Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴԱՈ-21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.03.23/7(73) Հոդ.269.3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.03.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

17 մարտի 2009 թ. 
                                                                                    

 

«ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 69 ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` պատասխանող կողմի՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19, 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությամբ ձևակերպված դրույթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Ռ. Թորոսյանի` ՀՀ սահմանադրական դատարանում 08.12.2008թ. մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողի ներկայացրած նյութերը և պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, հետազոտելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմն իր` 24.12.2008թ. որոշմամբ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի՝ ՀՀ սահմանադրական դատարանում 08.12.2008թ. մուտքագրված դիմումն ընդունել է քննության:

2. Դիմողը վիճարկում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությամբ ձևակերպված դրույթի սահմանադրականությունը: Վիճարկվող դրույթը սահմանում է. «Անհատական դիմումների քննությունը մերժելու մասին սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով ընդունված որոշումը պետք է լինի պատճառաբանված»:

Ըստ դիմողի՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությամբ ձևակերպված դրույթն իր նկատմամբ կիրառվել է ՀՀ սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմի՝ 2008 թվականի դեկտեմբերի 2-ի՝ անհատական դիմումի ընդունելիության հարցի վերաբերյալ որոշմամբ, որով մերժվել է դիմումը ՀՀ ընտրական օրենսգրքի 40.1 հոդվածի 3-րդ կետի 3-րդ պարբերության և 63.2 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 143 հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 232 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու մասին: Դիմողը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը ճիշտ չի մեկնաբանել իր` որպես սահմանադրական դատարան դիմելու սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը, ինչը, նրա կարծիքով, հետևանք է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությամբ ձևակերպված՝ «որոշումը պետք է լինի պատճառաբանված» հասկացության: Դիմողը նշում է, որ «… անհատական դիմումների քննությունը մերժելու մասին ՍԴ որոշումները նույնպես պետք է լինեն հիմնավորված: Իսկ «լինել պատճառաբանված» հասկացությունը, ինչպես երևում է, լայն ճանապարհ է բացում սուբյեկտիվ մոտեցումների համար, ինչը և կիրառվեց իմ հանդեպ ՍԴ 2-րդ կազմի ՍԴ հարգելի անդամների 02.12.08թ. որոշմամբ»:

3. Պատասխանող կողմն ընդգծում է, որ դիմողը, ի խախտումն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մասի, դիմումում չի նշել որևէ հիմնավորում վիճարկվող դրույթի՝ ՀՀ Սահմանադրության կոնկրետ հոդվածներին հակասելու վերաբերյալ: Պատասխանողը նշում է նաև, որ «… դիմումի բովանդակությունից հստակ չէ՝ արդյո՞ք դիմումատուն վիճարկում է «պետք է լինի պատճառաբանված» դրույթի առկայությունը, թե առաջարկում է նշված դրույթում կատարել լրացումներ և անհատական դիմումների քննությունը մերժելու վերաբերյալ որոշմանը ներկայացնել այն պահանջները, որոնք «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63 և 64 հոդվածներով ներկայացվում են սահմանադրական դատարանի որոշմանը կամ եզրակացությանը»: Պատասխանողն անընդունելի է համարում նշված հոդվածներով սահմանված պահանջները վիճարկվող դրույթում ներառելու՝ դիմողի առաջարկը, քանզի նման պահանջներ կարող են ներկայացվել միայն դատարանի այն ակտերին, որոնք կայացվում են գործն ըստ էության քննելու արդյունքում: Ըստ պատասխանողի՝ անընդունելի և անհնարին է պատճառաբանվածության և հիմնավորվածության միևնույն պահանջները ներկայացնել դատարանի՝ գործն ըստ էության լուծող և ընթացակարգային (աշխատակարգային) ակտերին:

Վերոհիշյալի արդյունքում, պատասխանող կողմը միջնորդել է դիմումի հիման վրա կազմված գործը կարճել:

4. ՀՀ Սահմանադրության 18 հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի՝ իր հայեցողությամբ այդպիսի պաշտպանության ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը սահմանված լինելով օրենքներով` իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են անձի խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ:

Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության ինչպես 18, 19, այնպես էլ 101 հոդվածներով վերապահված իր իրավունքների շրջանակներում՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, ելնելով նաև սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 10-րդ գլուխ): Միաժամանակ, դատական (այդ թվում՝ սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը և դրա իրացման` օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, որովհետև դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով: Հետևաբար, դիմողը, ինչպես և շահագրգիռ այլ անձինք (դատավարության մյուս մասնակիցները) սահմանադրական դատարանում իրավասու և պարտավորված են կատարելու այնպիսի գործողություններ, ինչպիսիք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով: ՀՀ Սահմանադրությամբ են նախատեսված (ու նաև՝ սահմանափակված) սահմանադրական դատարանի լիազորությունները, իսկ գործունեության կարգը` հիշյալ օրենքով:

Օրենքների (դրանց առանձին դրույթների)՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու լիազորությունը (ՀՀ Սահմ. 100 հոդվածի 1-ին կետ) սահմանադրական դատարանը նաև իրականացնում է Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի հիման վրա ներկայացված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումներով, որոնց ընդունելիության հարցում ղեկավարվում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 26, 27, 28, 29, 31, 32, 33, 34, 68 հոդվածներով (այնքանով, որքանով նախատեսում են անհատական դիմումների քննության կանոններ) և 69 հոդվածով: Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ նորմերում բովանդակված դրույթներն անհատական դիմումների առնչությամբ նախատեսում են հետևյալ նորմատիվ հիմնական կանոնները.

- սահմանադրական դատարան անհատական դիմումով կարող են դիմել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք (այսուհետ՝ անձ),

- անձի նախաձեռնությամբ սահմանադրական դատարանը Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետում նախատեսված իր լիազորությունը՝ կոնկրետ գործ քննելու միջոցով, կարող է իրականացնել միայն անձի համապատասխան դիմումի առկայության դեպքում,

- անձի անհատական դիմումը սահմանադրական դատարանում քննության կարող է ընդունվել, եթե.

ա) ներկայացվել է գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված,

բ) պարունակում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 2-րդ մասում, 28 հոդվածի 1-ին մասում թվարկված տվյալները, նյութերը,

գ) ներկայացվել է օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիր (բազային տուրքի հնգապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ քսանապատիկի չափով) կամ միջնորդություն՝ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ (եթե առկա է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխան հիմքը),

դ) ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում (ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդված) հանդիսացել է դատավարության մասնակից, որի նկատմամբ գործը լուծող (իրավական վեճը լուծող, իրավաբանական փաստին վերջնական գնահատական տվող) վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ,

ե) սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

զ) գտնում է, որ տվյալ գործով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը,

է) դիմումի առարկայի (վիճարկվող իրավանորմի սահմանադրականության) վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն, կամ, եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում:

Անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, ինչպես նաև Սահմանադրության այն դրույթներին, որոնց, դիմողի գնահատմամբ, հակասում են իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները:

Անհատական դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ (իրավաբանորեն փաստված):

Անհատական դիմումը սահմանադրական դատարան կարող է ներկայացվել դիմողի նկատմամբ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 2-րդ մասի հիմքով անհատական դիմումների ընդունման կարգը սահմանվում է ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգով: Այդ կարգը բովանդակում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի հիման վրա՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ պահանջներին համապատասխան ներկայացված դիմումների ընդունման ընթացակարգային մանրամասներ:

Այսպիսով, անձի՝ անհատական դիմումով սահմանադրական դատարան դիմելու իրավունքի բովանդակությունն ու իրացման վերոհիշյալ շրջանակները պայմանավորված են սահմանադրական կոնկրետ վերահսկողության այն հիմնական տրամաբանությամբ, նպատակներով ու առանձնահատկություններով, որոնք ձևավորվել են սահմանադրական-արդարադատական պրակտիկայում (այդ թվում՝ միջազգային) և ամրագրվել օրենքով: Մասնավորապես, սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ի թիվս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման, անձը.

-  պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները,

- փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում,

- պետք է ձեռնպահ մնա դիմումում քաղաքական կամ ոչ իրավական բնույթի հարցադրումներից, արտահայտություններից, դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու փորձերից,

- դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր, իրավաբանորեն հիմնավորի իր միջնորդությունները,

- անհրաժեշտության և հնարավորության դեպքում (իր ընտրությամբ) ապահովի իր իրավունքները և շահերը սահմանադրական դատարանում մասնագիտական բավարար կարողությամբ ներկայացնելու ընդունակ օրինական ներկայացուցչի (փաստաբան, իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող կամ սահմանադրական իրավունքի բնագավառում գիտական աստիճան ունեցող անձ):

Ի տարբերություն իրավանորմերի սահմանադրականության վերացական վերահսկողության («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդված), անհատական դիմումի դեպքում (և ոչ՝ ընտրական վեճերով) անձի կողմից վերոթվարկյալ խնդիրների լուծմամբ և սահմանադրական դատարանում իր գործողությունների ու դրանց հնարավոր հետևանքների հստակ գիտակցման և դատարանն անհիմն դիմումներով չծանրաբեռնելու պահանջներով է պայմանավորված դիմում ներկայացնելու օրենքով սեղմ ժամկետ (6 ամիս) և պետական տուրք վճարելու պարտականություն նախատեսելը:

5. ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում և 7-րդ կետում ամրագրված դրույթների, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը վկայում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: Այն երկրներում, որտեղ առկա է անհատական դիմումների ինստիտուտը, անձի՝ սահմանադրական դատարան դիմելու իրավունքի նման բովանդակությունն ու շրջանակները պայմանավորված են կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությամբ, նպատակով և առանձնահատկություններով: Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում: Ըստ այդմ, այդ դատարաններում դատավարության հիմնական սուբյեկտներին՝ դատարաններին և դատավարության կողմերին է հնարավորություն ընձեռվում սահմանադրական դատարան դիմելու միջոցով ապահովել այդ նպատակի իրացումը: Նման կերպով ապահովվում է նաև արդարադատության ողջ համակարգի գործառնական դինամիկ հավասարակշռությունը:

Բացի դրանից, կոնկրետ սահմանադրական վերահսկողության բնորոշ գծերին համահունչ՝ ՀՀ ներպետական օրենսդրությունը նախատեսել է շահագրգիռ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը լիարժեքություն և արդյունավետություն է հաղորդում սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների` որպես անմիջականորեն գործող իրավունքների, պաշտպանությանը: Մինչդեռ սահմանադրական դատարանի ակտերը, այդ թվում` նաև դատական կազմերի որոշումները, վերանայման ենթակա չեն: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերությունում և 12-րդ ու 13-րդ մասերում ամրագրված դրույթներով կանոնակարգվել են սահմանադրական դատարանի՝ նման որոշումների իրավական հետևանքներն այն դատական և վարչական ակտերի համար, որոնք կայացվել են մինչև սահմանադրական դատարանի համապատասխան որոշման ընդունումը:

6. ՀՀ Սահմանադրության 101 հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում, որը, նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Ինչպես նշվեց, դիմումը կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը.

- որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

- որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է վիճարկվող օրենքի դրույթը,

- որի նկատմամբ վիճարկվող օրենքի դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

- որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

ՀՀ դատական օրենսգիրքը, ՀՀ Սահմանադրության 92 և 93 հոդվածներին համապատասխան, սահմանում է ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների շրջանակը: Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 3 հոդվածի 4-րդ մասի՝ մասնագիտացված դատարան է վարչական դատարանը:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասի տրամաբանությանը համահունչ՝ շարադրված են նաև նույն օրենքի 68 հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերությունում և 12-րդ ու 13-րդ մասերում ամրագրված դրույթները: Վերջիններս սահմանում են սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետևանքները՝ Սահմանադրությանը հակասող օրենքի դրույթի կիրառմամբ կայացված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատական ակտերի համար:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Սահմանադրական դատարանն իր` 2008թ. ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասին և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ անհատական դիմում կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության կողմ հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 և 32-րդ հոդվածներին համապատասխան` գործի քննությունը ենթակա է կարճման, եթե դիմումը չի համապատասխանում նշված պահանջներին»:

7. Ելնելով վերոշարադրյալից՝ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական դատարանի ակտերով, այդ թվում՝ նաև դատական կազմի որոշումներով կիրառված օրենքը չի կարող լինել կոնկրետ սահմանադրական վերահսկողության օբյեկտ, հետևաբար, ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից անհատական դիմումի հիման վրա վիճարկման ենթակա չէ սահմանադրական դատարանի կողմից կիրառված օրենքի սահմանադրականությունը: Այս հանգամանքը բացատրվում է ինչպես սահմանադրական դատարանի սահմանադրական գործառույթով, այնպես էլ սահմանադրական դատավարության առանձնահատկություններով, մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածում ամրագրված՝ գործի հանգամանքների ի պաշտոնե քննության սկզբունքով: Ըստ այդ սկզբունքի՝ սահմանադրական դատարանը գործի բոլոր հանգամանքները պարզում է ի պաշտոնե՝ չսահմանափակվելով սահմանադրական դատավարության մասնակիցների միջնորդություններով, առաջարկություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով: Սահմանադրական դատարանը՝ որպես սահմանադրական արդարադատության բացառիկ գործառույթով օժտված մարմին, ղեկավարվելով նշված դատավարական սկզբունքով, կոնկրետ գործի քննության ընթացքում կարող է խուսափել Սահմանադրությանը հակասող նորմի կիրառումից՝ կամ տվյալ նորմը Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանությամբ կիրառելու միջոցով, կամ սահմանադրական դրույթների անմիջական կիրառման միջոցով:

8. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու՝ դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68 հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր՝ ձեռնպահ մնալով քաղաքական կամ ոչ իրավական բնույթի հարցադրումներից ու արտահայտություններից:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով՝ որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ:

Տվյալ գործով դիմումի և, մասնավորապես, դրանում տեղ գտած՝ «… անհատական դիմումների քննությունը մերժելու մասին ՍԴ որոշումները նույնպես պետք է լինեն հիմնավորված: Իսկ «լինել պատճառաբանված» հասկացությունն, ինչպես երևում է, լայն ճանապարհ է բացում սուբյեկտիվ մոտեցումների համար, ինչը և կիրառվեց իմ հանդեպ ՍԴ 2-րդ կազմի ՍԴ հարգելի անդամների 02.12.08թ. որոշմամբ» ձևակերպման ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի բարձրացնում օրենքի դրույթի սահմանադրականության հարց և, դրան համապատասխան, դիմողի փաստարկներն ուղղված չեն վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը հիմնավորելուն՝ չբավարարելով նաև դիմումը հիմնավորելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մասի պահանջը:

Ելնելով իր` 09.04.2007թ. ՍԴՈ-690 և 11.04.2007թ. ՍԴՈ-691 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներից, սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ դատարան (այդ թվում՝ սահմանադրական դատարան) դիմելու հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը ոչ միայն դիմումի բովանդակության վերաբերյալ պարտադիր պայմաններ սահմանելն է, այլև այն քննության ընդունելու (կամ չընդունելու) պատճառաբանման նորմատիվ պահանջի սահմանումը: Դիմումը քննության չընդունելու մասին դատարանի (դատական կազմի) որոշման պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարևոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար: Այդ հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, դիմումը քննության ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն: Հետևաբար, անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ իրականացումը պայմանավորված է նաև օրենքներով (ՀՀ դատական օրենսգիրք, ՀՀ քաղ. դատ. օրենսգիրք, ՀՀ քր. դատ. օրենսգիրք, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենք) նախատեսված ընթացակարգային պահանջների հստակ և միակերպ կատարմամբ, որպիսիք իրավական պայմաններ կստեղծեն, մի կողմից՝ դատարան հասցեագրված անձի դիմումը, դրանում բարձրացված հարցերն օբյեկտիվ գնահատելու, նաև այն հիմնավոր ճանաչելու, մյուս կողմից, դատարանի՝ այդ դիմումի քննության (այդ թվում՝ նախնական) արդյունքում պատճառաբանված որոշում կայացնելու համար: Այլ կերպ, նորմատիվ այդպիսի պահանջների երկկողմ անվերապահ կատարման պայմաններում կարող է անձի դիմումն իրավաբանորեն գնահատվել որպես «հիմնավոր», իսկ դատարանի որոշումը՝ «պատճառաբանված»: Ընդ որում, վերոթվարկյալ օրենքներում բազմակի կիրառված «հիմնավոր» ու «պատճառաբանված» արտահայտություններն իրավակիրառական պրակտիկայում պետք է ընկալվեն դրանց տառացի (լեզվագիտական) նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի նորմատիվ պահանջները, և այնպես, որ չփոփոխվի դրանց իրավական իմաստը: Մասնավորապես, ինչպես ՀՀ դատավարական բոլոր օրենսգրքերի, այնպես էլ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համապատասխան նորմերի համալիր վերլուծությունը վկայում է, որ դատարան հասցեագրած իր դիմումում (դրան կից նյութերում) անձը պետք է ապացույցներ, փաստարկներ ներկայացնի, որոշակի հանգամանքներ մատնացույց անելով՝ արդարացնելի դարձնի, այսինքն, օրենսդրի արտահայտությամբ՝ հիմնավորի իր խնդրանքը, իսկ դատարանը՝ ընթացակարգային կանոններով քննության առնելով դրանց իրավաբանական նշանակության հարցը, գնահատի և հաստատված (ընդունելի) կամ չհաստատված (անընդունելի) համարի անձի դիմումում ներկայացված փաստարկների պատճառահետևանքային կապն ու նշանակությունը հասարակական այս կամ այն հարաբերությունը կարգավորելու, կամ իրավական վեճը լուծելու, փաստին իրավական գնահատական տալու, պետական հարկադրանքի միջոց կիրառելու համար, այսինքն՝ պատճառաբանի (իր որոշման պատճառաբանական մասում շարադրի) և ընդունի համապատասխան որոշում:

9. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 7-րդ մասի՝ անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար:

Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել կամ արդեն իսկ ընդունվել է քննության սահմանադրական դատարանի կողմից: Վերջին դեպքում սահմանադրական դատարանում քննության ընդունված նույնաբովանդակ դիմումի հեղինակն իր սկզբնական դիմումի քննության ընդունմամբ արդեն իսկ ձեռք է բերում դիմողի կարգավիճակ, և նույն դրույթի սահմանադրականության հարցի առնչությամբ նա իրավասու է միայն՝ որպես դատավարության կողմ, ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող նյութեր: Այնինչ, Ռ. Թորոսյանը, տվյալ հարցի վերաբերյալ իր առաջին դիմումը քննության ընդունելուց հետո, շարունակել է նույն դրույթի սահմանադրականության վերաբերյալ նույնաբովանդակ մեկ տասնյակից ավելի նոր դիմումներ ներկայացնել սահմանադրական դատարան: Ընդ որում, 23.02.2009թ. (մտից թիվ 4-59) սահմանադրական դատարանում տվյալ քաղաքացին մուտքագրել է օրենքի տվյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ նույնաբովանդակ թվով 8 դիմում, որը, ըստ էության, կարող է դիտվել որպես դիմողի կողմից դատարան դիմելու իրավունքի չարաշահման դրսևորում:       

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավակիրառական պրակտիկան վկայում է անհատական դիմումների ընդունելիության առավել խիստ նորմատիվ պայմանների առկայության մասին: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34 և 35 հոդվածների համաձայն դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից (անձանց խմբից), կազմակերպությունից, որոնք պնդում են Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների խախտման մասին: Միաժամանակ, դատարանը քննության չի ընդունում ցանկացած անհատական գանգատ (նաև քննության ցանկացած փուլում), եթե գտնում է, որ այն անհամատեղելի է Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների դրույթների հետ կամ ակնհայտորեն անհիմն է, կամ հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը՝ դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է՝ ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն:

10. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 հոդվածի 1-ին կետի համաձայն. «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը ... գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: Այս դրույթը վկայում է, որ հնարավոր են այդպիսի դեպքեր, և սահմանադրական դատարանը կարող է տվյալ հարցին անդրադառնալ գործի քննության ցանկացած փուլում` հաշվի առնելով գրավոր ընթացակարգով գործի քննության առանձնահատկությունները:

Ինչպես նշվեց, քաղաքացի Ռ. Թորոսյանի՝ ՀՀ սահմանադրական դատարանում 08.12.2008թ. մուտքագրված դիմումը քննության է ընդունվել ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի` 24.12.2008թ. որոշմամբ: Սակայն գործի քննության ընթացքում բացահայտվեցին «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետով, 32 հոդվածի 6-րդ կետով և դրա հիման վրա՝ 69 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Մասնավորապես, վիճարկվող օրենքի դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանների կողմից ընդունված դատական որևէ ակտով, դիմողն իրականում չի բարձրացնում օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ինչպես նաև դիմումը չի պարունակում Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ և ակնհայտ անհիմն է:

11. Դիմողի` նիստն արձանագրողի միջոցով սահմանադրական դատարանին ներկայացրած առաջարկությունների կապակցությամբ (կցվում է գործին) սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք ըստ էության դուրս են սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից, սահմանադրական դատարանն օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 18, 29, 31, 38, 56, 69 և մի շարք այլ հոդվածներով են նախատեսված սահմանադրական դատարանի կանոնակարգին վերապահված իրավակարգավորման հարցերը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի, 60 հոդվածի 1-ին կետի, 69 հոդվածի 1-ին մասի պահանջներով,

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

Քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի հիման վրա՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությամբ ձևակերպված դրույթի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճել:

 

Նախագահող`

Գ. Հարությունյան

 

17 մարտի 2009 թ.

ՍԴԱՈ-21