Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.11/8(674) Հոդ.157
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2009 թվականի N 95-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 998-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1561-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.4-րդ և 31-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 20-ի ՆՀ-226-Ն հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 7-ի «Հսկիչ գնումների և հսկողական գործառույթների իրականացման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 998-Ն որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 1561-Ն որոշման 1-ին կետով հաստատված` հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների ու հարկային պարտավորությունների հաշվարկմանը (գնահատմանը), «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.4-րդ հոդվածի «ե» կետին և 31-րդ հոդվածին համապատասխան` առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների հիմնավորմանը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրմանը, ինչպես նաև արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների կատարմանն ուղղված հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման գործընթացը:».

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.

3) 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով կազմավորված ֆոնդը:».

4) 4-րդ կետում «Ծառայության պետի կամ հարկային տեսչության պետի կողմից (այսուհետ` հարկային մարմնի ղեկավար)» բառերը փոխարինել «Օրենքով սահմանված կարգով», իսկ «ծառայության պետին» բառերը` «հարկային մարմնի ղեկավարին» բառերով.

5) 5-րդ կետում «ծառայության պետի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի», իսկ «ծառայության» բառը` «վերադաս հարկային մարմնի» բառերով.

6) 6-րդ կետից հանել «հարկային մարմնի ղեկավարի կողմից ծառայության» բառերը, իսկ «ծառայության պետի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով.

7) 3-րդ գլուխը 7-րդ կետից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին և 6.2-րդ կետերով.

«6.1. Հսկիչ գնման (գնումների) արդյունքում հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո, բայց ոչ ուշ, քան սույն կարգի 6.2-րդ կետում նշված ժամկետները, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), եթե չեն փոփոխվել դրա (դրանց) գնման պահին առկա ապրանքային հատկանիշները։ Վաճառողը (դրամական հաշվարկներ իրականացնողը) ընդունում է ապրանքները, վերադարձնում ստացված գումարը կատարված գործարքի փաստացի պայմաններով (վերադարձված ապրանքների հետընդունման ակտում նշված գումարները չեն ներառվում իրացումից ստացված հասույթի մեջ), անկախ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ հաշվարկային փաստաթղթում նշված գումարից`

ա) հսկիչ գնման ժամանակ հսկիչ-դրամարկղային մեքենայի (այսուհետ` ՀԴՄ) չեկ (կտրոն) տրամադրված լինելու դեպքում գնման չեկի (կտրոնի) հիման վրա երկու օրինակից կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշմամբ հաստատված ձևով վաճառված ապրանքի հետընդունման ակտ, որի հիման վրա տպվում է վերադարձի չեկ (կտրոն): Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը, իսկ վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում: Վաճառված ապրանքի հետընդունման ակտն ստորագրում են հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Հետընդունման ակտի մեկ օրինակը հսկիչ գնման մասին արձանագրության մեկ օրինակի հետ միասին հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր: Հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձը հսկիչ գնման ժամանակ տպված ՀԴՄ-ի չեկի (կտրոնի) վրա կատարում է «Վերադարձ» նշումը, լրացնում ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը և ստորագրում է,

բ) հսկիչ գնման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային փաստաթուղթ դուրս գրված լինելու դեպքում այդ փաստաթղթի հիման վրա երկու օրինակից կազմվում է վաճառված ապրանքի հետընդունման համար հարկային մարմնի սահմանած ձևով ակտ, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձը հաշվարկային փաստաթղթի վրա կատարում է «Վերադարձ» նշումը, լրացնում ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը և ստորագրում է: Ապրանքի հետընդունման ակտն ստորագրում են հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Հետընդունման ակտի մեկ օրինակը հսկիչ գնման մասին արձանագրության մեկ օրինակի հետ միասին հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր,

գ) եթե վերադարձվում է ՀԴՄ-ի չեկով (կտրոնով) կամ հաշվարկային փաստաթղթով վաճառված ապրանքների մի մասը (այդ թվում` սույն կարգի 6.2-րդ կետով նախատեսված դեպքերում), ապա սույն կետով սահմանված կարգով կատարվում է բոլոր ապրանքների և գումարի վերադարձ, այնուհետև հետընդունման ոչ ենթակա ապրանքների համար հսկիչ գնում կատարողի կողմից կատարվում է վճարում, որի համար ՀԴՄ-ի միջոցով տպվում և տրամադրվում է նոր դրամարկղային չեկ (կտրոն), կամ սահմանված կարգով տրամադրվում է նոր հաշվարկային փաստաթուղթ,

դ) եթե հսկիչ գնման ժամանակ չի տրամադրվել ՀԴՄ-ի չեկ (կտրոն), կամ դուրս չի գրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային փաստաթուղթ, ապա հսկիչ գնման հանձնարարագիրը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո հետընդունման ոչ ենթակա (այդ թվում` սույն կարգի 6.2-րդ կետով նախատեսված դեպքերում) ապրանքների մասով տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի կողմից հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքների համար գործարքի փաստացի պայմաններով տպվում է ՀԴՄ-ի չեկ (կտրոն), և (կամ) դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային փաստաթուղթ:

6.2. Հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքների վերադարձը կատարվում է հետևյալ ժամկետներում`

ա) դեղերի, անասնաբուժական դեղամիջոցների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխան` հատկապես արագ փչացող սննդամթերքի, կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լցակերերի, բույսերի և բուսական արտադրանքի վերադարձը կատարվում է անմիջապես հսկիչ գնման ժամանակ` հանձնարարագիրը ներկայացնելու պահին,

բ) սույն կետի «ա» ենթակետում չնշված պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների վերադարձը կատարվում է մինչև հսկիչ գնման հանձնարարագրում նշված` հսկիչ գնումների իրականացման ժամանակահատվածի ավարտը, բայց` ապրանքների պիտանիության համար սահմանված ժամկետներում,

գ) հսկիչ գնում կատարելու պահին սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման փուլերում անվտանգության համար օրենքով սահմանված պահանջները չբավարարող ապրանքների, ինչպես նաև սույն կետի «ա» և «բ» ենթակետերում չնշված ապրանքների վերադարձը կատարվում է մինչև հսկիչ գնման հանձնարարագրում նշված` հսկիչ գնումների իրականացման ժամանակահատվածի ավարտը:».

8) 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հսկիչ գնում կատարած հարկային ծառայողը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո սույն կարգով նախատեսված դեպքերում չվերադարձված ապրանքների վերաբերյալ մեկօրյա ժամկետում հարկային մարմնի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները ծառայության պահեստ ի պահ հանձնելու (եթե դրանք ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներով) կամ մուտք անելու (եթե դրանք ձեռք են բերվել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով կազմավորված ֆոնդի հաշվին) մասին` կցելով նաև հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություն: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներով հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքները հանձնաժողովի կողմից հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի տնօրինմանը: Մնացած ապրանքները տնօրինվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով կազմավորված ֆոնդի միջոցների բաշխման և օգտագործման համար հարկային մարմնում ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից:

8. Հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հսկիչ գնում կատարելու պահից հսկիչ գնմամբ ձեռք բերված` շուտ փչացող (որոնց պահպանման ժամկետը սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան չի գերազանցում 72 ժամը) ապրանքները (բացառությամբ հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների անմիջական սպառման դեպքերի) անցնում են հարկային մարմնի տնօրինմանը: «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով կազմավորված ֆոնդի միջոցներով հսկիչ գնմամբ ձեռք բերված` շուտ փչացող ապրանքները հանձնաժողովի կողմից բաժանվում են հարկային մարմնի համակարգի աշխատողներին` որպես օգնություն:».

9) 9-րդ կետում «ծառայության» բառը փոխարինել «հարկային մարմնի» բառերով.

10) 10-րդ կետում «ծառայության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի» բառերը փոխարինել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով կազմավորված ֆոնդի» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 4
Երևան