Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.05.27/27(693) Հոդ.607
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1471/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1471/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Է. Մուրադյան

Դատավորներ՝ Ն. Հովսեփյան

               Վ. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Ա. Մաթևոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի մարտի 13-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռիմա Համբարձումյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ բնակելի տան և տնով զբաղեցված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Ռիմա Համբարձումյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Չելյուսկինցիների 14 հասցեի Հայկական ԽՍՀ Երևանի Օրջոնիկիձեի շրջսովետի գործկոմի 1979 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 20 արձանագրությամբ սահմանված կարգով կառուցված 60 քմ մակերեսով բնակելի տան և տնով զբաղեցված հողամասի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2008 թվականի որոշմամբ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 54-րդ, 55-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ նախկին հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, գնահատելով Հայկական ԽՍՀ Երևանի Օրջոնիկիձեի շրջսովետի գործկոմի 1979 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 20 որոշումը, պատճառաբանել է, որ Ռիմա Համբարձումյանը ճանաչվել է տվյալ հողամասի օգտագործող և նրան տրվել է վթարային բնակելի տունը քանդելու, դրա տեղում նորը կառուցելու թույլտվություն: Մինչդեռ, Ռիմա Համբարձումյանը չի ապացուցել նշված տունը քանդելու, ինչպես նաև օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ նույն չափերով նորը կառուցելու հանգամանքները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել Երևանի քաղաքապետարանի փաստարկներն այն մասին, որ վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման բացակայության փաստով նշված հողամասը համարվում է պետական սեփականություն` պատճառաբանելով, որ այդ իրավանորմի համաձայն` պետական սեփականություն են այլ անձանց չպատկանող հողերը:

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասը, 188-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ քաղաքաշինական փաստաթղթերի բացակայությունը կարող է նշանակություն ունենալ ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու հարցում, սակայն սույն գործով հայցվորը նման պահանջ չի ներկայացրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.09.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Նվարդ Համբարձումյանին 1929 թվականին Չելյուսկինցիների 2 հասցեում հատկացվել է 60 քմ մակերեսով հողամաս` բնակելի տուն կառուցելու համար (գ.թ. 6):

2) Հայկական ԽՍՀ Երևանի Օրջոնիկիձեի շրջսովետի գործկոմի 1979 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 20 արձանագրության համաձայն` Ռիմա Համբարձումյանին թույլատրվել է քանդել Չելյուսկինցիների 14 (նախկինում Չելյուսկինցիների 2) հասցեում գտնվող` Նվարդ Համբարձումյանին պատկանող վթարային բնակելի տունը և տեղում նույն` 60 քմ չափով, կառուցել նորը: Արձանագրությամբ թույլատրվել է նոր տունը կառուցելուց հետո տունը և հողամասը վերաձևակերպել Ռիմա Համբարձումյանի անվամբ (գ.թ. 7):

3) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոնի տարածքային ստորաբաժանման 08.04.2008 թվականի թիվ Ել 2415 գրությամբ մերժվել է Չելյուսկինցիների 14 հասցեում գտնվող անշարժ գույքի պետական գրանցման վերաբերյալ Ռիմա Համբարձումյանի դիմումը` հողամասի գլխավոր հատակագիծը, բնակելի տունը քանդելու, տեղում նորը կառուցելու և այն Ռիմա Համբարձումյանի անվամբ անվանափոխելու օրինականությունը հաստատող փաստաթղթեր` քանդման թույլտվություն, կառուցման նախագիծ, ավարտական ակտ չներկայացվելու պատճառաբանությամբ (գ.թ. 74):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեցած հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերում հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում, եթե՝

1/ այդ հողամասերը հատկացվել են որպես տնամերձ, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար և

2/ դրանք տրամադրվել են մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը:

Սույն գործի փաստերի համաձայն` Չելյուսկինցիների 14 հասցեում գտնվող վիճելի 60 քմ հողամասը Ռիմա Համբարձումյանին հատկացվել է բնակելի տան շինարարության համար մինչև 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը: Հետևաբար, այդ հողամասի նկատմամբ Ռիմա Համբարձումյանն օրենքի ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ պարբերության ուժով սեփականության իրավունքի ծագման հարցերին (տես՝ ըստ Արփենիկ Ոսկանյանի դիմումի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 30.11.2006 թվականի քաղաքացիական գործով թիվ 3-2125 (Ա) որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն իրավահարաբերության նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 54-րդ և 55-րդ հոդվածների կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը հիմնավոր չէ.

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն` օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:

Նշված հոդվածից հետևում է, որ անձը սեփականության իրավունք կարող է ձեռք բերել օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ստեղծած գույքի նկատմամբ:

Միաժամանակ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է ինքնակամ կառույցի հասկացությունը, համաձայն որի` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Չելյուսկինցիների 14 հասցեում գտնվող վիճելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ Ռիմա Համբարձումյանի դիմումը մերժվել է հողամասի գլխավոր հատակագիծը, բնակելի տունը քանդելու, տեղում նորը կառուցելու և այն Ռիմա Համբարձումյանի անվամբ անվանափոխելու օրինականությունը հաստատող փաստաթղթեր` քանդման թույլտվություն, կառուցման նախագիծ, ավարտական ակտ չներկայացվելու պատճառով, ավելին՝ սույն գործում առկա չէ վիճելի բնակելի տունն օրինական ճանաչելու վերաբերյալ որևէ ապացույց:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված տունն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ չի ստեղծվել, և այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի ուժով ինքնակամ կառույց է:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք կարող է ճանաչվել միայն, երբ այն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ դառնում է օրինական:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունը և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, արձանագրել է, որ դատական կարգով ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայում է (տե՜ս, ըստ Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյանների հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի քաղաքացիական գործով թիվ 3-106(ՎԴ) որոշումը):

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը Երևան քաղաքի Չելյուսկինցիների թիվ 14 տան նկատմամբ Ռիմա Համբարձումյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: Նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:

Հիմք ընդունելով սույն որոշման երկրորդ հիմքում նշված պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշման` Երևանի Չելյուսկինցիների 14 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ Ռիմա Համբարձումյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասը և այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ա. Մաթևոսյան

Ե. Սողոմոնյան