Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ1/0052/05/08
Նախագահող դատավոր՝ Հ. Հովհաննիսյան

Վարչական գործ թիվ ՎԴ1/0052/05/08
2008թ
.

                    

                   

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Սարգսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ե. Խունդկարյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Հ.Թոսունյան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Հակոբ Թոսունյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 11.07.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Կապանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) ընդդեմ Ընկերության տնօրեն Հակոբ Թոսունյանի՝ 20.000 դրամ վարչական տուգանքի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի` 25.03.2008 թվականի թիվ 087048 որոշումը և 20.02.2008 թվականի թիվ 1110403 ակտը վերացնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է Ընկերության տնօրեն Հակոբ Թոսունյանից բռնագանձել 20.000 դրամ վարչական տուգանքի գումարը:

Հակընդդեմ հայցով Հակոբ Թոսունյանը պահանջել է վերացնել Տեսչության 25.03.2008 թվականի թիվ 087048 որոշումը և 20.02.2008 թվականի թիվ 1110403 ակտը:

Վարչական դատարանի 11.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Թոսունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տեսչությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Հակընդդեմ հայցը մերժվել է վիճարկվող ակտը բողոքարկելու ժամկետների բացթողման պատճառաբանությամբ: Վարչական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ակտը բողոքարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովին, որպիսի պայմաններում դատական կարգով ակտի բողոքարկման համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ ժամկետներ:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 11.07.2008 թվականի վճիռը՝ 20.01.2008 թվականի թիվ 1110403 ակտն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու մասով, այդ մասով փոփոխել դատական ակտը՝ հակընդդեմ հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Վարչական դատարանի կողմից դատական սխալ թույլ չի տրվել: Անձն անհիմն չի զրկվել դատական պաշտպանության իրավունքից, քանի որ իրավունքների և պարտականությունների ծագման հիմք է հանդիսանում վարչական ակտի ուժի մեջ մտնելը: Այդ պահից առաջանում է անձի օրենքով երաշխավորված իրավական պաշտպանության միջոցներից օգտվելու իրավական հնարավորությունը, որից օգտվել է պատասխանողը՝ վարչական տուգանքի որոշումը վերացնելու պահանջով դիմելով դատական պաշտպանության: Նշված պահանջը իրավացիորեն մերժվել է Վարչական դատարանի կողմից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 14.02.2008 թվականի թիվ 1110403 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում Տեսչության 20.02.2008 թվականի թիվ 1110403 ակտով Ընկերությանն առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ:

2. Ընկերության տնօրենը ակտի օրինակը ստացել է 22.02.2008 թվականին:

3. 13.03.2008 թվականին ակտը բողոքարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գանգատարկման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով):

4. Հանձնաժողովի 28.03.2008 թվականի որոշմամբ ակտը թողնվել է անփոփոխ:

5. Ակտի վիճարկման պահանջը դատարան է ներկայացվել 20.05.2008 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի դեպքում հայցը դատարան կարող է ներկայացվել վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի քննության համար սահմանված ժամկետի ավարտից հետո:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է:

Սույն գործով հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը բաց է թողել վարչական ակտի վիճարկման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետը:

Վարչական դատարանի վերոնշյալ եզրահանգումը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

Տեսչության 20.02.2008 թվականի թիվ 1110403 ակտն Ընկերության տնօրենին ներկայացվել է 22.02.2008 թվականին: 13.03.2008 թվականին ակտը վարչական կարգով բողոքարկվել է Հանձնաժողովին, որի 28.03.2008 թվականի որոշմամբ ակտը թողնվել է անփոփոխ: Վերոնշյալից հետևում է, որ Տեսչության 20.02.2008 թվականի ակտը դատական կարգով կարող էր բողոքարկվել 14.04.2008-ից (վարչական կարգով ակտի բողոքարկման համար սահմանված երեսնօրյա ժամկետն ավարտվելու հաջորդ օրվանից) հաշվարկած երկու ամսվա ընթացքում՝ մինչև 14.06.2008 թվականը:

Սույն գործով Տեսչության 20.02.2008 թվականի թիվ 1110403 ակտի վիճարկման պահանջը դատարան է ներկայացվել 20.05.2008 թվականին: Այսինքն, Ընկերությունն ակտի վիճարկման պահանջը դատարան է ներկայացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման արդյունքում պատասխանողը զրկվել է դատական կարգով բողոքարկված վարչական ակտի ըստ էության քննության հնարավորությունից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-2411 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 11.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան

 

Վ. Աբելյան

 

Ե. Խունդկարյան

 

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան