ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-3-Ո-14
2009 թ.
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Ս. Անտոնյանի, Ա. Թումանյանի, Վ. Աբելյանի, Մ. Մարտիրոսյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Սիմոնյանի, Տ. Պետրոսյանի, Ն. Տավարացյանի, Գ. Բադիրյանի, Հ. Մովսեսյանի, Տ. Բարսեղյանի
|
մասնակցությամբ դատավոր |
Ա. Պողոսյանի |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2009 թվականի փետրվարի 5-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
2008 թվականի դեկտեմբերի 23-ին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի այսուհետ` (Կարգապահական հանձնաժողով) թիվ N-Կ-2-15/08 որոշմամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Պողոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Լևիկ Սուքիասյանի` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին հասցեագրված դիմումը:
2. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք հանձնաժողովը գնահատել է որպես նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ:
Ըստ եզրակացության՝
1996 թ. քաղաքացի Լևիկ Սուքիասյանի և Արմինե Աբրոյանի միջև տեղի է ունեցել տան առուվաճառք, որը, սակայն, ձևակերպվել է որպես նվիրատվություն: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով: 27.11.1996 թ. Լ. Սուքիասյանին տրվել է սեփականության իրավունքի վկայագիր, իսկ հետագայում` 25.09.2000 թ. ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման կողմից տրվել է նաև սեփականության իրավունքի նոր վկայական:
Հայցվոր Ա. Աբրոյանը, 2006 թ. դիմելով ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարան, պահանջել է վերոհիշյալ նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչել: ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ե. Քոչարյան) 06.02.2007 թ. վճռով Ա. Աբրոյանի հայցը մերժվել է:
Հայցվորը առաջին ատյանի դատարանի 06.02.2007 թ. վճիռը բողոքարկել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 22.06.2007 թ. թիվ 07-1408 վճռով մերժվել է Արմինե Աբրոյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման, Մասիսի տարածքի նոտար Հ.Ղարիբյանի և Լևիկ Սուքիասյանի՝ բնակելի տան նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Հայցապահանջը՝ սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է:
19.05.2008 թ. ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Պողոսյան) քննել է Արմինե Աբրոյանի հայցն ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածքային ստորաբաժանման, ՀՀ Արարատի մարզի Այնթափի գյուղապետարանի, Լևիկ Սուքիասյանի, երրորդ անձ՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի նոտարական գրասենյակի՝ Արարատի մարզ, Այնթափ գյուղի 7-րդ փողոց, թիվ 32 հասցեում գտնվող Լևիկ Սուքիասյանի անվամբ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, Արմինե Աբրոյանի սեփականության իրավունքը Արարատի մարզ, Այնթափ գյուղի 7-րդ փողոց, թիվ 32, 194,7 քմ մակերեսով տան և 0,065 հա տնամերձ հողամասի նկատմամբ գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանի վճռով Ա. Աբրոյանի հայցը բավարարվել է ամբողջությամբ. անվավեր է ճանաչվել Արարատի մարզ, Այնթափ գյուղի 7-րդ փողոց, թիվ 32 հասցեում գտնվող Լևիկ Սուքիասյանի անվամբ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը, պարտավորեցվել է ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածքային ստորաբաժանմանը՝ գրանցելու Արմինե Աբրոյանի սեփականության իրավունքը Արարատի մարզ, Այնթափ գյուղի 7-րդ փողոց, թիվ 32, 194,7 քմ մակերեսով տան և 0,065 հա տնամերձ հողամասի նկատմամբ:
ՀՀ վարչական դատարանը 19.05.2008 թվականի վճռի հիմքում դրել է գործով պարզված այն հանգամանքը, որ հայցվոր Ա.Աբրոյանը 10.07.1996 թվականի պայմանագրով օտարել է վիճելի տան միայն 114.3 քմ մակերեսը, իսկ դեռևս 20.10.1992 թվականին ձեռքբերված 83.1 քմ մակերեսով չջեռուցվող տարածքը մնացել է վերջինիս սեփականության ներքո, ինչը տեխնիկական գույքագրման վարչության Մասիսի տեղամասի կողմից 27.11.1996 թվականին պետական գրանցում կատարելիս անտեսվել է, և սեփականության վկայագրի հատակագծում ներառվել է ամբողջ երկհարկանի տունը, այդ թվում՝ 83.1 քմ մակերեսով չջեռուցվող տարածքը:
Դատարանը կիրառել է նաև 1964 թ. ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ և 257-րդ հոդվածները, «Անշարժ գույքի մասին» ՀՀ նախկին օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, որոնք սակայն, ըստ դիմումատուի, չպետք է կիրառեր, քանի որ նվիրատվության պայմանագիրը կնքելուց հետո Լ. Սուքիասյանն անմիջապես այն ներկայացրել է պետական գրանցման և միայն 4 ամիս անց է ստացել սեփականության իրավունքի վկայական, որն իր մեղքով չի եղել:
Գործով պատասխանող Լևիկ Սուքիասյանը վճռաբեկության կարգով բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի 19.05.2008 թ. վճիռը:
ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի ՎԴ-3/0099/05/08 որոշմամբ Լևիկ Սուքիասյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, բեկանվել է վարչական դատարանի 19.05.2008 թվականի վճիռը և այն փոփոխվել է. Արմինե Աբրոյանի հայցը մերժվել է:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտել է, որ արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ խախտումներ, մասնավորապես`
1. Խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը, որի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերոնշյալ գործի փաստերի համաձայն` 10.07.1996 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Ա. Աբրոյանը ՀՀ Մասիսի շրջանի Այնթափ գյուղի` իրեն սեփականության իրավունքով պատկանող տնատիրությունը` 81.6քմ մակերեսով բնակելի տարածությամբ, 32.7քմ մակերեսով օժանդակ տարածքով և 650քմ մակերեսով տնամերձ հողամասի հետ միասին նվիրել է Լևիկ Սուքիասյանին:
3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Արդյունքում` Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտել է, որ սույն պայմանագրի առարկա է ամբողջ բնակելի տունը (տնատիրությունը) որպես մեկ ամբողջական միավոր: Թեև պայմանագրում նշվել է միայն բնակելի մակերեսը և օժանդակ շինությունները, սակայն դա չի նշանակում, որ չջեռուցվող մակերեսը պայմանագրում հատուկ նշված չլինելու պարագայում չի օտարվել:
4. Սույն գործով դատարանի կողմից կիրառվել է ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառվեր: Համաձայն ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի` բնակելի տան և շինանյութերի նվիրատվության պայմանագիրը պետք է կնքված լինեն նույն օրենսգրքի համապատասխանաբար 241 և 2411 հոդվածներով սահմանված ձևով:
ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդվածի համաձայն` գյուղական բնակավայրերում գտնվող բնակելի տան առուծախի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր և գրանցվի պատգամավորների գյուղական խորհրդի գործադիր կոմիտեում: Բնակելի տան առուծախի պայմանագիրը կնքված է համարվում նրա գրանցման պահից: Գրանցումը պետք է կատարվի նոտարական վավերացման օրվանից` ամենաուշը երեք ամսվա ընթացքում: Վերոնշյալ հոդվածները կարգավորում են ոչ թե բնակելի տան նկատմամբ գնորդի իրավունքների պետական գրանցման, այլ բնակելի տան առուծախի պայմանագրի գրանցման հարցը, որով պայմանավորվում է դրա կնքման պահը:
Այսինքն` նշված հոդվածներով նախատեսվում է անշարժ գույքի օտարման պայմանագրի գրանցման պարտավորություն և դրա չգրանցման հետևանքը, այն է` պայմանագրի անվավերությունը: Հետևաբար, պայմանագրի անվավերության հիմք էր պայմանագրի չգրանցելը, իսկ արդեն գրանցված պայամանգիրը չի կարող անվավեր ճանաչվել այն հիմքով, որ պայմանագրի գրանցումը կատարվել է դրա համար օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերը, հանգել է այն հետևության, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Պողոսյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք են հանդիսանում:
Այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք է դատավորի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումը, Կարգապահական հանձնաժողովը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական օրենքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:
Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում արդարադատություն իրականացնելիս չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական և դատավարական իրավունքի ակնհայտ խախտում:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Պողոսյանը, առարկելով եզրակացության մեջ նշված փաստերի առկայության դեմ, վիճարկեց նաև դրանց որակումը որպես կարգապահական խախտում:
Դատավոր Ա. Պողոսյանը բացատրության մեջ մասնավորապես նշել է, որ քաղաքացի Լևիկ Սուքիասյանի 18.11.2008 թ. դիմումն ակնհայտ և առերևույթ անհիմն է, և Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
Ըստ դատավոր Ա. Պողոսյանի` դիմումատու Լ. Սուքիասյանն իր 18.11.2008 թ. դիմումի մեջ, բացի դատավորի հասցեին ուղղված վիրավորանքից, որևէ այլ հիմնավորում չի ներկայացրել դատավորի կողմից նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումների առկայության մասին:
Դատավորը նշել է, որ քաղաքացի Լ. Սուքիասյանի դիմումը հնարավոր չէ գնահատել որպես իրավաբանորեն գրագետ հիմնավորված ու ձևակերպված փաստաթուղթ, և այն դուրս չի գալիս կենցաղային «բողոքի» շրջանակներից (դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ, բացի ՀՀ արդարադատության նախարարից, այն միաժամանակ հասցեագրվել է նաև ՀՀ Նախագահին և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ընդգրկված չեն կարգապահական վարույթ հարուցելու իրավազորություն ունեցող սուբյեկտների կազմում):
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի եզրակացության մեջ վկայակոչած է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետը, որը պահանջում է պայմանագիրը մեկնաբանելիս ելնել նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, սակայն խորհուրդը եզրահանգել է, որ եթե պայմանագրում նշված չէ չջեռուցվող տարածքը, չի նշանակում, թե այն չի օտարվել:
ՀՀ վարչական դատարանն իր 19.05.2008 թվականի վճռով հաստատված է համարել այն հանգամանքը, որ 20.10.1992 թվականին Լյուդվիգ Գևորգյանը Մասիսի շրջանի Այնթափ գյուղում սեփականության իրավունքով իրեն պատկանող տնատիրության 1/2 մասը 81,6քմ բնակելի տարածությամբ, 32,7քմ օժանդակ տարածությամբ, 83,1քմ չջեռուցվող մակերեսով և 650 քմ տնամերձ հողամասի հետ նվիրել է Արմինե Աբրոյանին: Այնուհետև, 10.07.1996 թվականին նոտարական կարգով վավերացված նվիրատվության պայմանագրով Արմինե Աբրոյանը նշված տարածքները, բացի չջեռուցվող տարածքից, նվիրել է Լևիկ Սուքիասյանին: 27.11.1996 թվականին ՀՀ ԿԱ «Հայբնակկոմտնտ» ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության Մասիսի տեղամասի կողմից Լ. Սուքիասյանի անվամբ տրվել է սեփականության վկայագիր, որտեղ նույնպես չի հիշատակվել չօտարված 83,1 քմ չջեռուցվող տարածքը: Իսկ 25.09.2000 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0312783 վկայականում և 17.07.2006 թվականին տրված թիվ 2225321 վկայականում բնակելի տան մակերեսը արդեն նշվել է 194,7քմ, ինչը 80,4 քմ ավելի է իրականում օտարված 114,3 քմ-ից:
Ավելին, 25.09.2000 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 0312783 վկայականում և 17.07.2006 թվականի թիվ 2225321 վկայականում նշվել են տարբեր հիմքեր. առաջին դեպքում` սեփականության 27.11.1996 թվականի գր. գիրք թիվ 5590 վկայագիրը, իսկ կրկնօրինակում` 15.03.2000 թվականի Այնթափ համայնքի տնտեսության թիվ 27 գրքից քաղվածքը և համայնքի ղեկավարի 20.04.2000 թվականի որոշումը:
Ինչ վերաբերում է եզրակացության մեջ նշված նախորդ 1964 թվականի ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 241, 2411 և 257 հոդվածների կիրառելիությանը, ապա դատավորը գտնում է, որ 10.07.1996 թվականի նվիրատվության պայմանագիրն ընդհանրապես չի գրանցվել գործկոմի կողմից հետևյալ պատճառաբանությամբ.
Լ. Սուքիասյանի անվամբ 27.11.1996 թվականին տրված սեփականության վկայագրում առկա չէ որևէ գրառում գործադիր կոմիտեի կողմից կատարված գրանցման ամսվա, ամսաթվի, տարեթվի ու համարի մասին: Իսկ սեփականության վկայագիրը կազմվել է միայն 27.11.1996 թվականին` պայմանագրի վավերացումից ավելի քան չորս ամիս անց:
Դատավորը նշել է, որ պատգամավորների գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից գրանցում չէր կարող կատարվել նաև այն պատճառով, որ 05.07.1995 թվականին ընդունված Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ուժով խորհուրդները և նրանց գործադիր մարմինները դադարել են իրականացնել իրենց լիազորությունները, և փաստացի 1996 թվականի երկրորդ կեսին մինչև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը վերջիններս կատարում էին միայն տեխնիկական աշխատանք` տրամադրելով սեփականության իրավունքի վկայագրեր:
Դատավոր Ա. Պողոսյանը նշել է նաև, որ վարչական գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվի ժամանակին 10.07.1996 թվականի պայմանագիրը գործկոմի կողմից գրանցելու փաստը:
Ելնելով վերոգրյալից` դատավորը նշեց, որ հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման` վկայակոչելով ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասը, որը նախատեսում է, որ դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած դատավորի պատասխանատվություն:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. Սույն գործով, ըստ հայցի Արմինե Աբրոյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման, Մասիսի տարածքի նոտար Հ. Ղարիբյանի և Լևիկ Սուքիասյանի` բնակելի տան նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը 06.02.2007 թվականին կայացրել է վճիռ, որը բողոքարկվել է վերաքննիչ դատարան:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նույն գործով 22.06.2007 թվականին կայացրել է թիվ 07-1408 վճիռը, որը մտել է օրինական ուժի մեջ:
2. Նվիրատվության պայմանագիրը նոտարական կարգով վավերացվել է 10.07.1996 թվականին, իսկ Լևիկ Սուքիասյանի` նվիրատվության պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցվել է 27.11.1996 թվականին:
3. 10.07.1996 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Արմինե Աբրոյանը ՀՀ Մասիսի շրջանի Այնթափ գյուղի` իրեն սեփականության իրավունքով պատկանող տնատիրությունը` 81,6 քմ մակերեսով բնակելի տարածությամբ, 32,7 քմ մակերեսով օժանդակ տարածքով, 650 քմ մակերեսով տնամերձ հողամասի հետ միասին նվիրել է Լևիկ Սուքիասյանին:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորի բացատրությունը` Խորհուրդը գտնում է, որ Կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ նույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 22.06.2007 թվականին քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Արմինե Աբրոյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանման, Մասիսի տարածքի նոտար Հ. Ղարիբյանի և Լևիկ Սուքիասյանի` բնակելի տան նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Արմինե Աբրոյանի հայցը` բնակելի տան նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով մերժել է, իսկ սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով` գործը կարճել:
ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Պողոսյան), խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, քննության է առել վարչական գործն ըստ հայցի` Արմինե Աբրոյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արարատի մարզի Մասիսի տարածքային ստորաբաժանման, ՀՀ Արարատի մարզի Այնթափի գյուղապետարանի, Լևիկ Սուքիասյանի, երրորդ անձ` ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի նոտարական գրասենյակի` Արարատի մարզ, գ. Այնթափ, 7-րդ փողոց, թիվ 32 տուն հասցեում գտնվող Լևիկ Սուքիասյանի անվամբ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, Արմինե Աբրոյանի սեփականության իրավունքը Արարատի մարզ, գ. Այնթափ, 7-րդ փողոց, թիվ 32, 194,7 քմ մակերեսով տան և 0,065 հա տնամերձ հողամասի նկատմամբ գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Արդյունքում ՀՀ վարչական դատարանը Արմինե Աբրոյանի հայցը բավարարել է ամբողջությամբ: Մինչդեռ ՀՀ վարչական դատարանը անտեսել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը:
Քննարկվող հարցի կապակցությամբ Եվրոպական դատարանն իր դիրքորոշումն է արտահայտել Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի գործով 24.07.2003 թվականին կայացրած վճռում: Գանգատի առարկայի կապակցությամբ Դատարանը վերահաստատել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդարացի դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համապատասխան մասով նախատեսված է, որ պայմանավորող կողմերը պետք է ապահովեն իրավունքի գերակայությունը: Իրավունքի գերակայության հիմնադրույթներից մեկն իրավական հստակության սկզբունքն է, որը, ի թիվս այլ խնդիրների, պահանջում է, որ դատարանների օրինական ուժի մեջ մտած որոշումները կրկին չդառնան քննարկման առարկա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` 10.07.1996 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Արմինե Աբրոյանը ՀՀ Մասիսի շրջանի Այնթափ գյուղի` իրեն սեփականության իրավունքով պատկանող տնատիրությունը` 81,6 քմ մակերեսով բնակելի տարածությամբ, 32,7 քմ մակերեսով օժանդակ տարածքով, 650 քմ մակերեսով տնամերձ հողամասի հետ միասին նվիրել է Լևիկ Սուքիասյանին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:
Հիմք ընդունելով պայմանագրում պարունակվող բառերի տառացի նշանակությունը` Խորհուրդը գտնում է, որ սույն պայմանագրի առարկա է ամբողջ բնակելի տունը (տնատիրությունը)` որպես մեկ ամբողջական միավոր: Չնայած պայմանագրում նշվել է միայն բնակելի մակերեսը և օժանդակ շինությունները, սակայն դա չի նշանակում, որ չջեռուցվող մակերեսը պայմանագրում հատուկ նշված չլինելու պարագայում չի օտարվել:
Մինչդեռ սույն գործով ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Պողոսյան) եզրահանգել է, որ նվիրատվության պայմանագրով օտարվել է միայն 114,3 քմ տարածքը, իսկ տան չջեռուցվող մասը` 83,1 քմ մակերեսով, չի օտարվել, քանի որ նշված չէ պայմանագրում:
ՀՀ վարչական դատարանը կիրառել է ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի` բնակելի տան և շինանյութերի նվիրատվության պայմանագրերը պետք է կնքված լինեն նույն օրենսգրքի համապատասխանաբար 241 և 2411 հոդվածներով սահմանված ձևով:
Նույն օրենսգրքի 241-րդ հոդվածի համաձայն` գյուղական բնակավայրերում գտնվող բնակելի տան առուծախի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր և գրանցվի պատգամավորների գյուղական խորհրդի կոմիտեում: Բնակելի տան առուծախի պայմանագիրը կնքված է համարվում նրա գրանցման պահից: Գրանցումը պետք է կատարվի նոտարական վավերացման օրվանից` ամենաուշը երեք ամսում: Այս հոդվածի կանոնների չկատարումը անվավեր է դարձնում տան առուծախի պայմանագիրը:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ դրանցով կարգավորվում են ոչ թե բնակելի տան նկատմամբ գնորդի իրավունքների պետական գրանցման, այլ բնակելի տան առուծախի պայմանագրի գրանցման հարցը, որով պայմանավորվում է դրա կնքման պահը: Այսինքն` վերոնշյալ հոդվածներով նախատեսվում է անշարժ գույքի օտարման պայմանագրի գրանցման պարտավորություն և դրա չգրանցման հետևանքը, այն է` պայմանագրի անվավերությունը: Հետևաբար, պայմանագրի անվավերության հիմք էր պայմանագրի չգրանցումը, իսկ արդեն իսկ գրանցված պայմանագիրը չի կարող անվավեր ճանաչվել այն հիմքով, որ պայմանագրի գրանցումը կատարվել է դրա համար օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ:
Մինչդեռ վարչական դատարանն իր վճռում նշել է. «Նվիրատվության պայմանագիրը նոտարական կարգով վավերացվել է 10.07.1996 թվականին, իսկ իրավունքը գրանցվել է արդեն 27.11.1996 թվականին` ավելի քան չորս ամիս անց»: Արդյունքում դատարանը եզրակացրել է, որ «պետական գրանցման համար նախատեսված ժամկետների չպահպանելը հանգեցնում է պայմանագրի անվավերության: Այն չի կարող համարվել կնքված, քանի որ կնքված է համարվում գրանցման պահից, իսկ գրանցումն էլ իր հերթին իրավաչափ չէ»:
Խորհուրդը որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք արձանագրում է այն, որ ՀՀ վարչական դատարանի դատավորի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական օրենքի խախտումներ, որպիսի հանգամանքը հաստատվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի` Լևիկ Սուքիասյանի վերաբերյալ կայացված որոշմամբ: Խորհուրդը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ վճռաբեկ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արդեն իսկ հաստատված հանգամանքներին:
Խորհուրդը դատավարական օրենքի նորմերի վերը նշված խախտումները բնութագրում է որպես ակնհայտ այն պատճառաբանությամբ, որ դրանցով խախտվել են արդարադատության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի նորմերի պահանջները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը (Խորհուրդը դատավարական օրենքի նորմերի ակնհայտ խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում. տես, օրինակ՝ Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 թվակիր որոշումը):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Պողոսյանին հայտարարել նախազգուշացում:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` Ա. Խաչատրյան Տ. Պետրոսյան Ն. Տավարացյան Վ. Աբելյան Գ. Բադիրյան Հ. Մովսեսյան Տ. Բարսեղյան Մ. Սիմոնյան Ա. Թումանյան Ս. Անտոնյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|