Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.1992
Ստորագրման ամսաթիվ
13.12.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և մշակութային ու գիտատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը կխրախուսեն և կաջակցեն երկու երկրների համապատասխան հաստատությունների և կազմակերպությունների միջև փոխանակմանն ու համագործակցությանը մշակույթի, կրթության, գիտության, տեխնիկայի, առողջապահության, սպորտի, հրատարակչության, ժուռնալիստիկայի, հեռուստատեսության և ռադիոյի, կինոյի և զբոսաշրջության բնագավառներում:

 

Հոդված 2

 

Կողմերը կնպաստեն արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցությանը գեղարվեստական խմբերի փոխանակման, ցուցահանդեսների և մշակույթի օրերի կազմակերպման միջոցով:

 

Հոդված 3

 

Կողմերը կնպաստեն կրթության բնագավառում համագործակցությանը երկու երկրների կրթական հաստատությունների միջև անմիջական կապեր հաստատելու, մյուս Կողմի դասախոսներին և գիտնականներին կարճատև դասախոսությունների հրավիրելու, ինչպես նաև ուսանողներին և ասպիրանտներին ուսուցման ընդունելու միջոցով:

 

Հոդված 4

 

Կողմերը կնպաստեն գիտության և տեխնիկայի բնագավառում համագործակցությանը գիտական և տեխնիկական հանձնախմբերի, առանձին գիտնականների և մասնագետների փոխանակման միջոցով:

 

Հոդված 5

 

Կողմերը կխրախուսեն իրենց երկրների մասնագետների մասնակցությունը մյուս Կողմի տնտեսական ծրագրերի իրագործմանը:

 

Հոդված 6

 

Կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա կնքված պայմանագրերի և համաձայնագրերի շրջանակներում կաջակցեն երկու երկրների համապատասխան գերատեսչությունների գիտատեխնիկական համագործակցությանը, հիմնարկությունների ստեղծմանը:

 

Հոդված 7

 

Կողմերը փոխանակություն և համագործակցություն կիրագործեն ժուռնալիստիկայի և հրատարակչության բնագավառներում:

 

Հոդված 8

 

Կողմերը կխթանեն անմիջական համագործակցությունը երկու երկրների զանգվածային լրատվության միջոցների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների համապատասխան հաստատությունների միջև, ներառյալ ռադիոծրագրերի և հեռուստատեսային ծրագրերի փոխանակությունը:

 

Հոդված 9

 

Կողմերը կնպաստեն կինոյի շաբաթների կազմակերպմանը կինոյի բնագավառի գործիչների մասնակցությամբ:

 

Հոդված 10

 

Կողմերը կխթանեն և կաջակցեն երկու երկրների առողջապահական հաստատությունների միջև անմիջական կապերին և համագործակցությանը` նպատակ հետապնդելով ամրապնդել և զարգացնել համագործակցությունը առողջապահության բնագավառում, փորձի փոխանակումը երկու երկրների առողջապահության համակարգերի զարգացման և կատարելագործման ուղղությամբ:

 

Հոդված 11

 

Կողմերը կխրախուսեն և կնպաստեն երկու երկրների զբոսաշրջության հիմնարկների միջև գործնական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը` երկու երկրների ժողովուրդներին միմյանց կյանքին, աշխատանքին և մշակույթին առավել լիարժեք ծանոթացնելու նպատակով:

 

Հոդված 12

 

Կողմերը կմշակեն կոնկրետ պլաններ սույն Համաձայնագրի իրագործման համար և կպայմանավորվեն ֆինանսական հարցերի շուրջ:

Կողմերի համապատասխան գերատեսչությունները սույն Համաձայնագրի հիման վրա կարող են երկկողմ պայմանագրեր, արձանագրություններ և պլաններ ստորագրել սույն համագործակցության առանձին, գործնական ուղղությունների վերաբերյալ:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և կգործի 5 տարվա ընթացքում: Եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր չի տեղեկացնի մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր խնդրանքի մասին, ապա դրա գործողության ժամկետն ամեն անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի:

 

Կատարված է Հանոյ քաղաքում 1992 թվականի դեկտեմբերի 13-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և վիետնամերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի տարընթերցման դեպքում Կողմերը կճշգրտեն իրենց դիրքորոշումը ռուսերեն կից տեքստի հիման վրա:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի դեկտեմբերի 13-ից: