Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.1996

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հունաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով խթանել իրենց միջև տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության զարգացումը հավասարության և փոխշահավետության հիման վրա,

ընդունելով իրենց միջև համագործակցության հաջող զարգացման համար երկարաժամկետ միջոցառումների կարևորությունը,

նշելով, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կառուցվածքներում ու մեխանիզմներում կատարվող կարևոր փոփոխությունները նոր հեռանկարներ են բացում և կարող են նպաստել երկու Կողմերի միջև տարբեր մակարդակներով կապերի ու համագործակցության ամրապնդմանը` ներառյալ տնտեսավարող սուբյեկտների միջև փոխադարձ ուղղակի կապերը, համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Պայմանավորվող կողմերը, իրենց համապատասխան օրենքների և կանոնակարգերի շրջանակներում և հաշվի առնելով իրենց միջազգային պարտավորությունները, բոլոր ջանքերը կգործադրեն փոխադարձ հետաքրքրություն և փոխշահավետություն ներկայացնող բոլոր ոլորտներում տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցությունը ավելի զարգացնելու և ամրապնդելու համար:

2. Այդ համագործակցությունը ուղղված է, մասնավորապես.

- Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական կապերն ամրապնդելուն և բազմազան դարձնելուն,

- նոր շուկաների բացմանը,

- տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցության խրախուսմանը, որի նպատակն է խթանել ներդրումները, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, լիցենզիոն համաձայնագրերի կնքումը և նրանց միջև համագործակցության մյուս ձևերը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. 1-ին հոդվածում նշված համագործակցությունը տարածվում է, մասնավորապես, հետևյալ բնագավառների վրա.

- արդյունաբերություն,

- գյուղատնտեսություն, ներառյալ ագրոարդյունաբերությունը,

- շինարարություն և բնակարանաշինություն,

- տրանսպորտ, ներառյալ ցամաքային և ծովային տրանսպորտը,

- կապ,

- բանկային, ապահովագրական և ֆինանսական այլ ծառայություններ,

- զբոսաշրջություն,

- սոցիալական համագործակցություն,

- փոքր և միջին ձեռնարկություններ,

- ապրանքների շարժ և բաշխում:

2. Պայմանավորվող կողմերը պետք է խորհրդակցեն, որպեսզի ճշգրտեն իրենց համագործակցության առաջնահերթ ճյուղերը, ինչպես նաև տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության նոր բնագավառները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Սույն Համաձայնագրում նշված տնտեսական ու արդյունաբերական համագործակցությունը իրագործվում է գլխավորապես հայկական և հունական ձեռնարկությունների, կազմակերպությունների ու ֆիրմաների միջև կնքված պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա` Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:

2. Պայմանավորվող կողմերը գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի հեշտացնեն այս գործողությունը` բարենպաստ պայմաններ ստեղծելով տնտեսական և արդյունաբերական համագործակցության համար, մասնավորապես.

- նպաստավոր մթնոլորտ զարգացնելով կապիտալ ներդրումների համար,

- հեշտացնելով առևտրական և տնտեսական տեղեկության փոխանակությունը,

- աջակցելով իրենց ձեռնարկությունների միջև փոխանակումներին և կապերին,

- օժանդակելով տոնավաճառների, ցուցահանդեսների, գիտաժողովների կազմակերպմանը և այլն,

- ծավալելով գործունեություն առևտրի զարգացման նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային առաջնայնություններին և օրենսդրությանը համապատասխան,

բարենպաստ պայմաններ կստեղծեն իրենց, ինչպես նաև իրենց համապատասխան կազմակերպությունների կամ ֆիրմաների միջև տեխնոլոգիական համագործակցության համար:

Այդ համագործակցությունը, ի թիվս այլոց, կարող է ունենալ հետևյալ ձևերը.

- ընդհանուր հետազոտական ծրագրերի մշակում,

- մասնագիտացված պատվիրակությունների այցելությունների և ուսումնական շրջագայությունների կազմակերպում,

- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում վերապատրաստման ծրագրերի մշակում,

- տեխնիկական և գիտական փորձաքննության տրամադրում,

- գիտաժողովների և հանդիպումների կազմակերպում,

- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող վերապատրաստման ծրագրերի կազմակերպում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Սույն Համաձայնագրի իրականացումն ապահովելու նպատակով կստեղծվի Համատեղ կոմիտե:

2. Համատեղ կոմիտեն կկազմվի Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից և կգումարվի Կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով` փոխադարձ համաձայնությամբ որոշված վայրում և ժամանակ:

3. Համատեղ կոմիտեն կստուգի սույն Համաձայնագրի նպատակների իրականացման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և անհրաժեշտության դեպքում հանձնարարականներ կձևակերպի դրանց իրականացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ժամանակավորապես` ստորագրման օրից, և վերջնականապես` այն օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը, երբ Պայմանավորվող կողմերը միմյանց կծանուցեն անհրաժեշտ իրավական ընթացակարգերի ավարտման մասին:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է սկզբնապես 5 տարի ժամկետով, և եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին, ապա սույն Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի 10 տարով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի դադարեցնելու Համաձայնագիրը` ընթացիկ գործողության ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ ծանուցում ուղարկելով:

 

Կատարված է Աթենք քաղաքում 1992 թվականի հունվարի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հունարեն, հայերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք կընդունվի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է 1996 թվականի հունիսի 1-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան