Գլխավոր տեղեկություն
Համար
N 113-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.02.2009-30.07.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.06/13(248) Հոդ.220
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2003 թվականի N 113-Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի երկրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ոստիկանության բժշկական հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին` մինչև 2003 թվականի հունվարի 30-ը համատեղ հրամանով հաստատել ոստիկանության բժշկական հաստատություն պետական կառավարման այլ մարմինների ծառայողների ուղեգրման կարգը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2003 թվականի փետրվարի 10-ը հաստատել ոստիկանությունում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի մարտի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 10
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 113-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը:

2. Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունը կարգավորվում է «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով ու Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող համապատասխան իրավական ակտերով:

3. Ոստիկանության բժշկական հաստատության, վերջինիս կազմում գործող բուժկանխարգելիչ հիմնարկների կառուցվածքն ու հաստիքացուցակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական կառավարման մարմնի (այսուհետ` ոստիկանության պետական կառավարման մարմին) ղեկավարը:

4. Ոստիկանության բժշկական հաստատության և վերջինիս կազմում գործող հիմնարկների քաղաքացիական ծառայողներին պաշտոնների նշանակում և պաշտոններից ազատում է ոստիկանության բժշկական հաստատության ղեկավարը` քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենքներին համապատասխան:

5. Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության հիմնական ուղղություններն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 113-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում ընդգրկված ոստիկանության բժշկական հաստատության բուժսպասարկման ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող մարմինների (ծառայողների) ամբուլատոր-պոլիկլինիկական և հոսպիտալային բուժապահովումը.

բ) ոստիկանության ծառայողների ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունների, այդ թվում` նաև բուժկանխարգելիչ միջոցառումների ծրագրավորումը և իրականացումը.

գ) ոստիկանությունում ծառայության ընդունվողների և ոստիկանության ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն ու ոստիկանության ծառայողների առողջական վիճակին ներկայացվող պահանջներից ելնելով` վերջիններիս ծառայողական պիտանիության որոշումը.

դ) ոստիկանության ծառայողների ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացումը.

ե) ոստիկանության ստորաբաժանումներում, ոստիկանության զորքերի զորամասերում հիգիենիկ հսկողության ապահովումը, հակահամաճարակային միջոցառումների ծրագրավորումը և իրականացումը.

զ) քաղաքացիական բժշկական հիմնարկների հետ մշտական կապի և համագործակցության ապահովումը, առանձին դեպքերում հետազոտության և բուժման նպատակով ոստիկանության ծառայողներին նշված հիմնարկներ ուղեգրման կազմակերպումը.

է) ոստիկանության բուժկանխարգելիչ հիմնարկների ընդհանուր ղեկավարումը և ենթակա ստորաբաժանումների միջև սերտ համագործակցության ապահովումը.

ը) ոստիկանության ծառայողների հիվանդացության ցուցանիշների, ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունների արդյունքների ընդհանրացումը, ոստիկանության համակարգի բուժապահովման հիմնական խնդիրների ծրագրավորումը և համապատասխան աշխատանքների կազմակերպումը.

թ) քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցումը:

Ծառայությունների վճարովի մատուցման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

(5-րդ կետը լրաց. 05.04.07 N 482-Ն)

6. Ոստիկանության բժշկական հաստատության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են ոստիկանության պետական կառավարման մարմնի կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 113-Ն որոշման N 2 հավելվածի երրորդ կետում նշված մարմինների ծառայողների և կենսաթոշակառուների բուժման ու հետազոտման ծախսերը ոստիկանության պետական կառավարման մարմնին հատուցվում են հետևյալ կարգով`

ա) ոստիկանության պետական կառավարման մարմինը յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում վճարման պահանջագիր ոստիկանության բժշկական հաստատությունների կողմից այլ մարմինների ծառայողներին մատուցված բժշկական ծառայությունների մասին` ըստ ծառայության տեսակների (առաջնային (ամբուլատոր) պոլիկլինիկական, հոսպիտալային, ոստիկանության բժշկական հանձնաժողովի կողմից հետազոտություն և այլն): Վճարման պահանջագրին կցվում է ոստիկանության բժշկական հաստատության և բժշկական ծառայությունից օգտվող համապատասխան կառավարման մարմնի լիազորած անձանց կողմից կնքված` փաստացի մատուցված ծառայության մասին ակտը:

Վճարման պահանջագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` ոստիկանության պետական կառավարման մարմնի և ոստիկանության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների համատեղ գերատեսչական ակտով հաստատված ծառայողների ուղեգրման կարգի համաձայն.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ֆինանսավորում է ոստիկանության պետական կառավարման մարմնին` նրա կողմից ներկայացված` այլ մարմինների ծառայողների հետազոտման և բուժման ծախսերի վճարման պահանջագրերի հիման վրա, տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» խմբի համապատասխան ծրագրերի միջոցների հաշվին` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների համար սահմանված գներով.

գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ոստիկանության պետական կառավարման մարմինը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը համատեղ կազմում են ծախսերի ֆինանսավորման մասին արձանագրություն.

դ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացվող վճարման պահանջագրի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

7. Ոստիկանության բժշկական վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք ու անկյունային դրոշմակնիք:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 30-ի N 113-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ)

 

1. Սույն ցանկով սահմանվում է ոստիկանության բժշկական վարչության բուժկանխարգելիչ հիմնարկներում բժշկական սպասարկման իրավունքից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը:

2. Ոստիկանության բժշկական վարչության բուժկանխարգելիչ հիմնարկներում անվճար բուժսպասարկման իրավունքից օգտվում են`

ա) ոստիկանության ծառայողները, այդ թվում` կադրերի ռեզերվում գտնվողները,

բ) ոստիկանության զորքերի ծառայողները, այդ թվում` կադրերի ռեզերվում գտնվողները,

գ) ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայողները,

դ) ոստիկանության ուսումնական հաստատությունների ունկնդիրները, այդ թվում` նաև ոստիկանությունում ծառայության ընդունվելու կապակցությամբ սահմանված կարգով եռամսյա փորձաշրջան կամ վերապատրաստում անցնողները,

ե) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ` սահմանված կարգով ոստիկանությունից պահեստ արձակված անձինք.

զ) ոստիկանության համակարգի քաղաքացիական ծառայողները` անկախ զբաղեցրած պաշտոնից,

է) սույն ցանկի «ա», «բ» և «ե» ենթակետերում նշված անձանց ընտանիքների անդամները: Ընտանիքների անդամներից բժշկական սպասարկման ենթակա են ծառայողի կինը (ամուսինը), երեխաները` մինչև 18 տարին լրանալը, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցերեկային ֆակուլտետներում սովորող երեխաները` մինչև 23 տարին լրանալը, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ճանաչված երեխաները` անկախ տարիքից, ծնողները, որոնք գտնվում են ոստիկանության ծառայողի խնամքի տակ և բնակվում են նույն հասցեում.

ը) հայրենիքի պաշտպանության և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած), կերակրողին կորցնելու կապակցությամբ նպաստ ստացող ոստիկանության ծառայողների ընտանիքների անդամները:

(2-րդ կետը փոփ. 22.01.09 N 68-Ն)

3. Ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ծառայողներն ու կենսաթոշակառուները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները:

(3-րդ կետը խմբ. 25.12.08 N 1566-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան