյալ Արմեն Աբրահամյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ Արմեն Աբրահամյանի մասով բեկանել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2008 թվականի հունվարի 25-ի դատավճիռը, կարճել է վերջինիս նկատմամբ քրեական գործի վարույթը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ:

3. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի ապրիլի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ դատարանը 2008 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Արմեն Աբրահամյանի կողմից ստացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որով վերջինս խնդրել է վճռաբեկ բողոքը վարույթ չընդունել՝ պատճառաբանելով, որ ինքը որևէ հանցանք չի կատարել, Ա.Բաբալարյանի նկատմամբ որևէ բռնություն չի գործադրել:

 

2. Գործի փաստական հանգամանքները

 

4. Արմեն Զախարի Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 18-ի սահմաններում, խոտհարքի տարածքի պատկանելության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել Արմեն Բաբալարյանի հետ, որի ընթացքում ծեծել և բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

 

5. Քրեական գործը հարուցվել է 2007 թվականի հուլիսի 25-ին Արմեն Աբրահամյանի կնոջ՝ Արաքսյա Մակունցի հայտարարության հիման վրա:

6. Քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով Արաքսյա Մակունցի իրավունքների և օրինական շահերի խախտում թույլ չի տրվել, նրան անմիջականորեն բարոյական, ֆիզիկական և գույքային վնաս չի պատճառվել:

 

4. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոք բերած անձը գտնում է, որ վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և անօրինական, քանի որ դատարանը ճիշտ չի գնահատել ձեռք բերված ապացույցները, սխալ է մեկնաբանել օրենքը, անտեսել է հանցագործության վերաբերյալ Ա.Աբրահամյանի կնոջ կողմից վերջինիս խնդրանքով ոստիկանության բաժին ներկայացրած հայտարարությունը, իսկ հետագայում նաև Ա.Աբրահամյանի և Ա.Բաբալարյանի կողմից կատարվածի շուրջ տրված բացատրությունները, որոնք անհիմն գնահատելով որպես բողոքի բացակայության և գործի վարույթը բացառող հիմք, կայացրել է այնպիսի դատական ակտ, որը խաթարում է արդարադատության բուն էությունը:

8. Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերող անձը պահանջել է Արմեն Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի ապրիլի 14-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հունվարի 25-ի դատավճռին:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ քրեական հետապնդումն այն բոլոր դատավարական գործողություններն են, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը՝ նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածը սահմանում է, որ կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով՝ քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածը սահմանում է մասնավոր հետապնդման, այսինքն՝ տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի սպառիչ ցանկը, որոնց մեջ մատնանշված է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ և 183-րդ հոդվածների ուժով մասնավոր մեղադրանքով գործ հարուցելու և դրանով քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը լիովին կախված է դիմողի՝ հանցավորին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար քրեական հետապնդման մարմնին դիմելու ցանկությունից և կամարտահայտությունից:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, եթե բացակայում է դիմողի բողոքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 33-րդ կետի համաձայն` դիմող հանդիսանում է յուրաքանչյուր անձ, որը դիմել է դատարան, քրեական հետապնդման մարմնին կամ հավատարմագրված փաստաբանին` քրեական դատավարության կարգով խախտված իրավունքների պաշտպանության համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը:

Վերոնշյալ երկու հոդվածների վերլուծությունից բխում է, որ մասնավոր մեղադրանքի գործերով «դիմող» եզրույթը ավելի լայն է, քան «տուժողը»: Քրեական դատավարությունում «դիմող» կարող է հանդիսանալ յուրաքանչյուր ոք, ով իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է դատարան, քրեական հետապնդման մարմնին կամ հավատարմագրված փաստաբանին: Անձը «տուժող» ճանաչվում է այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվող ստուգողական գործողությունների արդյունքում պարզվում է, որ անձի իրավունքների խախտումը արդյունք է քրեական օրենքով արգելված արարքի կատարման, և այդ արարքի կատարման հետևանքով դիմողին անմիջականորեն պատճառվել է կամ կարող էր պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս:

«Դիմողը» քրեադատավարական գործունեության ոլորտ ներգրավվում է սեփական նախաձեռնությամբ, առանց վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման, մինչդեռ գործով «տուժող» ճանաչվելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմինները կայացնում են ինքնուրույն դատավարական որոշում: Այսինքն՝ նյութերի նախապատրաստման փուլում ՀՀ քրեադատավարական օրենսդրության իմաստով տուժող չկա, «տուժող» քրեադատավարական սուբյեկտը քրեական դատավարությունում ի հայտ է գալիս քրեական գործի հարուցումից հետո կամ գործի հարուցման հետ միաժամանակ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվող որոշման հիման վրա:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասում առկա այն ձևակերպումը, որի համաձայն` «(…) հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման

վրա (…)», հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի տրամաբանությանը, քանի որ նշված ձևակերպմամբ ստացվում է, որ մասնավոր հետապնդման գործ հարուցելու մասին որոշում կայացվում է տվյալ դատավարական փուլում գոյություն չունեցող սուբյեկտի բողոքի հիման վրա: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածում թվարկված մասնավոր հետապնդման գործերով վարույթի հարուցման հիմք պետք է դիտել ոչ թե տուժողի, այլ դիմողի բողոքը, որի բացակայության դեպքում վարույթը ենթակա է կարճման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով:

13. Վճռաբեկ դատարանը մասնավոր հետապնդման գործերով «դիմող» դիտում է այն անձանց, ում իրավունքները խախտվել են քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով, ինչպես նաև նրանց, ովքեր օրենքի ուժով հանդիսանում են անչափահաս կամ անգործունակ անձանց օրինական ներկայացուցիչներ, եթե խախտվել են նրանց խնամարկյալների իրավունքները:

Վերոնշյալ մոտեցումից բացառություն է այն դեպքը, երբ անձը, ում իրավունքները խախտվել են, իր անօգնական վիճակի կամ այլ օբյեկտիվ պատճառներով չի կարող պաշտպանել իր իրավունքներն ու օրինական շահերը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման իրավիճակում քրեական գործ հարուցելու առիթն օրինական, իսկ հիմքերը բավարար լինելու դեպքում քրեական գործ հարուցելու մասին որոշում պետք է կայացվի հանրային մեղադրանքի գործերի հարուցման համար սահմանված ընդհանուր կարգով:

14. Սույն գործի նյութերից երևում է, որ Արմեն Աբրահամյանի և Արմեն Բաբալարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում նրանք ծեծել և բռնի գործողություններ են կատարել միմյանց նկատմամբ: Կռվից հետո քրեական հետապնդման մարմնին բողոք է ներկայացրել Արմեն Աբրահամյանի կինը՝ Արաքսյա Մաքունցը, ում Արմեն Աբրահամյանի և Արմեն Բաբալարյանի գործողություններով անմիջականորեն չի պատճառվել և չէր էլ կարող պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ և Արմեն Աբրահամյանին ու Արմեն Բաբալարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որը հետագայում հիմք է հանդիսացել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի համար նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու և դատապարտելու համար:

15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես մինչդատական վարույթն իրականացնող մարմինը, այնպես էլ առաջին ատյանի դատարանը թույլ են տվել քրեադատավարական օրենքի կոպիտ խախտում` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մասնավոր հետապնդման վարույթ հարուցվել է ոչ թե դիմողի, այսինքն՝ այն անձի կողմից, ում իրավունքները խախտվել են քրեական օրենքով արգելված արարքի կատարմամբ, այլ երրորդ անձի կողմից, ում վնաս չի պատճառվել: Ո'չ նախաքննության, ո'չ դատական մարմինները ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքի վրա, որ վարույթ հարուցվել է ոչ պատշաճ սուբյեկտի բողոքի հիման վրա, այսինքն՝ գործի հարուցման հիմքը բացակայում է: Վճռաբեկ դատարանն այն դիրքորոշումն է արտահայտում, որ սույն գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, այն է` դիմողի բացակայության պատճառաբանությամբ գործով վարույթի կարճումն օրինական է և բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև 183-րդ հոդվածի 1-ին մասի իմաստից:

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի այն պատճառաբանությունը, թե հանցագործության վերաբերյալ Արաքսյա Մաքունցը հայտարարությունը տվել է իր ամուսնու ցուցումով և քրեական գործը հարուցվել է հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերով, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածների պահանջներից: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը հանգել է ճիշտ հետևության, այն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա կարճել քրեական գործի վարույթը և դադարեցրել քրեական հետապնդումը:

Վերը շարադրվածը վկայում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքով նյութական կամ դատավարական օրենքի էական խախտումներ թույլ չեն տրվել, այդ առումով վերաքննիչ դատարանի որոշումը օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, լիովին համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ, 35-րդ և 183-րդ հոդվածների պահանջներին, ուստի նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Արմեն Զախարի Աբրահամյանի վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի ապրիլի 14-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

 

Դ. Ավետիսյան

 

 

Հ. Ղուկասյան

    

Ս. Օհանյան

    Ս. Սարգսյան
   

Վ. Աբելյան

Ե. Խունդկարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան