Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.12.30/10(18)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2008
Ստորագրման ամսաթիվ
26.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2008

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

ընդունելով երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը,

հաշվի առնելով երկու երկրների միջև համագործակցության դրական փորձը,

ձգտելով հաստատել գործընկերային կապեր երկու պետությունների արդարադատության մարմինների և հիմնարկների միջև,

նպատակ ունենալով առավել ամրապնդել նրանց միջև փոխըմբռնումն ու բարեկամական համագործակցությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը, հաշվի առնելով իրենց հնարավորությունները, կընդլայնեն համագործակցության շրջանակը արդարադատության բնագավառում` հետևյալ ձևերով.

1) Կողմերի արդարադատության հիմնարկների միջև գործընկերային կապերի հաստատում,

2) քրեական, քաղաքացիական, ընկերությունների իրավունքի և համապատասխան դատավարական իրավունքի վերաբերյալ օրինագծերի մշակման, ինչպես նաև այդ օրինագծերի գնահատման գործում փոխադարձ օգնություն,

3) երկու պետությունների արդարադատության մարմինների և հիմնարկների գործունեության շրջանակներին և կազմակերպմանը ծանոթանալու նպատակով Կողմերի պատվիրակությունների փոխանակում,

4) Կողմերի արդարադատության ոլորտի աշխատողների և փորձագետների մասնագիտական որակավորման հետագա բարձրացման և վերապատրաստման ուղղությամբ համատեղ միջոցառումների (սեմինարներ, դասախոսություններ, գործնական պարապմունքներ) կազմակերպում և անցկացում` փոխադարձության հիման վրա,

5) Կողմերի պետությունների մասնակցությամբ իրավական օգնության մասին միջազգային պայմանագրերի` իրենց իրավասության շրջանակներում իրականացման գործում փորձի փոխանակում:

 

Հոդված 2

 

Կողմերն կփոխանակեն տեղեկատվություն Կողմերի պետությունների ազգային օրենսդրության և արդարադատության մարմինների ու հիմնարկների կազմակերպման ու գործունեության մասին, կիրականացնեն փորձի փոխանակում ազգային իրավական համակարգերի տեղեկատվայնացման բնագավառում, ինչպես նաև` այդպիսի տեղեկատվություն պարունակող տեղեկատվական համակարգերի ստեղծման և հանրային կամ էլեկտրոնային կապի հատուկ ուղիներով դեպի այդ համակարգեր մուտքի թույլտվություն կազմակերպելու գործում:

Տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 3

 

Համագործակցության ընթացքում համատեղ միջոցառումները ֆինանսավորելիս Կողմերը, եթե այլ կերպ չպայմանավորվեն, կհետևեն այն սկզբունքին, որի համաձայն իրականացվող միջոցառումների շրջանակներում իր պետության տարածքում կազմակերպական և գտնվելու հետ կապված ծախսերը կրում է ընդունող Կողմը, իսկ միջոցառման վայր մեկնելու և վերադառնալու ծախսերը` ուղարկող Կողմը` յուրաքանչյուրն իր ֆինանսական հնարավորությունների սահմաններում:

 

Հոդված 4

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում է դրա անբաժանելի մասը:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից:

 

Համաձայնագրի գործողությունը դադարում է Կողմերից մեկի` այդպիսի մտադրության մասին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից վեց ամիս անցնելուց հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում, 2008 թվականի մայիսի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, սլովակերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս Կողմերն օգտագործելու են անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2008թ. սեպտեմբերի 5-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան