Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.04/38(213)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 3-699(ՎԴ)
2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1690
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան
Դատավորներ՝ Ն. Տավարացյան
Դ. Խաչատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վալերի Աշխեն Գուրգենի Գործունյան Ասատրյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.08.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վազգեն Ասատրյանի ընդդեմ Վալերի Աշխեն Գուրգենի Գործունյան Ասատրյանի, «Փարիզյան Սուրճ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վազգեն Ասատրյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքն Ընկերության 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ և գրանցել սեփականության իրավունքը Երևանի Կենտրոն համայնքի Աբովյան փողոցի 23 շենքի թիվ 1 հասցեի տարածքի 1/2-րդ մասի նկատմամբ:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 11.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.08.2008 թվականի որոշմամբ Վալերի Աշխեն Գուրգենի Գործունյան Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 11.12.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վալերի Աշխեն Գուրգենի Գործունյան Ասատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վազգեն Ասատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վազգեն Ասատրյանի և Վալերի Գործունյանի միջև կնքված ամուսնության պայմանագրի դրույթների չկիրառումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նրանով, որ ամուսնության պայմանագիրը կողմերի միջև կնքվել է 05.04.1995 թվականին, մինչդեռ կողմերի ամուսնությունը Ֆրանսիայում գրանցվել է 21.04.1995 թվականին: Ամուսնական պայմանագիրը կնքելու պահին կողմերն ամուսիններ չեն եղել, ուստի այդ պայմանագրի դրույթները կիրառելի չեն:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը չի պարունակում որևէ նորմ այն մասին, թե պայմանագիրը պետք է կնքվի ամուսնանալու պահին, թե դրանից հետո, ինչպես նաև չի սահմանում դրա վերաբերյալ արգելք: Հետևաբար ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչև ամուսնությունը, այնպես էլ ամուսնության պահին կամ դրանից հետո:

Բացի այդ, Վալերի Գործունյանի կողմից առուվաճառքի պայմանագրով Վազգեն Ասատրյանից գնված Ընկերության 50 տոկոս բաժնեմասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով չէր կարող դիտվել որպես համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված ոչ միայն վերոնշյալ պատճառաբանությամբ, այլև այն հիմքով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը վերաբերում է ամուսինների կողմից ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերած գույքին, որի դեպքում այն պետք է ձեռք բերված լինի երրորդ անձից:

Երևանի Կենտրոն համայնքի Աբովյան փողոցի 23 շենքի թիվ 13 բնակարանի 1/2-րդ մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասով հայցը բավարարելիս Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով վեճի առարկա գույքի արժեքի ավելացման փաստը, չի հիմնավորել նաև այդ ավելացման և Վազգեն Ասատրյանի կողմից ներդրման պատճառահետևանքային կապը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի թիվ 3-422(ՎԴ) գործով կայացրած որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.08.2008 թվականի որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի թիվ 3-422(ՎԴ) գործի փաստական հանգամանքները և սույն գործի փաստերը միմյանց հետ ընդհանրապես չեն համընկնում, ուստի այդ որոշումը սույն գործով կիրառելի չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Վազգեն Ասատրյանի և Վալերի Գործունյանի միջև Ֆրանսիայի Ուդան քաղաքում 05.04.1995 թվականին կնքված ամուսնության պայմանագրի համաձայն` Վազգեն Ասատրյանը և Վալերի Գործունյանը պայմանագիրը կնքում են ամուսնության նպատակով, որը տեղի է ունենալու 21.04.1995 թվականին Փարիզ 17-ի քաղաքապետարանում:

«Ապագա ամուսինները հայտարարում են, որ որպես իրենց միության հիմք ընդունում են Գույքի Առանձին ռեժիմը, որը նախատեսված է» Ֆրանսիայի «քաղաքացիական օրենսգրքի 1536-1543 հոդվածներով: Հետևաբար, ամուսիններից յուրաքանչյուրը կպահպանի այն անշարժ և շարժական գույքի սեփականությունը, կառավարումը, տիրապետումն ու ազատ տնօրինումը, որ ներկայումս պատկանում է իրեն կամ կարող է պատկանել հետագայում ցանկացած հիմքով»:

2) Վազգեն Ասատրյանի և Վալերի Աշխեն Գուրգենի Գործունյան Ասատրյանի ամուսնությունը տեղի է ունեցել և վկայականը տրվել է 21.04.1995 թվականին: Ամուսնության վկայականի համաձայն` «..ապագա ամուսինները հայտարարեցին, որ ամուսնական պայմանագիրը կնքվել է 1995 թվականի ապրիլի 5-ին..»:

3) 17.09.1999 թվականի թիվ 0097718 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Երևանի Կենտրոն համայնքի Աբովյան փողոցի 23 շենքի թիվ 1 բնակարանի սեփականատերն է Վալերի Աշխեն Գործունյանը:

4) 13.08.2004 թվականի թիվ 1463900 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Երևանի Կենտրոն համայնքի Աբովյան փողոցի 23 շենքի թիվ 13 բնակարանի սեփականատերն է Վալերի Գործունյանը:

5) Ընկերության 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Վալերի Աշխեն Գործունյանին, իսկ մյուս 50 տոկոսը` Վազգեն Ասատրյանին:

6) 26.01.2006 թվականի թիվ 2044232 սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Երևանի Կենտրոն համայնքի Աբովյան փողոցի 23 շենքի թիվ 1 տարածքի սեփականատերն է Վալերի Աշխեն Գործունյանը:

7) 22.01.2007 թվականի բաժնեմասի առուվաճառքի թիվ 01 պայմանագրի համաձայն` Վազգեն Ասատրյանը վաճառել, իսկ Վալերի Աշխեն Գուրգենի Գործունյան Ասատրյանը գնել է Ընկերության կանոնադրական կապիտալում Վազգեն Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող 5.026 հատ բաժնեմասը (որը մասնակիցների ընդհանուր ժողովում ապահովում է 50 տոկոս ձայնի իրավունք):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ բողոքի սահմաններում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում գնահատման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցադրումը.

արդյո՞ք սույն գործով կիրառելի են Վազգեն Ասատրյանի և Վալերի Գործունյանի միջև Ֆրանսիայի Ուդան քաղաքում 05.04.1995 թվականին կնքված ամուսնության պայմանագրի դրույթները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով: Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:

Վերաքննիչ բողոքի մերժման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է այն փաստարկը, որ կողմերի միջև 05.04.1995 թվականին կնքված ամուսնության պայմանագրով սահմանված կանոնները կիրառելի չեն, քանի որ այն կնքվել է ամուսնությունից առաջ, այսինքն` այն ժամանակաշրջանում, երբ կողմերը դեռևս ամուսիններ չեն եղել: Բացի այդ, իրավահարաբերությունների ծագման ժամանակաշրջանում գործել է ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը, որը չի նախատեսել ամուսնության պայմանագրի իրավական կարգավորումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ ամուսնական պայմանագիրը կիրառելի չէ, քանի որ այն կնքվել է ամուսնությունից առաջ, հիմնավոր չէ, քանի որ Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքի 1395-րդ հոդվածը հստակ նշում է, որ ամուսնական պայմանագրերը պետք է կազմվեն ամուսնության կնքումից առաջ և ուժի մեջ են մտնում ամուսնության կնքման օրվանից:

Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ ամուսնական պայմանագրի դրույթները չեն կարող կիրառվել, քանի որ դրա կնքման պահին գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգիրքը չի նախատեսել ամուսնության պայմանագրի իրավական կարգավորումը, Վճռաբեկ դատարանը նույնպես հիմնավոր չի համարում հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` մինչև 01.01.1999 թվականը ծագած պայմանագրային և այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ամուսնական պայմանագրի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կիրառելի է, քանի որ վեճի առարկա գույքի նկատմամբ իրավունքները ծագել են 01.01.1999 թվականից հետո` 26.01.2006 և 22.01.2007 թվականներին:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1285-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կիրառվելիք իրավունքի վերաբերյալ կողմերի համաձայնության բացակայության դեպքում նույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում չթվարկված պայմանագրերի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հիմնադրվել է, բնակության վայր կամ գործունեության հիմնական վայր ունի այն կողմը, որը կատարում է նման պայմանագրի բովանդակության համար վճռական նշանակություն ունեցող պայմանը: Պայմանագրի բովանդակության համար վճռական նշանակություն ունեցող պայմանը որոշելու անհնարինության դեպքում կիրառվում է այն պետության իրավունքը, որի հետ առավել սերտ է կապված տվյալ պայմանագիրը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով պայմանագրի կնքման պահի դրությամբ ամուսիններից մեկի՝ Վալերի Գործունյանի, Ֆրանսիայի քաղաքացի լինելու, ամուսինների Ֆրանսիայում բնակվելու փաստերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կողմերը ամուսնության պայմանագրով որպես միության հիմք ընդունել են Ֆրանսիայի օրենսդրությամբ (Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգրքի 1536-1543-րդ հոդվածներ) նախատեսված իրավական ռեժիմը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վազգեն Ասատրյանի և Վալերի Գործունյանի միջև կնքված ամուսնական պայմանագրի նկատմամբ կիրառելի է Ֆրանսիայի օրենսդրությունը:

Ինչ վերաբերում է Ընկերության 50 տոկոս բաժնեմասի օտարմանը, ապա դրա նկատմամբ նույնպես կիրառելի են Վազգեն Ասատրյանի և Վալերի Գործունյանի միջև կնքված ամուսնական պայմանագրի նորմերը: Հետևաբար նրանց կողմից միմյանց օտարված գույքը նույնպես ձեռքբերողի անձնական սեփականությունն է:

Ինչ վերաբերում է Երևանի Կենտրոն համայնքի Աբովյան փողոցի 23-րդ շենքի թիվ 1 տարածքի նկատմամբ կատարված բարելավումներին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը սույն գործի քննության համար էական նշանակություն չունի, քանի որ շինարարության իրականացումից հետո դրա նկատմամբ ամուսնական պայմանագրի ուժով ծագել է Վալերի Գործունյանի սեփականության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.08.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Վազգեն Ասատրյանի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ե. Խունդկարյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան