ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1656/05/08 Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան |
Վարչական գործ թիվ ՎԴ/1656/05/08 |
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Սարգսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ե. Խունդկարյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 23.07.2008 թվականի վճռի դեմ՝ ըստ Ասիյա Մարկոսյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի, երրորդ անձինք Հասմիկ Մարտիրոսյանի, Հայկարամ Հակոբյանի՝ Երևանի քաղաքապետի 10.11.1997 թվականի թիվ 1279 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ասիյա Մարկոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 10.11.1997 թվականի թիվ 1279 որոշումը:
Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Մարտիրոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ասիյա Մարկոսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը, ՀՀ բնակարանային օրենսգրքի 34-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերը, ՀՀ բնակարանային օրենսգրքի 59-րդ, 60-րդ հոդվածները, «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Ասիյա Մարկոսյանը 1980 թվականին ընտանեկան անախորժությունների հետևանքով 11.12.1980 թ. թվագրմամբ «անհայտ հասցե» նշումի կատարմամբ, դուրս է եկել Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 հասցեում գտնվող բնակարանի հաշվառումից և շուրջ 30 տարուց ավելի չի բնակվում վիճելի հասցեում:
Հետևաբար Ասիյա Մարկոսյանը ոչ թե «ժամանակավոր բացակայող է» եղել, այլ այդ իրավունքը «կորցրած», քանի որ նա ամուսնացել է Արբակ Իսրաելյանի հետ և 1982 թվականին հաշվառվել և մշտական բնակության է տեղափոխվել Երևանի Շիրակի փողոցի 54 շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարան՝ դուրս գալով Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 բնակարանի հաշվառումից: Այսպիսով, Ասիյա Մարկոսյանը չէր կարող միաժամանակ հաշվառված լինել երկու բնակարաններում:
Ասիյա Մարկոսյանը Շահումյանի շրջխորհրդի գործկոմի 14.07.1994 թվականի թիվ 20/173 որոշմամբ, որպես հաշվառված անձ, մասնակցել է Երևանի Շիրակի փողոցի 54 շենքի թիվ 1 բնակարանի սեփականաշնորհմանը և դարձել այդ բնակարանի 1/6 բաժնի սեփականատեր:
Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ Երևանի քաղաքապետի 10.11.1997 թվականի թիվ 12/79 որոշմամբ վիճելի բնակարանը թույլատրվել է սեփականաշնորհել Գուրգեն Սարգսյանի և Վազգանուշ Անտոնյանի անվամբ՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն: Ուստի, Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշումն ընդունվել է ոչ թե օրենքի խախտմամբ, այլ տվյալ իրավահարաբերության ծագման պահին գործող «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
Ավելին, Ասիյա Մարկոսյանը վիճելի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել Շենգավիթի թաղապետարանի կողմից՝ նվիրատվության պայմանագրի հիման վրա, որն էլ անվավեր է ճանաչվել Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 21.11.2007 թվականի վճռով (դրան օրինական ուժ է տրվել ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի թիվ 3-470 (ՎԴ) որոշմամբ):
2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186, 1225 և 1226 հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56 հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Գուրգեն Սարգսյանի առաջին հերթի ժառանգ Հասմիկ Մարտիրոսյանը հոր մահից հետո վեցամսյա ժամկետում՝ 10.06.2005 թվականին, ընդունել է նրա ժառանգությունը՝ հայտարարություն տալով նոտարական գրասենյակում:
Ավելին, 10.06.2005 թվականի հայտարարությունը, 05.08.2005 թվականի համատիրության կողմից տրված տեղեկանքը և պետական կոմունալ վճարման անդորրագրերը հաստատում են այն հանգամանքը, որ Հասմիկ Մարտիրոսյանը դեռևս 1994 թվականից սկսած իր երեխաների հետ փաստացի ապրել է վիճելի բնակարանում, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսերը և վճարել ժառանգատուի պարտքերը, դրանով իսկ ընդունելով ժառանգությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 23.07.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները
Դատարանը ճիշտ է կիրառել ՀՀ բնակարանային օրենսգրքի 59-րդ հոդվածը` հաստատված համարելով Ասիյա Մարկոսյանի վիճելի բնակարանի նկատմամբ օգտագործման իրավունքի պահպանման փաստը, քանի որ այն դատական կարգով կորցված չի ճանաչվել: Տվյալ դեպքում Ասիյա Մարկոսյանի վարձակալության իրավունքը ճանաչվել է 16.06.1977 թվականի վճռով և պահպանվել է բնակարանի սեփականաշնորհման պահին, իսկ բնակարանի հաշվառումից դուրս գրվելը կատարվել է ոչ օրինական հիմքերով:
Ինչ վերաբերում է Հասմիկ Մարտիրոսյանի կողմից ժառանգությունն ընդունելու փաստին, ապա այն սույն գործի քննության համար էական նշանակություն չունի, քանի որ Ասիյա Մարկոսյանի կողմից վիճարկվել է ոչ թե Երևանի քաղաքապետի նշված որոշման ուժով Գուրգեն Սարգսյանի սեփականության իրավունքի և Հասմիկ Մարտիրոսյանի ժառանգության իրավունքի առաջացման փաստը, այլ Երևանի քաղաքապետի որոշմամբ Ասիյա Մարկոսյանի իրավունքների խախտման փաստը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 հասցեում գտնվող բնակարանի հաշվառման քարտի համաձայն՝ Ասիյա Մարկոսյանը 11.12.1980 թվականին «անհայտ հասցե» նշումի կատարմամբ դուրս է գրվել նշված հասցեից (գ. թ. 10):
2) Ասիյա Մարկոսյանը 28.01.1982 թվականից հաշվառված է Երևանի Շիրակի փողոցի 54 շենքի թիվ 1 բնակարանում (գ. թ. 5):
3) Երևանի քաղաքապետի 10.11.1997 թվականի թիվ 1279 որոշմամբ թույլատրվել է Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 բնակարանը սեփականաշնորհել Գուրգեն Սարսգսյանի և Վազգանուշ Անտոնյանի անվամբ, որպես ընհանուր համատեղ սեփականություն (գ. թ. 8):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:
29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև oրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:
Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով՝ որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնային սեփականություն: Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն՝ վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող իրավունքներից:
Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք երեք պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը, ինչպես նաև բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ լինելը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 բնակարանը Երևանի քաղաքապետի 10.11.1997 թվականի թիվ 1279 որոշմամբ թույլատրվել է սեփականաշնորհել Գուրգեն Սարսգսյանի և Վազգանուշ Անտոնյանի անվամբ՝ որպես ընհանուր համատեղ սեփականություն: Ասիյա Մարկոսյանը 11.12.1980 թվականին «անհայտ հասցե» նշումի կատարմամբ դուրս է գրվել Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 հասցեից և 28.01.1982 թվականից հաշվառվել է Երևանի Շիրակի փողոցի 54 շենքի թիվ 1 բնակարանում:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ասիյա Մարկոսյանը, 11.12.1980 թվականին դուրս գալով Երևանի Եղբայրության փողոցի 14 շենքի թիվ 38 հասցեից և 28.01.1982 թվականին հաշվառվելով Երևանի Շիրակի փողոցի 54 շենքի թիվ 1 բնակարանում, սեփականաշնորհման պահին վեճի առարկա բնակտարածությունում գրանցում չուներ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վեճի առարկա բնակարանի սեփականաշնորհման պահին Ասիյա Մարկոսյանի մոտ առկա չէր սեփականաշնորհման սուբյեկտ լինելու համար վերը նշված երեք պարտադիր վավերապայմաններից մեկը՝ բնակտարածությունում գրանցումը: Հետևաբար Ասիյա Մարկոսյանը «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի ուժով սեփականաշնորհման սուբյեկտ չէ:
Այսպիսով, վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ Երևանի քաղաքապետի 10.11.1997 թվականի թիվ 1279 որոշումն ընդունվել է տվյալ իրավահարաբերության ժամանակ գործող օրենքներին համապատասխան:
2) Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ Հասմիկ Մարտիրոսյանի ժառանգության իրավունքի առաջացման փաստը Ասիյա Մարկոսյանի կողմից սույն վարչական գործով չի վիճարկվել:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 23.07.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Ասիյա Մարկոսյանի հայցը մերժել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ա. Մկրտումյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
|
Վ. Աբելյան |
|
Ե. Խունդկարյան |
|
Դ. Ավետիսյան |
Հ. Ղուկասյան | |
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|