Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2009-26.04.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.18/10(676) Հոդ.175
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2009 թվականի N 104-Ն

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) եռամսյա ժամկետում հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը.

2) չորսամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի տեղեկությունների տրամադրման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. փետրվարի 9

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
փետրվարի 5-ի N 104-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետ` հուշարձաններ) պահպանության և օգտագործման բնագավառի (այսուհետ` հուշարձանների բնագավառ) պետական կադաստրի վարման, հուշարձանների հայտնաբերման, ուսումնասիրման, հաշվառման փաստաթղթերի ստեղծման գործառույթների իրականացման կարգը:

2. Սույն կարգի դրույթները վերաբերում են պետական հաշվառման վերցված (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված) հուշարձաններին, ինչպես նաև այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձաններին, որոնց վերաբերյալ տեղեկություններն ստացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

3. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրը (այսուհետ` հուշարձանների պետական կադաստր) Հայաստանի Հանրապետության պետական միասնական կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասն է, որի հիմքն անշարժ գույքի պետական կադաստրն է:

4. Հուշարձանների պետական կադաստրը տեղեկությունների համակարգ է, որը պարունակում է տեղեկություններ հուշարձանների տեղադրության, պահպանվածության վիճակի, դրանց պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների, պատմական և մշակութային հողերի օգտագործման նկատմամբ սահմանափակումների, բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծերի, բնապատմական և պատմամշակութային արգելոցների մասին:

 

ll. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՆՊԱՏԱԿԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Հուշարձանների պետական կադաստրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների և այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների՝ պատմական բնակավայրերի, հուշարձանախմբերի (պահպանական միավորների), առանձին հուշարձանների, դրանց մասը կազմող ինքնուրույն տարրերի, դրանց զբաղեցրած տարածքների պահպանական գոտիների հաշվառումը, գրանցումը, գնահատումը, դիտանցումների (մոնիթորինգ) իրականացումն է և, անհրաժեշտության դեպքում, դրանց վերաբերյալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հավաստի, մատչելի և օպերատիվ տեղեկության տրամադրումն է:

6. Հուշարձանների պետական կադաստրի վարման հիմնական սկզբունքներն են՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների, ինչպես նաև այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների վերաբերյալ տվյալների ամբողջական հավաքագրումը, հաշվառումը, դասակարգումը (ըստ սեփականության ձևերի, նշանակության, տիպերի և այլն) և տրամադրումը.

2) հուշարձանների պետական կադաստրի և պետական այլ կադաստրների ու տեղեկատվական համակարգերի փոխկապակցումն ու փոխհամաձայնեցումը.

3) կադաստրային միասնական դասակարգիչների ու ծածկագրման համակարգերի կիրառումը:

7. Հուշարձանների պետական կադաստրի հիմնական խնդիրներն են՝

1) հուշարձաններին վերաբերող փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ տվյալների համակարգի ստեղծումը.

2) հուշարձանների բնագավառի օբյեկտների որակական, քանակական և համալիր գնահատումը.

3) հուշարձանների վերականգնման, պահպանության և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար տվյալների համակարգի ստեղծումը.

4) հուշարձանների վերաբերյալ պատմական տեղեկությունների, կառուցվածքային փոփոխությունների, դրանց լուսանկարների, գծապատկերների, չափագրությունների և տեխնիկական վիճակի մասին տվյալների հավաքագրումը.

5) հուշարձանների բնագավառի օբյեկտներում բնական աղետների ու տեխնածին երևույթների ազդեցության գնահատումը և դրանց հետևանքների վերացման համար տեղեկատվական հիմքերի ստեղծումը.

6) նորահայտ օբյեկտներին հուշարձանի կարգավիճակ տալուց հետո դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման տեղեկությունների և դրանց պետական հաշվառման փաստաթղթերի ստեղծումը.

7) հուշարձանների օգտագործման նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև սերվիտուտների գրանցումների հաշվառումը.

8) հուշարձանների վերաբերյալ արժանահավատ և լիարժեք տեղեկության տրամադրման մատչելիության ապահովումը.

9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների վերաբերյալ տեղեկությունների ստացումը.

10) հուշարձանների պետական կադաստրի տեղեկատվական բանկի ստեղծումը, որտեղ հավաքագրվում են հուշարձանների պետական հաշվառման արդյունքների հիման վրա ստացված բոլոր տեղեկությունները:

 

lll. ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

8. Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական կադաստրի վարումը, դրանց վերաբերող տեղեկությունների գրանցումը, հաշվառումը և մոնիթորինգի իրականացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին, արժանահավատ տվյալների հիման վրա՝ կառավարության լիազորած պետական մարմնի և դրան ենթակա կազմակերպությունների կողմից:

9. Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական կադաստրի վարումը ներառում է հուշարձանների բնագավառի օբյեկտների մասին տեղեկությունների հաշվառումը և դասակարգումը:

10. Հուշարձանների պետական կադաստրի վարման տեղեկատվական հիմքերն են՝ հուշարձանների տվյալների գրանցման, հաշվառման, հուշարձանների մոնիթորինգի, հուշարձանների օգտագործման պայմանագրերի, սեփականատերերի պահպանական պարտավորագրերի և այլ տվյալները:

11. Հուշարձաններին վերաբերող տեղեկությունների հաշվառումը կատարվում է անընդհատ՝ սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա՝ կատարված փոփոխություններն արտացոլելով հաշվառման փաստաթղթերում: Այդ նպատակով կադաստր վարողներն իրականացնում են՝

1) տվյալների սկզբնական հաշվառում.

2) տվյալների ընթացիկ հաշվառում:

12. Հուշարձաններին վերաբերող տեղեկությունների հաշվառումը կատարվում է յուրաքանչյուր միավորի համար առանձին:

13. Հուշարձանների պետական հաշվառման փաստաթղթերն են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հուշարձանների պետական ցուցակները.

2) հուշարձանների վկայագրերը.

3) հուշարձանների բնագավառը կարգավորող իրավական ակտերը և նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.

4) հուշարձանների և դրանց պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների նպատակային ու գործառնական նշանակության մասին տվյալները.

5) հուշարձանի սեփականատիրոջ և օգտագործման ձևի մասին տվյալները և դրանց փոփոխությունները.

6) հուշարձանի տեխնիկական վիճակի մասին տվյալները.

7) հուշարձանների տարածքների ինժեներաերկրաբանական պայմանների, մասնավորապես, տեղանքի կայունությանն սպառնացող վտանգավոր երևույթների մասին տեղեկությունները.

8) պատմաճարտարապետական հենակետային հատակագծերը, բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագծերը, քարտեզագրման ու վավերագրման վերաբերյալ նյութերը.

9) հուշարձանների ուսումնասիրման, չափագրման, ամրակայման, նորոգման և վերականգնման մասին նյութերն ու տեղեկությունները.

10) հուշարձանների պետական կադաստրի վարման գրանցամատյանները:

14. Հաշվառման տվյալները գրանցվում են հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում և փոխանցվում տեղեկատվական համակարգ:

15. Հուշարձաններին վերաբերող տեղեկությունները հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում գրանցվում են` ըստ համայնքի, մարզի և Հայաստանի Հանրապետության՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը, իսկ այլ պետությունների տարածքներում գտնվող հայկական հուշարձաններինը՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

16. Հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյանները վարվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով: Թղթային և էլեկտրոնային կրիչների միջև տվյալների տարբերության դեպքում հիմք է ընդունվում թղթային տարբերակը:

17. Հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյաններում տվյալների փոփոխությունները գրանցվում են դրանց մուտքագրման համար նախատեսված կարգով և ժամկետում:

18. Հուշարձանների պետական կադաստրի վարման համար օգտագործվում են ճարտարապետական գծագրեր, տեղագրական հանույթներ և քարտեզներ, որոնք ապահովում են տեղեկության տեղադրումը դրանց վրա` հետևյալ մասշտաբներով`

1) հուշարձանի համար ճարտարապետական գծագրեր` 1:50, 1:100, 1:500.

2) պահպանական միավորների համար տեղագրական հանույթներ` 1:200, 1:500, 1:1000.

3) պատմական բնակավայրերի համար տեղագրական հանույթներ` 1:1000, 1:2000, 1:5000:

19. Հուշարձանների մոնիթորինգ անցկացվում է յուրաքանչյուր կառույցի տեխնիկական վիճակի պարզաբանման, համապատասխան ռեստավրացիոն մեթոդի ու դրանց վերականգնմանն ուղղված մարտավարության որոշման համար: Այն իրականացվում է կառավարության լիազորած պետական մարմնի և դրան ենթակա կազմակերպությունների կողմից: Հուշարձանների բնագավառում կատարվող մոնիթորինգի նոր արդյունքները ներառվում են հուշարձանների պետական կադաստրում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.04.2013, N 363-Ն 26.04.2013, N 104-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան