Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ3/0253/05/08
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Վարչական գործ թիվ ՎԴ3/0253/05/08
2008թ
.

                    

                   

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ե. Խունդկարյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Արտաշատի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) ընդդեմ Անդրանիկ Խաչատրյանի՝ 4.158.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և ըստ Անդրանիկ Խաչատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության՝ 12.05.2008 թվականի թիվ 2326223 ակտը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Անդրանիկ Խաչատրյանից 4.158.000 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Անդրանիկ Խաչատրյանը պահանջել է վերացնել Տեսչության 12.05.2008 թվականի թիվ 2326223 ակտը:

Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով ֆիզիկական անձի տարեկան համախառն եկամուտը հաշվարկվել է Անդրանիկ Խաչատրյանի տված հայտարարության հիման վրա, հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ սահմանված հարկվող օբյեկտի և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը:

Բացի այդ, թե ակտում, թե հայտարարության մեջ հստակ նշվել են արձանագրված խախտումները՝ առանց պետական գրանցման ապրանքի ներկրման փաստը և ժամանակը, որը համապատասխանում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի դրույթներին:

Ինչ վերաբերում է հարկային պետական ծառայությունում Անդրանիկ Խաչատրյանի հայտարարությանը գրանցված չլինելուն, ապա այն համարվել է ակտի անբաժանելի մաս և որպես առանձին փաստաթուղթ չէր կարող գրանցվել, քանի որ գրանցվել է ստուգման ակտի հետ նույն համարի տակ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Տեսչության պետի 06.05.2008 թվականի թիվ 2326223 հանձնարարագրով հարկային տեսուչներին հանձնարարվել է ֆիզիկական անձ Անդրանիկ Խաչատրյանի մոտ կատարել առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգում:

2) Անդրանիկ Խաչատրյանի 07.05.2008 թվականի հայտարարության համաձայն` 20.12.2007 թվականին Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել 8000 կգ մանդարին, իսկ 26.12.2007 թվականին` 11.800 կգ մանդարին: Ապրանքները ներկրվել են վաճառելու նպատակով, որի մեկ կիլոգրամն իրացրել է միջինը 350 ՀՀ դրամով:

3) Տեսչության 12.05.2008 թվականի թիվ 2326223 ստուգման ակտի համաձայն՝ Անդրանիկ Խաչատրյանը 2007 թվականի դեկտեմբերի 20-ին և 26-ին Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրել 19.800 կգ մանդարին: Վերջինիս հայտարարության համաձայն` ներկրված մանդարինն իրացվել է 350 ՀՀ դրամով: Ստուգումն իրականացվել է 12.05.2008 թվականին:

4) Սուլիկո Գոգաշվիլիի, Նուգզար Խալվաշիի հայտարարությունների համաձայն` համապատասխանաբար 12 տոննա և 7.800 կգ մանդարինը Հայաստանի Հանրապետության տարածք է ներկրվել Անդրանիկ Խաչատրյանի անվամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ առանց լիցենզիայի կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն) գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` եթե հարկ վճարողը չի ներկայացնում հարկվող օբյեկտների գծով հաշվապահական հաշվառման (հարկային օրենսդրությամբ կամ ՀՀ կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառման և (կամ) գրանցումների վերաբերող) սահմանված փաստաթղթերը կամ դրանք վարում է սահմանված կարգի կոպիտ խախտումներով, կամ ակնհայտ կեղծ տվյալներ է մտցնում հարկային տեսչություն ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը, ապա հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է հարկային տեսչությունը` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Դատարանը հայցի մերժման և հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրել է այն փաստարկները, որ հանձնարարագիրն ստորագրվել է դրա համար լիազորություն չունեցող պաշտոնատար անձի` Տեսչության պետի կողմից, Տեսչությունը դատարան չի ներկայացրել 19.800 կիլոգրամ 6.759.800 ՀՀ դրամ արժեքով մանդարինի առկայության փաստը հաստատող ապացույց, ստուգողները Անդրանիկ Խաչատրյանի տարեկան համախառն եկամուտը հաշվարկել են` հիմք ընդունելով միայն վերջինիս հայտարարությունը, ինչպես նաև այն, որ Անդրանիկ Խաչատրյանի գործունեությունը չի համարվում ձեռնարկատիրական` վճռի հիմքում դնելով նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 1161(ՏԴ) գործով 01.08.2007 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ: Դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Սույն գործով Դատարանն ակտն անվավեր ճանաչելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ հանձնարարագիրն ստորագրվել է դրա համար լիազորություն չունեցող պաշտոնատար անձի՝ Տեսչության պետի կողմից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը նախատեսում է, որ հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների եւ հ սկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հա ստատագրված վճարների մա սին oրենքով սահմանված ելակետային տվյալների եւ դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների-բրոքերների, առանց պետական գրանցման, առանց համապատա սխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տե սչության պետին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, անհրաժեշտ համարելով Տեսչության պետի կողմից համապատասխան փաստի ապացուցման անհրաժեշտությունը, պետք է պահանջեր ներկայացնելու այդ փաստերի ապացույցները: Մինչդեռ Դատարանը, առանց Տեսչությունից համապատասխան ապացույցը պահանջելու, այդ փաստը հիմնավորված չի համարել` այդ հանգամանքը նույնպես դնելով վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Դատարանի այն պատճառաբանությունը, որ Անդրանիկ Խաչատրյանի գործունեությունը չի կարող համարվել ձեռնարկատիրական հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով հաստատվել են Անդրանիկ Խաչատրյանի անվամբ 2007 թվականի դեկտեմբերի 20-ին և 26-ին 19.800 կգ մանդարինի ներկրման և շուկայում այդ ապրանքների վաճառքի փաստերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 1161(ՏԴ) գործով 01.08.2007 թվականի որոշմամբ տրված ձեռնարկատիրական գործունեության մեկնաբանությունից հետևում է Անդրանիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստը հետևյալ պատճառաբանությամբ.

Վերոնշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանը մասնավորապես հստակ նշել է, որ քաղաքացու կողմից իրականացվող գործունեության բնույթը (այդ թվում նաև՝ ձեռնարկատիրական լինելը) որոշելիս, անհրաժեշտ է օրենքով սահմանված պարտադիր հատկանիշների առկայությունը որոշել մասնավորապես հետևյալ հանգամանքները բացահայտելուց հետո.

1. արդյո՞ք գործունեությունն իրականացվել է անձի նախաձեռնությամբ և կամքով,

2. արդյո՞ք գործունեությունը կրում է պարբերական բնույթ,

3. արդյո՞ք գործունեությունն ի սկզբանե իրականացվել է հատկապես շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով,

4. արդյո՞ք գործունեությունն իրականացվում է որպես մասնագիտություն (արհեստ), որի արտաքին դրսևորումներից կարելի է համարել առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման հատուկ տարածքի (խանութ, սրահ, արհեստանոց, այլ արտադրական տարածք, հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց), տեղեկատվական-գովազդային բնույթի միջոցառումների, ապրանքի մեծ քանակության և տեսականու առկայությունը,

5. արդյո՞ք քաղաքացու տնտեսական գործունեությունը (քաղաքացիաիրավական գործարքը) վերաբերում է նրա անձնական գույքին:

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումից ուղղակիորեն հետևում է, որ անձի կողմից մեծ քանակությամբ ապրանքների ներմուծումն այլ հատկանիշների առկայության հետ մեկտեղ նույնպես կարող է վկայել նրա գործունեության ձեռնարկատիրական բնույթի մասին:

Անդրանիկ Խաչատրյանի գործունեությունն իրականացվել է ինքնուրույն, իր ռիսկով և հետապնդել է շահույթ ստանալու նպատակ: Այդ հանքամանքները հաստատվում են վերջինիս կողմից ընդունված այն փաստով, որ 19.800 կգ մանդարինը ներմուծվել է իր անունից և վաճառվել շուկայում: Իրավական առումով ապրանքները ներմուծել է Անդրանիկ Խաչատրյանը, իսկ դրանց վաճառքն ուղղակիորեն վկայում է շահույթ ստանալու նպատակի մասին: Այն հանգամանքը, որ ապրանքները ներմուծվել են այլ անձանց կողմից, անձի կողմից իրականացված գործունեությունը ձեռնարկատիրական չդիտելու համար բավարար չի կարող համարվել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի համաձայն` մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում անմիջականորեն ներկայացվողի համար:

Վերոնշյալից հետևում է, որ ներկայացուցչության ինստիտուտի միջոցով քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցները կատարում են իրավաբանական գործողություններ` առանց անմիջականորեն դրանց մասնակցելու: Սակայն այդ գործողություններն ուղղված են հենց ներկայացվողի համար իրավունքներ և պարտականություններ ստեղծելուն:

Հետևաբար սույն գործով Անդրանիկ Խաչատրյանի անունից կնքված բոլոր գործարքները` ապրանքների ներկրումը, դրանց վաճառքը, իրավունքներ և պարտականություններ են առաջացնում միայն Անդրանիկ Խաչատրյանի համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վարչական դատարանի 01.08.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ե. Խունդկարյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան