Գլխավոր տեղեկություն
Համար
N ԱԽ-6-Ո-19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.08/18(684) Հոդ.360
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.03.2009
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N ԱԽ-6-Ո-19

2009 թ.

 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌԱԶՄԻԿ ԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ

  Ա. Մկրտումյանի
     

մասնակցությամբ ԱԽ անդամներ

  Վ. Աբելյանի, Ա. Թումանյանի,
  Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի,
 

Խ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի,

  Ն. Տավարացյանի, Հ. Փանոսյանի,
  Տ. Բարսեղյանի, Գ. Բադիրյանի

 

 

մասնակցությամբ դատավոր

  Ռ. Ազարյանի
     

ՀՀ արդարադատության նախարար

  Գ. Դանիելյանի
     

ՀՀ արդարադատության նախարարի

տեղակալ

  Ն. Առուստամյանի
     

քարտուղարությամբ

  Շ. Վարդանյանի

 

 

 2009 թվականի մարտի 13-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ արդարադատության նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 221-Ա հրամանով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել մեղադրյալ Վարդան Մինասյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի` ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված դիմումը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

ՀՀ արդարադատության նախարարն Արդարադատության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ) է ներկայացրել միջնորդություն՝ դատավոր Ռ. Ազարյանին արդարադատություն իրականացնելիս դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Նշված միջնորդությանը կցվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ. Ազարյանի կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը:

Ըստ եզրակացության՝

18.12.2007 թվականին Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Վ. Պապյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով` անհայտ անձի կողմից ապօրինի կերպով պահված հրազենի գործադրմամբ Գ. Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու, Ռ. Վարդապետյանին և Վ. Հովհաննիսյանին հրազենային ծանր մարմնական վնասվածք պատճառելու փաստերի առթիվ:

25.12.2007 թվականին նախաքննության մարմինը Վարդան Մինասյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

25.12.2007 թվականին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան` մեղադրյալ Վարդան Մինասյանի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է:

30.01.2008 թվականի որոշմամբ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ ՔՎ բաժնի պետի տեղակալ Ա. Այվազյանը թիվ 20114307 քրեական գործն ընդունել է վարույթ և շարունակել նախաքննությունը:

16.05.2008 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Վարդան Մինասյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել 1 ամիս ժամկետով, իսկ մեղադրյալի նկատմամբ գրավ կիրառելու պաշտպանների միջնորդությունը մերժվել է:

21.05.2008 թվականին մեղադրյալ Վարդան Մինասյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի, Տիգրան Սաֆարյանի և Երվանդ Վարոսյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2008 թվականի որոշման դեմ:

06.06.2008 թվականին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ. Ազարյանի կողմից որոշում է կայացվել վերաքննիչ բողոքն առանց բավարարման թողնելու մասին:

06.06.2008 թվականին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռ. Ազարյանի նախագահությամբ տեղի է ունեցել 16.05.2008 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման դատական նիստը: Դատական նիստի ընթացքում պաշտպաններ Լ. Սահակյանը, Տ. Սաֆարյանը և Ե. Վարոսյանը միջնորդել են ծանոթանալու համար տրամադրել դատական ստուգման վարույթը: Դատարանը բավարարել է կողմի միջնորդությունը և հայտարարել է 15 րոպե ընդմիջում: Գործի նյութերի ստուգման ընթացքում պաշտպանները նյութերի մեջ հայտնաբերել են իրենց կողմից բերված վերաքննիչ բողոքին վերաբերող, արդեն իսկ կազմված, «վերաքննիչ բողոքը մերժելու և բողոքն առանց բավարարման թողնելու մասին» դատարանի պատրաստի և ամբողջական որոշումը: Դատավոր Ազարյանը, մոտենալով փաստաբաններին, նրանց ձեռքից վերցրել է վարույթը և նշված որոշումը:

Փաստաբանների միջնորդությամբ դատավորը ընթերցել է որոշման վերնագիրը, որից պարզվել է, որ այդ պահին նրա ձեռքին նախօրոք կայացված և վարույթում գտնվող վերջնական որոշումն է: Այնուհետև, երբ պաշտպանները կրկին միջնորդել են ընթերցել որոշման եզրափակիչ մասը, դատավոր Ռ. Ազարյանը հրաժարվել է, հարցնելով, թե արդյոք պաշտպանները բացարկ են հայտնում: Պաշտպան Լ. Սահակյանը բացարկ է հայտնել դատավորին, որից հետո դատավոր Ռ. Ազարյանը գնացել է խորհրդակցական սենյակ` քննության առնելու բացարկը:

Նախարարի կարծիքով դատավորը, խորհրդակցական սենյակ հեռանալով, խուսափել է կարդալ նախօրոք գրված որոշման եզրափակիչ մասը: Վերադառնալով նիստերի դահլիճ` դատավորը հայտնել է, որ ինքնաբացարկը մերժվում է: Հետագայում դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ դատավոր Ռ. Ազարյանը փորձել է հիմնավորել այն հանգամանքը, որ փաստաբանների կողմից հայտնաբերված և ինքնաբացարկի հիմք հանդիսացած որոշումը ոչ թե վերջնական է եղել, այլ ընդամենը որոշման նախագիծ, այն էլ մինչև «պարզեց» մասը, առանց որոշման վերնագրի: Միաժամանակ նշել է, որ որոշման նախագիծը պաշտպանների խնդրանքով հրապարակելիս ինքնաբերաբար հայտնել է, որ որոշումը վերնագրված է «վերաքննիչ բողոքը մերժելու և այն առանց բավարարման թողնելու մասին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության և դատախազության մարմինների, ինչպես նաև դատավարության մասնակիցների համար: Դատավոր Ռ. Ազարյանի կողմից վերը նշված գործողությունը (նախօրոք որոշման նախագիծ կազմելը) նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, հետևաբար դատավորի գործողությունները չհիմնավորված և չպատճառաբանված են: Պաշտպան Լ. Սահակյանը խնդրել է հրապարակել նաև վերնագիրը: Դատավորը 2 վայրկյան դադար է տվել և հայտնել, որ որոշման նախագիծը վերնագրված է վերաքննիչ բողոքը մերժելու և բողոքն առանց բավարարման թողնելու մասին:

Այսպիսով` դատավոր Ռ. Ազարյանը փաստաբանների պահանջով կարդացել է այն, ինչ գրված է եղել որոշման մեջ:

Վերոգրյալը հաստատվում է նաև դիմումատուների կողմից ներկայացված ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ընդհանուր իրավասության դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման 06.06.2008 թվականի նիստի արձանագրման կրիչի ուսումնասիրությունից:

Նախարարը գտել է, որ վերոնշյալ արարքով դատավոր Ազարյանը թույլ է տվել դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և մյուս օրենքները: Դատավոր Ռ. Ազարյանը ոչ միայն չի պահպանել ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, այլև իր ակտիվ գործողություններով, դիտավորությամբ խախտել է դրանք (խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածը):

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք: Դատավոր Ռ. Ազարյանի կողմից մեղադրանքի կողմի օգտին նախապես որոշում կայացնելը, ըստ նախարարի, վկայում է մեղադրանքի կողմի նկատմամբ դատավորի սուբյեկտիվ առումով կողմնակալ վերաբերմունքի մասին, որն ինքնին հանգեցրել է պաշտպանության կողմի`«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված` արդար դատաքննության իրավունքի խախտմանը (խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասը):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն` քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա: Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք: Դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը:

Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվություն և անկողմնակալություն, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ: Դատարանը դատավճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ: Դատավոր Ռ. Ազարյանը, նախապես որոշում կայացնելով, հանդես է եկել մեղադրանքի կողմում, անհավասար պայմաններ է ստեղծել պաշտպանության կողմի համար` արդյունքում խախտելով մրցակցության սկզբունքը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում: Դատավոր Ռ. Ազարյանը մինչև դատական ստուգման ժամանակ ապացույցների հետազոտումը կայացրել է որոշում, որով և կանխակալ մոտեցում է ցուցաբերել մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցների նկատմամբ:

ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի 1-ին կանոնի համաձայն` «դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը»: Նույն կանոնագրքի 2-րդ կանոնի համաձայն` «դատավորը պարտավոր է իր վարքագծով ինչպես դատարանում, այնպես էլ նրանից դուրս ամրացնել կողմերի... հավատը դատավարության, դատավորի անկողմնակալության, անկախության և արդարության հանդեպ: Արդարությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև պետք է իրականացվի տեսանելի, համոզիչ և ընկալվի իբրև արդարության հաստատում»: 15-րդ կանոնի համաձայն` «դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ անկողմնակալ դիտորդին կարող է թվալ, որ նա ի վիճակի չէ տվյալ գործով արդարացի որոշում կայացնել: Նման հիմքեր կարող են լինել, երբ`

ա) դատավորի մոտ առկա է նախատրամադրվածություն վիճող կողմերի նկատմամբ, կամ նախօրոք անձամբ ծանոթ է գործով ապացույց հանդիսացող վիճարկվող փաստական տվյալներին և դրանց վերաբերյալ ունի կանխակալ կարծիք»:

16-րդ կանոնի համաձայն` «Մինչև գործի քննության ավարտը դատավորը պարտավոր է`

ա) ձեռնպահ մնալ փաստերի կամ օրենքների այնպիսի մեկնաբանությունից, որը կարող է գործի լուծման կանխորոշվածության տպավորություն ստեղծել»:

Նախարարը գտել է, որ դատավոր Ռ. Ազարյանն իր վարքագծով ոչ միայն խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը, վերոնշյալ կանոնները, այլև հեղինակազրկել է դատական իշխանությունը, քանի որ դատական ստուգումը սկսել է նախօրոք պատրաստված որոշմամբ, այսինքն` վարել է ձևական դատական նիստ, և նույնիսկ այն բանից հետո, երբ պաշտպանների կողմից հայտնաբերվել է այդ փաստը և նրան ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, նա չի ընդունել ինքնաբացարկը, որով խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Դեռ ավելին, հետագայում էլ անհիմն փաստերով փորձել է հիմնավորել, թե իբրև որոշումը նախօրոք կայացված չի եղել:

Դատավոր Ռ. Ազարյանի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին 29.12.2008 թվականին տրված բացատրությունը չի պարունակում որևէ էական հանգամանքներ և փաստեր, որոնք կարող են հերքել նրա կողմից թույլ տրված դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ բովանդակող արարքները:

Այսպիսով` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ. Ազարյանը 06.06.2008 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2008 թվականի որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգման ժամանակ թույլ է տվել.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, 17-րդ հոդվածի 1-ին մասի, 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի, 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների խախտումներ, որոնք հանգեցրել են Վարդան Մինասյանի վերոնշյալ իրավական ակտերով նախատեսված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են ճիշտ և օրինական որոշման կայացմանը:

Նշված խախտումները կարող են կատարվել միայն դատավորի մեղավորությամբ, քանի որ դրանք դատավորի` իր լիազորությունների իրացմանն ուղղված կամային և գիտակցված գործունեության կոնկրետ դրսևորումներ են, որոնք արտահայտվում են դատական ակտերի կայացման և դատավարական գործողությունների կատարման միջոցով` իրավակիրառ գործունեության արդյունքում. նման գործունեությունը միշտ ենթադրում է մեղքի առկայություն:

Այսինքն` Ռ. Ազարյանը կատարել է դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ բովանդակող արարքներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` պարունակում են դատավորի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի կատարման մասին առերևույթ հիմքեր:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ. Ազարյանը ՀՀ արդարադատության նախարարին ուղղված 29.12.2008 թվականի բացատրության մեջ նշել է`

06.06.2008 թվականին իր նախագահությամբ դռնփակ դատական նիստում քննության է առնվել մեղադրյալ Վ. Մինասյանի պաշտպաններ Լ. Սահակյանի, Տ. Սաֆարյանի, Ե. Վարոսյանի վերաքննիչ բողոքը` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2008 թվականի որոշման դեմ:

Բողոքը մերժվել է, և այն թողնվել է առանց բավարարման:

Վարդան Մինասյանին կալանքի տակ պահելու ժամկետը 1/մեկ/ ամիս ժամկետով երկարացնելու, մեղադրյալին կալանքից գրավով ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2008 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Ծանոթացման համար պաշտպաններին հանձնված նյութերում եղել է որոշման նախագիծ` առանց վերնագրի /1թերթ/ և պաշտպանների խնդրանքով հրապարակելիս իր կողմից ինքնաբերաբար հայտնվել է, որ որոշումը վերնագրված է վերաքննիչ բողոքը մերժելու և այն առանց բավարարման թողնելու մասին:

Նման պայմաններում դատավորը գտնում է, որ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք դարձած` տեղեկանքում նշված խախտումներն իր կողմից չեն կատարվել, և մասնավորապես` իր վարքագծով նա չի հեղինակազրկել դատական իշխանությունը:

13.03.2009 թվականի Արդարադատության խորհրդի նիստի ժամանակ դատավոր Ռ. Ազարյանը նշեց, որ դատավորի օգնականի վերաբերյալ կանոնակարգը սահմանում է, որ դատավորի օգնականը նախապատրաստում է դատական ակտերի նախագծեր, այսինքն` թեև օրենքով ուղղակիորեն չի նախատեսվում դատավորի կողմից դատական ակտի նախագիծ կազմելը, սակայն դա անիրավաչափ գործողություն չէ:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. 25.12.2007 թվականին նախաքննության մարմինը Վարդան Մինասյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան` մեղադրյալի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է:

2. 16.05.2008 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Վարդան Մինասյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել 1 ամիս ժամկետով, իսկ մեղադրյալի նկատմամբ գրավ կիրառելու պաշտպանների միջնորդությունը մերժվել է:

3. 21.05.2008 թվականին մեղադրյալ Վարդան Մինասյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի, Տիգրան Սաֆարյանի և Երվանդ Վարոսյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2008 թվականի որոշման դեմ:

4. 06.06.2008 թվականին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռ. Ազարյանի կողմից որոշում է կայացվել վերաքննիչ բողոքն առանց բավարարման թողնելու մասին:

5. 06.06.2008 թվականի դատական նիստի ընթացքում պաշտպաններ Լ. Սահակյանը, Տ. Սաֆարյանը և Ե. Վարոսյանը միջնորդել են ծանոթանալու համար տրամադրել դատական ստուգման վարույթը: Գործի նյութերի մեջ եղել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման նախագիծ /1-ին էջը/:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչին, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ պաշտպաններ Լ. Սահակյանի և Ե. Վարոսյանի` ՀՀ արդարադատության նախարարին ուղղված դիմումի, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի եզրակացության մեջ նշված այն պնդումը, թե գործի նյութերում մինչև գործի հանգամանքները պարզելը առկա է եղել արդեն իսկ ավարտված որոշում, ինչը վկայում է գործի լուծման վերաբերյալ դատավորի կանխակալ վերաբերմունքի մասին, բավարար չափով հիմնավորված չէ և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհրդին է ներկայացվել այն փաստաթուղթը, որն առկա է եղել վարույթում, և այդ փաստաթղթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն պարունակում է որոշման միայն ներածական մասի նախագիծը: Ընդ որում, այդ փաստաթուղթը ստորագրված չէ, անվանում չի պարունակում, այլ պարունակում է գործի համարը, իսկ աջ վերևի հատվածում նշված է «նախագիծ» բառը: Վերոգրյալը նկատի ունենալով` Խորհուրդը չի կարող հաստատված ճանաչել այն փաստը, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննության ենթակա վարույթում առկա է եղել «պատրաստի և ամբողջական որոշում` վերաքննիչ բողոքը մերժելու և բողոքն առանց բավարարման թողնելու մասին» (եզրակացության 3-րդ էջ):

Ինչ վերաբերում է ձայնագրառման արձանագրությանը, ապա ինքնին այն բավարար չէ հակառակը հիմնավորելու համար:

Բացի այդ, գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում դատավորի մոտ կարող է տվյալ գործի լուծման վերաբերյալ ձևավորվել ներքին համոզմունք, և բոլորովին էլ անթույլատրելի չէ, որ նա մինչև գործի քննարկում սկսելը փորձի համապատասխան որոշման նախագիծ կազմել, որը սակայն չի նշանակում, որ գործի քննության արդյունքներով այդ որոշումը չի կարող փոփոխվել կամ հակառակ որոշում կայացվել:

Դատավորի կողմից որոշում ընդունելը դատական ստուգման գործընթացի եզրափակումն է: Նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ ներքին համոզմունքը սկսում է ձևավորվել գործի նյութերի նախնական ծանոթացման պահից: Սակայն ձևավորված ներքին համոզմունքը վերջնական չէ, այն կարող է դատական պրոցեսի ընթացքում փոփոխվել, անգամ` վերափոխվելով հակառակ դիրքորոշման: Վերջնական է միայն այն դիրքորոշումը, որն արտահայտվել է կայացված, ստորագրված դատական ակտում:

Այդ գործընթացի տարբեր փուլերում նույնական կամ տարբեր դիրքորոշում ունենալը չի կարող դատավորի կողմից օրենքի խախտում համարվել, առավել ևս, նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսանալ:

Սակայն գործի ուսումնասիրության և նախագծերի կազմման աշխատանքային գրառումները պետք է նախատեսված լինեն միայն ներքին օգտագործման համար և գործով կողմերի ու երրորդ անձանց մատչելի չպետք է լինեն:

Արդարադատության խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ դատավոր Ռ.Ազարյանը, դրսևորելով անփութություն, այդ բնույթի գրառումները հասանելի է դարձրել այլ անձանց, որի արդյունքում նրա անկողմնակալությունը դրվել է կասկածի տակ:

ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք է արդարադատություն իրականացնելիս նյութական և դատավարական օրենքի նորմերի անկհայտ և կոպիտ խախտումը:

Մինչդեռ Արդարադատության խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Ռ. Ազարյանի կողմից դրսևորած խախտումն իր բնույթով չի կարող համարվել «արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում» և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ:

Ինչ վերաբերում է դատավորի վարքագծի կանոնների խախտումների մասին ՀՀ արդարադատության նախարարի փաստարկումներին, ապա Խորհուրդը չի կարող քննության առնել դրանք, քանի որ դատավոր Ռ.Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (դատավարական օրենքի խախտում), այլ ոչ թե 4-րդ կետի (վարքագծի կանոնների խախտում) հիմքով:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Խորհուրդը գտնում է, որ հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը, ուստի դատավոր Ռ. Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ սույն կարգապահական գործը ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

 

Ա. Թումանյան

  Ա. Խաչատրյան
  

Գ. Խանդանյան

  Գ. Բադիրյան
 

Հ. Փանոսյան

Ռ. Բարսեղյան
Ն. Տավարացյան
Տ. Բարսեղյան

Խ. Բաղդասարյան