ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
17 փետրվարի 2009 թ. |
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի դեկտեմբերի 23-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, տեղեկանքները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի փոխառության համաձայնագիրն ստորագրվել է 2008թ. դեկտեմբերի 23-ին՝ Վիեննա քաղաքում:
Համաձայնագրի նպատակն է աջակցել համեմատական տնտեսական առավելություններ ունեցող առաջնային արտադրողների և առավել բարենպաստ աշխատանքային հնարավորություններ փնտրող գյուղաբնակների հետ սերտ կապ ունեցող գյուղական ձեռնարկություններին:
Ըստ համաձայնագրի՝ ՄԶՕՀ-ն համաձայնում է համաձայնագրում ամրագրված պայմաններին համապատասխան ՀՀ-ին տրամադրել տասնչորս միլիոն ԱՄՆ դոլար: Փոխառության հիմնական գումարի վերադարձն սկսվում է 2014 թ. հունվարի 15-ից և ավարտվում 2028 թ. հուլիսի 15-ին:
2. Ըստ քննության առարկա համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
սկսած 2014 թվականից կիսամյակային մուծումներով` յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին, պարբերաբար Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի հաշվին վճարել տարեկան տոկոսավճար` Փոխառության մայր գումարից դուրս գրված և օգտագործված գումարի 3,2%-ի չափով, տարեկան ծառայավճար` Փոխառության մայր գումարից դուրս գրված և օգտագործված գումարի 1,0%-ի չափով,
արտոնյալ ժամկետի ավարտից անմիջապես հետո վերադարձնել մայր գումարը դոլարով կամ այլ ընդունելի` ազատ փոխարկելի որևէ արժույթով, վճարման պահին և վճարման վայրում գործող շուկայական փոխանակման արժեքով: Վճարումները կատարել 30 կիսամյակային վճարումներով` 3-րդ հավելվածով սահմանված չափով և ժամկետներում:
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի համագործակցության հիմք է հանդիսացել 2005 թվականի փետրվարի 23-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը (ՍԴՈ-590): Ըստ վերը նշված համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է Հիմնադրամի կողմից իր տարածքում կատարվող ներդրումներին տրամադրել առավելագույն բարենպաստման ռեժիմ և ներդրումների նկատմամբ ցուցաբերել արդարացի և անաչառ վերաբերմունք, ապահովել դրանց լիարժեք պաշտպանվածությունն ու անվտանգությունը:
Քննարկվող համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին, ինչպես նաև կարևոր իրավական երաշխիք են ստեղծում աղքատության հաղթահարման բնագավառում Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի համագործակցության համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2008 թվականի դեկտեմբերի 23-ին Վիեննայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|