Գլխավոր տեղեկություն
Համար
N ԱԽ-3-Ո-13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.02.2009
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N ԱԽ-3-Ո-13

2009 թ.  

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ՆՈՅԵՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

                  

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ

 

Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի,

Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի,

Մ. Մարտիրոսյանի, Տ. Պետրոսյանի,

Մ. Սիմոնյանի, Ն. Տավարացյանի,

Տ. Բարսեղյանի, Գ. Բադիրյանի,

Հ. Մովսեսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Տ. Սահակյանի, Ն. Հովսեփյանի,
Կ. Հակոբյանի

 

ՀՀ արդարադատության նախարար

Գ. Դանիելյանի

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ն. Առուստամյանի


քարտուղարությամբ


Շ. Վարդանյանի

 

 

2009 թվականի փետրվարի 5-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Տիգրան Սահակյանին, Նոյեմ Հովսեփյանին և Կարինե Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ արդարադատության նախարարի 15.12.2008 թվականի N 213-Ա հրամանով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Տիգրան Սահակյանի, Նոյեմ Հովսեփյանի և Կարինե Հակոբյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսացել Միշա Համբարձումյանի` ՀՀ Նախագահին և ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումները:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

ՀՀ արդարադատության նախարարն Արդարադատության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ) է ներկայացրել միջնորդություն՝ դատավորներ Տ. Սահակյանին, Ն. Հովսեփյանին և Կ. Հակոբյանին արդարադատություն իրականացնելիս նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Նշված միջնորդությանը կցվել է նաև կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը:

Ըստ եզրակացության՝

Դիմումատու Միշա Հրանտի Համբարձումյանի հայրը՝ գործով պատասխանող Հրանտ Ղազարի Համբարձումյանը, Գառնի գյուղում իրեն հատկացված տնամերձ հողամասի վրա 1960 թվականին կառուցել է բնակելի տուն իր ծխի համար, որի անդամն է եղել նաև դիմումատուն: 1970 թվականին նշված տանը կից Միշա Համբարձումյանն իր ընտանիքի համար կառուցել է 90 քմ մակերեսով առանձին բնակելի տուն: 1996 թվականին մահացել է դիմումատուի մայրը: 2005 թվականին Միշա Համբարձումյանը քաղաքացիական հայցով ժառանգական գույքի պահանջով ընդդեմ Հրանտ Ղազարի Համբարձումյանի դիմել է դատարան: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը, քննելով Միշա Հրանտի Համբարձումյանի հայցը, մերժել է այն: Նշված վճիռը դիմումատուի կողմից բողոքարկվել է վերադասության կարգով: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 27.02.2006 թվականի թիվ 06-490 վճռով հայցը դարձյալ մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը 30.06.2006 թվականի որոշմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2006 թվականի վճիռը թողել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման:

Չստանալով ժառանգության իրավունք՝ 17.09.2007 թվականին Միշա Հրանտի Համբարձումյանը քաղաքացիական հայցով դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան ընդդեմ Հրանտ Ղազարի Համբարձումյանի՝ ընդհանուր սեփականությունից բաժնեմասն առանձնացնելու, դրա նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու և նշված տարածքներից պատասխանողին ընտանիքով վտարելու պահանջով: Դատարան է դիմել նաև պատասխանող կողմը հակընդդեմ հայցով ընդդեմ Միշա Համբարձումյանի՝ պատասխանողի իրավունքներն իրեն հատկացված հողամասի վրա կառուցված ինքնակամ շինության արժեքը դրամական փոխհատուցում վճարելով դադարեցնելու և տարածքից վտարելու պահանջով: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը 17.09.2007 թվականի թիվ 2-24 վճռով հայցն ամբողջությամբ բավարարել է՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող հայցվորի անվամբ հաշվառված 90 քմ տնամերձ հողամասի և դրա վրա կառուցված եռահարկ տան նկատմամբ ճանաչելով Միշա Համբարձումյանի սեփականության իրավունքը: Հրանտ Ղազարի Համբարձումյանն իր ընտանիքով վտարվել է նշված տարածքից, իսկ Հրանտ Ղազարի Համբարձումյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Միշա Հրանտի Համբարձումյանի ամբողջությամբ մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2007 թվականի թիվ 07-380 վճռով Միշա Հրանտի Համբարձումյանի հայցն ընդդեմ Հրանտ Ղազարի Համբարձումյանի մերժվել է, իսկ Հրանտ Ղազարի Համբարձումյանի հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակի: Միշա Համբարձումյանը վտարվել է Հրանտ Համբարձումյանին պատկանող տարածքից: Հակընդդեմ հայցը մնացած մասով՝ մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ, 233-րդ և 234-րդ հոդվածներով, 20.02.2008 թվականի որոշմամբ վերադարձրել է Միշա Հրանտի Համբարձումյանի վճռաբեկ բողոքը՝ առանց քննարկման:

Նախարարը եզրակացության մեջ նշել է, որ գործով ձեռք են բերվել հետևյալ ապացույցները.

1. Գառնիի գյուղապետի 24.05.2006 թվականի թիվ 01-073 գրությամբ հիմնավորվել է, որ Գառնի գյուղում յուրաքանչյուր բնակչի հողի սեփականության իրավունքը հաստատվել է 1991 թվականին հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի կողմից: Նշված հանձնաժողովի 07.05.1991 թվականի թիվ 3 արձանագրությամբ Միշա Հրանտի Համբարձումյանի անվամբ գրանցվել է 90 քմ մակերեսով շինությունը և դրա տակ գտնվող հողը:

2. Գառնիի գյուղապետի 07.12.2005 թվականին տրված թիվ 03-1121 տեղեկանքով հիմնավորվել է այն, որ 1951 թվականին Գառնի գյուղում ծնված Միշա Համբարձումյանն իր ընտանիքով ապրում է իր կողմից կառուցված, հայրական տանը կից, 90 քմ մակերեսով բնակարանում:

3. Գրությամբ Հրանտ Ղազարի Համբարձումյանի անվամբ, ըստ կադաստրային չափագրումների, Գառնի գյուղում գրանցված է 203 քմ մակերեսով բնակելի տուն՝ օժանդակ շինություններով: Բնակարանը կառուցված է 1960-ական թվականներին, որը արձանագրվել է 1991 թվականին հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի կողմից:

Միշա Հրանտի Համբարձումյանի անվամբ Գառնի գյուղում գրանցված է 90 քմ բնակելի տուն, որը նա զբաղեցնում է 1978 թվականից: Նշված փաստը արձանագրվել է 1991 թվականին հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի կողմից:

4. Գառնիի գյուղապետի 18.07.2006 թվականի թիվ 01-106 գրությամբ հիմնավորվել է, որ Գառնի համայնքի թիվ 6 տնտեսական գրքի, գրանցման համարը 540, Միշա Համբարձումյանին պատկանող 90 քմ բնակելի տանը հաշվառված են՝

1. Միշա Հրանտի Համբարձումյանը՝ ծնված 1951 թվականին.

2. կինը՝ Ռոզա Մանուկյանը՝ ծնված 1951 թվականին.

3. աղջիկը՝ Սվետլանա Համբարձումյանը՝ ծնված 1975 թվականին.

4. տղան՝ Հրանտ Միշայի Համբարձումյանը՝ ծնված 1980 թվականին:

5. Գառնիի գյուղապետի 14.09.2007 թվականի գրությամբ հիմնավորվել է, որ Միշա Հրանտի Համբարձումյանի անվամբ գրանցված 90 քմ հողատարածքը, որի վրա կառուցված է եռահարկ շինություն՝ իր առանձին մուտքով, կադաստրային փաստաթղթով համարվում է տնամերձ հողամաս:

6. Գառնի գյուղի բնակիչներ Միշա և Հրանտ Համբարձումյաններին պատկանող տնամերձ հողամասերի և տան իրավիճակային հատակագծով հիմնավորվել է, որ Միշա Համբարձումյանին է պատկանում 1160 քմ տնամերձ հողամասը և Հրանտ Համբարձումյանին պատկանող հողամասին կից՝ 90 քմ տնամերձ հողամասը: Հատակագիծը հաստատված է Գառնիի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանի և հողաշինարարի կողմից:

7. Գառնիի գյուղապետի 25.04.2008 թվականի թիվ 01-601 գրությամբ հիմնավորվել է, որ Միշա Հրանտի Համբարձումյանն իր ընտանիքով 1978 թվականից փաստացի բնակվում է վիճելի տանը և հիմք ընդունելով, որ 1991 թվականին հանձնաժողովը փաստացի 90 քմ տնամերձ հողամասը, որի վրա ամբողջությամբ կառուցված է բնակելի շենք, ճանաչել է Միշա Հրանտի Համբարձումյանի սեփականությունը, որը 2001 թվականին քարտեզագրվել է որպես Միշա Հրանտի Համբարձումյանի ընտանիքի սեփականություն:

8. Գառնիի գյուղապետի 03.04.2008 թվականի տեղեկանքով հիմնավորվել է այն հանգամանքը, որ Միշա Հրանտի Համբարձումյանն իր ընտանիքով հաշվառված է և բնակվում է Գառնի գյուղի Չարենցի փողոցի 39 տանը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացված վճիռը հիմնավորել և պատճառաբանել է դատաքննությամբ ձեռք բերված հետևյալ փաստական հանգամանքներով.

1. Սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Միշա Հրանտի Համբարձումյանը Հրանտ Համբարձումյանի որդին է:

2. Հրանտ Համբարձումյանին (պատասխանող) 1956 թվականին հատկացվել է 2600 քմ տնամերձ հողամաս, որի վրա 1960 թվականին կառուցվել է օժանդակ շինություններով բնակելի տուն:

3. 1991 թվականին հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի որոշումներով Գառնի գյուղում բնակիչներին տրամադրվել են հողամասեր:

4. Հրանտ Համբարձումյանին հատկացված հողամասում, առանց վերջինիս համաձայնության, Միշա Համբարձումյանը կառուցել է 30 քմ հողատարածք զբաղեցնող 3 հարկանի շինություն, որի ընդհանուր մակերեսը 90 քմ է:

5. ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից Միշա Համբարձումյանին իր ընտանիքի անդամների հետ միասին 08.04.2004 թվականին տրվել է թիվ 212/626 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը (1160 քմ հող.):

Նախարարը գտել է, որ դատարանի վճիռը անօրինական է և չհիմնավորված, քանի որ այն չի կայացվել դատական նիստի ընթացքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, հետևյալ պատճառաբանությամբ.

Չնայած փաստական հանգամանքները, ինչպես նաև ապացույցները հայցվոր Միշա Հրանտի Համբարձումյանը ներկայացրել է և՜ առաջին ատյանի դատարանում, և՜ վերաքննիչ դատարանում, դատարանը գտել է, որ հայցվորն իր հայցը հիմնավորող ոչ մի ապացույց չի ներկայացրել, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածով՝ հայցը մերժել է, իսկ Հրանտ Համբարձումյանի հակընդդեմ հայցը՝ բավարարել այն դեպքում, երբ Հրանտ Համբարձումյանը թե՜ առաջին ատյանի և թե՜ վերաքննիչ դատարանում դատաքննության ժամանակ ոչ մի փաստական հանգամանք (ապացույց) չի ներկայացրել, ընդհակառակը, ինչպես Հրանտ Համբարձումյանը, այնպես էլ նրա լիազոր ներկայացուցիչ Կարինե Շահբազյանը, դատաքննության ընթացքում ներկայացնելով իրենց հակընդդեմ հայցը, կրկին պնդել և խնդրել են դադարեցնել հայցվորի իրավունքները Հրանտ Համբարձումյանին հատկացված հողամասի վրա հայցվորի կողմից կառուցված ինքնակամ շինության նկատմամբ՝ դրա արժեքը դրամական փոխհատուցում վճարելով և նրան իր ընտանիքով վտարելով տարածքից:

Նշվածից պարզ երևում է, որ նույնիսկ պատասխանողն է իր հայցով հիմնավորում և ապացուցում 90 քմ տարածքով բնակելի տան պատկանելությունը հայցվորին:

Տվյալ դեպքում դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջը, քանի որ այն չի համապատասխանում դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը սահմանում է, որ «սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ»:

Նույն օրենսգրքի 135-րդ և 225-րդ հոդվածները սահմանում են, որ «անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման», «բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով՝ սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով»:

Նշված նորմերի համադրումից պարզ է, որ բնակարանի օգտագործման իրավունքի դադարեցման իրավունքը վերապահված է միայն բնակելի տարածության սեփականատիրոջը, որի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում է ստացել:

Տվյալ գործով դատարանը ձեռք չի բերել ոչ մի ապացույց, որ հակընդդեմ հայցվորը (Հրանտ Համբարձումյանը) հանդիսանում է վիճելի տարածքի (բնակարանի) սեփականատերը: Ցանկության դեպքում այն չէր կարող ձեռք բերվել, քանի որ ինչպես վիճելի տարածքը, այնպես էլ Հրանտ Համբարձումյանին պատկանող իր կողմից կառուցված բնակելի տարածքը, պետական գրանցում չեն ստացել: Դրան հակառակ՝ գործով ձեռք է բերվել ապացույց, որ վիճելի բնակելի եռահարկ շինությունը կառուցվել է հայցվորի՝ Միշա Համբարձումյանի կողմից 1978 թվականին: Ձեռք է բերվել ապացույց նաև այն մասին, որ տարածքը, որի վրա կառուցված է վիճելի բնակարանը, սեփականության իրավունքով չի պատկանում Հրանտ Համբարձումյանին, այլ 1991 թվականի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի որոշմամբ նշված տարածքը սեփականության իրավունքով հատկացվել է Միշա Համբարձումյանին: Նշված հանգամանքները ձեռք են բերվել և հիմնավորվել ինչպես օրինական ուժի մեջ մտած նախկին վճիռներով, այնպես էլ գործի փաստական հանգամանքներով:

Տվյալ դեպքում դատարանը հաշվի չի առել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի պահանջները. «նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում»:

Նախարարը գտել է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ վիճելի բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում առկա չէ, հետևաբար սեփականատիրոջ իրավունքի խախտման, ինչպես նաև տարածքում բնակվող անձին՝ Միշա Համբարձումյանին վտարելու մասին հիմքեր առկա չեն:

Դատարանն իր վճռի պատճառաբանական մասում ոչ մի նյութական նորմ չի նշել, սակայն վճռի եզրափակիչ մասի վերլուծությունից ենթադրվում է, որ դատարանը, կայացնելով վճիռը, ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի պահանջով:

Հրանտ Համբարձումյանը՝ որպես հայցվոր, ոչ մի իրավական հիմք չուներ դատարանից պահանջելու Միշա Համբարձումյանին վտարել վիճելի բնակարանից, քանի որ սեփականատեր չէ, հետևաբար պատշաճ հայցվոր չէ:

Ձեռք բերված ապացույցները վկայում են, որ վիճելի հողի և բնակելի տարածքի փաստացի սեփականատերը համարվում է Միշա Համբարձումյանը, սակայն նա իր իրավունքը չի գրանցել պետական մարմնում, որի համար դիմել է դատարան:

Նախարարը հանգել է այն հետևության, որ դատարանը գործի քննությամբ չի կատարել դատաքննությամբ ձեռք բերված և գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչն էլ հանգեցրել է վեճի սխալ լուծման՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը. «դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ», 130-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը. «դատարանը վճիռը հիմնավորում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով» և 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջները. «գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, որոնք՝ ոչ, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը»:

Արդարադատության խորհրդի 05.02.2009 թվականի նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանը նշեց նաև, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2007 թվականի վճռում բացակայում է նաև որևէ իրավական հիմնավորում այն մասին, թե ինչու է հակընդդեմ հայցը բավարարվել մասնակի:

Բացի այդ, նշված քաղաքացիական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում դատաքննության ժամանակ դատավարությանը մասնակցել են միայն կողմերը՝ հայցվոր և պատասխանող: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատաքննությանը մասնակից է ներգրավվել նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանումը՝ որպես երրորդ անձ, որի իրավունքը դատարանը չունի:

Վճռի կայացման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ... վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձանց գործի մեջ մտնելու (հոդվածներ 34 և 35):

Նախարարը գտնում է, որ դատավորներ Տ. Սահակյանի, Ն. Հովսեփյանի և Կ. Հակոբյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարին 24.12.2008 թվականին տրված բացատրությունը չի պարունակում էական հանգամանքներ և փաստեր, որոնք կարող են հերքել նրանց կողմից թույլ տրված նյութական և դատավարական օրենքների ակնհայտ և կոպիտ խախտումներ բովանդակող արարքները:

Ելնելով վերոգրյալից՝ նախարարը եկել է այն եզրահանգման, որ չկիրառելով այն օրենքները, որոնք պետք է կիրառեր (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդված) դատարանը (նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան, դատավորներ՝ Կ. Հակոբյան, Ն. Հովսեփյան) թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի, 52-րդ հոդվածի, 53-րդ հոդվածի, 130-րդ հոդվածի 3-րդ կետի, 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի և վճռի կայացման ժամանակ գործող օրենսգրքի 215-րդ հոդվածի պահանջների խախտումներ, որոնք տվյալ դեպքում իրենց էությամբ ակնհայտ են և կոպիտ:

Արդարադատության խորհրդի 05.02.2009 թվականի նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանն ավելացրեց, որ այն հանգամանքը, որ ՀՀ վճռաբեկ դատարանը չի բեկանել ստորադաս դատարանի դատական ակտը, դեռևս չի նշանակում, որ այդ ակտը օրինական և հիմնավոր է: Մասնավորապես, սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ դրա ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները պահպանված չլինելու պատճառաբանությամբ, այսինքն՝ բողոքն ըստ էության չի քննվել: Դա իր հերթին չի նշանակում, թե Վճռաբեկ դատարանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտը համարում է օրինական:

Կայացված վճռի հետևանքով խախտվել է պատասխանողի՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով (յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք), ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով (յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք) սահմանված իրավունքները:

Նախարարը գտնում է, որ նշված խախտումները կարող են կատարվել միայն դատավորի մեղավորությամբ, քանի որ դրանք դատավորի՝ իր լիազորությունների իրացմանն ուղղված կամային և գիտակցված գործունեության կոնկրետ դրսևորումներ են, որոնք արտահայտվում են դատական ակտերի կայացման և դատավարական գործողությունների կատարման միջոցով՝ իրավակիրառ գործունեության արդյունքում. նման գործունեությունը միշտ ենթադրում է մեղքի առկայություն: Հետևաբար տվյալ դեպքում ևս պետք է ելնել դատավորի մեղավորության, նրա գործողություններում մեղքի առկայության կանխավարկածից, որը կարող է դրսևորվել միայն դիտավորությամբ:

Այսպիսով, դատավորներ Տ. Սահակյանը, Կ. Հակոբյանը և Ն. Հովսեփյանը թույլ են տվել նյութական և դատավարական օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներ բովանդակող արարքներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն պարունակում են դատավորի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի կատարման մասին առերևույթ հիմքեր:

 

3. Դատավորների բացատրությունում բերված փաստարկները.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Տ. Սահակյանը, Ն. Հովսեփյանը և Կ. Հակոբյանը ՀՀ արդարադատության նախարարին են ներկայացրել բացատրություն, որով հայտնել են, որ նախարարի եզրակացության մեջ առկա հետևությունն այն մասին, որ Միշա Համբարձումյանը հանդիսացել է Հրանտ Համբարձումյանի ծխի անդամը, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հրանտ Համբարձումյանի տնտեսությունը կոլտնտեսային ծուխ չի հանդիսացել, ուստի և Միշա Համբարձումյանը նրա ծխի անդամը հանդիսանալ չէր կարող: Բացի այդ, վիճելի շինության կառուցման տարեթիվը սխալ է նշվել:

Եզրակացության մեջ հստակ նշված չէ նաև հայցվորի պահանջը և դրա հիմքերը: Հայցի և լրացուցիչ հայցի հիմքում Միշա Համբարձումյանը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ, 187-րդ, 197-րդ, 273-րդ և 277-րդ հոդվածները, որոնք տվյալ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չեն:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածը վերաբերում է տիրազուրկ գույքին, մինչդեռ վիճելի 90 քմ մակերեսով շինությունն ինքնակամ կառույց է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածն ինքնակամ կառույցների նկատմամբ կիրառելի չէ:

Վերոգրյալի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն իր 3-106 /ՎԴ/ որոշման մեջ հայտնել է իր դիրքորոշումը, մասնավորապես. «Ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք կարող է ճանաչվել միայն, երբ այն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ դառնում է օրինական»:

Նման ընթացակարգ են նախատեսում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, դրան համապատասխան ընդունված ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցները ենթակա են քանդման: Հետևաբար, ինքնակամ կառույցի նկատմամբ չի կարող ճանաչվել անձի սեփականության իրավունքը, քանի դեռ այն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն, չի ճանաչվել օրինական:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական՝ համայնքների ղեկավարների, Երևանում՝ Երևանի քաղաքապետի, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված է բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու կարգն ու եղանակը: Տվյալ գործով նշված հոդվածը կիրառելի չի կարող լինել, քանի որ գործով կողմերը բաժնային սեփականության մասնակիցներ չեն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 273-րդ և 277-րդ հոդվածները վերաբերում են սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը, այն դեպքում, երբ Միշա Համբարձումյանը սույն գործով վիճելի գույքի սեփականատեր չի հանդիսացել:

Լրացուցիչ հայցապահանջի հիմքում հայցվորը վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածը, որը վերաբերում է օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ ստեղծված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերմանը: Մինչդեռ վիճելի շինությունն ինքնակամ կառույց է, և վերը նշված հոդվածի հիմքով այդ գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը դատական կարգով ճանաչվել չի կարող:

Դատավորները նշել են, որ եզրակացության մեջ վկայակոչված գյուղապետի՝ 03.04.2008 թվականի և 25.04.2008 թվականի տեղեկանքները, որոնք որևէ կերպ չեն կարող վերաբերել սույն գործով կայացված դատական ակտի օրինականությանը, քանի որ դատական ակտը կայացվել է 19.12.2007 թվականին՝ շուրջ չորս ամիս առաջ: Չնայած այդ հանգամանքին, դրանց բովանդակությունը ևս որևէ կերպ չի հիմնավորում Մ. Համբարձումյանի սեփականության իրավունքը 30 քմ հողի նկատմամբ:

Դատավորները նշել են նաև, որ դատարանի՝ ի դեմս դատավորի իր պարտականությունները կատարելիս վճիռ կայացնելը չի կարող որպես արարք որակվել, այն է՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարք: Դատական ակտ կայացնելով՝ դատարանն իրականացրել է օրենքով և Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունները, ավելին, պարտականությունները՝ իրականացնելով արդարադատություն: Հետևաբար, այդ հանգամանքն ինքնին չի կարող դատավորին մեղադրող արարք որակվել:

Ինչ վերաբերում է եզրակացության մեջ նշված այն եզրահանգմանը, թե դատարանի վճիռն անօրինական է և չհիմնավորված, քանի որ այն չի կայացվել դատական նիստի ընթացքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, ապա դատավորները հավաստիացնում են, որ դատարանը դատաքննության արդյունքում գնահատել է բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցվորն իր պահանջների հիմքում ընկած փաստարկները հիմնավորող բավարար, պատշաճ ապացույցներ չի ներկայացրել դատարանին, որպիսի պարտականությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն դրված է իր վրա, հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարել մասնակի. Միշա Համբարձումյանին վտարել է Հրանտ Համբարձումյանին պատկանող տարածքից: Վճռի դեմ վճռաբեկ բողոք է բերվել և ՀՀ վճռաբեկ դատարանի 20.02.2008 թվականի թիվ 3-196 /ՎԴ/ որոշմամբ այն վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «Վճռաբեկ բողոքում վկայակոչված փաստարկները դատական սխալի հնարավոր առկայության և դրա հետևանքների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանը, սույն գործի փաստերից ելնելով, հիմնավոր չի համարում»:

Եզրակացության մեջ նշված այն եզրահանգումը, որ նույնիսկ պատասխանողն իր հայցով հիմնավորում և ապացուցում է 90 քմ տարածքով բնակելի տան պատկանելությունը հայցվորին, ըստ դատավորների, հիմնավորված չէ: Քանի որ պատասխանողը չի առարկել, որ շինությունը կառուցվել է սկզբնական հայցվորի կողմից իր օժանդակությամբ, բայց պնդել է և գործի նյութերով էլ դատարանը գտել հիմնավորված է, որ այդ կառույցը կառուցվել է Հրանտ Համբարձումյանին հատկացված հողամասի 30 քմ հողի վրա՝ առանց վերջինիս գրավոր համաձայնության, հակառակ դեպքում, հայցվորը չէր պահանջի դրա նկատմամբ ճանաչել իր իրավունքները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված կարգով:

Դատավորները նշել են, որ իրենք համաձայն չեն նաև այն եզրահանգման հետ, որ ձեռք բերված ապացույցները վկայում են, որ վիճելի հողի և վիճելի բնակելի տարածքի փաստացի սեփականատերը Մ. Համբարձումյանն է: Նախ՝ անհասկանալի է «փաստացի սեփականատեր» արտահայտությունը:

Օրենսդիրը նման հասկացություն չունի, բացի այդ, ձեռք բերված ապացույցների գնահատումը և դրանց հիման վրա եզրահանգում անելը Սահմանադրությամբ և օրենքով դատարանի բացառիկ լիազորությունն է, որը և իրականացվել է դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի խախտմանը, ապա այն չի համապատասխանում գործի տվյալներին, քանի որ առաջին ատյանի դատարանում, 12.09.2006 թվականին նշանակված դատաքննության ընթացքում, հայցվորի ներկայացուցչի միջնորդությամբ ներգրավվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանումը՝ որպես երրորդ անձ: Վերջինս ներկայացրել է լիազորագիր և խնդրել գործի քննությունն իրականացնել իր բացակայությամբ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նույնպես իրականացրել է իրեն վերապահված պարտականությունը, այն է՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանմանը պատշաճ կարգով ծանուցել է դատական նիստի օրվա և ժամի մասին:

Դատարանը՝ ի դեմս դատավորի, իր գործունեությունն իրականացնում է օրենքով սահմանված կարգով: Դատական ակտը կայացնում է գործում եղած ապացույցների հիման վրա ներքին համոզմամբ: Կոնկրետ դեպքում դատավորների կողմից այդ ակտը կայացնելիս (եթե նույնիսկ այդ ակտն օրինական չէ), մեղքի՝ դիտավորության որևէ դրսևորում չի հիմնավորվել: Ակտի վերաբերյալ վերահսկողության վարչության կողմից ապացույցների գնահատումը դատարանի գնահատմանը չհամապատասխանելը, դատավորների կարծիքով, չի կարող դիտվել որպես դատավորի մեղք, դիտավորություն:

Եթե նույնիսկ դատական ակտն անօրինական է, այդ մասին եզրակացությունն օրենքով սահմանված կարգով կարող է արտահայտվել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ այդ ակտը բեկանելու, փոփոխելու որոշման կայացմամբ, որպիսի որոշում տվյալ դեպքում առկա չէ: Ավելին, սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.02.2008 թվականին կայացված որոշմամբ վիճարկվող դատական ակտի դեմ բերված հայցվորի վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքում վկայակոչված փաստարկները դատական սխալի հնարավոր առկայության և դրա հետևանքների մասին, սույն գործի փաստերից ելնելով, հիմնավոր չի համարել:

05.02.2009 թվականի Արդարադատության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ն. Հովսեփյանը հայտնեց, որ քաղաքացիական գործում առկա է եղել տեղեկանք առ այն, որ 2005 թվականից Միշա Համբարձումյանը վիճելի տանը չի բնակվել, բնակվում է իր հորաքրոջ տանը: Բացի այդ, ինքը՝ Միշա Համբարձումյանը, հայցադիմումում նշել է, որ հայրն արդեն քանդել է իր տան պատը, այսինքն՝ բնակության համար տունը պիտանի չէ:

Հիմք ընդունելով վերը շարադրվածը՝ դատավորները խնդրել են հարուցված կարգապահական վարույթը կարճել՝ դիտավորությունը, ակնհայտ և կոպիտ խախտում դատարանի կողմից թույլ տրված լինելու հանգամանքը հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. Գառնի գյուղի գյուղապետի 24.05.2006 թվականի թիվ 01-073 գրությամբ հայտնվել է, որ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի կողմից 07.05.1991 թվականի թիվ 3 արձանագրությամբ Միշա Հրանտի Համբարձումյանի անվամբ գրանցվել է 90 քմ մակերեսով շինությունը և նրա տակ գտնվող հողը:

2. Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ն. Գալստյանի հարցմանը տրված Գառնիի գյուղապետի 23.11.2005 թվականի թիվ 01-162 պատասխանով հայտնվել է, որ Հրանտ Ղազարի Համբարձումյանի անվամբ ըստ կադաստրային չափագրումների Գառնի գյուղում գրանցված է 203 քմ մակերեսով բնակելի տուն՝ օժանդակ շինություններով: Բնակարանը կառուցված է 1960-ական թվականներին, որը արձանագրվել է 1991 թվականին հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի կողմից:

Միշա Հրանտի Համբարձումյանի անվամբ Գառնի գյուղում գրանցված է 90 քմ բնակելի տուն, որը նա զբաղեցնում է 1978 թվականից, և նշված փաստը արձանագրվել է 1991 թվականին հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի կողմից:

3. Գառնիի գյուղապետի 18.07.2006 թվականի թիվ 01-106 գրությամբ հիմնավորվել է, որ Գառնի համայնքի թիվ 6 տնտեսական գրքի, գրանցման համարը 540, Միշա Համբարձումյանին պատկանող 90 քմ բնակելի տանը հաշվառված են՝

1. Միշա Հրանտի Համբարձումյանը՝ ծնված 1951 թվականին.

2. կինը՝ Ռոզա Մանուկյանը՝ ծնված 1951 թվականին.

3. աղջիկը՝ Սվետլանա Համբարձումյանը՝ ծնված 1975 թվականին.

4. տղան՝ Հրանտ Միշայի Համբարձումյանը՝ ծնված 1980 թվականին:

4. Գառնիի գյուղապետի 14.09.2007 թվականին գրությամբ հայտնվել է, որ Միշա Հրանտի Համբարձումյանի անվամբ գրանցված 90 քմ հողատարածքը, որի վրա կառուցված է եռահարկ շինություն՝ իր առանձին մուտքով, կադաստրային փաստաթղթով համարվում է տնամերձ հողամաս:

5. Գառնի գյուղի բնակիչներ Միշա և Հրանտ Համբարձումյաններին պատկանող տնամերձ հողամասերի և տան իրավիճակային հատակագծով հաստատվել է, որ Միշա Համբարձումյանին է պատկանում 1160 քմ տնամերձ հողամասը և Հրանտ Համբարձումյանին պատկանող հողամասին կից՝ 90 քմ տնամերձ հողամասը: Հատակագիծը հաստատված է Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանի և հողաշինարարի կողմից:

6. Գառնիի գյուղապետի 25.04.2008 թվականի թիվ 01-601 գրությամբ հայտնվել է, որ Միշա Հրանտի Համբարձումյանն իր ընտանիքով 1978 թվականից փաստացի բնակվում է վիճելի տանը և հիմք ընդունելով, որ 1991 թվականին հանձնաժողովը փաստացի 90 քմ տնամերձ հողամասը, որի վրա ամբողջությամբ կառուցված է բնակելի շենք, ճանաչել է Միշա Հրանտի Համբարձումյանի սեփականությունը, որը 2001 թվականին քարտեզագրվել է որպես Միշա Հրանտի Համբարձումյանի ընտանիքի սեփականություն:

7. Գառնիի գյուղապետի 03.04.2008 թվականի տեղեկանքով հիմնավորվել է այն հանգամանքը, որ Միշա Հրանտի Համբարձումյանն իր ընտանիքով հաշվառված և բնակվում է Գառնի գյուղի Չարենցի փողոցի 39 տանը:

8. Ըստ գործի նյութերում առկա Գառնի գյուղի բնակիչներ Հ. Համբարձումյանին և Մ. Համբարձումյանին պատկանող տնամերձ հողամասի և տան սիտուացիոն պլանի (հատակագիծ)՝ վիճելի 90 քմ մակերեսով տարածքը մտնում է Հ. Համբարձումյանին հատկացված հողամասի մեջ, իսկ Մ. Համբարձումյանին հատկացված 1160 քմ տարածքը հիշյալ տարածքից բաժանված է ճանապարհով:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Տ. Սահակյանին, Կ. Հակոբյանին և Ն. Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչին, դատավորների բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական՝ համայնքների ղեկավարների (Երևանում՝ Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով:

Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:

Այս հարցի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումն արտահայտված է «Մկրտիչ և Գյուլնախում Գասպարյաններն ընդդեմ Քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին» գործով 26.01.2007 թվականի թիվ 3-106 (ՎԴ) որոշման մեջ, ըստ որի. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջներից ելնելով, մասնավորապես՝ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի համաձայն՝ ինքնակամ կառույցները ենթակա են քանդման: Հետևաբար ինքնակամ կառույցի նկատմամբ չի կարող ճանաչվել անձի սեփականության իրավունքը, քանի դեռ այն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն, չի ճանաչվել օրինական»: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածն ինքնակամ կառույցների նկատմամբ կիրառելի չէ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սույն գործով Միշա Համբարձումյանի կողմից կառուցված, 90քմ տարածք զբաղեցնող բնակելի տունը ինքնակամ կառույց է: Այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասում նշված անձանց կողմից օրինական չի ճանաչվել, ուստի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայել է:

29.01.1991 թվականին ընդունված Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-դ մասի համաձայն՝ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Հրանտ Համբարձումյանին 1956 թվականին հատկացվել է 2600 քմ տնամերձ հողամաս, որի վրա 1960 թվականին կառուցվել է օժանդակ շինություններով բնակելի տուն:

Հետևաբար, Հրանտ Համբարձումյանը 1991 թվականի հողային բարեփոխումների արդյունքում օրենքի ուժով իրեն հատկացված հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Գործի նյութերում առկա հատակագծից պարզ երևում է, որ վիճելի 90քմ տարածքը մտնում է Հրանտ Համբարձումյանին հատկացված հողամասի և ոչ թե Միշա Համբարձումյանին հատկացված 1160քմ տարածքի կազմում, քանի որ վերջինս հողամասից անջատված է ճանապարհով:

Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի կողմից Արդարադատության խորհրդի 05.02.2009 թվականի նիստին հնչեցված այն փաստարկին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճռում չի նշել, թե ինչ իրավական հիմնավորմամբ է հակընդդեմ հայցը բավարարվել մասնակի, ապա Խորհուրդը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով ենթակա չէ քննարկման:

Մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցած անձը դատավորի լրացուցիչ բացատրությունների կամ լրացուցիչ ստուգումների հիման վրա իրավունք ունի փոխելու իր եզրակացությունը, եթե դա չի վատթարացնում դատավորի վիճակը: Մինչդեռ սույն դեպքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը եզրակացությունը լրացրել է դատավորի վիճակը վատթարացնող փաստարկով:

Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով կից ներկայացված փաստաթղթերը և դատավորների բացատրությունները` Խորհուրդը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ եթե Արդարադատության խորհուրդը գտնում է, որ հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունը, ապա կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 162-րդ հոդվածի 1-ին մասով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Տիգրան Սահակյանին, Նոյեմ Հովսեփյանին և Կարինե Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Մ. Մարտիրոսյան

Գ. Բադիրյան

Տ. Պետրոսյան

Մ. Սիմոնյան

Ն. Տավարացյան

Տ. Բարսեղյան

Հ. Մովսեսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան