Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-788
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.08.25/45(344) Հոդ.184
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.02.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

17 փետրվարի 2009 թ.

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի հունիսի 25-ին` Երևանում և 2008 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի բացատրությունները, հետազոտելով կանոնակարգը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգն ստորագրվել է 2008 թվականի հունիսի 25-ին Երևանում և 2008 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում` երթևեկությունը և Արաքս գետը հատելը դյուրացնելու, ինչպես նաև ուսումնասիրության տարածքում ժամանակավոր բնակության վայրերի, վարարումները կանխելու համար նախատեսված կառույցների և հիդրոէներգիայի օգտագործման համար նախատեսված տարածքների հիմնումը` հիդրոէլեկտրակայանների նախագծումն ու կառուցումն իրականացնելու համար համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով:

2. Կանոնակարգով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 Շինարարության ընթացքում Հայաստանի և Իրանի տարածքներում առանձնացնել երկու ընդհանուր գոտիներ: Երաշխավորել, որ այդ գոտիների սահմանագծման համապատասխան աշխատանքներն ավարտվեն կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

 Իրականացնել երթևեկության դյուրացումներ շինարարության ընթացքում Հայաստանի և Իրանի տարածքներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ մարմինների կողմից առանձնացված երկու ընդհանուր գոտիներում: Ընդհանուր գոտիների մուտքի և ելքի մոտ տեղակայել սահմանապահների կողմից հսկվող անցակետեր:

 Երաշխավորել Արաքս գետի հիդրոէլեկտրակայանների նախագծման և կառուցման աշխատանքներում ներգրավվող մասնագետների և բանվորների երթևեկության, Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանը հատող փոխադրամիջոցների, սարքավորումների, շինանյութերի և շինարարության ընթացքում անհրաժեշտ այլ պարագաների փոխադրման դյուրացումները:

 Հիդրոէլեկտրակայանների նախագծման ու կառուցման ընթացքում աշխատանքներն իրականացնող մասնագետներին և բանվորներին տրամադրել անցագրեր` կանոնակարգով նախատեսված կարգով:

 Հոգալ իր տարածքի սահմաններում ժամանակավոր բնակության վայրերի, վարարումները կանխելու համար նախատեսված կառույցների և հիդրոէներգիայի օգտագործման համար նախատեսված տարածքների ուսումնասիրության, նախագծման, պատրաստման ու կառուցման հետ կապված ծախսերը:

3. Կանոնակարգի հայերեն, պարսկերեն, անգլերեն տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

4. Կանոնակարգն ուժի մեջ կմտնի Կողմերի ներպետական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և ուժի մեջ կմնա մինչև Արաքսի հիդրոէլեկտրակայանի շահագործման վերջնական հանձնման մասին հայտարարության կազմումը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարական հանձնաժողովների կողմից:

5. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2008 թվականի հունիսի 25-ին` Երևանում և 2008 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Արաքս գետի հիդրոէներգետիկ նախագծի ուսումնասիրության և իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային երթևեկության դյուրացման կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


17 փետրվարի 2009 թ.
ՍԴՈ-788

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան